Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,

հիմնվելով երկու պետությունների և իրենց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների վրա,

նկատի ունենալով իրենց պետությունների և ժողովուրդների տնտեսական և սոցիալական առաջադիմությունը խթանելու համատեղ շահագրգռվածությունը,

ցանկանալով գործընկերային տնտեսական համագործակցությամբ խորացնել այդ հարաբերությունները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը համաձայնության են գալիս ՈՒսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու մասին: Հիմնադրամի համար, որի շրջանակներում կարող են ֆինանսավորվել մասնագետների գործուղումները, ուսումնասիրությունների պատրաստումը, ինչպես նաև խորհրդատվական, կատարելագործման և որակավորման միջոցառումները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հատկացնում է մինչև 1 800 000 /բառերով` մեկ միլիոն ութ հարյուր հազար/ գերմանական մարկ գումար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Մասնագետների գործուղումները, եզրակացությունների և ուսումնասիրությունների պատրաստումը, ինչպես նաև խորհրդատվական, կատարելագործման և որակավորման միջոցառումները տեխնիկական համագործակցության շրջանակներում ծառայում են նաև երկկողմ համագործակցության ծրագրերի որոշակիացմանը և նախապատրաստմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնառությունները.

1. ա) պատրաստում է ուսումնասիրություններ,

բ) գործուղում է մասնագետներ գերազանցապես կարճաժամկետ աշխատանքների համար և հոգում է նրանց օթևանի և սննդի, ինչպես նաև համապատասխան առաջադրանքների շրջանակներում անհրաժեշտ ուղևորությունների ծախսերը,

գ) կատարվելիք աշխատանքի վայր է առաքում սահմանափակ քանակությամբ տեխնիկական սարքեր և օժանդակ միջոցներ` ելնելով «ա» կետում նշված ուսումնասիրությունների պատրաստման կամ «բ» կետում նշված մասնագետների առաջադրանքների իրականացման անհրաժեշտությունից,

դ) պատրաստ է ֆինանսավորել ծրագրերի կամ, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, խորհրդատվական, կատարելագործման և որակավորման միջոցառումները,

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ հիմնադրամի շրջանակներում առաքված նյութերը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո դառնում են վերջինիս սեփականությունը: Նյութերը ամբողջապես գտնվում են ծրագրերի և գործուղված մասնագետների տրամադրության տակ` նրանց առաջադրանքների իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունները.

1. գործուղված մասնագետներին ցուցաբերում է ամենայն օժանդակություն նրանց առաջադրանքների իրականացման գործում և նրանց է տրամադրում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և այլ օժանդակ միջոցներ,

2. ապահովում է գործուղված մասնագետների անձի և սեփականության, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը: Սույնին է վերաբերում հատկապես հետևյալը`

ա) գործուղված մասնագետների փոխարեն պատասխանատու է վերջիններիս` սույն Համաձայնագրով հանձնարարված որևէ առաջադրանքի իրականացման կապակցությամբ հասցրած վնասների համար: Գործուղված մասնագետների օգտագործումն այլ նպատակների համար այդքանով բացառվում է: Հատուցման որևէ պահանջ, ինչպիսի իրավական հիմքի վրա էլ հենված լինի, գործուղված մասնագետներին նրա կողմից կարող է ներկայացվել կանխամտածված կամ կոպիտ անփութության առկայության դեպքում,

բ) գործուղված մասնագետներին և վերջիններիս ընտանիքների անդամներին ազատում է ձերբակալումից կամ պատասխանատվությունից սույն Համաձայնագրով նրանց հանձնարարված որևէ առաջադրանքի իրականացման հետ կապված արարքների և զանցանքների համար, ներառյալ նրանց բանավոր կամ գրավոր արտահայտությունները,

գ) գործուղված մասնագետներին և նրանց ընտանիքների անդամներին թույլատրում է յուրաքանչյուր պահի անարգել մուտք և ելք,

դ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջոցներից գործուղված մասնագետներին սույն Համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վարձատրումներից չի գանձում հարկեր կամ այլ պետական տուրքեր: Նույնը վերաբերում է այն ֆիրմաներին արված վճարումներին, որոնք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ սույն Համաձայնագրի շրջանակներում օժանդակ միջոցառումներ են իրականացնում,

ե) գործուղված մասնագետներին և նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում թույլատրում է առանց հարկերի և երաշխավորագրերի ներս բերել և դուրս տանել սեփական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

3. 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետում նշված ուսումնասիրությունների պատրաստման և 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետում նշված մասնագետների ներգրավման, ինչպես նաև խորհրդատվական, կատարելագործման և որակավորման միջոցառումների համար հայտերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն է ուղղվում Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան միջոցով: Հայտերն ընդգրկում են խնդիրների և ակնկալվող գործնական արդյունքների ծավալուն շարադրանք:

4. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ ծրագրի իրականացման նպատակներով 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետին համապատասխան առաքված նյութերն ազատում է թույլտվության հարկերից, ներկրման, արտահանման և այլ պետական տուրքերից, ներառյալ պահավճարները, և երաշխավորում է նյութերի անհապաղ ազատում մաքսային վճարումներից: Աշխատանքներն իրականացնող մարմնի դիմումով վերոնշյալ ազատումները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված նյութերին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը նույնպես կարող է սույն Համաձայնագրի շրջանակներում առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետում նշված ուսումնասիրությունները պատրաստ լինելուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն են փոխանցվում Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան միջոցով:

2. 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետում նշված մասնագետներն իրենց գործունեության ավարտից հետո երկու կառավարություններին են ներկայացնում գրավոր հաշվետվություն: Միաժամանակ նրանք կարող են կատարել առաջարկներ, որոնք բխում են իրենց գործունեությունից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն իր ստանձնումների կատարումը հանձնարարում է Էշբոռնի Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերությանը /GTZ/:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է ՈՒսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամի կառավարմանը և առանձին միջոցառումների իրականացմանը իրավասու որևէ մարմին: Հայկական կողմը գերմանական կողմին տեղեկացնում է այդ մարմնի մասին:

3. 1-ին և 2-րդ պարբերություններում նշված մարմինները կարող են նախագծի իրականացման մանրամասները համատեղ հաստատել որևէ օպերատիվ ծրագրի կամ մեկ այլ ձևով և անհրաժեշտության դեպքում հարմարեցնել նախագծի ընթացքին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հանդիպում են սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը վերաբերում է նաև վերջինիս ուժի մեջ մտնելու պահին պայմանագրային Կողմերի տնտեսական համագործակցության արդեն սկսված նախագծերին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Համաձայնագիրը ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ երկու կառավարությունները հուշագրով միմյանց տեղեկացնում են, որ իրագործված են Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: ՈՒժի մեջ մտնելու օր է համարվում վերջին հուշագրի ստացման օրը:

2. Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարի ժամանակով: Այնուհետև նրա վավերականության տևողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` մեկ տարով, եթե սույն Համաձայնագրի Կողմերից որևէ մեկի կողմից վավերականության համապատասխան ժամկետն ավարտվելուց առնվազն 3 ամիս առաջ գրավոր կերպով չի դադարեցվում:

3. Համաձայնագրի ժամկետի ավարտից հետո նրա որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ տնտեսական համագործակցության սկսված նախագծերի համար:

 

Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի մայիսի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
25.05.1995
Համաձայնագիր