Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև համատեղ եռակողմ Հռչակագրի համաձայն, որը ստորագրվել է երեք պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից 1995 թվականի ապրիլի 8-ին` Թեհրանում, որը համապատասխանում է 1374 թվականի Ֆերվերդենի 19-ին, և հաշվի առնելով նրանց փոխադարձ հետաքրքրությունը առևտրատնտեսական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև երեք երկրների միջև հավասարության, անխտրականության և փոխադարձ հետաքրքրության հիման վրա համագործակցության ընդլայնման և բազմազանության փոխշահավետությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Երկրների միջև ապրանքների և արտադրանքների փոխադարձաբար մատակարարումները և երեք պետությունների իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերը կկատարվեն սույն Համաձայնագրի շրջանակներում և յուրաքանչյուր երկրի գործող օրենքներին և կանոններին համապատասխան, ինչպես նաև առևտրի միջազգային նորմերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում մեկամսյա ժամկետում կքննարկեն Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ծառայությունների և ապրանքների մատակարարման իրականացման հնարավորությունները, Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև բնական գազի, էներգակիրների և Թուրքմենստանից Հայաստանի Հանրապետություն այլ արտադրանքի մատակարարման համաձայնագրերով նախատեսված ապրանքային մասով իրանական կողմից Թուրքմենստան ապրանքների և ծառայությունների միաժամանակյա փոխհատուցման հիմունքներով:

Կողմերը պայմանավորվեցին ծառայությունների և ապրանքների փոխադարձաբար մատակարարման ծրագրերի համակարգումից հետո նշանակել իրենց լիազորված իրավաբանական անձանց` Կողմերի հավասար բաժնային մասնակցությամբ եռակողմ առևտրային ձեռնարկությունների ստեղծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համաձայնեցին, որ ապրանքների և արտադրանքի կարևորագույն տեսակների մատակարարման կարգավորումը կիրականացվի ամենամյա արձանագրությունների հիման վրա, արտադրանքի և ապրանքների ծավալների և անվանացանկի հավելվածներով, որոնք ստորագրվում են Կողմերի լիազորված մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից յուրաքանչյուրի` մյուս Կողմերի արտադրանքների նկատմամբ կիրառած մաքսային տուրքերն ու հարկերը չեն գերազանցի մյուս երկրների` նման արտադրանքի նկատմամբ կիրառվող գումարը: Ծառայությունների ու ապրանքների փոխադարձաբար մատակարարման հաշվարկը կիրականացվի համաշխարհային գներով: Մատակարարման պայմանները կորոշվեն երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Իրենց պետությունների միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով Կողմերը պայմանավորվեցին նվազեցնել կամ հանել ոչ սակագնային խոչընդոտները փոխադարձության հիման վրա` որոշակի դեպքերում, որոնք կհամաձայնեցվեն իրար միջև, տրամադրել ոչ սակագնային արտոնություններ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կնպաստեն տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունների զարգացմանը, բանկային փոխհաշվարկների և վարկային հարաբերությունների արդյունավետ համակարգերի իրականացմանը, որոնց կարգավորումը կորոշվի առանձին բանկային համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Փոխադարձ ներդրումների բնագավառում Կողմերը կնպաստեն ազգային տնտեսությունների արտադրական ինտեգրացիային, տնտեսությունների պետական և մասնավոր սեկտորի ներդրումային նախաձեռնությանը` համատեղ ձեռնարկությունների ձևավորման, արտադրության, առևտրի, ինչպես նաև տարբեր բնույթի ծառայությունների ոլորտի զարգացման մեջ: Համագործակցության այդ ուղղության կարգավորումը կիրականացվի փոխադարձ ներդրումների պաշտպանության և երաշխավորության վերաբերյալ հատուկ համաձայնագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը անհրաժեշտ համարեցին իրականացնել շուկայական բարեփոխումների, առևտրատնտեսական և արտաքին տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև հարկերի, տուրքերի և մաքսային մուծումների համակարգերի փոփոխությունների հարցերով կիրառվող նորմատիվ ակտերի վերաբերյալ տեղեկության պարբերաբար փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության կատարելագործման հանձնարարականների մշակման համար Կողմերը կստեղծեն համատեղ կոմիտե: Կոմիտեի նիստերը կհրավիրվեն հաջորդաբար Կողմերի պետությունների մայրաքաղաքներում ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:

Կողմերը անհրաժեշտ համարեցին սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ հարցերի քննարկման համար, Կողմերից որևէ մեկի խնդրանքով. համապատասխան ուղիներով անցկացնել անհապաղ խորհրդակցություններ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը համաձայնեցին, որ Կողմերի առևտրական պալատների միջոցով պայմաններ կստեղծվեն սերտ և արդյունավետ համագործակցությունը պահպանելու համար, անհրաժեշտության դեպքում կստեղծվեն համատեղ առևտրական պալատներ, կփոխանակվեն առևտրական պատվիրակություններ և կանցկացվեն մասնագիտացված սեմինարներ և կոնֆերանսներ, ցուցահանդես-տոնավաճառներ` յուրաքանչյուր երկրի արտադրանքին ծանոթանալու և մարկետինգի համար, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ պայմաններ կտրամադրվեն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն խոչընդոտի ինչպես Կողմերի այնպես էլ երրորդ երկրների միջև նախկինում կնքված միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի և համաձայնագրերի կատարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրին միանալու ցանկություն ունեցող մյուս պետությունները կարող են այդ անել միացող պետությունների և սույն Համաձայնագիրը ստորագրած Կողմերի միջև համաձայնեցված պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Բոլոր հարցերը, որոնք կծագեն սույն Համաձայնագրի կիրառման կամ դրա մեկնաբանման առթիվ, նախ և առաջ պետք է խաղաղ լուծում ստանան դիվանագիտական ուղիներով: Այն դեպքում, երբ հարցը լուծում չի ստանա, յուրաքանչյուր Կողմ, պահպանելով համապատասխան կանոններն ու նորմերը, պետք է մյուս Կողմերին ծանուցի գործը միջնորդ դատարան հանձնելու մասին, որը պետք է կազմված լինի երեք միջնորդ դատավորներից, որոնցից երկուսը պետք է նշանակվեն Կողմերի կողմից, իսկ մեկը լինի հաշտարար դատավորը:

Գործը միջնորդ դատարան հանձնելու դեպքում յուրաքանչյուր Կողմ ծանուցումը ստանալուց 60 օրվա ընթացքում պետք է նշանակի միջնորդ դատավոր, և այդպես նշանակված երկու միջնորդ դատավորները պետք է վերջին նշանակումից հետո 60 օրվա ընթացքում նշանակեն հաշտարար դատավոր: Այն դեպքում, եթե Կողմերից մեկը չի կարողանա համապատասխան ժամկետում նշանակել իր միջնորդ դատավորին, կամ նշանակված միջնորդ դատավորները համապատասխան ժամկետում համաձայնության չեն գա հաշտարար դատավորի թեկնածության հարցով, յուրաքանչյուր Կողմ կարող է խնդրել Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) նախագահին` նման դեպքում նշանակել հրաժարվող Կողմի միջնորդ դատավոր կամ հաշտարար դատավոր:

Արբիտրաժային դատարանը պետք է որոշում կայացնի հետևյալ կանոններին ու նորմերին համապատասխան`

ա) սույն Համաձայնագրի դրույթներով,

բ) միջազգային իրավունքով,

գ) միջազգային առևտրական իրավունքով,

դ) գոյություն ունեցող առևտրական փորձով:

Արբիտրաժային դատարանը ինքը կորոշի իր ներքին նորմերն ու ընթացակարգի կանոնները: Արբիտրաժային դատարանի գտնվելու վայրը կլինի որևէ երրորդ պետությունում, և համապատասխան ծախսերը հավասարապես կբաժանվեն Կողմերի միջև: Արբիտրաժային դատարանի որոշումները Կողմերի համար կլինեն վերջնական և պարտադիր:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամանակով և ուժի մեջ է մտնում նման համաձայնագրերի հաստատման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու պահից:

Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ` մեկ տարով, եթե համապատասխան ժամանակաշրջանի լրանալուց վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմերին նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 1995 թվականի հունիսի 27-ին, երեք բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն, թուրքմեներեն, ռուսերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ ունեն հավասար իրավական ուժ: Տարակարծության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 9-ից:

 

 

pin
Թուրքմենստանի Հանրապետություն
27.06.1995
Համաձայնագիր