Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ակտիվացնել տնտեսական համագործակցությունը` ի շահ երկու պետությունների,

նպատակ ունենալով ստեղծել և պահպանել բարենպաստ պայմաններ մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,

ճանաչելով օտարերկրյա ներդրումները խրախուսելու և պաշտպանելու անհրաժեշտությունը` երկու պետությունների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրող» տերմինը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի առնչությամբ նշանակում է.

ա) ֆիզիկական անձինք, որոնք համաձայն այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության, համարվում են նրա քաղաքացիները,

բ) իրավաբանական անձինք, ներառյալ ընկերությունները, կորպորացիաները, բիզնես ընկերակցությունները և այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում են կամ այլ կերպ կազմավորվում` ըստ այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության, և այդ նույն Պայմանավորվող կողմի տարածքում իրենց նստավայրն ունեն իրական տնտեսական գործունեությամբ:

2. «Ներդրումներ» տերմինը ներառում է ամեն տեսակի ակտիվներ և, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

ա) շարժական և անշարժ գույք, ինչպես նաև առնչվող այլ իրավունքներ, ինչպիսիք են սերվիտուտները, հիպոթեքը, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, երաշխավորությունը,

բ) բաժնետոմսեր, փայաբաժիններ կամ ընկերություններում մասնակցության որևէ այլ ձև,

գ) դրամի կամ տնտեսական արժեք ունեցող ցանկացած գործարքի նկատմամբ պահանջներ,

դ) մտավոր սեփականության իրավունքներ, ինչպիսիք են հեղինակային իրավունքը, արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը կամ մոդելները, ապրանքային կամ ծառայողական նշանները, առևտրային անվանումները, նոու-հաուները և բարի կամքը (ֆիրմայի գործարար կապերի պայմանական արժեքը), ինչպես նաև նույնատիպ այլ իրավունքներ, որոնք ընդունված են Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ,

ե) կոնցեսիաներ` ըստ հանրային իրավունքի, որոնք ներառում են բնական ռեսուրսների հայտնաբերման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները, ինչպես նաև բոլոր մյուս իրավունքները, որոնք սահմանված են օրենքով, պայմանագրով կամ պետական մարմնի որոշմամբ` օրենսդրության համապատասխան:

Ակտիվների ներդրման կամ վերաներդրման եղանակների որևէ փոփոխություն չի ազդի նրանց` որպես ներդրում ունեցած բնույթի վրա:

3. «Շահույթ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված գումարները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, իր մեջ ներառում է շահույթները, շահաբաժինները, տոկոսները, կապիտալի աճից ստացված եկամուտները, հեղինակային հոնորարները, կառավարման և տեխնիկական օգնությունը կամ այլ տիպի վարձատրություն` անկախ շահույթի վճարման եղանակից:

4. «Տարածք» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի տարածքը, ներառյալ տարածքային ջրերը և տնտեսական բացառիկ գոտին, որոնց վրա տվյալ պետությունը ներպետական և միջազգային իրավունքին համապատասխան իրականացնում է ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իր տարածքում հնարավորին չափ նպաստի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարվող ներդրումներին և ընդունի նման ներդրումները` համաձայն իր օրենքների և կանոնակարգերի:

2. Երբ մի Պայմանավորվող կողմը թույլատրում է իր տարածքում ներդրումներ կատարել, ապա նա, համաձայն իր օրենսդրության և կանոնակարգերի, պետք է անհրաժեշտ թույլտվություններ տա այդպիսի ներդրումներ կատարելու կապակցությամբ, ներառյալ բարձրագույն կառավարման և տեխնիկական անձնակազմերի` ըստ իրենց ընտրության և անկախ նրանց ազգային պատկանելիությունից, ներգրավման լիազորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՌԵԺԻՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է պաշտպանի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարվող ներդրումները` իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, և չպետք է անհիմն և խտրական միջոցներով վնասի նման ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը, տարածմանը, վաճառքին կամ լուծարմանը: Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կամ նրա իրավասու մարմինները պետք է անհրաժեշտ լիազորություններ տան, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի արդար և անաչառ վերաբերմունք իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ: Այս ռեժիմը պետք է պակաս բարենպաստ չլինի, քան յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տրամադրածն է այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են իր տարածքում իր սեփական ներդրողների կողմից, կամ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տրամադրածը` այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են իր տարածքում մեկ այլ երրորդ պետության ներդրողների կողմից, եթե վերջինս ավելի բարենպաստ է:

3. Առավելագույն բարենպաստ ազգային ռեժիմը չպետք է մեկնաբանվի այնպես, որ Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և ներդրումներին պարտավորեցնի տրամադրելու այնպիսի առավելություններ, որոնք ծագում են գոյություն ունեցող կամ ապագա որևէ մաքսային կամ տնտեսական միությունից կամ ազատ առևտրի գոտուց, որի անդամ է հանդիսանում կամ դառնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը: Նման վերաբերմունքը նաև չպետք է կապ ունենա որևէ այնպիսի առավելության հետ, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է երրորդ պետության ներդրողներին կրկնակի հարկման համաձայնագրի կամ այլ համաձայնագրերի միջոցով, որոնք փոխադարձաբար առնչվում են հարկային հարցերին:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱԶԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի տարածքում ներդրումներ են կատարել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, պետք է այդ ներդրողներին տրամադրի այդ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը` մասնավորապես.

ա) շահույթի` համաձայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի,

բ) ներդրումների համար կատարված փոխառությունների կամ նախաձեռնված այլ պայմանագրային պարտավորությունների հետ կապված գումարների, և

գ) եկամուտների, որոնք ծագել են ներդրման ամբողջական կամ մասնակի վաճառքից, օտարումից կամ լուծարումից:

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բացառիկ ֆինանսական կամ տնտեսական հանգամանքներում կարող է դնել նման փոխանակային սահմանափակումներ` իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան (և համաձայն միջազգային վալյուտային հիմնադրամի մասին համաձայնագրի հոդվածների):

3. Մինչև այլ կերպ համաձայնություն չկայացվի ներդրողի հետ, փոխանցումները պետք է կատարվեն փոխանցման ժամկետի դրությամբ փոխանակման կիրառելի փոխարժեքով` համաձայն այն Պայմանավորվող կողմի գործող փոխանակման օրենքների և կանոնակարգերի, որի տարածքում կատարվել է ներդրումը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՈՒՄ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով չպետք է ձեռնարկի սեփականազրկման, ազգայնացման կամ նույնպիսի բնույթ կամ ազդեցություն ունեցող այլ միջոցառումներ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ, եթե այդ միջոցառումները չեն ձեռնարկվել հասարակության շահերից ելնելով, օրենքով սահմանված կարգով, ոչ խտրական հիմունքով և օրենքի գործընթացին համապատասխան` պայմանով, որ միջոցներ կձեռնարկվեն արդյունավետ և համապատասխան փոխհատուցման համար: Փոխհատուցման գումարը, ներառյալ տոկոսը, պետք է սահմանվեն փոխարկելի տարադրամով և անհապաղ վճարվեն ներդրողին: Վերջնական փոխհատուցումները պետք է ազատ կերպով և արագորեն փոխանցելի լինեն:

2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնց ներդրումները վնաս են կրել պատերազմի կամ այլ զինված հակամարտության, հեղափոխության, արտակարգ դրության կամ խռովության հետևանքով, որոնք տեղի են ունեցել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, պետք է, վերջինիս հետ կապված, օգտվեն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված վերաբերմունքից: Դրանք, բոլոր դեպքերում, լիազորված կլինեն փոխհատուցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԻՆՉՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագիրը կիրառելի է նաև Պայմանավորվող կողմի տարածքում նրա օրենքների և կանոնակարգերի համաձայն կատարված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են նախքան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Այնուամենայնիվ, Համաձայնագիրը չպետք է կիրառվի այն վեճերի նկատմամբ, որոնք ծագել են մինչև դրա ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի օրենսդրությունը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից արված ներդրումներին տրամադրում է ավելի բարենպաստ վերաբերմունք, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա նման օրենսդրությունը պետք է գերակայություն ունենա սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով այն ավելի բարենպաստ է:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է կատարի իր կողմից ընդունված ցանկացած այլ պարտավորություն` կապված իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

Եթե որևէ Պայմանավորվող կողմ կամ նրա նշանակած գործակալություն վճարում է կատարում իր ներդրողներից որևիցե մեկին` ըստ ֆինանսական երաշխիքի, ընդդեմ ոչ առևտրային ռիսկի, որ նա տրամադրել է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների առնչությամբ, ապա վերջինս սուբրոգացիայի սկզբունքի ուժով պետք է ճանաչի այդ ներդրողի ցանկացած իրավունքի փոխանցումը առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած գործակալությանը: Մյուս Պայմանավորվող կողմը պետք է իրավունք ունենա փոխհատուցելու այն հարկերը և հասարակական մյուս վճարումները, որոնք վճարելի են ներդրողի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՄԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների առնչությամբ ծագած վեճերը լուծելու նպատակով պետք է խորհրդակցություններ անցկացվեն շահագրգիռ Կողմերի միջև` հնարավորության սահմաններում վեճը բարյացակամ լուծելու համար:

2. Եթե այդ խորհրդակցությունները չեն հանգեցնում վեճի լուծմանը լուծման համար արված խնդրանքի օրվանից վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողը կարող է իր ընտրությամբ վեճը լուծելու համար ներկայացնել.

ա) այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանին, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ

բ) 1965թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրման համար բացված` պետությունների և մյուս պետությունների քաղաքացիների միջև Ներդրումային վեճերի լուծման մասին Կոնվենցիայով նախատեսված Ներդրումների հետ կապված վեճերի լուծման Միջազգային կենտրոնին (ICSID), կամ

գ) եթե կողմերը վեճի հետ կապված այլ համաձայնության չեն գալիս, դիմում են հատուկ արբիտրաժային (ad hoc) դատարանին, որը ստեղծվում է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույնով համաձայնում է ներդրման հետ կապված վեճը ներկայացնել միջազգային հաշտարար դատարանին կամ արբիտրաժին:

4. Պայմանավորվող կողմը, որը վեճի կողմ է, ոչ մի դեպքում ներդրման հետ կապված վեճերի լուծման ընթացքում, ի պաշտպանություն իրեն, չի ներկայացնի իր անձեռնմխելիությունը կամ այն փաստը, որ ներդրողը ապահովագրական պայմանագրի համաձայն ստացել է լրիվ կամ մասնակի փոխհատուցում իրեն հասցված վնասի կամ կորստի համար:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը Պայմանավորվող կողմերի միջև կարգավորվում են դիվանագիտական ուղիներով:

2. Եթե երկու Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս իրենց միջև վեճ ծագելուց հետո 12 ամսվա ընթացքում, ապա Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով վեճը կներկայացվի 3 (երեք) դատավորից կազմված միջնորդ դատարան: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի մեկ դատավոր, և այս երկու դատավորները կառաջադրեն նախագահին, որը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի:

3. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը չի նշանակել իր դատավորին և չի հետևել մյուս Պայմանավորվող կողմի առաջարկին` երկու ամսվա ընթացքում կատարել նշանակումը, ապա այդ Պայմանավորվող կողմի պահանջով դատավոր կնշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:

4. Եթե երկու դատավորները համաձայնության չեն գալիս նախագահի ընտրության հարցում երկու ամսվա ընթացքում իրենց նշանակումից հետո, ապա վերջինս պետք է նշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով:

5. Այն դեպքերում, որոնք նշված են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում, երբ Միջազգային դատարանի նախագահին խոչընդոտում են կատարել վերը նշված գործառույթը, կամ եթե նա որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացին է, նշանակումը պետք է կատարի փոխնախագահը, և եթե վերջինիս խոչընդոտում են, կամ եթե նա որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացին է, ապա նշանակումը պետք է կատարի Դատարանի ամենաավագ դատավորը, որը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացին չէ:

6. Դատարանը որոշում է իր ընթացակարգը` համաձայն Պայմանավորվող կողմերի պայմանավորվածության:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ինքը հոգա իր նշանակած դատավորի և դատական վարույթներում ներկայացուցչության ծախսերը: Նախագահի հետ կապված ծախսերը և մնացած ծախսերը պետք է հավասարաչափ վճարեն Պայմանավորվող կողմերը:

8. Դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից 30 օր հետո, երբ Պայմանավորվող կողմերը կծանուցեն միմյանց այն մասին, որ իրենց ներպետական ընթացակարգերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար կատարված են: Այն ուժի մեջ կմտնի սկզբնապես տասը տարվա ժամանակահատվածով: Եթե ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չի ներկայացվում չեղյալ հայտարարման մասին պաշտոնական ծանուցում, ապա Համաձայնագիրը կհամարվի նորացված նույն պայմաններով հետագա տասը տարի ժամանակահատվածների համար:

2. Սույն Համաձայնագրի չեղյալ հայտարարման մասին պաշտոնական ծանուցման դեպքում 1-10-րդ հոդվածների դրույթները կշարունակեն գործել հետագա 10 տարիների ընթացքում այն ներդրումների առնչությամբ, որոնք կատարվել են նախքան պաշտոնական ծանուցում ուղարկելը:

 

Ի հավաստումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 1994թ. սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

pin
Ռումինիա
20.09.1994
Համաձայնագիր