Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը հանդիսանում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ից Չիկագոյում ստորագրման համար բաց Կոնվենցիայի մասնակիցներ,

ձգտելով, ի լրումն վերոհիշյալ Կոնվենցիայի, կնքել Համաձայնագիր` իրենց համապատասխան տարածքների միջև և տարածքներից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստում այլ բան չի պահանջվում`

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ներառյալ վերջինիս ցանկացած Հավելված, որն ընդունվել է Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Կոնվենցիայի և Հավելվածների ցանկացած լրացում, որոնք կատարվել են Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, այնքանով, որքանով այդ Հավելվածներն ու լրացումներն ընդունվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից:

բ) «Ավիացիոն մարմիններ» տերմինը նշանակում է.

Հայաստանի Հանրապետության դեպքում` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը,

Սիրիայի Արաբական Հանրապետության դեպքում` տրանսպորտի նախարարը կամ քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը, կամ երկու դեպքում էլ` որևէ անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու վերոհիշյալ մարմիններին ներկայումս վերագրված գործառույթները:

գ) «Նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն, որը մի Պայմանավորվող կողմը նշանակել է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն` համաձայնեցված օդային հաղորդակցության իրականացման նպատակով:

դ) «Սակագին» տերմինը նշանակում է այն գանձումները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման համար, և այն պայմանները, որոնց համաձայն այդ գանձումները կիրառվում են, ներառյալ գործակալության կամ փոխադրման փաստաթղթերի վաճառքի համար կատարվող կոմիսիոն գանձումները և այլ լրացուցիչ վարձատրությունները` բացառությամբ փոստի փոխադրման համար վճարումն ու պայմանները:

ե) «Տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմինները սույն Համաձայնագրի առնչությամբ ունեն այն նշանակությունները, որոնք նրանց համապատասխանաբար ամրագրված են Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներով:

2. Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Համաձայնագրին բոլոր հղումները պետք է ներառեն նաև Հավելվածը, եթե այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով օդային հաղորդակցության իրականացման նպատակով: Այդպիսի հաղորդակցությունը և երթուղիները ստորև կոչվում են, համապատասխանաբար, «համաձայնեցված հաղորդակցություն» և «սահմանված երթուղիներ»:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը միջազգային օդային հաղորդակցության իրականացման ընթացքում օգտվում է հետևյալ իրավունքներից.

ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու իրավունք,

բ) նշված տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք,

գ) նշված տարածքի` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերը գնացող կամ այդ վայրերից եկող ուղևորների, ուղեբեռների և փոստի բեռնման և բեռնաթափման իրավունք,

դ) երրորդ երկրների տարածքի` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերը գնացող կամ այդ վայրերից եկող ուղևորների, ուղեբեռների և փոստի բեռնման և բեռնաթափման իրավունք:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևոր, ուղեբեռ և փոստ մյուս Պայմանավորվող կողմի վայրերի միջև վարձատրմամբ կամ վարձակալական հիմունքներով փոխադրման իրավունքի տրամադրում չի նախատեսվում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն ունի արդարացի ու հավասար հնարավորություններ` իրականացնելու համաձայնեցված հաղորդակցությունով երթևեկություն` բեռնված մի Պայմանավորվող կողմի տարածքում և բեռնաթափված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ հակառակը, և որպես երկրորդական բնույթի պետք է դիտարկի երթևեկությունը` բեռնված կամ բեռնաթափված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` երթուղու վայրերի միջև: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնված և սահմանված երթուղիների վրա գտնվող վայրերում բեռնաթափված /կամ հակառակը/ երթևեկության իրականացման համար տարողություն տրամադրելիս պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը` կապված այդպիսի երթևեկության հետ` այն առումով, որ վնաս չպատճառի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունը պետք է սերտորեն կապված լինի սահմանված երթուղիներով փոխադրմանն առնչվող հասարակական պահանջների հետ և յուրաքանչյուրը որպես իր հիմնական նպատակ պետք է ունենա բավարար տարողության տրամադրումը` բավարարելու համար այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում բեռնվող կամ բեռնաթափվող ուղևորներ, բեռներ և փոստ փոխադրելու պահանջները:

3. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնված և երրորդ երկրների` սահմանված երթուղիների վրա գտնվող վայրերում /կամ հակառակը/ բեռնաթափված ուղևորների, բեռների և փոստի փոխադրման տրամադրումը պետք է իրականացվի տարողության հետ կապված հիմնական սկզբունքի համաձայն, այն է`

ա) նշանակված ավիաընկերության Պայմանավորվող կողմի տարածքում բեռնված կամ բեռնաթափված երթևեկության պահանջները,

բ) այն տարածքի երթևեկության պահանջները, որի վրայով անցնում են չվագծերը` հաշվի առնելով այդ տարածքում գտնվող պետությունների ավիաընկերությունների կողմից հաստատված այլ օդային հաղորդակցությունները, և

գ) չվագծերի շահագործմանն առնչվող տնտեսական պահանջները:

4. Տրամադրվելիք տարողությունները պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև մինչև համաձայնեցված հաղորդակցության իրականացման սկիզբը: Հետագայում տրամադրվելիք տարողությունը պետք է ժամանակ առ ժամանակ քննարկվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների միջև, և տարողության յուրաքանչյուր համաձայնեցված փոփոխություն պետք է հաստատվի ծանուցումների փոխանակմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք կարգավորում են միջազգային օդագնացության մեջ ներգրավված օդանավի մուտքն իր տարածք և ելքը տարածքից կամ նման օդանավի թռիչքներն այդ տարածքի վրայով, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ:

2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռների, բեռների կամ փոստի մուտքը իր տարածք, շարժը տարածքում և ելքը տարածքից, ինչպես, օրինակ, մուտքին, ելքին, էմիգրացիային, մաքսային և սանիտարական միջոցառումներին վերաբերող պահանջները, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից փոխադրվող ուղևորների, բեռների կամ փոստի նկատմամբ քանի դեռ նրանք գտնվում են վերը նշված տարածքում:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է որևէ արտոնություն տրամադրի իր սեփական ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ սույն հոդվածում նախատեսված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառման առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հավաստում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն անօրինական միջամտության ձևերից պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են: Չսահմանափակելով միջազգային իրավունքի համաձայն ունեցած իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանրությունը, Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես գործեն «Օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ գործողությունների մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի, «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի և «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերը պահանջի դեպքում պետք է միմյանց անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերեն` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողություններ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

3. Պայմանավորվող կողմերն իրենց փոխհարաբերություններում ղեկավարվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթներով` այնքանով, որքանով նման անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պետք է պահանջեն, որ իրենց ռեգիստրում գրանցված օդանավեր շահագործողները կամ օդանավերի այն շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում, և իրենց տարածքում գործող օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ընդունում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել, որ պահպանվեն սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթները` այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, տարածքից մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է համապատասխան միջոցների կիրառումն իր տարածքում օդանավի պաշպանության և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրա ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն վերաբերվի մյուս Պայմանավորվող կողմի` անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու ամեն մի խնդրանքին` կոնկրետ սպառնալիքի առնչությամբ:

5. Երբ առկա է քաղաքացիական օդանավի ապօրինի զավթման կամ նման օդանավի, ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ ապօրինի գործողությունների որևէ միջադեպ կամ միջադեպի սպառնալիք, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում` դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի նշանակել մեկ ավիաընկերություն` համաձայնեցված հաղորդակցության շահագործման նպատակով: Նման նշանակումը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների միջև գրավոր ծանուցմամբ:

2. Ավիացիոն մարմինները, որոնք ստացել են նման նշանակման մասին ծանուցում, պետք է, համաձայն սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, անհապաղ տրամադրեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը անհրաժեշտ շահագործման լիազորություն:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններից պահանջել ապացույցներ, որ նա ունի անհրաժեշտ որակավորում` բավարարելու այն օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով նախատեսված պայմանները, որոնք այդ մարմինների կողմից սովորաբար կիրառվում են միջազգային օդային հաղորդակցության շահագործման առնչությամբ` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի հրաժարվել ընդունելու ավիաընկերության նշանակումը և հրաժարվել տրամադրելու սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շահագործման լիազորությունը կամ պարտադրել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքների իրականացման համար` ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը ոչ մի ապացույց չունի այն բանի, որ այդ ավիաընկերության սեփականության իրավունքների գերիշխող մասը և արդյունավետ հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:

5. Ստանալով սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված շահագործման լիազորությունը` նշանակված ավիաընկերությունը ցանկացած ժամանակ կարող է սկսել համաձայնեցված հաղորդակցության իրականացումը` պայմանով, որ սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի դրույթներով սահմանված սակագները ուժի մեջ են:

6. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմին ուղղված գրավոր ծանուցմամբ հետ վերցնել ավիաընկերության նշանակումը և նշանակված ավիաընկերությունը փոխարինել մեկ այլ ավիաընկերությամբ. նման դեպքում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը նույնպես կիրառելի են:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել շահագործման լիազորությունը կամ կասեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքները, որոնք տրամադրված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրականացման համար, եթե.

ա) վերոհիշյալ ավիաընկերությունը չի կարող ապացուցել, որ իր սեփականության իրավունքի գերիշխող մասը և արդյունավետ հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ քաղաքացիներին,

բ) վերոհիշյալ ավիաընկերությունը չի պահպանում կամ խախտում է այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ

գ) վերոհիշյալ ավիաընկերությունը համաձայնեցված հաղորդակցությունը իրականացնում է սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին ոչ համապատասխան:

2. Նման իրավունքը պետք է իրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո, եթե անհապաղ չեղյալ հայտարարումը, կասեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն պայմանների կիրառումն անհրաժեշտ չեն օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի հետագա խախտումների կանխման համար:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

1. Օդանավի թռիչքային պիտանելիության վկայականները, իրավասության վկայականները և արտոնագրերը, որ տրվել են կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից, պետք է իրենց վավերության ողջ ժամանակահատվածի ընթացքում վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից` պայմանով, որ այն պահանջները, որոնց համապատասխան նման վկայականներն ու արտոնագրերը տրվել են կամ վավեր են ճանաչվել, համազոր են կամ գերազանցում են Կոնվենցիայով սահմանված նվազագույն ստանդարտները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում սակայն իր սեփական տարածքի վրայով թռիչքների կապակցությամբ վավեր ճանաչելու սույն Պայմանավորվող կողմի կամ այլ պետության կողմից իր քաղաքացիներին տրված իրավասության վկայականները և արտոնագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող մի կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող օդանավերը, ինչպես նաև նրանցում սովորաբար տեղադրվող սարքավորումը, վառելիքի և քսանյութերի պաշարները, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտը մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս ազատվում են ամեն տեսակ մաքսատուրքերից կամ հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները, նյութերն ու պաշարները մնան օդանավի մեջ մինչև նրանց վերաարտահանումը:

2. Նման մաքսատուրքերից և հարկերից, բացառությամբ տրամադրվող ծառայությունների համար կատարվող գանձումների, կազատվեն նաև`

ա) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են Պայմանավորվող մի կողմի տարածքում` նշված Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների սահմանած լիմիտների սահմաններում, և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային հաղորդակցություն իրականացնող օդանավում օգտագործելու համար,

բ) այն պահեստամասերն ու մյուս օժանդակ սարքավորումները, որոնք մի Պայմանավորվող կողմի տարածք են ներմուծվել միջազգային հաղորդակցություն իրականացնող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,

գ) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության համար նախատեսված վառելանյութն ու քսանյութերը միջազգային հաղորդակցություն իրականացնող օդանավը լիցքավորելու համար, նույնիսկ եթե այդ պաշարներն օգտագործվելու են Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ:

3. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից շահագործվող օդանավին պատկանող սարքավորումները, ինչպես նաև նյութերն ու պաշարները կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափել միայն այդ տարածքի մաքսային մարմինների համաձայնությամբ: Նման դեպքում դրանք պետք է գտնվեն վերոհիշյալ մարմինների հսկողության ներքո մինչև վերջիններիս վերաարտահանումը կամ տեղավորումը մաքսային նորմերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՈՒՂԻՂ ՏՐԱՆԶԻՏ

 

Մի Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տրանզիտով անցնող ուղևորները, ուղեբեռները և բեռները, որոնք չեն լքում օդանավակայանի` նման նպատակների համար հատկացված տարածքը, ենթակա են հնարավորինս պարզեցված հսկողության: ՈՒղիղ տրանզիտով անցնող ուղեբեռները և բեռները ազատվում են մաքսատուրքերից և հարկերից, ներառյալ մաքսային տուրքերը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը` ապահովելու համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ իր իրավասու մարմինների կողմից կիրառվող /կամ կիրառելու թույլատրված/ շահագործողի վճարումների արդարացիությունը և հիմնավորվածությունը: Այդ վճարումները պետք է հիմնվեն համահունչ տնտեսական սկզբունքների վրա:

2. Օդանավակայանի և օդանավային սարքավորումների օգտագործման, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրված ծառայությունների համար նախատեսված վճարումները չպետք է գերազանցեն այն վճարումները, որոնք վճարվում են կանոնավոր միջազգային հաղորդակցություն իրականացնող ազգային օդանավերի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը մյուս Պայմանավորվող կողմի մուտքի, բնակության և աշխատանքային հարաբերությունների հետ կապված օրենքներին և կարգավորումներին համապատասխան, կարող է մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և այնտեղ պահել վարչական, կոմերցիոն, տեխնիկական, օպերատորական և այլ մասնագետներից բաղկացած անձնակազմ, որը պահանջվում է համաձայնեցված հաղորդակցության իրականացման համար:

2. Կոմերցիոն գործունեության նկատմամբ կիրառվում է փոխադարձության սկզբունքը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչությունների գործունեության ծավալումը պատշաճ ձևով:

3. Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իր տարածքում օդային փոխադրումների վաճառքի մեջ ներգրավելու իրավունք` ուղղակիորեն և, ավիաընկերության հայեցողությամբ, իր գործակալների միջոցով: Յուրաքանչյուր ավիաընկերություն իրավունք ունի վաճառելու նման փոխադրումները այդ տարածքում գործող արժույթով կամ այլ երկրների ազատ փոխարկելի արժույթով` համաձայն ազգային օրենքների և ենթաօրենսդրական ակտերի:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է տալիս ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք այդ ավիաընկերությունը վաստակել է առաջին Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրումից: Ազգային օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան և առանց վնաս հասցնելու մի Պայմանավորվող կողմի փոխադարձության սկզբունքի կիրառման իրավունքին` այդ փոխանցումները պետք է կատարվեն փոխանակման պաշտոնական փոխարժեքի համաձայն, եթե նման փոխարժեք գոյություն ունի, հակառակ դեպքում այն փոխարժեքին համարժեք, ըստ որի գումարները վաստակվել են: Եթե նման փոխանցումները կարգավորվում են Պայմանավորվող կողմերի միջև գործող հատուկ պայմանագրով, այդ հատուկ պայմանագիրը պետք է կիրառվի:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածք կատարող փոխադրումների համար գանձվող սակագները պետք է սահմանվեն ողջամիտ չափերով` հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, ողջամիտ շահույթը, յուրաքանչյուր ծառայության առանձնահատկությունները և մյուս ավիաընկերությունների կողմից գանձվող սակագները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները հնարավորության դեպքում սահմանվում են երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների փոխադարձ համաձայնությամբ և անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նույն երթուղին կամ նրա մի մասը շահագործող այլ ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագները: Նման համաձայնությունը հնարավորության սահմաններում պետք է ղեկավարվի այնպիսի որոշումներով, որոնք կիրառելի են այս հարցի շուրջը առաջարկներ ձևակերպող միջազգային մարմնի` սակագներին առնչվող կոնֆերանսի ընթացակարգերին համապատասխան:

3. Նման ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների հաստատմանը վերջիններիս ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ: Հատուկ դեպքերում այս ժամկետը ավիացիոն մարմինների համաձայնությամբ կարող է կրճատվել: Սակագների ներկայացման ստացման դեպքում ավիացիոն մարմինները պետք է անհապաղ քննարկեն այն: Ավիացիոն մարմինները պետք է տեղյակ պահեն մյուս ավիացիոն իշխանություններին սակագների ընդունման համար առաջարկված ժամկետի երկարաձգման մասին: Ոչ մի սակագին չի կարող ուժի մեջ մտնել, եթե որևէ Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմիններին այն չի բավարարում:

4. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարողանում համաձայնության, գալ կամ եթե սակագները չեն հաստատվել որևէ Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինների կողմից, երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինները պետք է փորձեն սահմանել սակագները փոխադարձ համաձայնությամբ: Եթե այլ բան պայմանավորված չէ, նման բանակցությունները պետք է սկսվեն նշանակված ավիաընկերությունների կողմից սակագների վերաբերյալ համաձայնության չգալու կամ մի Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինների կողմից մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին սակագների վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին տեղյակ պահելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

5. Համաձայնության չգալու դեպքում վեճը պետք է կարգավորվի 18-րդ հոդվածում սահմանված ընթացակարգի սահմաններում:

6. Սույն հոդվածի դրույթների համապատասխան սահմանված սակագները պետք է ուժի մեջ մնան մինչև նոր սակագների հաստատումը` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինները պետք է գործադրեն իրենց առավելագույն ջանքերը` ապահովելու համար նշանակված ավիաընկերության կողմից համաձայնեցված սակագների, ինչպես նաև նրանց առնչվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահպանումը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

Նախապես, հնարավորինս շուտ, բայց համաձայնեցված հաղորդակցության կամ դրա որևէ փոփոխության ներկայացումից ոչ պակաս, քան երեսուն օր առաջ, կամ ավիացիոն մարմինների կողմից խնդրանքի ստացման օրվանից սկսած երեսուն օրվա ընթացքում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմիններին տրամադրի տեղեկություն հաղորդակցության բնույթի, չվացուցակների, օդանավերի տեսակների` ներառյալ սահմանված երթուղիներից յուրաքանչյուրի համար տրամադրվող տարողության մասին, ինչպես նաև լրացուցիչ այլ տեղեկություն, որ կարող է պահանջվել` բավարարելու համար մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմիններին` ի ապացույց սույն Համաձայնագրի պահանջների պատշաճ կատարման:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինները պահանջի դեպքում միմյանց տրամադրում են պարբերական վիճակագրական տվյալներ կամ այլ նմանատիպ տեղեկություն` համաձայնեցված հաղորդակցությունով իրականացված երթևեկության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցություններ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած հարցի կապակցությամբ: Նման խորհրդակցությունները պետք է սկսեն վաթսուն օրվա ընթացքում` սկսած այն օրից, երբ մյուս Պայմանավորվող կողմը ստացել է նման խնդրանք, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած տարաձայնություն պետք է առաջին հերթին կարգավորվի Պայմանավորվող կողմերի անմիջական բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն հասնում վեճի կարգավորմանը բանակցությունների միջոցով, նրանք կարող են համաձայնել վեճի լուծումը հանձնել որևէ անձի կամ մարմնի, կամ վեճի լուծումը կարող է Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ հանձնվել երեք արբիտրից բաղկացած դատարանի: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական արբիտր, և վերջիններս էլ նշանակում են երրորդ արբիտրին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արբիտր նշանակում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից դիվանագիտական ուղիներով վեճի արբիտրաժային կարգավորման մասին ծանուցման ստացման օրվանից սկսած վաթսուն օրվա ընթացքում, և երրորդ արբիտրը պետք է նշանակվի հետագա երեսուն օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի առաջադրում արբիտրի իր թեկնածությունը սահմանված ժամկետում, կամ եթե երրորդ արբիտրը չի նշանակվում սահմանված ժամկետում, Պայմանավորվող կողմերից ցանկացածը կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահին` իր անունից արբիտր նշանակելու համար: Եթե նախագահն ունի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացիություն կամ իրավասու չէ նման գործառույթ իրականացնելու համար, անհրաժեշտ նշանակումները կատարում է նրա տեղակալը: Երրորդ արբիտրը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և պետք է հանդես գա որպես արբիտրաժային մարմնի նախագահ:

3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ենթարկվելու սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա կայացված ցանկացած որոշման:

4. Եթե և այնքան ժամանակ, որքան Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կամ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի նշանակած ավիաընկերությունը հրաժարվում է ենթարկվելու սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կայացված որոշմանը, մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել կամ մերժել ցանկացած իրավունք կամ արտոնություն, որը նա սույն Համաձայնագրի միջոցով տրամադրել է մյուս Պայմանավորվող կողմին կամ նշանակված ավիաընկերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկալի է համարում փոփոխել սույն Համաձայնագրի որևէ դրույթ, նման փոփոխությունը Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցման դեպքում ուժի մեջ է մտնում` հաստատվելով դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածի փոփոխությունները կարող են ուղղակիորեն համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների միջև: Այդ փոփոխությունները ժամանակավորապես կիրառվում են համաձայնեցման օրվանից սկսած և ուժի մեջ են մտնում` հաստատվելով դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով:

3. Օդային փոխադրումների վերաբերյալ որևէ ընդհանուր բազմակողմ կոնվենցիայի կնքման դեպքում, որին կմասնակցեն երկու Պայմանավորվող կողմերն էլ, սույն Համաձայնագիրը պետք է այնպես փոփոխվի, որ համապատասխանի նման կոնվենցիայի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցման միջոցով հայտնել սույն Համաձայնագրի դադարեցման իր որոշման մասին: Միաժամանակ նույնպիսի բովանդակությամբ ծանուցագիր է ուղարկվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն:

2. Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է չվացուցակային ժամանակահատվածի վերջում, 12 ամիս անց այն ամսաթվից, երբ այդ ծանուցումը ստացվել է, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցագիրը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չի վերցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

3. Եթե ծանուցագրի ստացման մասին մյուս Պայմանավորվող կողմի հաստատումը չի ստացվել, ապա ծանուցագիրը ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից վերջինիս ստանալուց 14 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԳՐԱՆՑՈՒՄԸ ՔԱՄԿ-ՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը պետք է գրանցվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը հաստատվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավական ընթացակարգին համապատասխան և ուժի մեջ է մտնում նման հաստատումը հավաստող դիվանագիտական հայտագրերի փոխանակման օրվանից:

Ի հավաստումն վերը շարադրվածի` Պայմանավորվող կողմերի լիազոր ներկայացուցիչները ստորագրել են սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Դամասկոս քաղաքում 1995 թվականի ապրիլի 30-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն: Տարաձայնությունների դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տարբերակին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՉՎԱՑՈՒՑԱԿ

 

Բաժին 1
Երթուղիներ, որոնք շահագործվելու են երկու ուղղությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության նշանակած ավիաընկերության կողմից.

 

    Վայրեր Սիրիայում                Դամասկոս, Հալեպ

    Միջանկյալ վայրեր                կորոշվեն հետագայում

    Վայրեր սահմաններից դուրս        կորոշվեն հետագայում

 

Բաժին 2
Երթուղիներ, որոնք շահագործվելու են երկու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած ավիաընկերության կողմից.

 

    Վայրեր Հայաստանում              Երևան,  Գյումրի

    Միջանկյալ վայրեր                կորոշվեն հետագայում

    Վայրեր սահմաններից դուրս        կորոշվեն հետագայում

 

Դիտողություններ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է ցանկացած մեկ կամ բոլոր չվերթերի համար բաց թողնել ցանկացած միջանկյալ վայր` պայմանով, որ երթուղով կատարվող համաձայնեցված հաղորդակցությունը սկսվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վայրում, որը նշանակել է ավիաընկերությունը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն կարող է իր չվացուցակի ներկայացման ժամանակ ընտրել ցանկացած միջանկյալ վայր և սահմաններից դուրս վայր և կարող է փոխել իր ընտրությունը ՔԱՄԿ-ի հաջորդ չվացուցակային ժամանակահատվածում:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
30.04.1995
Համաձայնագիր