Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 
i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

կարևոր նշանակություն տալով հանցագործություն կատարած անձանց հանձնման բնագավառում համագործակցության զարգացմանը,

հաշվի առնելով Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1. Հանձնման պարտականությունը

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան և մյուս Պայմանավորվող կողմի պահանջով, միմյանց հանձնել իրենց տարածքներում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու համար:

 

Հոդված 2. Հանձնման հիմքը

 

1. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը թույլատրվում է այնպիսի արարքների համար, որոնք երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման տեսքով` մեկ տարուց ոչ պակաս ժամանակով, կամ ավելի ծանր պատիժ:

2. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը թույլատրվում է այնպիսի արարքների համար, որոնք երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտված է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամանակով կամ ավելի ծանր պատժի:

3. Եթե անձի հանձնման մասին պահանջը վերաբերում է մի քանի տարբեր արարքների, և դրանցից մի քանիսը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պայմաններին, ապա հանձնումը թույլատրվում է միայն այն արարքների համար, որոնք համապատասխանում են նշված կետերի պայմաններին:

 

Հոդված 3. Հանձնումից հրաժարվելը

 

1. Հանձնումը չի կատարվում, եթե`

ա) այն անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, հայցվող Կողմի տարածքում նույն արարքի համար արդեն սկսված է քրեական վարույթ կամ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ,

բ) հանձնման մասին պահանջի ստանալու պահին քրեական վարույթը, հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու կամ այլ օրինական հիմքով (ներում, համաներում և այլն),

գ) հանցագործությունը, հայցող կամ հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, հետապնդվում է մասնավոր մեղադրանքի կարգով (տուժողի դիմումով),

դ) անձը, որի հանձնումը պահանջվում է, հանդիսանում է հայցվող Կողմի քաղաքացի,

ե) անձը, որի հանձնումը պահանջվում է, չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության` հայցվող Կողմի օրենսդրության համաձայն,

զ) անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտվել է հայցող Կողմի արտակարգ դատարանի կողմից կամ ենթակա է դատապարտման այդպիսի դատարանի կողմից:

2. Հանձնում չի կատարվում նաև այն դեպքերում, երբ հայցվող Կողմի մոտ առկա են հավաստի տվյալներ այն մասին, որ այն անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է.

ա) դատաքննության ժամանակ չեն պահպանվելու պաշտպանության նվազագույն իրավունքներն այն գործով, որով նա մասնակցում է որպես մեղադրյալ:

Դատավարության իրականացումը այն անձի բացակայությամբ, որի հանձնումը պահանջվում է, ինքնըստինքյան հիմք չի համարվում հանձնումը մերժելու համար, եթե հայցող Կողմը պարտավորվում է այդ անձի մասնակցությամբ սկսել նոր քրեական վարույթ.

բ) հետապնդման կամ խտրականության միջոցներ են կիրառվելու ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական համոզմունքների, սոցիալական և անձնական պայմանների պատճառով, կամ էլ կիրառվելու են խոշտանգումներ կամ մարդու հիմնական իրավունքները խախտող այլ ֆիզիկական ներգործություններ:

3. Հանձնումը կարող է մերժվել նաև, եթե արարքը, որի կապակցությամբ պահանջվում է հանձնումը, կատարվել է.

ա) հայցվող Կողմի տարածքում,

բ) հայցվող Կողմի տարածքից դուրս և, այդ Կողմի օրենքի համաձայն, հանցագործություն չի համարվում:

4. Այնպիսի հանցագործություն կատարած անձանց հանձնումը, որի համար հայցող Կողմի օրենքով կարող է նշանակվել կամ նշանակվել է մահապատիժ, թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե այդ Կողմը կներկայացնի հայցվող Կողմի համար ընդունելի գրավոր հաստատում այն մասին, որ այդպիսի պատժամիջոց չի կիրառվի կամ արդեն նշանակված միջոցը ի կատար չի ածվի:

5. Հանձնումը մերժելու դեպքում հայցվող Կողմը պետք է տեղեկացնի մերժման հիմքերի մասին:

 

Հոդված 4. Քրեական վարույթի հարուցումը հայցվող կողմի տարածքում

 

1. 3-րդ հոդվածի 1-ին (դ), 2-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում հանձնումը մերժելիս հայցվող Կողմը մյուս Կողմի պահանջով առաջարկում է իր իրավասու մարմիններին իր օրենսդրությանը համապատասխան քննարկել քրեական վարույթ հարուցելու մասին հարցը: Այդ նպատակով հայցող Կողմը պետք է ներկայացնի դատավարական փաստաթղթերը և դատավարության համար անհրաժեշտ մյուս բոլոր տվյալները, որոնք կան նրա տրամադրության տակ:

2. Հայցվող Կողմը մյուս Կողմին անմիջապես հաղորդում է պահանջի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև հարուցված վարույթի ընթացքի մասին:

 

Հոդված 5. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

 

1. Առանց հայցվող Կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ պատժվել մինչև նրա հանձնումը կատարած այլ հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:

2. Եթե մինչև անձի հանձնումը նրա նկատմամբ քրեական վարույթում տեղի ունենա այն արարքի իրավական որակավորման փոփոխություն, որի համար պահանջվում է նրա հանձնումը, ապա հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հայցող Կողմից արարքի նոր իրավական որակավորմամբ հանձնման մասին հանձնարարություն ստանալուց հետո:

3. Առանց հայցվող Կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:

4. Հայցվող Կողմի համաձայնությունը, որը հիշատակված է սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում, չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական վարույթն ավարտվելուց հետո 45 օրվա ընթացքում, իսկ դատապարտման դեպքում` պատիժը կրելուց կամ դրանից ազատվելուց հետո 45 օրվա ընթացքում, չհեռանա հայցող Կողմի տարածքից, կամ եթե հայցող Կողմի տարածքից հեռանալուց հետո նա կամավոր այնտեղ վերադառնա: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը չի կարողացել հայցող Կողմի տարածքից հեռանալ իրենից անկախ հանգամանքներով:

 

Հոդված 6. Հանձնման մասին պահանջը

 

1. Հանձնման մասին պահանջը պետք է պարունակի.

ա) հայցվող հիմնարկի անվանումը,

բ) կալանքի վերցնելու մասին իրավասու մարմնի որոշման բնօրինակը կամ պաշտոնապես վավերացված պատճենը,

գ) արարքի փաստացի հանգամանքների նկարագրությունը` դրա կատարման վայրի և ժամանակի նշումով, արարքի իրավական որակավորումը, ինչպես նաև հայցող Կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը ճանաչվում է հանցագործություն,

դ) հնարավորության դեպքում` այն անձի տարբերիչ նշանները, որի հանձնումը պահանջվում է, ինչպես նաև այլ տեղեկություն, որն ունի հայցող Կողմը, և որը կարող է օգտագործվել այն անձի նույնականացման կամ նրա քաղաքացիության որոշման համար, որի հանձնումը պահանջվում է:

2. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնման մասին պահանջին պետք է կցվեն դատավճռի վավերացված պատճենը` դրա օրինական ուժի մեջ մտած լինելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալը արդեն կրել է պատժի մի մասը, ապա հայտնվում են նաև այդ մասին տվյալները:

 

Հոդված 7. Լրացուցիչ տեղեկություններ

 

1. Եթե հանձնման մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Կողմը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որի համար սահմանվում է մինչև մեկ ամիս ժամկետ: Հայցող Կողմի միջնորդությամբ` այդ ժամկետը կարող է երկարացվել ևս մեկ ամիս:

2. Եթե հայցող Կողմը սահմանված ժամկետում չներկայացնի լրացուցիչ տեղեկություններ, ապա հայցվող Կողմը պետք է կալանքի վերցված անձին ազատ արձակի:

 

Հոդված 8. Հանձնման համար կալանքի վերցնելը կամ նախքան հանձնման մասին պահանջի ստացումը ձերբակալելը

 

1. Հանձնման մասին պահանջն ստանալուն պես հայցվող Կողմը անմիջապես միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանքի վերցնելու կամ այլ հարկադրական միջոցներ կիրառելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան հանձնում չի կարող կատարվել:

2. Հայցող Կողմի միջնորդությամբ, անձը, որի հանձնումը պահանջվում է, կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնման մասին հանձնարարության ստացումը: Այդպիսի դեպքերում միջնորդության մեջ պետք է հղում պարունակվի կալանքի վերցնելու մասին որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին, ինչպես նաև նշում այն մասին, որ հանձնման մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ:

Նախքան հանձնման մասին պահանջի ստանալը` կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է փոխանցվել փոստով, հեռագրով, հեռատիպով կամ հեռապատճենով:

3. Նախքան հանձնման մասին պահանջի ստանալը` կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհրաժեշտ է անմիջապես ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին:

 

Հոդված 9. Ձերբակալված կամ կալանքի վերցված անձին ազատ արձակելը

 

Սույն Պայմանագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կալանքի վերցված անձը պետք է ազատ արձակվի, եթե կալանքի վերցնելու օրվանից հաշված 40 օրվա ընթացքում նրա հանձնման մասին պահանջ չստացվի:

Սակայն նույն անձը հանձնման նպատակով կարող է կրկին կալանքի վերցվել, եթե վերը նշված ժամկետն անցնելուց հետո հայցող Կողմից հանձնման մասին նոր պահանջ ստացվի:

 

Հոդված 10. Հանձնված անձի փոխանցումը

 

1. Հայցվող Կողմը հայցող Կողմին ծանուցում է հանձնման վայրի և ժամանակի մասին` նշելով նրա նկատմամբ կիրառված հարկադրական միջոցների մասին:

2. Հանձնման ենթակա անձի փոխանցումը պետք է կատարվի հանձնման վայրի և ժամանակի մասին հայցվող Կողմի ծանուցման մեջ նշված օրից 20 օրվա ընթացքում:

Հայցող Կողմի պատճառաբանված պահանջով այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 20 օրով:

3. Եթե հայցող Կողմը փոխանցման մասին ծանուցման մեջ նշված օրից 20 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը երկարացնելու մասին խնդրանք ստանալու և այն բավարարելու դեպքում` լրացուցիչ ժամկետն անցնելուց հետո, չընդունի հանձնման ենթակա անձին, ապա այդ անձը պետք է կալանքից ազատ արձակվի: Դրանից հետո հայցվող Կողմը կարող է մերժել մյուս Պայմանավորվող կողմին այդ անձի հանձնումը` սույն արարքի համար:

 

Հոդված 11. Հանձնման հետաձգումը

 

Եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, քրեական պատասխանատվության է ենթարկվել կամ դատապարտվել է այլ հանցագործության համար հայցվող Կողմի տարածքում, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդման կասեցումը, դատավճռի կատարումը կամ պատժից ազատումը, ինչի մասին այդ Կողմը ծանուցում է հայցող Կողմին:

 

Հոդված 12. Ժամանակավոր հանձնումը

 

1. Եթե սույն Պայմանագրի 11-րդ հոդվածով նախատեսված հանձնման հետաձգումը կարող է առաջացնել քրեական վարույթի վաղեմության ժամկետի անցում կամ վնաս հասցնել հանցագործության քննությանը, ապա անձը, որի հանձնումը պահանջվում է, կարող է հայցող Կողմի միջնորդությամբ հանձնվել ժամանակավոր:

Ժամանակավոր հանձնման պայմանները, ձևերը և ժամկետները սահմանվում են Պայմանավորվող կողմերի միջև կայացած պայմանավորվածությամբ:

2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է վերադարձվի այն քրեադատավարական գործողությունների կատարումից հետո, որոնց համար նա հանձնվել է, բայց Կողմերի պայմանավորվածությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ:

 

Հոդված 13. Կրկնակի հանձնումը

 

Եթե հանձնված անձը խուսափում է քրեական հետապնդումից կամ պատժի կատարումից և վերադառնում է հայցվող Կողմի տարածք, ապա նոր պահանջով նա կարող է կրկին հանձնվել առանց սույն Պայմանագրի 6-րդ հոդվածում հիշատակված նյութերի ներկայացման:

 

Հոդված 14. Հանձնման մասին պահանջների բախումը (կոլիզիան)

 

Եթե հանձնման մասին պահանջներ ստացվեն մի քանի պետություններից, ապա հայցվող Կողմն ինքն է որոշում, թե այդ պահանջներից որը պետք է բավարարվի: Ընդ որում, եթե չի բավարարվում մյուս Կողմի պահանջը, ապա հայցվող Կողմը ծանուցում է այդ մասին:

 

Հոդված 15. Իրերի փոխանցումը

 

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, ըստ խնդրանքի, միմյանց փոխանցել այն իրերը, որոնք.

ա) օգտագործվել են սույն Պայմանագրին համապատասխան անձի հանձնում առաջացնող հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները,

բ) ձեռք են բերվել հանցագործության հետևանքով կամ որպես փոխհատուցում դրա դիմաց, կամ որոնք հանցագործը ստացել է այդ ձևով ձեռք բերված իրերի փոխարեն,

գ) կարող են ապացույցի նշանակություն ունենալ քրեական գործում. այդ իրերը փոխանցվում են նաև այն դեպքում, եթե հանցագործի հանձնումը չի կարող իրականացվել նրա մահվան, փախուստի պատճառով կամ այլ հանգամանքներով:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված իրերը հայցվող Կողմին անհրաժեշտ են որպես քրեական գործում ապացույցներ, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև գործով վարույթի ավարտը` այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին ծանուցելով:

3. Գործի վարույթի ավարտից հետո` փոխանցված իրերի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Այդ իրերը պետք է անհատույց վերադարձվեն այն Պայմանավորվող կողմին, որը դրանք փոխանցել է:

 

Հոդված 16. Քրեական հետապնդման արդյունքների մասին ծանուցումը

 

Պայմանավորվող կողմը, որի պահանջը հանձնման մասին բավարարվել է քրեական վարույթի վարման նպատակով, պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել գործով վերջնական որոշման մասին:

Հայցող Կողմի խնդրանքով մյուս Պայմանավորվող կողմը նրան ուղարկում է վերջնական որոշման պատճենը:

 

Հոդված 17. Տարանցիկ փոխադրում

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, թույլատրում է երրորդ պետությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմին հանձնված անձանց տարանցիկ փոխադրումը իր տարածքով:

2. Տարանցիկ փոխադրման մասին միջնորդությունը քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:

Տարանցիկ փոխադրումը իրականացվում է այն ձևով, որն առավել նպատակահարմար է գտնում հայցվող Կողմը:

3. Տարանցիկ փոխադրման թույլտվության մասին միջնորդությունը կարող է մերժվել նույն հիմքերով, ինչ որ հանձնումը:

4. Տարանցիկ փոխադրման թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է օդային տրանսպորտով, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքով, առանց նրա տարածքում օդանավի վայրէջքի:

 

Հոդված 18. Ծախսեր

 

1. Հանձնման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք ծագել են:

2. Տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որը դիմել է այդպիսի փոխադրման մասին միջնորդությամբ:

 

Հոդված 19. Հաղորդակցման կարգը

 

1. Սույն Պայմանագիրը կատարելիս Պայմանավորվող կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով:

2. Պայմանավորվող կողմերի կենտրոնական մարմիններ են համարվում.

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության դատախազությունը,

Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

3. Թույլատրվում է հաղորդակցվել նաև Պայմանավորվող կողմերի դիվանագիտական հաստատությունների միջոցով: Անձի ժամանակավոր ձերբակալման մասին պահանջը կարող է իրականացվել միայն Պայմանավորվող կողմերի Ինտերպոլի ազգային բյուրոների միջոցով:

 

Հոդված 20. Լեզուն և օրինականացումից ազատումը

 

1. Հանձնման մասին հանձնարարությունը և դրան կից հաղորդումները, ակտերը և մյուս փաստաթղթերը ուղարկվում են հայցող Կողմի լեզվով` ռուսերենով վավերացված թարգմանությամբ:

2. Սույն Պայմանագրին համապատասխան Պայմանավորվող կողմերի միմյանց փոխանցվող ակտերի և փաստաթղթերի բնօրինակները ազատվում են օրինականացումից:

 

Հոդված 21. Խորհրդակցություններ, պայմանագրի փոփոխություններ և լրացումներ

 

1. Պայմանավորվող կողմերը պարբերաբար տեղեկություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի վերաբերյալ և խորհրդակցություններ կանցկացնեն նրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Պայմանագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 22-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 22. Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:

2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից 30 օր անցնելուց հետո:

3. Սույն Պայմանագիրը կնքված է անորոշ ժամանակով և գործելու է ընդհուպ մինչև վեց ամիս անցնելը այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով կհայտնի մյուս Պայմանավորվող կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում Պայմանագրի ռուսերեն տեքստը:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի դեկտեմբերի 7-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
10.04.1995
Միջազգային պայմանագիր