Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաստատելով իրենց պատրաստակամությունը փոխադարձ տնտեսական համագործակցության ազատ զարգացման գործում,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև ձևավորված ինտեգրացիոն տնտեսական կապերը, երկու երկրների տնտեսության փոխկախվածությունը և փոխհամալրումը,

ձգտելով զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև հավասարության և փոխշահավետության հիման վրա,

հաստատելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության նվիրվածությունը սակագների և առևտրի Գլխավոր համաձայնագրին (ԳԱՏՏ) և Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ),

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում արտահանման և/կամ ներմուծման մաքսային տուրքեր, ինչպես նաև մաքսային տուրքերին համարժեք հարկեր և գանձումներ մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից ծագող և մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների համար: Ապրանքների համաձայնեցված անվանացանկով այս առևտրային ռեժիմից բացառությունը ձևակերպվում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Արձանագրությամբ, եթե Պայմանավորվող կողմերը դա անհրաժեշտ կհամարեն:

Սույն Համաձայնագրի նպատակների համար և նրա գործողության ընթացքում Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած ապրանքներ ասելով` հասկացվում են այն ապրանքները, որոնք ճանաչվում են որպես Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած` համապատասխան Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, որոնք հաստատվել են Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ:

(1-ին հոդվածը փոփ. 09.12.08 արձանագրություն)

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ.

- ուղղակի կամ անուղղակի չի հարկի սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք գերազանցում են ներքին արտադրության նմանատիպ ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող ապրանքների նկատմամբ կիրառվող համապատասխան հարկերը կամ գանձումները,

- չի կիրառի սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը նմանատիպ դեպքերում չի կիրառվում ներքին արտադրության նմանատիպ ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող ապրանքների նկատմամբ,

- չի կիրառի մյուս Պայմանավորվող կողմից ծագող ապրանքների պահեստավորման, բեռնման, պահպանման, փոխադրման նկատմամբ, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ այլ կանոններ, քան նմանատիպ դեպքերում սեփական ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող ապրանքների նկատմամբ կիրառվողն է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ առևտրում կխուսափեն խտրական միջոցների կիրառումից, սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների արտահանման և/կամ ներմուծման նկատմամբ քանակական սահմանափակումների կամ դրանց համարժեք միջոցների կիրառումից:

Կողմերը կարող են սահմանել քանակական կամ այլ հատուկ սահմանափակումներ միակողմանիորեն, բայց միայն խելամիտ սահմաններում և խիստ որոշակի ժամկետներում:

Նման սահմանափակումները պետք է ունենան բացառիկ բնույթ և կարող են կիրառվել միայն ԳԱՏՏ-ի շրջանակում կնքված համաձայնագրերով նախատեսված դեպքերում:

Սույն հոդվածին համապատասխան` քանակական սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմը պետք է ժամանակին տրամադրի մյուս Պայմանավորվող կողմին ամբողջական տեղեկություն նշված սահմանափակումների կիրառման հիմնական պատճառների, ձևերի, ենթադրվող ժամկետների մասին, որից հետո նշանակվում են խորհրդակցություններ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության գծով բոլոր հաշվարկները և վճարումները կիրականացվեն Պայմանավորվող կողմերի լիազորված բանկերի միջև կնքված համաձայնագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը պարբերաբար կփոխանակեն տեղեկություն տնտեսական գործունեության հետ կապված օրենքների և այլ նորմատիվ ակտերի մասին, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկման, բանկային և ապահովագրական գործունեության և այլ` տրանսպորտային և մաքսային հարցերով ֆինանսական ծառայությունների մասին, ներառյալ մաքսային վիճակագրությունը:

Պայմանավորվող կողմերը անհապաղ հաղորդում են միմյանց ազգային օրենսդրությունների այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա:

Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինները համաձայնեցնում են նման տեղեկության փոխանակման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պայմանավորվող կողմերը կձգտեն սահմանել երրորդ երկրների հետ առևտրում կիրառվող ընդհանուր մաքսային սակագներ, և այդ նպատակով համաձայնեցին պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու մասին:

2. Պայմանավորվող կողմերը կտեղեկացնեն միմյանց գործող սակագների և դրանցից արվող բոլոր բացառությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ գործարար պրակտիկան և պարտավորվում են չթույլատրել, մասնավորապես, բայց ոչ բացառապես, հետևյալ մեթոդները.

- ձեռնարկությունների միջև այնպիսի պայմանագրեր, ձեռնարկությունների միավորումների որոշումներ և գործարար պրակտիկայի ընդհանուր մեթոդներ, որոնք նպատակ ունեն Պայմանավորվող կողմերի տարածքներում խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար պայմանները,

- գործողություններ, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերակայող դրությունը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի ամբողջ տարածքում կամ դրա զգալի մասում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկկողմ տնտեսական հարաբերությունների սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկություններ փոխանակելու, մաքսային ընթացակարգեր կատարելու համար Պայմանավորվող կողմերը կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքների անվանացանկը (ԱՏԳ ԱԱ), որը հիմնված է Եվրոպական միության ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և համակցված սակագնային-վիճակագրական ապրանքային անվանացանկի վրա: Ընդ որում սեփական կարիքների համար Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում իրականացնում են ինը նշանների սահմաններից դուրս ապրանքային անվանացանկի զարգացում:

Ապրանքային անվանացանկի չափանմուշների օրինակների կիրառումը իրականացվում է փոխհամաձայնեցման հիմքով, համապատասխան միջազգային կազմակերպություններում առկա ներկայացուցչությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Պայմանավորվող կողմերը համաձայն են այն բանում, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանն է և էական տարրը նրանց` աշխատանքի և համագործակցության միջազգային բաժանման համակարգին միանալու գործընթացում:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի տարածքից ծագող կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի կամ ցանկացած երրորդ երկրի համար նախատեսված ապրանքների անարգել և անմաքս տարանցումը և արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին կտրամադրի տարանցումն ապահովելու համար բոլոր առկա և անհրաժեշտ միջոցներն ու ծառայությունները այնպիսի պայմաններով, որոնք ավելի վատը չեն, քան սեփական արտահանողներին, ներմուծողներին այդ նույն միջոցների ու ծառայությունների տրամադրվող պայմանները:

2. Պետությունների տարածքով բեռների տեղափոխման կարգն ու պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի մայիսի 19-ին ստորագրված` տարանցիկ փոխադրումների հիմնական սկզբունքների մասին Համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավունքը` կիրառելու պետական կարգավորման միջոցներ, որոնք նա անհրաժեշտ է համարում իր կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայմանորեն անհրաժեշտ են այն միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից է նա կամ մտադիր է դառնալ, եթե այդ միջոցները վերաբերում են.

ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկությանը,

զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,

պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին և սարքավորումներին,

միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի և սարքավորումների մատակարարումներին,

հասարակական բարոյականության, հասարակարգի պաշտպանությանը,

արդյունաբերական կամ մտավոր սեփականության պաշտպանությանը,

ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին ու քարերին,

մարդկանց առողջությանը, կենդանիների և բույսերի պաշտպանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Պայմանավորվող կողմը ժամանակին ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին պետական կարգավորման միջոցների գործադրման պատճառների, բնույթի և ենթադրվող ժամկետների մասին:

2. Պայմանավորվող կողմերն անցկացնում են նախնական խորհրդակցություններ: Վեց ամսվա ընթացքում համաձայնեցված որոշում ընդունելու անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված Պայմանավորվող կողմն իրավունք ունի գործադրելու պետական կարգավորման միջոցները իր հայեցողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը կիրառում են ներքին շուկաների պաշտպանությանն ուղղված հատուկ պաշտպանողական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ ԱՀԿ համապատասխան նորմերի և կանոնների շրջանակներում` իրենց պետությունների օրենսդրությունների հիման վրա:

(12-րդ հոդվածը փոփ. 09.12.08 արձանագրություն)

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Երրորդ երկրների նկատմամբ արտահանման հսկողության համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով Պայմանավորվող կողմերը կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ և կձեռնարկեն փոխհամաձայնեցված միջոցներ արտահանման հսկողության արդյունավետ համակարգ ստեղծելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Պայմանավորվող կողմերի միջև նախկինում կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթներին` այնքանով, որքանով վերջիններս կամ անհամատեղելի են առաջինների հետ, կամ նույնն են:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերին` հաստատել սույն Համաձայնագրի նպատակներին ու պայմաններին չհակասող հարաբերություններ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող այլ պետությունների հետ, ինչպես նաև դրանց միությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:

Պայմանավորվող կողմերը կձգտեն խուսափել փոխադարձ առևտրում կոնֆլիկտային իրավիճակներից:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակման համար Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել հայ-վրացական համատեղ հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Հայաստանի Հանրապետությունը կարող է Վրաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրային ներկայացուցչությունը, իսկ Վրաստանի Հանրապետությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրային ներկայացուցչությունը: Այդ առևտրային ներկայացուցչությունների իրավական կարգավիճակը, դրանց գործառույթները և տեղակայումը լրացուցիչ կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին միացող պետության և Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցվող պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ Պայմանավորվող կողմերի ընդհանուր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից և ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող կողմերից մեկի կողմից Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցելու օրվանից տասներկու ամիսը լրանալը:

Սույն Համաձայնագրի դրույթները դրա գործողությունը դադարելուց հետո կկիրառվեն երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև կնքված, բայց Համաձայնագրի գործողության ընթացքում չկատարված պայմանագրերի նկատմամբ:

 

Կատարված է Ստեփանավան քաղաքում 1995 թվականի օգոստոսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով ռուսերեն տեքստը ունի գերակայություն:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 11-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
14.08.1995
Համաձայնագիր