Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռումինիան, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ավանդույթներից,

համոզված լինելով, որ պետությունների միջև կապերը պետք է հիմնված լինեն ազատության, ժողովրդավարության, հասարակական արդարության և համերաշխության համամարդկային արժեքների, մարդու հիմնական իրավունքների հարգանքի վրա,

նկատի ունենալով երկու երկրներում և ընդհանրապես Եվրոպայում տեղի ունեցող ժողովրդավարական հասարակության կայունացմանն ուղղված անդառնալի գործընթացը և այլ խոր փոփոխությունները, որոնք հնարավորություն ընձեռեցին եվրոպական մակարդակով ստեղծել և զարգացնել այնպիսի հարաբերություններ և մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն բոլոր պետությունների անվտանգությունն ու բոլոր մակարդակներով հետագա համագործակցությունը,

կրկին հաստատելով իրենց նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության սկզբունքներին և նպատակներին,

որոշելով համատեղ գործել ընդհանուր շահերին վերաբերող բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ,

ճանաչելով միջազգային իրավունքի գերակայությունը պետությունների միջև հարաբերություններում,

որոշելով նոր` հավասարության և անաչառության հիմքերի վրա դնել իրենց համագործակցության և փոխըմբռնման հարաբերությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռումինիան զարգացնելու են իրենց կապերը փոխադարձ հարգանքի, վստահության և համագործակցության հիման վրա: Երկու երկրների միջև կապերը կիրականացվեն ինչպես այլ պետությունների հետ, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտով և ԵԱՀԽ-ի այլ փաստաթղթերով, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու Կողմերը գործելու են հանուն Նոր Եվրոպայի Փարիզի Կանոնադրության ոգով վերածելու եվրոպական պետությունների մի ընկերակցության, որը կհիմնի կայուն խաղաղության, իրավունքների և ժողովրդավարության տարածաշրջան, և ստեղծելու մայրցամաքի վրա անվտանգության ապահովման և համագործակցության որոշակի արդյունավետ մեխանիզմներ այս շրջանակներում:

Նրանք ընդունում են այն ավանդը, որը գոյություն ունեցող եվրոպական կառույցները կարող են ներդնել մայրցամաքում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում` սերտորեն իրականացնելով համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Երկու Կողմերը վերահաստատում են ուժի գործադրման և միջազգային փոխհարաբերություններում ուժի սպառնալիքով հանդես գալու անհանդուրժելիությունը և խաղաղ ճանապարհով միջազգային հարցերի լուծման անհրաժեշտությունը:

Նրանք գործելու են տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, համապատասխան մեխանիզմների միջոցով կարգավորելու ուղղությամբ` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության:

Եվրոպական կոնտեքստում նրանք գործելու են տարբեր հաստատությունների արդյունավետ աշխատանքի և տարաձայնություններն ու կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու համընդհանուր մեթոդների օգտագործման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց ներկայիս սահմանները և հարգելու են Կողմերից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը խուսափելու է միջազգային իրավունքների համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին հակասող ցանկացած գործողությունից, որը կարող է վնասել Պայմանավորվող մյուս կողմի սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանը և ոչ մի կերպ չի աջակցելու նմանօրինակ գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Երկու Պայմանավորվող կողմերը օժանդակելու են կոլեկտիվ անվտանգության միջոցառումների իրագործմանը, որոնք նախատեսված են Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 7-րդ գլխում:

Եթե Կողմերից մեկը գտնում է, որ ինչ-որ նոր իրավիճակ սպառնում է իր անվտանգության շահերին, նա կարող է դիմել մյուս Կողմին, որպեսզի նրանք կարողանան անհապաղ խորհրդակցություններ սկսել:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երկու Կողմերը գործելու են ԵԱՀԽ-ի շրջանակներում` ռազմական ուժերի և բանակների հավասարակշիռ կրճատմանն աջակցելու, նաև մայրցամաքում վստահությունն ու կայունությունը ամրապնդելու ուղղությամբ:

Բոլոր միջազգային բազմակողմ բանակցությունների ժամանակ, որոնց իրենք կմասնակցեն, Կողմերը միասին կգործեն միջազգային խիստ և արդյունավետ հսկողության ներքո զինաթափման իրականացման համար:

Նրանք համաձայնեցված մակարդակներով կանցկացնեն փոխանակումներ ռազմական բնագավառում համապատասխան ծրագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռումինիան նպաստելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու բազմազանեցմանը` հավասարության, համագործակցության, ընկերակցության և փոխշահավետության հիմունքով:

Կողմերը հանդես են գալու միասնական եվրոպական տարածաշրջանի ստեղծման օգտին, որը կնպաստի տնտեսական օպտիմալ զարգացմանը, յուրաքանչյուր երկրում իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև մայրցամաքում համագործակցության ընդլայնմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու Կողմերը շարունակելու են զարգացնել արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ կապերը` իրենց մարդկային և նյութական ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:

Նրանք օժանդակելու են գոյություն ունեցող փոխանակումների արագ իրականացմանը, ինչպես նաև այլ ծրագրերի իրագործմանը` համաձայնեցնելով իրողությունների և երկու երկրների շահերի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Երկու Կողմերը սերտորեն համագործակցելու են իրենց ազգային տնտեսական զարգացման համար բացարձակ նշանակություն ունեցող հարցերում` մասնավորապես հետևյալ ոլորտներում.

էներգիայի զարգացում, դյուրավառ վառելանյութեր, բնական ռեսուրսներ, ներառյալ միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով, գյուղատնտեսության զարգացում, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, փոխադրում և ենթակառուցվածք, բնական ռեսուրսների առաջնային կարևորություն փոխադարձ տնտեսական կարիքները բարելավելու նպատակով, ընդհանուր սպառման ապրանքների արտադրություն:

Երկու Կողմերը համատեղ և այլ պետությունների հետ միասին աշխատանք կծավալեն` օժանդակելու և իրագործելու տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությանն ուղղված ծրագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կարևորագույն նշանակություն են տալիս շրջակա միջավայրի պաշտպանությանը: Այս ոլորտում նրանք կշարունակեն երկկողմ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունը: Երկու Կողմերը աջակցելու են միջավայրի պաշտպանությանը նվիրված իրազեկ հաստատությունների և հատուկ ծրագրերի իրագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հայաստանը և Ռումինիան կզարգացնեն իրենց տնտեսական հաստատությունների և այլ տնտեսական գործակալությունների միջև համագործակցությունն ու անմիջական կապերը, ինչպես նաև կհաստատեն համատեղ ձեռնարկություններ և փոխշահավետ համագործակցության այլ արդյունավետ միջոցներ:

Նրանք կգործեն տնտեսական միավորումների և այլ գործակալությունների պայմանների և աշխատանքների բարելավման, հատկապես ուղղակի ներդրումների, ներդրված կապիտալի պաշտպանության և կրկնակի հարկումից խուսափելու ուղղությամբ:

Նրանք կհամագործակցեն տնտեսական և հասարակական բնագավառների որակյալ մասնագետների ուսուցման և պատրաստման հարցերում:

Նրանք կխորհրդակցեն և կհամագործակցեն տնտեսության և կառավարման բնագավառի ծրագրերի իրագործման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում` իրենց արդյունաբերության մեջ և տնտեսության այլ ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելու նպատակով:

Նրանք կօժանդակեն համատեղ ծրագրերի և ձեռնարկությունների ստեղծմանը, գիտնականների և հետազոտողների փոխանակմանը և համագործակցության այլ ուղիների զարգացմանը` գլխավորապես նպատակ ունենալով հետազոտական աշխատանքների կարողության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Նկատի ունենալով հայ և ռումին ժողովուրդների միջև ստեղծված համագործակցության և մշակութային ավանդական կապերը և ցանկանալով իրենց ներդրումն ունենալ մայրցամաքի բոլոր ժողովուրդների համար մատչելի եվրոպական մշակութային տարածքի ստեղծման խնդրում երկու Կողմերը կաջակցեն մշակույթի, կրթության և տեղեկատվության ասպարեզներում իրենց հաստատությունների, վարչատարածքային կազմակերպությունների, անհատ անձանց և ոչ կառավարական կազմակերպությունների փոխանակումների զարգացմանը:

Երկու Կողմերը կօժանդակեն համալսարանների և բարձրագույն կրթության այլ հաստատությունների, հետազոտական կենտրոնների, մշակութային կազմակերպությունների և մամլո կենտրոնների միջև ուղղակի համաձայնագրերի կնքմանը:

Նրանք կխրախուսեն տեսալսողական արվեստների, կինոյի, թատրոնի, երաժշտության և գեղարվեստի ասպարեզներում փոխանակումները և համագործակցության վերաբերյալ նախաձեռնությունները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Երկու Կողմերը կապահովեն Հայաստանի Հանրապետությունում ռումինական ծագում ունեցող անձանց և, համապատասխանաբար, Ռումինիայում հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու հովանավորությունը` համաձայն ընդունված միջազգային օրենքների, համընդհանուր նորմերի և ԵԱՀԽ փաստաթղթերի:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը կնպաստեն երկու երկրների քաղաքացիների շփումներին: Նրանք կնպաստեն հայ և ռումին ժողովուրդների փոխճանաչմանն ու փոխհամաձայնությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, հաստատությունների և միությունների միջև կապերի զարգացմանն ուղղված ջանքերին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերը կզարգացնեն իրենց համագործակցությունը օրենքի հարկադրման, իրավաբանության և հյուպատոսության ասպարեզներում` հեշտացնելու երկու երկրների քաղաքացիների ճամփորդություններն ու այցելությունները, ինչպես նաև լուծելու ճանապարհորդության արգելքից բխող մարդասիրական և սոցիալական խնդիրները, ինչպես նաև պայքարելու և կանխելու թմրադեղերի, զենքի և արվեստի գործերի ապօրինի փոխադրումները, նաև մաքսանենգությունը և ահաբեկչությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ընդլայնել և խորացնել միջազգային կյանքին, Եվրոպայում անվտանգությանն ու համագործակցությանը, երկկողմ կապերի զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին վերաբերող խորհրդակցությունները համապատասխան մակարդակներով:

Այդ առումով երկու Կողմերը կզարգացնեն կապերը իրենց խորհրդարանների, կառավարությունների, գլխավոր հաստատությունների, ինչպես նաև երկու երկրների տեղական վարչական մարմինների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Երկու Կողմերը կընդլայնեն և կկատարելագործեն իրենց փոխհարաբերությունների հաստատագրված շրջանակը` համաձայն իրենց երկրների տնտեսական, սոցիալական և իրավական կառույցների, ինչպես նաև Եվրոպայի ընդհանուր զարգացման համեմատ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Պայմանագրի վերը նշված հարցերը ոչ մի դեպքում չեն դիպչում Կողմերի` այլ պետությունների հետ ունեցած պարտավորություններին և ուղղված չեն որևէ այլ պետության դեմ:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Պայմանագիրը ստորագրված է 15 տարով:

Այն կվավերացվի ըստ յուրաքանչյուր երկրի ներպետական ընթացակարգի և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրից 30 օր հետո:

Պայմանագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի, ամեն անգամ` 5 տարի ժամանակով, բացառությամբ այն դեպքի, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կհայտնի Պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր որոշումը տվյալ ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի (360 օր) առաջ:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռումիներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 25-ից:

 

 

pin
Ռումինիա
20.09.1994
Համաձայնագիր