Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Ե ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը,

ցանկանալով կնքել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Կոնվենցիա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին

 

ՀՈԴՎԱԾ 1. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

 

1. Սույն Կոնվենցիան տարածվում է Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից և գույքից հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից, եկամտի կամ գույքի առանձին տարրերից, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից գանձվող, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա տարածվող հարկերը:

3. Սույն Կոնվենցիան տարածվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի վրա, մասնավորապես`

ա) Հայաստանում`

I) շահութահարկ,

II) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,

III) գույքահարկ,

IV) հողի հարկ,

(այսուհետ` հայկական հարկ):

բ) Բուլղարիայում`

I) հարկ ընդհանուր եկամտից,

II) շահութահարկ,

III) շինությունների հարկ,

(այսուհետ` բուլղարական հարկ),

4. Սույն Կոնվենցիան պետք է կիրառվի նաև նույնական կամ բնույթով համանման ցանկացած այլ հարկերի նկատմամբ, որոնք նշանակվում են ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն` սույն Համաձայնագրի ստորագրումից հետո:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած փոփոխության մասին:

Այդպիսի հարկերը համարվո՞ւմ են արդյոք նույնական կամ բնույթով համանման. այս հարցը որոշելիս որոշակի տարակուսանք ի հայտ գալու դեպքում Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են խորհրդակցել իրար հետ 26-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է այն տարածքը, որի նկատմամբ նա իրականացնում է ինքնիշխան իրավունքներ ու իրավասություն` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և որտեղ գործում է նրա հարկային օրենսդրությունը,

բ) «Բուլղարիա» տերմինը նշանակում է Բուլղարիայի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է այն տարածքը և տարածքային ջրերը, որոնց նկատմամբ նա իրականացնում է իր պետական ինքնիշխանությունը, ինչպես նաև մայրցամաքային շելֆը և հատուկ տնտեսական գոտին, որի նկատմամբ նա իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություններ` միջազգային իրավունքի համաձայն,

գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Բուլղարիա,

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես սուբյեկտ,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է անձանց ցանկացած կազմավորում կամ ցանկացած այլ սուբյեկտ, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» արտահայտությունները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող կամ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է`

I) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ,

II) Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա իրավաբանական անձի ընկերակցություն կամ ասոցիացիայի կարգավիճակ ստացած ցանկացած անձ,

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ օդային նավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով ցանկացած փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային, օդային նավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

I) Բուլղարիայի դեպքում` ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,

II) Հայաստանի դեպքում` հարկային պետական տեսչության պետը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան կիրառելիս սույն Կոնվենցիայով ընդգրկվող հարկերի առնչությամբ դրանում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ պետության օրենսդրությամբ, եթե ենթատեքստից այլ բան չի բխում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՌԵԶԻԴԵՆՏ

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է`

ա) Բուլղարիայի դեպքում` Բուլղարիայի քաղաքացի հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձ և Բուլղարիայում գրանցված ցանկացած իրավաբանական անձ կամ անձերի միավորում,

բ) Հայաստանի դեպքում` ցանկացած անձ, որը Հայաստանի օրենսդրությամբ ենթակա է հարկման Հայաստանում բնակության վայրի, գրանցման վայրի, մշտական տեղակայման կամ այլ նմանատիպ չափանիշների հիման վրա:

2. Եթե, 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական բնակավայր, եթե նա երկու պետություններում էլ ունի մշտական բնակավայր, ապա համարվում է այն պետության ռեզիդենտը, որտեղ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր /կենսական շահերի կենտրոն/,

բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա պետություններից և ոչ մեկում էլ չունի մշտական բնակավայր, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար երկու պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա համարվում է այն պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,

դ) եթե նա Պայմանավորվող երկու պետություններում էլ քաղաքացի է, կամ նրանցից և ոչ մեկում էլ քաղաքացի չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները լուծում են տվյալ հարցը փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որտեղ ստեղծվել է:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական ներկայացուցչություն» տերմինը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով Պայմանավորվող պետության ձեռնարկությունը իրականացնում է իր գործունեությունը մյուս Պայմանավորվող պետությունում ամբողջությամբ կամ մասամբ:

2. «Մշտական ներկայացուցչություն» տերմինը, մասնավորապես, ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, վերամշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. «Մշտական ներկայացուցչություն» տերմինը ներառում է նաև`

ա) շինարարական հրապարակը, շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կամ նշված օբյեկտների հետ կապված վերահսկողական գործունեությունը` միայն այն դեպքում, եթե դրա տևողությունը գերազանցում է 12 ամիսը,

բ) ենթակետում նշված գործունեության հետ կապված ծառայությունների մատուցումը ձեռնարկության կողմից այդ նպատակների համար վարձված ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով, բայց միայն այն դեպքում, երբ այդ կարգի գործունեությունը /մեկ կամ փոխկապակցված օբյեկտների համար/ գերազանցում է 6-ամսյա ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները ցանկացած 12-ամսյա ժամկետում:

4. Չնայած սույն Հոդվածի նախորդ դրույթներին` «մշտական ներկայացուցչություն» արտահայտությունը չի ներառում.

ա) կառույցների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակների համար,

դ) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակներով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես «ա»-ից մինչև «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար` պայմանով, որ գործունեության մշտական վայրի պահման համընդհանուր գործունեությունը այդ համակցության արդյունքում շարունակում է կրել նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից գործող անձը 7-րդ կետում պարզաբանված անկախ կարգավիճակով գործակալ չէ, ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, ապա համարվում է, որ այդ ձեռնարկությունն ունի մշտական ներկայացուցչություն այդ պետությունում` ձեռնարկության համար այդ անձի իրականացրած ցանկացած գործունեության առումով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանափակվող այդ անձի գործունեության, համաձայն որի` գործունեությունը անգամ մշտական գործունեության վայրի միջոցով իրականացնելու դեպքում չի վերածվում այդ մշտական գործունեության վայրը մշտական ներկայացուցչության` համաձայն սույն կետի դրույթներին:

6. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, եթե Պայմանավորվող պետության ապահովագրական ձեռնարկությունը անկախ գործակալի կարգավիճակ չունեցող անձի միջոցով մյուս Պայմանավորվող պետությունում ընդունում է ապահովագրական մուծումներ կամ ապահովագրում է այնտեղ հնարավոր ռիսկից, ապա համարվում է, որ ձեռնարկությունը ունի մշտական ներկայացուցչություն այդ մյուս պետությունում /բացառությամբ կրկնակի ապահովագրման դեպքերի/:

7. Համարվում է, որ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չունի մշտական ներկայացուցչություն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե միայն նա ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է այդ մյուս պետությունում բրոքերի, կոմիսիոն կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ հսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում /մշտական ներկայացուցչության միջոցով կամ այլ կերպ/, ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական ներկայացուցչության:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Եկամուտները, որոնք ստանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից /այդ թվում` եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից/, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինը ունի այն նշանակությունը, որը նրան տրվում է Պայմանավորվող այն պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է այդ գույքը:

Այդ տերմինը, բոլոր դեպքերում պետք է ներառի անշարժ գույքին վերաբերող գույքը, գյուղացիական և անտառային տնտեսությունում օգտագործվող սարքավորումներն ու անասունը, հողի սեփականությանը վերաբերող իրավունքը, որոնց նկատմամբ կիրառվում են ընդհանուր իրավունքի դրույթները, անշարժ գույքի «ուզուֆրուկտը», հանքային պաշարների, աղբյուրների և այլ բնական հանածոների վերամշակման կամ վերամշակման իրավունքի համար փոխհատուցման կարգով փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները:

Ծովային, օդային նավերը, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:

4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից առաջացած եկամուտների կամ անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ պետությունում, եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով:

Եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է նշված ձևերով, ապա նրա շահույթը կարող է հարկվել այդ մյուս պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է այդ մշտական ներկայացուցչությանը:

2. Ելնելով 3-րդ կետի դրույթներից` եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական ներկայացուցչությանն է վերաբերում այդ շահույթը, որ նա կարող էր ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույնպիսի կամ նմանատիպ գործունեություն իրականացնող, ինքնուրույն գործող և առանձին ձեռնարկություն և գործեր ամբողջովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական ներկայացուցչությունն է հանդիսանում:

3. Մշտական ներկայացուցչության շահույթը որոշելիս թույլատրվում է այդպիսի մշտական ներկայացուցչության նպատակների համար կրած փաստաթղթերով հաստատված ծախսերի հանում, այդ թվում` ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը` անկախ այն բանից` կատարվում են դրանք այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական ներկայացուցչությունը, թե նրա սահմաններից դուրս:

Սակայն, բոլոր դեպքերում, այդպիսի հանումները չպետք է թույլատրվեն մշտական ներկայացուցչության կողմից իր ձեռնարկության գլխավոր կամ նրա ցանկացած գրասենյակին /այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ձևով վճարված գումարների նկատմամբ/, եթե այդպիսիները կան, նրանց կողմից արտոնագրերի կամ այլ իրավունքների օգտագործման համար ներկայացված ռոյալթիի կամ ցանկացած նմանատիպ վճարումների, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի, մշտական ներկայացուցչությանը տրամադրված փոխառության համար տոկոսների տեսքով, բացառությամբ բանկերի դեպքերի:

4. Ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի միայն գնումից առաջացած և ոչ մի շահույթ մշտական ներկայացուցչությանը չի հաշվարկվի:

5. Նախորդ կետերի նպատակների համար մշտական ներկայացուցչությանը հաշվարկվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, եթե միայն դրա փոփոխման համար հիմնավոր ու բավարար պատճառ չառաջանա:

6. Եթե մշտական ներկայացուցչությունը հաշվարկվող շահույթի որոշումը կարող է կատարել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համաչափ բաշխման հիման վրա, ինչպես ընդունված է այդ Պայմանավորվող պետությունում, ապա 2-րդ կետի դրույթները չեն խոչընդոտի այդ Պայմանավորվող պետությանը հարկվող շահույթը նման բաշխման միջոցով որոշելու համար:

Սակայն ընդունված բաշխման մեթոդը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձին նշված է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը` ստացած միջազգային փոխադրումներում ծովային, օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի շահագործումից, հարկվում է միայն այդ պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը` ստացած բեռնարկղերի և դրանց վերաբերող սարքավորումների ուղղակի օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևի շահագործումից, հարկվում է միայն այդ պետությունում:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն շահույթի նկատմամբ, որը առաջանում է կապիտալների միավորումից, համատեղ գործունեությունից կամ միջազգային կազմակերպությունում ունեցած մասնակցությունից:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՍՈՑԱՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Այն դեպքում, եթե.

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են ինչպես մի, այնպես էլ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարման վերահսկման կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք հնարավոր չէին լինի երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր համարվել նրանցից մեկինը, բայց այդ պայմանների պատճառով չի համարվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը, 1-ին կետի դրույթների համաձայն, այդ Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթի կազմում հաշվի է առնում և հարկում համապատասխանաբար մի տարր, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս պետությունում արդեն հարկվել է, և այդ ձևով մտցված տարրը համարվում է շահույթ, որը պետք է հաշվառվեր առաջին նշված պետության ձեռնարկությանը, եթե երկու անձերի միջև լինեին անկախ բնորոշ փոխհարաբերություններ, ապա այդ մյուս պետությունը այդ շահույթի հարկման մեջ շտկում կկատարի: Նման շտկման որոշման ժամանակ հաշվի կառնվեն սույն Կոնվենցիայի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե ռեզիդենտը համարվում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի` առնվազն 40.000 ԱՄՆ դոլար կամ ազգային արժույթով այդ գումարին համարժեք չափով արժողությամբ մասի սեփականատերը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 10%-ը` մնացած բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետության իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

Այս կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ` բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցության իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն պետության օրենսդրության համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումը իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժիններ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող, համապատասխանաբար, մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի միջոցով, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում են նման մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, իրավիճակից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ համարվող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, վերջինս կարող է լիովին ազատել այդ ընկերության վճարած շահաբաժինները հարկումից, բացառությամբ, եթե այդ շահաբաժինները վճարվում են մյուս պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարում են շահաբաժինները, իրոք վերաբերում է մյուս պետությունում գտնվող մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, եթե անգամ շահաբաժինները վճարվում են, կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս պետությունում կազմավորվող շահույթից կամ եկամուտից:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Տոկոսները, որոնք առաջանում են Պայմանավորվող պետությունում և վճարվում են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն նման տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն պետությունում, որտեղ դրանք առաջանում են այդ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատերը, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10% -ը:

Պայմանավորվող պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Չնայած 2-րդ կետի դրույթներին` Պայմանավորվող պետությունում առաջացած և մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը կամ կենտրոնական բանկին վճարված տոկոսները կազատվեն հարկումից առաջին նշված պետությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից` անկախ հիպոթեքային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից ու պարտատոմսերից, ներառյալ դրանց պարգևավճարներն ու շահումները` `կցված այդպիսի արժեթղթերին, պարտատոմսերին և փոխառության տոմսերին:

Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտվում:

5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսներ փաստացի ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ տոկոսների առաջացման աղբյուր հանդիսացող մյուս Պայմանավորվող պետությունում, այնտեղ գտնվող, համապատասխանաբար, մշտական ներկայացուցչության միջոցով կամ մշտական բազայից, և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում է նման մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային: Նման դեպքում կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները` կախված հանգամանքներից:

5. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, մշտական ներկայացուցչություն կամ մշտական բազա ունի Պայմանավորվող պետությունում, որոնց գործունեության արդյունքում ստեղծվել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կատարում է այդ մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական ներկայացուցչությունը կան մշտական բազան:

6. Եթե վճարողի և փաստացի ստացողի կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների հետևանքով պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը, որի հիման վրա դրանք վճարվում են, գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի ստացողի միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ:

Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՌՈՅԱԼԹԻ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացած և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն պետությունում, որտեղ այն առաջանում է, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատերը, այդ դեպքում այդպիսով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10 %-ը:

Պայմանավորվող պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է փոխհատուցման տեսքով ստացվող ցանկացած վճարում գրականության, արվեստի և գիտության ցանկացած ստեղծագործության /ներառյալ կինոնկարները, ռադիո և հեռուստահաղորդումների համար տեսաժապավենները/, ցանկացած պատենտի ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևերի կամ գործընթացի հեղինակային իրավունքներից, արդյունաբերական, կոմերցիոն, գիտական փորձի վերաբերյալ տեղեկությունը օգտագործելու կամ օգտագործելու համար իրավունքի տրամադրման դիմաց:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթի ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում ռոյալթիի աղբյուր հանդիսացող մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող, համապատասխանաբար, մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալթին, իրոք կապված է այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքերում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

5. Համարվում է, որ ռոյալթին առաջանում է Պայմանավորվող պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը` պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ պետության ռեզիդենտը: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, այդ Պայմանավորվող պետությունում մշտական ներկայացուցչություն կամ մշտական բազա ունի, որոնց հետ կապված ռոյալթի վճարելու պարտավորություն է առաջացել, և վճարման ծախսերը կրում է այդ մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ այդ ռոյալթին առաջացել է այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկությանը վերաբերող ռոյալթիի գումարը, որոնց հիման վրա ռոյալթին վճարվում է, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ:

Այս դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` հաշվի առնելով սույն հոդվածի այլ դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԳՈՒՅՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտները, ստացված մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում սահմանված, անշարժ գույքի օտարումից, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող մշտական ներկայացուցչության առևտրային գույքի մաս կազմող կամ անկախ ծառայությունների մատուցման համար մշտական բազային վերաբերող` մյուս Պայմանավորվող պետությունում օգտագործվող շարժական գույքի, այդ թվում` նման մշտական ներկայացուցչության /առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ/ կամ մշտական բազայի օտարումից առաջացած եկամուտները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային կամ գետային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած եկամուտները հարկվում են միայն այդ պետությունում:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած եկամուտները հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, ում ռեզիդենտն է գույք օտարողը:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից, հարկվում է միայն այդ պետությունում, բացառությամբ այն դեպքի, երբ նա իր գործունեությունն իրականացնելու համար մյուս Պայմանավորվող պետությունում տնօրինության տակ ունի կանոնավոր օգտագործվող մշտական բազա: Եթե նա ունի նման մշտական բազա, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այդ մշտական բազային վերաբերող մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ դասախոսական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, ատամնաբույժների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, հաշվապահների գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ

 

1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթները` ռոճիկը, աշխատավարձը և նման այլ վարձավճարները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում:

Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա այդ կապակցությամբ ստացված վարձատրումը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը, մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն հիշատակված առաջին պետությունում, եթե`

ա) ստացողը գտնվում է մյուս պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների ընթացքում` ցանկացած 12-ամսյա ժամկետում, և

բ) վարձատրումը կատարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) մյուս պետությունում գործատուի ունեցած մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան չի կրում վարձատրման ծախսերը:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ օդային նավում, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված պարգևատրումը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում այդ փոխադրումներ իրականացնողը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

 

Տնօրենների հոնորարները և մյուս նմանատիպ վճարումները, որոնք ստանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտը` որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի կամ այլ նման մարմնի անդամ, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

 

1. Անկախ 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից` եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտը` որպես արվեստի աշխատող, ինչպիսիք են թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասան, երաժիշտ կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող իր անհատական և որպես այդպիսի գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացվող անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվարկվում է ոչ անմիջականորեն արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այդ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում են գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` սույն հոդվածում նշված եկամուտը ազատվում է հարկումից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում է իր գործունեությունը` պայմանով, որ այդ գործունեությունը ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորվում է Պայմանավորվող պետություններից որևէ մեկի կամ նրանց իշխանության տեղական մարմնի պետական ֆոնդերից, կամ այդ գործունեությունը իրականացվում է երկու Պայմանավորվող պետությունների միջև մշակութային համաձայնագրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Պայմանավորվող պետության վճարած կենսաթոշակները և այլ նմանատիպ վարձատրումները, ներառյալ այդ պետության սոցիալական ապահովման համակարգից կատարվողները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, հարկվում են միայն առաջին նշված պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. ա) Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմնի վճարած վարձը, բացի կենսաթոշակից, ցանկացած ֆիզիկական անձի` Պայմանավորվող այդ պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց, հարկվում է միայն այդ պետությունում:

բ) Սակայն նշված վարձատրումը հարկվում է միայն Պայմանավորվող մյուս պետությունում, եթե ծառայություններն իրականացվում են այդ մյուս պետությունում և այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը, որը`

I) հանդիսանում է այդ պետության քաղաքացի, կամ

II) չի դարձել այդ պետության ռեզիդենտը միայն ծառայություններ մատուցելու նպատակով:

2. 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների վարձատրման նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

 

Մինչ Պայմանավորվող պետություն անմիջական ժամանումը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ համարված կամ ներկայումս այդպիսին համարվող և այդ պետությունում բացառապես ուսանելու կամ նախապատրաստվելու նպատակով գտնվող ուսանողին կամ պրակտիկանտին կենսաապահովման, կրթություն ստանալու կամ վերապատրաստումն անցկացնելու նպատակով կատարված վճարումները չեն հարկվում այդ առաջին պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրը գտնվում է այդ պետության սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

 

1. Մինչև Պայմանավորվող պետություն անմիջական ժամանումը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ համարված կամ ներկայումս այդպիսին համարվող և առաջին նշված պետության համալսարանում, քոլեջում, բարձրագույն ուսումնական կամ այլ նմանատիպ հաստատությունում դասավանդելու կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գիտական հետազոտությունների նպատակով գտնվող ֆիզիկական անձինք ազատվում են հարկումից այդ պետությունում այդպիսի հետազոտությունների կամ դասավանդման համար ցանկացած վարձատրումների առումով այդպիսի հետազոտությունների կամ դասավանդելու նպատակով այդ պետություն կատարած առաջին այցելության ամսաթվից սկսած 2 տարին չգերազանցող ժամանակահատվածի համար:

2. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն հետազոտությունների կամ դասավանդումից ստացված եկամտի նկատմամբ, որոնք կատարվում են ֆիզիկական անձի կողմից` ելնելով հասարակության, այլ ոչ թե որևէ այլ մասնավոր անձի կամ անձանց շահերից:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակվող տեսակները, անկախ նրանց ծագման աղբյուրից, հարկվում են միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտի նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը համարվում է Պայմանավորվող պետության ռեզիդենտ և մյուս Պայմանավորվող պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ մատուցում է անկախ անհատական ծառայություններ այնտեղ գտնվող, համապատասխանաբար, մշտական ներկայացուցչության միջոցով կամ մշտական բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց հետ կապված ստացվել է եկամուտը, իրոք կապված է այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԳՈՒՅՔ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի սեփականություն համարվող, մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքը` ներկայացված 6-րդ հոդվածում, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության պատկանելության տակ գտնվող` մյուս Պայմանավորվող պետության մշտական ներկայացուցչության առևտրային գույքի մաս կազմող կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող մշտական բազային վերաբերող շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքը, ներկայացված միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի շահագործմանը վերաբերող շարժական գույքի տեսքով, հարկվում է միայն այդ պետությունում:

4. Պայմանավորվող պետությունում գտնվող ընկերության գույքը, կազմված, գլխավորապես, անշարժ գույքից, ներկայացված բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տեսքով, կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանում կրկնակի հարկումը վերացվում է հետևյալ կերպ.

ա) Եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Բուլղարիայում, ապա Հայաստանը թույլ կտա.

I) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Բուլղարիայում վճարված եկամտահարկին հավասար գումար,

II) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Բուլղարիայում վճարված գույքահարկին հավասար գումար,

Այդպիսի հանումները երկու դեպքերում էլ չպիտի գերազանցեն մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամտի կամ գույքի հարկի մասը, որը, կախված հանգամանքներից, կարող է հարկվել Բուլղարիայում,

բ) եթե Համաձայնագրի ցանկացած դրույթի համաձայն Հայաստանի ռեզիդենտի ստացված եկամուտը կամ գույքը ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը, համենայն դեպս, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

2. Բուլղարիայում կրկնակի հարկումը վերացվում է հետևյալ կերպ.

ա) եթե Բուլղարիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Բուլղարիան, «բ» և «գ» ենթակետերի դրույթների համաձայն, ազատում է այդ եկամուտը կամ գույքը հարկումից,

բ) եթե Բուլղարիայի ռեզիդենտը եկամտի որոշ տեսակներ է ստանում, որոնք 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթների համաձայն կարող են հարկվել Հայաստանում, ապա Բուլղարիան թույլատրում է Հայաստանում վճարված հարկին հավասար գումարի հանում այդ ռեզիդենտի եկամտահարկից:

Այդպիսի հանումը, սակայն, չպիտի գերազանցի մինչև հանումի տրամադրումը հաշվարկված հարկի մասը, որը վերաբերում է Հայաստանում ստացվող այդ տեսակի եկամտին,

գ) եթե Կոնվենցիայի ցանկացած դրույթի համաձայն Բուլղարիայի ռեզիդենտի ստացված եկամուտը կամ գույքը ազատված է Բուլղարիայում հարկումից, ապա Բուլղարիան, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որոնց ենթակա են կամ կարող են ենթակա լինել մյուս Պայմանավորվող պետության քաղաքացիները միևնույն պայմանների դեպքում, մասնավորապես` ռեզիդենտության առումով:

Սույն դրույթը, չնայած 1-ին հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև, Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որոնց ենթակա են կամ կարող են ենթակա լինել այդ պետությունների քաղաքացիները միևնույն պայմանների դեպքում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության հարկումը չի կարող պակաս լինել Պայմանավորվող այդ մյուս պետությունում, քան այդ մյուս պետության նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետության ռեզիդենտի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետությանը հարկային անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր պարտավորեցնող, որոնք այդ մյուս պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին` նման ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման նույն պայմաններով, ինչպես առաջին նշված պետության ռեզիդենտին վճարելիս:

Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես որ պարտքը առաջին նշված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների, կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ նրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան նշված առաջին պետության այլ նման ձեռնարկությունները:

6. Սույն հոդվածի դրույթները, չնայած 2-րդ հոդվածի դրույթներին, կիրառվում են ցանկացած տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Կոնվենցիային ոչ համապատասխան հարկման, ապա նա կարող է, այդ պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, քննարկման համար իր գործը ներկայացնել Պայմանավորվող այն պետության իրավասու մարմնին, ում ռեզիդենտը հանդիսանում է, կամ, եթե գործը վերաբերում է 25-րդ հոդվածի 1-ին կետին` Պայմանավորվող այն պետության իրավասու մարմնին, ում քաղաքացին է հանդիսանում:

Դիմումը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում` Կոնվենցիայի դրույթներին ոչ համապատասխան հարկման բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից:

2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված կամ եթե չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել Կոնվենցիային ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, փոխադարձ համաձայնությամբ, կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում, համատեղ խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջականորեն կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Եթե համաձայնության հասնելու համար նպատակահարմար կլինի կազմակերպել կարծիքների բանավոր փոխանակում, այդպիսի փոխանակումը կարող է կատարվել Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի նիստի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Կոնվենցիայի կամ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան այն չափով, որքանով հարկումը չի հակասում Կոնվենցիային:

Տեղեկությունների փոխանակումը 1-ին հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ պետության ներքին օրենսդրության գծով ստացված տեղեկությունը, և հանձնվում է միայն այն անձանց կամ մարմիններին /ներառյալ դատարանները և վարչական մարմինները/, որոնք զբաղված են Կոնվենցիայով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննմամբ: Ստացված տեղեկությունը այդպիսի անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումները ընդունելիս:

2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չէ ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն կամ վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնել պետական քաղաքականությանը /հասարակարգին/ հակասող որևէ առևտրական, արդյունաբերական, ձեռնարկատիրական մասնագիտական գաղտնիք, առևտրային գործընթաց բացահայտող կամ քաղաքականությանը հակասող տեղեկություն:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց աջակցել սույն հոդվածում «տարեկան եկամուտներ» կոչվող հարկերին վերաբերող տոկոսների, ծախսերի, քաղաքացիական տուգանքների հետ մեկտեղ հարկերի գանձման գործում:

2. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների խնդրանքները տարեկան եկամուտների գանձման գործում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ընդգրկում են այնպիսի վկայականի հանձնումը, որի օժտած լիազորությունները, այդ պետության օրենքների համաձայն, վերջնականապես կորոշեն տարեկան եկամուտների գանձումը:

Սույն հոդվածի նպատակների համար տարեկան եկամուտների գանձումը համարվում է վերջնականապես որոշված, երբ Պայմանավորվող պետությունը իրավունք ունի, սեփական ներքին օրենսդրության համապատասխան, գանձել տարեկան եկամուտները, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող պետության տարեկան եկամուտների գանձումը մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից այդ մյուս պետությունը կատարում է այնպես, ինչպես կգանձեր սեփական եկամուտը այն վերջնականապես որոշված լինելու դեպքում` նրա հարկերի գանձմանը վերաբերող օրենսդրության դրույթներին համապատասխան:

4. Սույն հոդվածի համաձայն Պայմանավորվող պետության իրավասու մարմնի գանձած գումարները փոխանցվում են մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող պետության իրավասու մարմինները չեն հանգում այլ որոշման, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը իր վրա է վերցնում առաջին հիշված պետությունը, իսկ բոլոր արտակարգ ծախսերը` մյուս պետությունը:

5. Ըստ սույն հոդվածի պայմանների, եթե տարեկան եկամուտների գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա պետական եկամուտների գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները վերաբերվում են բոլոր հարկերին` գանձված Պայմանավորվող պետության կառավարության կողմից կամ նրա անունից:

7. Սույն հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետություններից ցանկացածի վրա սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր վարչական միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը /հասարակարգին/ հակասող պարտավորությունների հանձնարարական:

 

ՀՈԴՎԱԾ 29. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական գործակալների և հյուպատոսական ծառայողների միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի կամ հատուկ համաձայնագրերի դրույթների հարկային արտոնությունները:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Պայմանավորվող պետությունները միմյանց կծանուցեն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իրենց ներքին սահմանադրական ընթացակարգերի ավարտի մասին:

2. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վերջին ծանուցագրի ուղարկման օրը և նրա դրույթները կիրառվում են.

I) սկզբնաղբյուրի մոտ գանձվող հարկերի նկատմամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո վճարվող գումարներից,

II) եկամուտներից և գույքից գանձվող այլ հարկերի նկատմամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից սկսված` վճարվող կամ հաշվարկվող հարկերի նկատմամբ:

III) 27-րդ (Տեղեկությունների փոխանակում) և 28-րդ (Օգնություն հարկերի գանձման գործում) հոդվածների նպատակների համար` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

 

ՀՈԴՎԱԾ 31. ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիան մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից նրա գործունեության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի անցնելուց հետո ցանկացած ժամանակ` օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով այդ գործողության դադարեցման մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող պետությանը: Այս դեպքում Կոնվենցիան դադարեցնում է գործողությունը.

I) սկզբնաղբյուրի մոտ գանձվող հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված գումարների մասով,

II) եկամուտներից և գույքից գանձվող այլ հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ հաշվարկված հարկերի նկատմամբ:

Ի վկայություն որի` պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալներս ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, բուլղարերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում որպես հիմք ընդունվում է անգլերեն տեքստը:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 3-ից:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Կոնվենցիայի ստորագրման պահին, կնքված այդ օրը Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև, ներքոստորագրյալներս պայմանավորվեցինք, որ հետևյալ դրույթները կազմում են Համաձայնագրի անբաժան մասը.

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «ձեռնարկություն» տերմինը ներառում է նաև Հայաստանի անհատ ձեռներեցին, որը ստացել է իր կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. «Անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը նշանակում է անձ, որը չգտնվելով ձեռնարկության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ, կատարում է նրա համար իր գործունեությունը և չի ստանում մանրակրկիտ հանձնարարականներ կամ չի վերահսկվում ձեռնարկության կողմից: Այդ գործունեությունից հնարավոր վնասների պատասխանատվությունը ընկնում է այդ անձի և ոչ թե ձեռնարկության վրա:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, բուլղարերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում որպես հիմք ընդունվում է անգլերեն տեքստը:

 

Արձանագրություն ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 3-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
10.04.1995
Կոնվենցիա