Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը հիմնել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման նախագիծը (այսուհետ` ՄԱԶԾ)` նպատակ ունենալով օժանդակել և համալրել ստացող երկրների ջանքերը` ուղղված վերջիններիս տնտեսական զարգացման ամենից կարևոր հիմնախնդիրների լուծմանը, և խրախուսել նրանց սոցիալական առաջընթացը և կենսամակարդակի բարձրացումը, և

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի շահ իր ժողովրդի, ցանկություն է հայտնել դիմել ՄԱԶԾ-ի օժանդակությանը,

վերոհիշյալի հիման վրա Կառավարությունը և ՄԱԶԾ-ն (այսուհետ` Կողմեր), գործելով բարեկամական համագործակցության ոգով, կնքեցին ներքոհիշյալ Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ I. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ներառում է այն հիմնական պայմանները, համաձայն որոնց ՄԱԶԾ-ն և նրա կատարող հիմնարկությունները օժանդակություն կցուցաբերեն Կառավարությանը վերջինիս զարգացման ծրագրերի կենսագործման մեջ, և համաձայն որոնց ՄԱԶԾ-ի նման օժանդակած ծրագրերը կիրականացվեն: Դրա դրույթները տարածվում են ՄԱԶԾ-ի տրամադրած ցանկացած նմանօրինակ օժանդակության և ծրագրի վերաբերյալ այն փաստաթղթերի և այլ փաստաթղթերի վրա (այսուհետև` ծրագրերի վերաբերյալ փաստաթղթեր), որոնք Կողմերը կարող են մշակել` նպատակ ունենալով սահմանել այդօրինակ օժանդակության մանրամասները և այդօրինակ ծրագրերի նկատմամբ Կողմերի և կատարող հիմնարկության պարտավորությունները` սույն Համաձայնագրին համապատասխան:

2. Սույն Համաձայնագրով ՄԱԶԾ կողմից օժանդակություն տրամադրվելու է միայն ի պատասխան Կառավարության ներկայացրած և ՄԱԶԾ կողմից հաստատված հայցերի: Այդօրինակ օժանդակությունը տրամադրվելու է Կառավարությանը կամ Կառավարության կողմից նշանակված իրավաբանական անձին, այն տրամադրելը և ստանալը որոշվելու է ՄԱԶԾ-ի իրավասու մարմինների պատշաճ և կիրառելի որոշումներին և բանաձևերին համապատասխան` պայմանով, որ ՄԱԶԾ-ի տնօրինության տակ գտնվեն անհրաժեշտ միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ II. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան ՄԱԶԾ կողմից Կառավարությանը տրամադրված օժանդակությունը կարող է ներառել`

ա) փորձագետ-խորհրդականների և խորհրդատուների, ներառյալ` խորհրդատվական առանձին ընկերությունների և կազմակերպությունների խորհրդատուների, որոնց նշանակում է ՄԱԶԾ-ն կամ համապատասխան կատարող հիմնարկությունը, և որոնք պատասխանատու են ՄԱԶԾ-ի առջև,

բ) կատարող հիմնարկության կողմից նշանակված օպերատիվ աշխատանքների գծով փորձագետների ծառայությունները, որոնք իրականացնելու են օպերատիվ, գործադիր կամ վարչական բնույթի գործառնություններ` որպես Կառավարության կամ Կառավարության կողմից, սույն Համաձայնագրի I-ին հոդվածի 2-րդ պարբերություն համաձայն, նշանակված իրավաբանական մարմինների ծառայողներ,

գ) Միավորված ազգերի կազմակերպության կամավորների ծառայությունները (այսուհետև` Կամավորներ),

դ) սարքավորում և գույք, որ դժվար է ստանալ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` Երկրում),

ե) սեմինարների, կադրերի վերապատրաստման ծրագրերի, ցուցադրական նախագծերի, փորձագետների աշխատանքային խմբերի և առնչվող գործողությունների կազմակերպումը,

զ) ուսանողներին և ասպիրանտներին կրթաթոշակներ հատկացնելը կամ նմանատիպ միջոցառումների ֆինանսավորումը, որոնց շրջանակներում Կառավարության կողմից նշանակված և համապատասխան կատարող հիմնարկության հավանությունը ստացած թեկնածուները հնարավորություն կունենան ուսուցում կամ մասնագիտական վերապատրաստում ստանալ,

է) Կառավարության և ՄԱԶԾ-ի միջև փոխհամաձայնեցված օժանդակության ցանկացած այլ տեսակ:

2. Օժանդակության հայցերը Կառավարությունը ՄԱԶԾ-ին պետք է ուղարկի տվյալ երկրում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի միջոցով (տես սույն հոդվածի պարբերություն 4(ա)), համաձայն այդօրինակ հայցերի համար ՄԱԶԾ-ի կողմից սահմանված ընթացակարգի և ձևի: Կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին տրամադրել հայցը գնահատելու համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ ծառայությունները և համապատասխան տեղեկությունը` ներառյալ հետագա ներդրումային նպատակաուղղվածություն ունեցող նախագծերի վերահսկողության վերաբերյալ նկատառումների շարադրումը:

3. Օժանդակությունը կարող է ՄԱԶԾ-ի կողմից Կառավարությանը տրամադրվել կամ ուղղակիորեն` արտաքին այնպիսի օգնությամբ, ինչը նաև հարմար համարվի, կամ էլ կատարող հիմնարկության միջոցով, որի վրա կդրվի ՄԱԶԾ-ի կողմից ծրագրին տրամադրվող օժանդակությունն իրականացնելու հիմնական պատասխանատվությունը, և որն այդ նպատակով կստանա անկախ կապալառուի կարգավիճակ: Այն դեպքերում, երբ օժանդակությունը ՄԱԶԾ-ի կողմից ուղղակիորեն Կառավարությանը կտրամադրվի, սույն Համաձայնագրում ցանկացած հղում հիմնարկությանը պետք է մեկնաբանվի որպես հղում ՄԱԶԾ-ին, բացի այն դեպքերից, երբ համատեքստից այլ բան է բխում:

4. ա) ՄԱԶԾ-ին իրավունք է վերապահվում Երկրում մշտական ներկայացուցչի գլխավորությամբ մշտական առաքելություն պահել` նպատակ ունենալով այնտեղ ներկայացնել ՄԱԶԾ-ն և կատարել Ծրագրի բոլոր հարցերի վերաբերյալ Կառավարության հետ հաղորդակցության հիմնական ուղու գործառույթներ: Մշտական ներկայացուցիչը, հանդես գալով ՄԱԶԾ-ի կառավարչի անունից, ստանձնում է լրիվ պատասխանատվություն և օժտվում է բարձրագույն լիազորություններով Երկրում ՄԱԶԾ-ի Ծրագրի ընդգրկմամբ և վերջինիս բոլոր դրսևորումներով, ինչպես նաև Երկիր գործուղված Միավորված ազգերի կազմակերպության մաս կազմող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդեպ հանդես է գալիս որպես խմբի ղեկավար` հաշվի առնելով նրանց մասնագիտական իրավասությունը և հարաբերությունները Կառավարության համապատասխան մարմինների հետ: Մշտական ներկայացուցիչը Ծրագրի անունից կապեր է պահպանում Կառավարության համապատասխան մարմինների հետ, ներառյալ Կառավարության կողմից արտաքին օժանդակությունը համակարգող գործակալությունը, ինչպես նաև իրազեկ է պահում Կառավարությանը ՄԱԶԾ-ի և Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան այլ ծրագրերի որդեգրած քաղաքականության, չափանիշների և ընթացակարգերի մասին: Խնդրանքի դեպքում նա օժանդակություն է ցուցաբերում Կառավարությանը տվյալ երկրում ՄԱԶԾ-ի Ծրագիրը և նախագծերի հայցերը, ինչպես նաև տվյալ երկրի նախագիծը, նախագծերը փոփոխությունների ենթարկելու առաջարկությունները նախապատրաստելու գործում, ապահովում է ՄԱԶԾ-ն ներկայացնող զանազան կատարող հիմնարկությունների կամ սեփական խորհրդատուների միջոցով մատուցված օժանդակության ամբողջ ծավալի պատշաճ համակարգումը, ըստ խնդրանքի` օգնում է Կառավարությանը` համաձայնեցնել ՄԱԶԾ-ի գործունեությունը Երկրում անցկացվող ազգային երկկողմ կամ բազմակողմ ծրագրերին և իրականացնում է այնպիսի այլ գործառույթներ, որպիսիք նրան կվստահվեն Կառավարչի կամ կատարող հիմնարկության կողմից:

բ) Երկրում ՄԱԶԾ-ի առաքելությունը ունենում է նաև այնպիսի այլ աշխատակազմ, որպիսին ՄԱԶԾ-ն հարկ համարի իր պատշաճ գործունեության համար: Ժամանակ առ ժամանակ ՄԱԶԾ-ն Կառավարությանը տեղեկացնում է առաքելության անդամների և վերջիններիս ընտանիքների անդամների անունները, ինչպես նաև` այդ անձանց կարգավիճակի փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ III. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Կառավարությունը պատասխանատու է ՄԱԶԾ-ի օժանդակած զարգացման իր նախագծերի և դրանց նպատակների իրականացման համար, ինչպես որ նկարագրված է համապատասխան նախագծային փաստաթղթերում, և իրագործում է այդօրինակ նախագծերի այն մասերը, որոնք կարող են իրեն վերապահվել սույն Համաձայնագրի և նախագծային փաստաթղթերի դրույթներին համապատասխան: ՄԱԶԾ-ն հանձն է առնում օժանդակել և լրացնել Կառավարության մասնակցությունը այդօրինակ նախագծերին` Կառավարությանը օժանդակելով իրականացնել իր մտադրությունները Ծրագրում հետագա ներդրումների առումով: Կառավարությունը ՄԱԶԾ-ին իրազեկում է ՄԱԶԾ-ի օժանդակած յուրաքանչյուր նախագծով Կառավարության մասնակցության համար ուղղակիորեն պատասխանատու Կառավարության համագործակցող մարմնի անունը: Առանց կանխակալության իր նախագծերում Կառավարության ընդհանուր պատասխանատվության հանդեպ, Կողմերը կարող են համաձայնել, որ որևէ կատարող հիմնարկություն հիմնական պատասխանատվություն ստանձնի որևէ ծրագրի իրականացման համար` խորհրդակցելով և համաձայնելով համագործակցող հիմնարկի հետ: Այս առումով ցանկացած պայմանավորվածություն պետք է հատուկ ամրագրվի նախագծային փաստաթղթերի աշխատանքային պլանի ծրագրի մեջ, որտեղ պետք է տեղ գտնեն նաև այն պայմանավորվածությունները, եթե այդպիսիք կան, ըստ որոնց, ծրագրի իրականացման ընթացքում այդ պատասխանատվությունը հանձնվելու է Կառավարությանը կամ Կառավարության նշանակած մեկ այլ մարմնին:

2. ՄԱԶԾ-ի կողմից առանձին մի ծրագրի օժանդակություն ցուցաբերելու համար Կառավարության կողմից նախապես ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնց անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերված, նախապայման է հանդիսանում, որ ՄԱԶԾ-ն և կատարող հիմնարկությունը կատարեն ծրագրի հետ կապված իրենց պարտավորությունները: Այն դեպքում, եթե այդ օժանդակությունը սկսել է ցուցաբերվել նախքան այդօրինակ նախապես ստանձնած պարտավորությունների կատարումը, այն, ըստ ՄԱԶԾ-ի հայեցողության, կարող է կասեցվել կամ դադարեցվել Կառավարությանը կանխապես ծանուցելով:

3. ՄԱԶԾ-ից օժանդակություն ստացող ծրագրի վերաբերյալ Կառավարության և կատարող հիմնարկության միջև կամ Կառավարության և օպերատիվ աշխատանքների գծով փորձագետի միջև ցանկացած համաձայնություն կարգավորվում է սույն Համաձայնագրի դրույթներով:

4. Համագործակցող հիմնարկությունը, ըստ անհրաժեշտության, խորհրդակցելով կատարող հիմնարկության հետ, յուրաքանչյուր ծրագրի համար նշանակում է հաստիքային տնօրեն, որը կատարելու է կատարող հիմնարկության կողմից իրեն վերագրված գործառությունները: Կատարող հիմնարկությունը, ըստ պատեհության, խորհրդակցելով Կառավարության հետ, նշանակում է գլխավոր տեխնիկական խորհրդատուի կամ ծրագրի համակարգողի, որը կատարող հիմնարկության առջև պատասխանատու է ծրագրի մակարդակով վերահսկելու կատարող հիմնարկության մասնակցությունը նախագծում: Նա ուղղորդում և համակարգում է փորձագետների և կատարող հիմնարկության այլ անձնակազմի գործունեությունը և պատասխանատու է Ծրագրում մասնակցող Կառավարության ազգային աշխատակիցների` առանց արտադրությունից կտրվելու վերապատրաստման համար: Նա պատասխանատու է ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր ներդրումների կառավարման և արդյունավետ օգտագործման համար, ներառյալ ծրագրին տրամադրված սարքավորումը:

5. Իրենց պարտականությունների կատարման ընթացքում խորհրդատու-փորձագետները, խորհրդականները և կամավորները գործում են Կառավարության և Կառավարության կողմից նշանակված անձանց կամ մարմինների հետ սերտ կապի մեջ, և պահպանվում են Կառավարության այն հրահանգները, որոնք համապատասխանում են իրենց պարտականությունների էությանը և տրամադրվող օժանդակությանը, որոնք փոխհամաձայնեցված են ՄԱԶԾ-ի, համապատասխան կատարող հիմնարկության և Կառավարության միջև: Օպերատիվ աշխատանքի գծով փորձագետները բացառապես պատասխանատու են Կառավարությանը կամ այն մարմնին, որի մոտ իրենք գործուղված են և ղեկավարվում են նրանց հրահանգներով, սակայն նրանք պարտավոր չեն կատարել գործառություններ, որոնք համատեղելի չեն նրանց միջազգային կարգավիճակի կամ ՄԱԶԾ-ի կամ կատարող հիմնարկության նպատակների հետ: Կառավարությունը ապահովում է, որ իր մոտ օպերատիվ աշխատանքների գծով յուրաքանչյուր խորհրդատուի ծառայության սկսվելու ժամկետը համընկնի համապատասխան կատարող հիմնարկության հետ վերջինիս պայմանագրի ուժի մեջ մտնելուն:

6. Կրթաթոշակներ ստացող թեկնածուներն ընտրվում են կատարող հիմնարկության կողմից: Նմանօրինակ կրթաթոշակները տրվում են կատարող հիմնարկության` կրթաթոշակների հարցում որդեգրած քաղաքականության և պրակտիկայի համաձայն:

7. Տեխնիկական և այլ սարքավորումը, նյութերը, պիտույքները և այլ գույքը, որը ֆինանսավորվել կամ տրամադրվել է ՄԱԶԾ-ի կողմից, պատկանում է ՄԱԶԾ-ին, եթե միայն կամ մինչև այն պահը, երբ դրանց սեփականության իրավունքը փոխանցվի Կառավարությանը կամ վերջինիս կողմից նշանակված իրավաբանական մարմնին` համաձայն Կառավարության և ՄԱԶԾ-ի միջև փոխհամաձայնեցված կարգի և պայմանների:

8. Սույն Համաձայնագրի սահմաններում ՄԱԶԾ-ի տրամադրած օժանդակության հետևանքով որևէ հայտնագործության կամ աշխատանքի հանդեպ արտոնագրային իրավունքները, հեղինակային իրավունքները և նմանօրինակ այլ իրավունքները պատկանում են ՄԱԶԾ-ին: Սակայն եթե Կողմերի միջև ամեն առանձին դեպքում այլ բան չի նախատեսվում, ապա Կառավարությանը իրավունք է վերապահվում Երկրի ներսում անվարձահատույց, առանց հոնորարի և նման այլ վճարների օգտագործել ցանկացած այդօրինակ հայտնագործությունները կամ աշխատանքների արդյունքները:

 

ՀՈԴՎԱԾ IV. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Կառավարությունը ՄԱԶԾ-ին տրամադրում է բոլոր այն զեկուցագրերը, քարտեզները, հաշվապահական ցուցակները, արձանագրությունները, հաշվետվությունները, փաստաթղթերը և այլ տեղեկությունները, որոնք վերջինս կպահանջի ՄԱԶԾ-ի օժանդակած նախագծերի առումով` կապված դրանց իրականացման կամ շարունակման հավանականության և շահութայնության կամ կապված սույն Համաձայնագրի կամ նախագծային փաստաթղթերից բխող` Կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման հետ:

2. ՄԱԶԾ-ն հանձն է առնում Կառավարությանը իրազեկ պահել սույն Համաձայնագրի շրջանակներում իր կողմից տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Յուրաքանչյուր Կողմին իրավունք է վերապահվում ցանկացած պահի դիտել ՄԱԶԾ-ի կողմից օժանդակություն ստացող նախագծերի գործունեության ընթացքը:

3. ՄԱԶԾ-ի կողմից օժանդակություն ստացող ծրագրի ավարտից հետո Կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին, վերջինիս խնդրանքով, տեղեկություն տրամադրել ծրագրի օգուտների մասին, ինչպես նաև հանուն վերջինիս նպատակների հետագա զարգացման ձեռնարկած գործունեության մասին, ներառյալ տեղեկությունը, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է ծրագրի կամ ՄԱԶԾ-ի տրամադրած օժանդակության գնահատման համար: Այս նպատակով Կառավարությունը պարտավորվում է խորհրդակցել ՄԱԶԾ-ի հետ և վերջինիս թույլ տալ վերահսկել նման գործունեությունը:

4. Ցանկացած տեղեկություն կամ նյութ, որը, սույն հոդվածի համաձայն, Կառավարությունը պետք է տրամադրի ՄԱԶԾ-ին, Կառավարության կողմից կատարվող հիմնարկությանը տրամադրվում է համապատասխան կատարող հիմնարկության խնդրանքով:

5. Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ ՄԱԶԾ-ի կողմից օժանդակություն ստացող ցանկացած ծրագրի կամ դրանից ստացվող օգուտների վերաբերյալ, պատշաճ դեպքերում, ցանկացած տեղեկության հրապարակման շուրջ: Սակայն ներդրումային նպատակաուղղվածություն ունեցող որևէ ծրագրի վերաբերյալ ցանկացած տեղեկություն ՄԱԶԾ-ի կողմից կարող է տրամադրվել պոտենցիալ ներդրողներին, եթե միայն կամ մինչև այն պահը, երբ Կառավարությունը ՄԱԶԾ-ին գրավոր խնդրում է սահմանափակել տեղեկության տրամադրումը այդօրինակ մի ծրագրի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ V. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

 

1. Ի կատարումն Կառավարության ստանձնած պատասխանատվության` մասնակցել և համագործակցել սույն Համաձայնագրի շրջանակներում ՄԱԶԾ-ի կողմից օժանդակություն ստացող նախագծերի իրականացմանը, նա պարտավորվում է տրամադրել հետևյալ մասնակցությունը համապատասխան նախագծային փաստաթղթերում մանրամասն սահմանված քանակով`

ա) Ծրագրում մասնակցող տեղական մասնագետների ծառայություններ և այլ ծառայություններ, ներառյալ` օպերատիվ աշխատանքների գծով փորձագետների հետ համագործակցող տեղական մասնագետների,

բ) հողամաս, շինություններ, կադրերի պատրաստման համար ուսումնական բազա, ինչպես նաև Երկրում եղած կամ արտադրվող ենթակառուցվածքային այլ տարրեր,

գ) Երկրում եղած կամ արտադրվող սարքավորումներ, նյութեր և պաշարներ:

2. Այն դեպքերում, երբ սարքավորումների մատակարարումը ՄԱԶԾ-ի կողմից Կառավարությանը տրամադրած օժանդակության մաս է կազմում, վերջինս պարտավորվում է ծածկել այդօրինակ սարքավորման հետ կապված մաքսային ձևակերպումների` դրա ժամանման կետից մինչև ծրագրի իրականացման վայրը տեղափոխման ծախսերը, ինչպես նաև բեռնման և պահեստավորման հետ կապված հարակից ծախսերը, ծրագրի իրականացման վայրը հասցնելուց հետո դրա ապահովագրման և մոնտաժման ու պահպանման ծախսերը:

3. Կառավարությունը նաև պարտավորվում է վճարել փորձնակների և կրթաթոշակ ստացողների նպաստները վերջիններիս կրթության ժամկետի ընթացքում:

4. Եթե այդ նախատեսված է նախագծային փաստաթղթում, ապա Կառավարությունը ՄԱԶԾ-ին կամ կատարող հիմնարկությանը կվճարի կամ կկարգադրի իրականացնել պահանջվող այն գումարների վճարումը, որոնք ամրագրված են նախագծային փաստաթղթի բյուջեի նախագծում` ուղղված սույն հոդվածի առաջին պարբերության մեջ թվարկված պարագաների մատուցմանը: Կատարող հիմնարկությունն այնուհետև կստանա անհրաժեշտ պարագաները և տարեկան հաշվետվություն կներկայացնի ՄԱԶԾ-ին սույն կետում նախատեսված վճարումներից իր կատարած ծախսերի վերաբերյալ:

5. Նախորդ պարբերության համաձայն ՄԱԶԾ-ին կատարվելիք դրամական վճարումները կատարվում են այն հաշվին, որն այդ նպատակի համար առանձնացվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից, և դրանց տնօրինումն իրականացվում է ՄԱԶԾ-ի կիրառած ֆինանսական կանոնակարգերին համապատասխան:

6. Նախագծին Կառավարության կողմից տրամադրված ներդրումը կազմող պարագաների արժեքը, ինչպես նաև սույն հոդվածին համապատասխան Կառավարության կողմից վճարվելիք բոլոր գումարները, ինչպես դա նշված է նախագծային բյուջեներում, կդիտարկվեն հաշվարկներ` հիմնված վերոհիշյալ նախագծային բյուջեների կազմման պահին եղած ընթացիկ տեղեկատվության վրա: Այդօրինակ գումարները բոլոր դեպքերում ենթակա են շտկման, երբ անհրաժեշտ է արտացոլել հետագայում ձեռք բերված ցանկացած այդօրինակ պարագաների փաստացի արժեքը:

7. Կառավարությունը պարտավորվում է նմանօրինակ յուրաքանչյուր ծրագրի իրականացման վայրում համապատասխան ցուցանակներ զետեղել, վերջիններս իրականացվում են ՄԱԶԾ-ի և կատարող հիմնարկության օժանդակությամբ:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՏԵՂԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

1. Ի հավելումն V հոդվածում նշված մուծման` Կառավարությունը պարտավորվում է սատարել ՄԱԶԾ-ին` օժանդակություն տրամադրելով վերջինիս և վճարելով կամ կարգադրելով իրականացնել վճարումը ներքոհիշյալ տեղական ծախսերի և ենթակառուցվածքների դիմաց, համապատասխան նախագծային փաստաթղթերում նշված կամ ՄԱԶԾ-ի կողմից, իր ղեկավար մարմինների համապատասխան որոշումների համաձայն, այլ կերպ որոշված գումարների չափով`

ա) Երկրի ներսում նախագծերին կցված խորհրդական-փորձագետների և խորհրդատուների կեցության տեղական ծախսեր,

բ) տեղական վարչական և գրասենյակային ծառայություններ, ներառյալ անհրաժեշտ տեղական քարտուղարական անձնակազմի ծառայությունները, բանավոր և գրավոր թարգմանությունը և հարակից օժանդակությունը,

գ) Երկրի ներսում անձնակազմի տրանսպորտային ծախսեր,

դ) պաշտոնական նպատակներով փոստային կապ և էլեկտրակապ:

2. Կառավարությունը նաև պարտավորվում է օպերատիվ աշխատանքի գծով յուրաքանչյուր փորձագետի վճարել անմիջական աշխատավարձ, լրավճարներ և նմանատիպ այլ պարգևատրումներ, որոնք կվճարեր իր քաղաքացուն, եթե վերջինս նշանակված լիներ նման պաշտոնի: Կառավարությունը օպերատիվ աշխատանքի գծով փորձագետին կտրամադրի միևնույն տարեկան արձակուրդը և հիվանդաթերթիկը, ինչպիսիք կատարող հիմնարկությունը տրամադրում է իր աշխատակիցներին, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի նրան արձակուրդ տրամադրի հայրենիք մեկնելու համար, որի իրավունքը վերապահվում է համապատասխան կատարող հիմնարկության հետ նրա ծառայության պայմաններով: Այն դեպքում, եթե նրա ծառայությունը Կառավարությունը դադարեցնի այնպիսի պատճառներում, որոնք պարտավորեցնում են կատարող հիմնարկությանը, ըստ նրա հետ կնքված պայմանագրի, վերջինիս հատուցում վճարել, Կառավարությունը կմասնակցի դրան այն գումարի չափով, որը սովորաբար վճարվում է տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող պետական ծառայողին կամ համարժեք աստիճանով աշխատակցին, եթե նրա ծառայությունը դադարեցվեր միևնույն հանգամանքներում:

3. Կառավարությունը պարտավորվում է բնեղենով տրամադրել հետևյալ տեղական ծառայությունները և շինությունները`

ա) անհրաժեշտ ծառայողական և այլ շինություններ,

բ) միջազգային անձնակազմի համար այնպիսի բժշկական և հիվանդանոցային ծառայություններ, որոնք տրամադրվում են Երկրի քաղաքացի հանդիսացող պետական ծառայողներին,

գ) միջազգային անձնակազմի համար հասարակ, բայց պատշաճ կահավորված բնակարաններ, իսկ օպերատիվ աշխատանքի գծով փորձագետների համար` նույն բնակարանային պայմանները, որոնք միևնույն պարագաներում կհասնեին Երկրի համապատասխան կարգի քաղաքացի հանդիսացող ծառայողներին:

4. Կառավարությունը նաև պարտավորվում է մասնակցել Երկրում ՄԱԶԾ-ի առաքելությունը պահելու ծախսերին` ամենամյա վճարում կատարելով ՄԱԶԾ-ին մի գումար, որը Կողմերի միջև փոխադարձ համաձայնեցվում է հետևյալ ծախսումները ծածկելու համար`

ա) համապատասխան ծառայողական շինություններ` ապահովված անհրաժեշտ սարքավորմամբ և գույքով, որոնք հարմար են Երկրում ՄԱԶԾ-ի տեղական կենտրոնակայան ծառայելու համար,

բ) համապատասխան տեղական գրասենյակային և քարտուղարական ծառայություններ, բանավոր և գրավոր թարգմանիչներ և համանման օժանդակություն,

գ) Երկրի ներսում պաշտոնական նպատակներով մշտական ներկայացուցչի և իր աշխատակազմի տրանսպորտային ծախսեր,

դ) ծառայողական նպատակներով փոստային կապ և էլեկտրակապ,

ե) Երկրի ներսում պաշտոնական գործուղման դեպքում մշտական ներկայացուցչի և իր միջազգայնորեն հավաքագրված աշխատակազմի օրապահիկները:

5. Կառավարությանը ընտրության իրավունք է վերապահվում սույն հոդվածի 4-րդ կետում նշված պարագաները տրամադրել բնեղենով, բացառությամբ «բ» և «ե» կետերի:

6. Սույն հոդվածի դրույթների համաձայն վճարման ենթակա դրամական միջոցները, բացառությամբ 2-րդ կետում նախատեսվածների, վճարվում են Կառավարության կողմից և ՄԱԶԾ-ի կառավարման տակ են անցնում` համաձայն V հոդվածի 5-րդ կետի:

 

ՀՈԴՎԱԾ VII. ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Այն դեպքում, երբ Կողմերից մեկը որևէ ծրագրի իրականացման համար օժանդակություն է ստանում այլ աղբյուրներից, Կողմերը պարտավոր են խորհրդակցել միմյանց և կատարող հիմնարկության հետ` Կառավարության կողմից բոլոր աղբյուրներից ստացված օժանդակության արդյունավետ համակարգման և օգտագործման նպատակով: Սույն Համաձայնագրից բխող` Կառավարության ստանձնած պարտավորությունները ենթակա չեն փոփոխման համաձայնագրերով, որոնք նա կարող է կնքել ծրագրի իրականացման գործում իր հետ համագործակցող այլ իրավաբանական անձանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ VIII. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Կառավարությունը պարտավորվում է համակողմանի ջանքեր գործադրել ՄԱԶԾ-ի կողմից տրամադրված օժանդակությունն առավել արդյունավետ օգտագործելու համար և այդ օժանդակությունը օգտագործում է այն նպատակով, որի համար այն նախատեսված է: Առանց վնասելու վերը նշվածի ընդհանուր բնույթը, Կառավարությունն այդ նպատակով ընդունում է այնպիսի միջոցներ, որպիսիք ամրագրված են նախագծային փաստաթղթում:

 

ՀՈԴՎԱԾ IX. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Կառավարությունը Միավորված ազգերի կազմակերպության և նրա մարմինների, ներառյալ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի օժանդակ մարմինների, որոնք հանդես են գալիս որպես իրականացնող հիմնարկություններ, ինչպես նաև դրանց սեփականության, ֆոնդերի և ակտիվների, դրանց աշխատակիցների, ներառյալ մշտական ներկայացուցչի և Երկրում ՄԱԶԾ առաքելության այլ անդամների հանդեպ պարտավորվում է կիրառել Միավորված ազգերի կազմակերպության Արտոնությունների և անձեռնմխելիության մասին Կոնվենցիայի դրույթները:

2. Կառավարությունը յուրաքանչյուր մասնագիտացված հիմնարկության, որը հանդես է գալիս որպես իրականացնող հիմնարկություն, դրա սեփականության, ֆոնդերի և ակտիվների, դրա աշխատակիցների հանդեպ պարտավորվում է կիրառել մասնագիտացված հիմնարկությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին Կոնվենցիայի դրույթները, ներառյալ Կոնվենցիայի ցանկացած հավելված, որը կիրառելի է այդօրինակ մասնագիտացված հիմնարկության պարագայում: Այն դեպքերում, երբ որպես մասնագիտացված հիմնարկություն հանդես է գալիս Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), Կառավարությունը վերջինիս սեփականության, ֆոնդերի և ակտիվների, դրա աշխատակիցների և փորձագետների հանդեպ պարտավորվում է կիրառել ՄԱԳԱՏԷ-ի արտոնությունների և անձեռնմխելիության մասին Համաձայնագրի դրույթները:

3. Երկրում ՄԱԶԾ-ի ներկայացուցչության անդամներին շնորհվում են այնպիսի լրացուցիչ արտոնություններ և անձեռնմխելիություն, որպիսիք կարող են անհրաժեշտ լինել ներկայացուցչության կողմից իր գործառույթներն արդյունավետ կատարվելու համար:

4. ա) Երբ կողմերը կոնկրետ նախագծերին վերաբերող նախագծային փաստաթղթերում համաձայնության են եկել, Կառավարությունը բոլոր այն անձանց, բացառությամբ տեղում աշխատանքի ընդունված Կառավարության քաղաքացիների, ովքեր ծառայություն են մատուցում ՄԱԶԾ-ին, մասնագիտացված հիմնարկության կամ ՄԱԳԱՏԷ-ին, որոնք չեն տարածվում 1-ին և 2-րդ կետերի դրույթների վրա, շնորհում է նույն արտոնությունները և անձեռնմխելիությունը, ՄԱԿԶԾ-ի, համապատասխան մասնագիտացված հիմնարկության կամ ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաներին, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Արտոնությունների և անձեռնմխելիության մասին Կոնվենցիայի կամ Մասնագիտացված հիմնարկությունների արտոնությունների և անձեռնմխելիության Կոնվենցիայի և կամ ՄԱԳԱՏԷ-ի արտոնությունների և անձեռնմխելիության Համաձայնագրի, համապատասխանաբար, 18-րդ և 19-րդ բաժիններով:

բ) Սույն հոդվածի նախորդ մասերում նշված արտոնություններին և անձեռնմխելիությանը վերաբերող ակտերի իմաստով`

1) վերը` 4-րդ կետի «ա» ենթապարբերության մեջ թվարկված անձանց վերահսկողության ներքո գտնվող բոլոր փաստաթղթերը դիտվում են որպես Միավորված ազգերի կազմակերպությանը, մասնագիտացված հիմնարկությանը կամ ՄԱԳԱՏԷ-ին պատկանող փաստաթղթեր,

2) որոշակի ծրագրի նպատակների համար Երկրի սահմաններում այդ անձանց կողմից ներմուծված, ձեռք բերված կամ վարձակալված սարքավորումը, նյութերը և գույքը, ըստ համապատասխան պատկանելության, համարվում են Միավորված ազգերի կազմակերպությանը, մասնագիտացված հիմնարկությանը կամ ՄԱԳԱՏԷ-ին պատկանող` կախված հանգամանքներից:

5. Սույն Համաձայնագրի IX, X և XIII հոդվածներում օգտագործված «Ծառայություններ մատուցող անձինք» արտահայտությունը ներառնում է օպերատիվ աշխատանքի գծով փորձագետներին, կամավորներին, խորհդատուներին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց և դրանց աշխատակիցներին: Այն ներառում է կառավարական կամ ոչ կառավարական այն կազմակերպությունները կամ ընկերությունները, ինչպես նաև դրանց աշխատակիցներին, որոնց ՄԱԶԾ-ն կարող է վարձել որպես իրականացնող հիմնարկություն, կամ այլ որակով, իրականացնելու կամ օգնելու իրականացնել ՄԱԿԶԾ-ի կողմից ծրագրին տրամադրվող օժանդակությունը: Սույն Համաձայնագրի մեջ ոչ մի բան չի կարող մեկնաբանվել որպես նմանօրինակ կազմակերպություններին, ընկերություններին կամ դրանց աշխատակիցներին այլ ակտերով շնորհված արտոնությունների, անձեռնմխելիության կամ արտոնությունների սահմանափակում:

 

ՀՈԴՎԱԾ X. ՄԱԿԶԾ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՇՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Կառավարությունը պարտավորվում է ցանկացած միջոց նախաձեռնել, որը կարող է անհրաժեշտ լինել ՄԱԶԾ-ին, նրա կատարող հիմնարկություններին, փորձագետներին և դրանց անունից ծառայություններ մատուցող այլ անձանց ազատելու համար այն կանոններից և այլ իրավական դրույթներից, որոնք կարող են միջամտել սույն Համաձայնագրի ներքո կատարվող գործունեությանը, և պարտավորվում է նրանց շնորհել այնպիսի այլ արտոնություններ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել ՄԱԶԾ-ի տրամադրած օժանդակության արագ և արդյունավետ իրականացման համար: Կառավարությունը, մասնավորապես, պարտավորվում է նրանց շնորհել հետևյալ իրավունքները և արտոնությունները:

ա) ՄԱԶԾ-ի կամ որևէ կատարող հիմնարկության անունից ծառայություններ մատուցող փորձագետների և այլ անձանց համատեղելիության օպերատիվ ստուգում,

բ) անհրաժեշտ վիզաների, արտոնագրերի կամ թույլտվությունների արագ, անվճար տրամադրում,

գ) աշխատատեղի մատչելիություն և տեղաշարժման բոլոր անհրաժեշտ պայմաններ,

դ) ազատ տեղաշարժ Երկրի ներսում, ինչպես նաև` մեկնում Երկրից և ժամանում, երբ դա անհրաժեշտ է ՄԱԶԾ-ի տրամադրած օժանդակության պատշաճ օգտագործման համար,

ե) արտարժույթի փոխանակման ամենաշահավետ փոխարժեք,

զ) սարքավորման, նյութերի և գույքի ներկրման և դրանց հետագա արտահանման համար անհրաժեշտ բոլոր թույլտվություններ,

է) ՄԱԶԾ-ի և դրա կատարող հիմնարկությունների աշխատակիցների, ինչպես նաև դրանց անունից ծառայություններ մատուցող այլ անձանց` անձնական օգտագործման կամ սպառման համար նախատեսված ինչքի ներկրման և դրա հետագա արտահանման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները,

ը) վերը` «զ» և «է» ենթակետերում թվարկված պարագաների արագ մաքսային ձևակերպում:

2. Քանի որ սույն Համաձայնագրի համաձայն տրամադրվող օժանդակությունը տրվում է ի շահ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ապա սույն Համաձայնագրի ներքո իրականացվող գործունեության առնչությամբ ծագող բոլոր ռիսկերը իր վրա է վերցնում Կառավարությունը: Նա պատասխանատու է երրորդ անձանց կողմից ՄԱԶԾ-ին կամ որևէ կատարող հիմնարկությանը, դրանց աշխատակիցներին կամ նրանց անունից ծառայություններ մատուցող այլ անձանց ներկայացվող հնարավոր բոլոր պահանջները քննելու համար և պարտավորվում է նրանց զերծ պահել սույն Համաձայնագրով իրականացվող գործունեության առնչությամբ ծագող պահանջներից կամ պարտավորություններից: Վերոհիշյալ դրույթը չի կիրառվում այն դեպքերում, երբ Կողմերը և կատարող հիմնարկությունը համաձայնում են առ այն, որ պահանջը կամ պարտավորությունը ծագել է որպես վերոհիշյալ անձանց կողմից թույլ տրված ծայրահեղ անզգուշության կամ միտումնավոր զանցանքի հետևանք:

 

ՀՈԴՎԱԾ XI. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. ՄԱԶԾ-ին իրավունք է վերապահվում, Կառավարությանը և համապատասխան կատարող հիմնարկությանը գրավոր ծանուցելով, առկախել իր կողմից ցանկացած ծրագրին ցուցաբերող օժանդակությունը, եթե, ՄԱԶԾ-ի կարծիքով, ծագել են հանգամանքներ, որոնք խոչընդոտում են կամ սպառնում են խոչընդոտել ծրագրի բարեհաջող ավարտին կամ դրա նպատակներին հասնելուն: ՄԱԶԾ-ին իրավունք է վերապահվում միևնույն կամ դրան հաջորդող գրավոր ծանուցման մեջ շարադրել այն պայմանները, որոնց ներքո նա պատրաստ է վերսկսել իր կողմից ծրագրին ցուցաբերվող օժանդակությունը: Ցանկացած նմանօրինակ առկախում ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ վերոհիշյալ պայմանները չեն ընդունվել Կառավարության կողմից, և քանի դեռ ՄԱԶԾ-ն Կառավարությանը և կատարող հիմնարկությանը գրավոր ծանուցում չի ներկայացրել առ այն, որ պատրաստ է վերսկսել օժանդակության տրամադրումը:

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին պարբերությունում հիշատակված ցանկացած իրավիճակ շարունակվում է դրա և օգնության առկախման վերաբերյալ ՄԱԶԾ-ի կողմից Կառավարությանը և կատարող հիմնարկությանը ծանուցման ներկայացմանը հաջորդող տասնչորս օրվա ընթացքում, ապա իրավիճակի նման պահպանման ընթացքում ցանկացած պահի ՄԱԶԾ-ին իրավունք է վերապահվում, Կառավարությանը և համապատասխան կատարող հիմնարկությանը գրավոր ծանուցելով, դադարեցնել ծրագրին ցուցաբերվող օժանդակությունը:

3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում նմանօրինակ հանգամանքներում ՄԱԶԾ-ի կողմից ցանկացած այլ իրավունքի կամ հատուցման այլ միջոցի դիմելու հնարավորությունը` օրենքի ընդհանուր սկզբունքների կամ այլ հիմնավորումների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ XII. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. ՄԱԶԾ-ի և Կառավարության միջև սույն Համաձայնագրից ծագող ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների կամ կարգավորման այլ փոխհամաձայնեցված մեթոդներով, Կողմերից ցանկացածի միջնորդությամբ կարող է հանձնվել իրավարար դատարանի քննության: Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ իրավարարի, իսկ երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը հանդիսանում է նախագահը: Այն պարագայում, երբ իրավարարության միջնորդությանը հետևած երեսուն օրվա ընթացքում Կողմերից որևէ մեկը իրավարար չի նշանակում, կամ երբ երկու իրավարարների նշանակմանը հաջորդած տասնհինգ օրվա ընթացքում երրորդ իրավարարը չի նշանակվում, ցանկացած Կողմի իրավունք է վերապահվում դիմել Միջազգային դատարանի նախագահին` իրավարար նշանակելու խնդրանքով: Իրավարար դատաքննության ընթացակարգը սահմանվում է իրավարարների կողմից, իսկ իրավարար դատաքննության ծախսերը կրում են Կողմերը` ըստ իրավարարների որոշման: Իրավարար վճիռը պետք է պարունակի այն պատճառաբանության շարադրությունը, որոնց վրա հիմնվում է, և պարտադիր է Կողմերի համար` որպես վեճի վերջնական կարգավորող:

2. Կառավարության և օպերատիվ աշխատանքի գծով փորձագետի միջև ցանկացած վեճ, որը ծագում է Կառավարության մոտ վերջինիս ծառայության պայմանների շուրջ, կարող է հղվել օպերատիվ աշխատանքի գծով փորձագետին ներկայացրած կատարող հիմնարկության կամ Կառավարության կամ օպերատիվ աշխատանքի գծով փորձագետի կողմից: Համապատասխան կատարող հիմնարկությունն իր ծառայություններն է տրամադրում վերջիններիս` օգնելու հասնել վեճի կարգավորման: Այն դեպքում, երբ վեճը հնարավոր չէ կարգավորել վերը շարադրվածի համաձայն կամ կարգավորման մեկ այլ փոխհամաձայնեցված մեթոդով, ապա հարցը, ցանկացած Կողմի միջնորդությամբ, հանձնվում է իրավարար քննության նույն կարգով, որը շարադրված է սույն հոդվածի 1-ին պարբերությունում, բացառությամբ այն հանգամանքի, որ Կողմերից որևէ մեկի չնշանակած իրավարարի կամ երկու Կողմերի իրավարարների կողմից չնշանակած իրավարարը նշանակվում է Իրավարար մշտական ատյանի գլխավոր քարտուղարի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ XIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Կառավարության կողմից և ուժի մեջ է մտնում Կառավարության ներկայացրած վավերացման մասին ծանուցումը ՄԱԶԾ-ի ստանալու պահից: Նախքան վավերացումը, այն Կողմերի կողմից ժամանակավոր ուժի մեջ է մտցվում: Այն շարունակում է ուժի մեջ մնալ, քանի դեռ չի դադարեցվել` ըստ սույն հոդվածի 3-րդ պարբերության:

2. Սույն Համաձայնագիրը կարող է ենթարկվել փոփոխությունների` դրա Կողմերի գրավոր համաձայնությամբ: Գործին վերաբերող բոլոր հարցերը, որոնք նախատեսված չեն սույն Համաձայնագրում, Կողմերի կողմից կարգավորվում են Միավորված ազգերի կազմակերպության պատշաճ մարմինների բանաձևերին և որոշումների դրույթներին համահունչ: Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է լիածավալ և բարյացակամորեն հաշվի առնել սույն պարբերության ներքո մյուս Կողմի առաջ քաշած ցանկացած առաջարկություն:

3. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից` մյուս Կողմին գրավոր ծանուցում ներկայացնելով, և դրա գործողությունը դադարում է այդօրինակ ծանուցումը ստանալուց վաթսուն օր հետո:

4. Կողմերի կողմից սույն Համաձայնագրի IV (Նախագծերի տեղեկատվության վերաբերյալ) և VIII (Օժանդակության օգտագործման վերաբերյալ) հոդվածների համաձայն ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց կամ այն դադարելուց հետո: Կառավարության կողմից սույն Համաձայնագրի IX (Արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ), X (Նախագծերի իրականացման միջոցների վերաբերյալ) և XII (Վեճերի կարգավորման վերաբերյալ) հոդվածների համաձայն ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց կամ այն դադարելուց հետո` այնքանով, որքանով դա անհրաժեշտ կլինի` թույլ տալու համար անձնակազմի հետ կանչումը և ՄԱԶԾ-ի և որևէ կատարող հիմնարկության կամ նրանց անունից ծառայություններ մատուցող անձանց միջոցների ու սեփականության կանոնակարգված դուրս բերումը:

 

Ի վկայություն որի` ներքոստորագրյալ, համապատասխանաբար, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Կառավարության պատշաճ կերպով նշանակված ներկայացուցիչները Կողմերի անունից ստորագրեցին սույն Համաձայնագիրը Երևանում, 1995 թվականի մարտի 8-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` անգլերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 11-ից:

 

 

pin
ՄԱԿ
08.03.1995
Համաձայնագիր