Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հանդիսանալով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի մասնակից Կողմեր, որը բաց է ստորագրման համար 1944 թվականի դեկտեմբերի 7-ից` Չիկագոյում,

ցանկանալով կնքել Համաձայնագիր իրենց համապատասխան տարածքների միջև և տարածքներից դուրս օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ տերմինները նշանակում են`

ա) «Կոնվենցիա» - Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար 1944 թվականի դեկտեմբերի 7-ից` Չիկագոյում, ինչպես նաև այդ Կոնվենցիայի ցանկացած Հավելված կամ այդ Հավելվածի ցանկացած ուղղում` ընդունված Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, այն կարգով, որով այդպիսի Հավելվածը և դրա ուղղումը կիրառելի են սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմերի համար, և Կոնվենցիայի ցանկացած ուղղում, որն ընդունվել է Կոնվենցիայի 94-րդ հոդվածի համաձայն, վավերացված է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կողմից,

բ) «ավիացիոն իշխանություններ» - Հայաստանի Հանրապետության վերաբերյալ` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու ներկայումս այդ վարչության կողմից կատարվող գործառույթները, և Բելառուսի Հանրապետության վերաբերյալ` ավիացիայի պետական կոմիտե կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու այդ կոմիտեի կողմից կատարվող գործառույթները,

գ) «նշանակված ավիաընկերություն» - ավիաընկերություն, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան,

դ) «տարածք» - պետության վերաբերյալ` երկրային մակերևույթները, տարածքային ու ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածքը, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության տակ,

ե) «սակագին» /տարիֆ/ - այն կոպարները կամ գանձումները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների համար, նաև այն պայմանները, որոնց համապատասխան կիրառվում են այդ կոպարները կամ գանձումները, ներառյալ գործակալային և մյուս օժանդակ սպասարկումների կոպարները կամ գանձումները և պայմանները, բացառությամբ փոստի փոխադրման կոպարների կամ գանձումների և պայմանների,

զ) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմիններն ունեն այն նշանակությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածում,

է) «Պայմանավորվող կողմերի տարածք» և «Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ» նշանակում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տարածքները և քաղաքացիները:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածը կազմում է նրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված երթուղիներով միջազգային կանոնավոր չվագծերի սահմանման և շահագործման նպատակով (հետագայում, համապատասխանաբար, «պայմանագրային չվագծեր» և «սահմանված երթուղիներ»):

 

ՀՈԴՎԱԾ 3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

1. Պայմանավորող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերը շահագործելիս օգտվելու է հետևյալ իրավունքներից`

ա) անվայրէջք թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,

բ) վայրէջքներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային /ոչ կոմերցիոն/ նպատակներով` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում,

գ) վայրէջքներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` ուղևորներ, բեռներ, փոստ վերցնելու, բեռնելու և/կամ իջեցնելու, բեռնաթափելու նպատակով, որոնք ուղևորվում են երկու Պայմանավորվող կողմերի տարածքների միջև,

դ) վայրէջքներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` ուղևորներ, բեռներ, փոստ վերցնելու, բեռնելու և/կամ իջեցնելու, բեռնաթափելու նպատակով, որոնք ուղևորվում են երրորդ երկրներ կամ երկրներից: Այդպիսի իրավունք կտրամադրվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:

2. Սույն հոդվածում ոչինչ չի դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևորներ, բեռ և փոստ վերցնելու իրավունքի տրամադրում` մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերի միջև դրանք վարձատրման կամ վարձակալության պայմաններով փոխադրելու համար:

3. Օդանավերի թռիչքների երթուղիները պայմանագրային չվագծերով և պետական սահմանի թռիչքի վայրերը սահմանվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` իրենց տարածքում:

4. Տեխնիկական և առևտրական /կոմերցիոն/ հարցերը, որոնք վերաբերում են օդանավերի թռիչքների և ուղևորների, բեռի և փոստի փոխադրմանը պայմանագրային չվագծերում, ինչպես նաև հարցերը, որոնք կապված են առևտրական /կոմերցիոն/ համագործակցության հետ, մասնավորապես, թռիչքների հաճախականությունը, օդանավերի տեսակները, ավիավառելիքով լիցքավորումները, ֆինանսական հաշվարկները, կորոշվեն նշանակված ավիաընկերությունների միջև պայմանավորվածությամբ:

Պայմանավորվածության բացակայության դեպքում այդ հարցերը կորոշվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա նշանակել ավիաընկերություն /ավիաընկերություններ/ սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով` գրավոր ծանուցելով այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին:

2. Նման ծանուցում ստանալուց հետո մյուս Պայմանավորվող կողմը, ըստ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, նշանակված ավիաընկերությանը թռիչքների համապատասխան թույլտվություն է տրամադրում:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մինչև թռիչքների թույլտվություն տալը կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ նա ի վիճակի է կատարելու օրենսդրությամբ և կանոններով կարգորոշված պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից կիրառվում են միջազգային չվագծերը շահագործելիս և չեն գերազանցում Կոնվենցիայի պահանջները:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված` թռիչքների թույլտվություն տալը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործելիս` ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը չունի այն բանի ապացույցները, որ այդ ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ նյութական սեփականության իրավունքների և իրական վերահսկողությունը պատկանում է Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, նրա մարմիններին կամ քաղաքացիներին:

5. Նշանակված ավիաընկերությունը (ավիաընկերությունները), ստանալով սույն հոդվածում սահմանված թույլտվությունը, կարող են սկսել պայմանագրային չվագծերի շահագործումը` պայմանով, որ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից հաստատված թռիչքների չվացուցակը և սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համապատասխան սահմանված սակագները /տարիֆները/ նշանակված ավիաընկերությունների միջև համաձայնեցված են, ինչպես նաև, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համապատասխան, որոշված են տեխնիկական և առևտրական հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա չեղյալ հայտարարել սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված թռիչքի թույլտվությունը կամ դադարեցնել իրավունքներից օգտվելը, որոնք տրամադրված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս`

ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ ավիաընկերության նկատմամբ նյութական սեփականության իրավունքը և իրական վերահսկողությունը պատկանում են Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությանը, նրա մարմիններին կամ քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը որևէ այլ ձևով չի պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ

գ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում սույն Համաձայնագրով նախատեսված պայմանները:

2. Եթե իրավունքները դադարեցնելը, թույլտվության անհապաղ չեղյալ հայտարարելը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, ապա այն իրավունքները, որոնց մասին ասվում է նշված կետում, կօգտագործվեն միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև խորհրդակցություններից հետո: Այդպիսի խորհրդակցություններն ավիացիոն իշխանությունների միջև պետք է տեղի ունենան, հարցման օրվանից հաշված, հնարավոր կարճ ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են միջազգային թռիչքներ կատարող օդանավերի ժամանումը կամ մեկնումը իր տարածքից, այդ օդանավերի շահագործումը կամ օդագնացությունը դրանց ժամանման պահին` իր տարածքների սահմաններում, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) օդանավերի վրա:

2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք վերաբերում են միջազգային փոխադրումներին, կարգավորում են ուղևորների, անձնակազմերի, բեռների և փոստի ժամանումը, ուղարկումն ու նրա տարածքում գտնվելը և, մասնավորապես, մաքսային, անձնագրային, արժութային ու սանիտարական կանոններին վերաբերող ձևականությունները, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի ուղևորների, անձնակազմերի, բեռների ու փոստի նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածքի սահմաններում դրանց գտնվելու ընթացքում: Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ կկիրառվի ժամանելու, մնալու և մեկնելու պարզեցված կարգ, եթե մի Պայմանավորվող կողմը կամ երկու Պայմանավորվող կողմերը այլ որոշում չեն ընդունի: Երկու Պայմանավորվող կողմերի միջև սույն կետում նշված հարցերը կարգավորող հատուկ համաձայնագիր կնքելու դեպքում, որը երկու Պայմանավորվող կողմերի համար պարտադիր կլինի, կկիրառվեն սույն հատուկ Համաձայնագրի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

Յուրաքանչյուր օդանավակայանից օգտվելու համար գանձումները և այլ վճարումները, այդ թվում` դրա կառույցների, տեխնիկական և ուրիշ միջոցների և սպասարկումների համար, ինչպես նաև օդագնացության միջոցների օգտագործման, կապի միջոցների և ծառայությունների համար ցանկացած վճարում, կգանձվեն համապատասխան սակացուցակներով (տարիֆներով) և կոպարներով, որոնք սահմանված են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` իր տարածքում: Այդպիսի գանձումները և վճարումները չպետք է գերազանցեն համանման գանձումներին, որոնք գանձվում են ուրիշ պետությունների օդանավերից:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՈՒՂԻՂ ՏԱՐԱՆՑՈՒՄ

 

ՈՒղևորները, ուղեբեռը և բեռը, որոնք ուղիղ տարանցմամբ անցնում են մի Պայմանավորվող կողմի տարածքի վրայով և չեն թողնում այդ նպատակի համար առանձնացված օդանավակայանի շրջանը, վերահսկման կենթարկվեն միայն այն դեպքերում, որոնք վերաբերում են բռնության և օդահենության գործողությունների դեմ անվտանգության միջոցներին: ՈՒղեբեռը և բեռը, որոնք անցնում են ուղիղ տարանցմամբ, չեն հարկվի մաքսատուրքերով, գանձումներով և համանման ուրիշ վճարումներով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՉՎԱԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերի շահագործման արդարացի և հավասար պայմաններ իրենց համապատասխան տարածքների միջև:

2. Պայմանագրային չվագծերը շահագործելիս Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը այն նկատառումով, որ վնաս չպատճառի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության փոխադրման աշխատանքներին, որը շահագործում է այդ նույն երթուղու չվագիծը կամ նրա մի մասը:

3. Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից սահմանված երթուղիներով սպասարկվող պայմանագրային չվագծերը պետք է համապատասխանեն հասարակական պահանջներին, և յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է առաջնահերթ խնդիր ունենա տրամադրելու այնպիսի ծավալներ, որոնք կհամապատասխանեն փոխադրումներում ուղևորների, բեռի և փոստի գոյություն ունեցող և ենթադրվող պահանջներին` իրենց պետության համապատասխան տարածքների միջև:

4. Նշանակված ավիաընկերությունների կողմից իրականացվող փոխադրումները, ըստ սույն Համաձայնագրի, պետք է համապատասխանեն ընդհանուր սկզբունքներին, որոնց համաձայն ծավալը կախված կլինի`

ա) երկրների միջև փոխադրումների պահանջներից, որտեղ սկսվում և ավարտվում են փոխադրումները,

բ) այն շրջանի փոխադրումների պահանջներից, որի վրայով անցնում են ավիաուղիները, և

գ) տարանցիկ /տրանզիտ/ փոխադրումների պահանջներից:

5. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները պայմանագրային չվագծերի անվտանգ և արդյունավետ շահագործումն ապահովելու համար: Այդ նպատակների համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) օդանավերին կտրամադրի ռադիոլուսատեխնիկական, օդերևութաբանական և ուրիշ սպասարկումների համար բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն պայմանագրային չվագծերը շահագործելու համար:

6. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին տեղեկություններ տրամադրեն պահեստային և հիմնական օդանավակայանների, օդային ուղիների, կապի համակարգերի և օդագնացության միջոցների, օդային երթևեկության շահագործման կարգավորման և ուրիշ հարցերի մասին` այն ծավալներով, որոնք անհրաժեշտ են պայմանագրային չվագծերում օդանավերի անվտանգ և արդյունավետ շահագործման համար:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Սակագները ցանկացած պայմանագրային չվագծերում և սակագները ուրիշ ավիաընկերությունների սահմանված երթուղու ցանկացած մասի համար պետք է սահմանել` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, այդ թվում` շահագործման ծախսերը, շահույթը, ավիագծի բնութագիրը /օրինակ` արագությունը և հարմարությունը/: Այդ սակագները պետք է սահմանվեն սույն հոդվածի ներքոհիշյալ պայմաններին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները, ինչպես նաև այդ սակագներից գործակալական վերադիր (կոմիսիոն) չափը պետք է հնարավորության դեպքում համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև, յուրաքանչյուր սահմանված երթուղիներով, ուրիշ ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո, որոնք շահագործում են ամբողջ երթուղին կամ նրա մի մասը: Այդպիսի համաձայնություն ձեռք կբերվի սահմանված սակագների համապատասխան մեխանիզմի օգտագործման ուղիով, որը կիրառվում է ԻԱՏԱ-ի կողմից: Այդ ձևով համաձայնեցված սակագները ենթակա են հաստատման Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:

3. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարող համաձայնել այդպիսի սակագներից ցանկացածի վերաբերյալ, կամ ինչ-որ այլ պատճառով սակագինը չի կարող համաձայնեցվել, սույն հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագինը սահմանել իրենց միջև պայմանավորվածությամբ:

4. Եթե ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, չեն կարող համաձայնության հասնել իրենց ներկայացրած որևէ սակագնի հաստատման հարցում կամ, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, իրենց ներկայացված որևէ սակագնի սահմանման շուրջը, ապա այդ տարաձայնությունները պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի պայմաններին համաձայն:

5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ, սույն հոդվածի պայմաններին համապատասխան, նոր սակագներ չեն սահմանվել:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից միջազգային չվագծերում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց ցուցակագրված գույքը, վառելանյութի պաշարները և քսանյութերը, պահեստամասերն ու օդանավի պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտեղենը), նման օդանավերում եղած մյուս մթերքները մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելուց հետո կազատվեն ամեն տեսակ մաքսատուրքերից և մյուս հարկերից ու գանձումներից` պայմանով, որ այդ նյութերը, գույքը ու պաշարները մնան օդանավի մեջ մինչև դրանց վերաարտահանումը:

2. Նման մաքսերից, հարկերից ու գանձումներից, բացառությամբ տրամադրվող սպասարկման պահպանման և մաքսային ձևակերպումների համար գանձումների, կազատվեն նաև`

ա) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են մի Պայմանավորվող կողմի տարածքում` նշված Պայմանավորվող կողմի իշխանությունների սահմանած չափաբաժինների սահմաններում և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավում օգտագործման համար,

բ) այն պահեստամասերը և հաշվեցուցակային գույքը, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածք են բերվել նշանակված ավիաընկերության պայմանագրային չվագծերում օգտագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,

գ) պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավի կողմից օգտագործման համար նախատեսված այն վառելանյութն ու քսանյութերը, որոնք օդանավ են վերցվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, եթե անգամ այդ պաշարներն օգտագործվեն նրա տարածքի սահմաններով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ,

դ) փաստաթղթերը, որոնք օգտագործվում են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից, ներառյալ ավիատոմսերը, ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը, որոնք անվճար տարածվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը, ըստ պահանջի, կարող են դրվել մաքսային մարմինների հսկողության տակ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

1. Նշանակված ավիաուղիների միջև հաշվարկները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև գործող հաշվարկների ու վճարումների վերաբերյալ համաձայնագրերին համապատասխան:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է տրամադրում ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք ստացել են այդ ավիաընկերությունները պայմանագրային չվագծերը շահագործելիս: Այդ գումարները չեն ենթարկվի որևէ հարկման, բացառությամբ ընդունված վճարների, որոնք գանձվում են բանկերի կողմից փոխանակումներ և փոխանցումներ իրականացնելու համար:

3. Այդպիսի փոխանցումը պետք է կատարվի Պայմանավորվող կողմերի միջև գործող` հաշվարկների և վճարումների մասին համաձայնագրերի դրույթներին համապատասխան: Այդպիսի համաձայնագրի կամ համաձայնագրում համապատասխան դրույթների բացակայության դեպքում փոխանցումը պետք է իրականացվի ազատ փոխարկվող տարադրամով` պաշտոնական փոխանակման փոխարժեքով` Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ

 

1. Պայմանագրային չվագծերի շահագործումն ապահովելու համար մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է տրամադրվում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, առևտրական /կոմերցիոն/ և տեխնիկական անձնակազմով:

2. Սույն հոդվածում նշված անձնակազմը պետք է կազմված լինի Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիներից կամ երրորդ երկրի քաղաքացիներից` Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան: Այդ անձնակազմի թվաքանակը կսահմանվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրավունք կունենա վաճառելու օդային փոխադրումները, մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին ու կանոններին համապատասխան, փոխադրման սեփական փաստաթղթերով, որոնք վաճառվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ինչպես նաև` դրանք վաճառելու համար նշանակել գործակալներ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

 

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին և պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից քաղաքացիական ավիացիան ապահովելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում: Պայմանավորվող կողմերը գործում են Օդանավերում կատարվող հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին Կոնվենցիայի, ստորագրված Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին, Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին Կոնվենցիայի, ստորագրված Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների մասին Կոնվենցիայի, ստորագրված Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին, Միջազգային օդանավակայաններում անօրինական բռնի գործողությունների դեմ պայքարի մասին Արձանագրության, ստորագրված Մոնրեալում 1988 թվականի փետրվարի 24-ին, և Պայմանավորվող կողմերի միջև գործող երկկողմ պայմանագրերի դրույթներով, ինչպես նաև այն պայմանագրերով, որոնք կկնքվեն նրանց միջև հետագայում:

2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում, որոնք վերաբերում են քաղաքացիական օդանավերի անօրինական հափշտակման կանխմանը և այլ անօրինական գործողությունների, որոնք ուղղված են օդանավերի, դրանց ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների անվտանգության դեմ, ինչպես նաև, քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիքին:

3. Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների վերաբերյալ դրույթներին համապատասխան և նախատեսվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված դրույթներին համապատասխան, որքանով որ այդ դրույթներն ու պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի հանդեպ, նրանք կպահանջեն, որ օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում գտնվող միջազգային օդանավակայանները շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ նման դրույթներին ու պահանջներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը օդանավերի շահագործողներից կարող է պահանջել պահպանել սույն հոդվածի 3-րդ կետում նշված` ավիացիոն անվտանգության մասին դրույթներն ու պահանջները, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմի կողմից նախատեսվում են նրա տարածք մտնելու, այնտեղ գտնվելու և այնտեղից դուրս գալու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի սահմաններում կապահովի համապատասխան միջոցների կիրառում` օդանավերը պաշտպանելու և օդանավ նստելուց առաջ և ընթացքում կամ բեռնաթափման ժամանակ ուղևորներին, անձնակազմին, ձեռքի ուղեբեռը, հիմնական ուղեբեռն ու օդանավի ունեցած իրերը ստուգելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կքննի մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանք` կոնկրետ սպառնալիքի դեպքում հատուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

5. Միջադեպի կամ դրա սպառնալիքի դեպքում, որը կապված է օդանավի անօրինական զավթման կամ այլ գործողությունների հետ, որոնք ուղղված կլինեն օդանավի, նրա ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանի կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերն իրար օգնություն են ցուցաբերում կապի հեշտացման միջոցով և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կանխման նպատակին ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկմամբ:

6. Մի Պայմանավորվող կողմի օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ստիպողական վայրէջքի, աղետի կամ այլ վթարի դեպքում Պայմանավորվող կողմը, որի տարածքում տեղի է ունեցել այդ վթարը, պետք է մյուս Պայմանավորվող կողմին անհապաղ, մանրամասնորեն իրազեկի այդ վթարի մասին, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի վթարի պատճառները հետաքննելու, ուղևորներին և անձնակազմին օգնություն ցուցաբերելու, օդանավը, ուղեբեռը, բեռը և փոստը պահպանելու համար:

7. Պայմանավորվող կողմը, որի գրանցամատյանում գրանցված է օդանավը, իրավունք կունենա նշանակել իր դիտորդներին, որոնք, մյուս Պայմանավորվող կողմի հետ պայմանավորվածության համաձայն, կարող են ներկա լինել ավիացիոն պատահարի հետաքննման ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի իրագործմանը վերաբերող բոլոր հարցերով սերտ համագործակցություն ապահովելու համար երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ Պայմանավորվող կողմերի միջև վեճ ծագելու դեպքում այդ վեճը կլուծվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով:

2. Այն դեպքում, երբ ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության գալ, վիճաբանությունը կլուծվի դիվանագիտական ուղիներով:

3. Այն դեպքում, երբ կարգավորմանը հնարավոր չէ հասնել վերը նշված միջոցներով, վեճը տրվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի վերանայմանը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը առաջարկի փոփոխել սույն Համաձայնագիրը կամ դրան կից Հավելվածը, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կանցկացվեն առաջարկվող փոփոխությունների հետ կապված խորհրդակցություններ: Խորհրդակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման հարցումի ամսաթվից հաշված` վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չպայմանավորվեն այդ ժամկետի երկարաձգման մասին: Համաձայնագրի ուղղումներն ուժի մեջ են մտնում դիվանագիտական ուղիներով հայտարարագրերի փոխանակումից հետո: Հավելվածի ուղղումները կարող են ընդունվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնեցվելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրն ու դրա ցանկացած ուղղում պետք է գրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով իրազեկել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Միաժամանակ նույնպիսի բովանդակությամբ ծանուցագիր պետք է ուղարկվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու պահից տասներկու ամիս անց, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցումը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չի վերցվում Կողմերի երկուստեք համաձայնությամբ: Եթե ծանուցագիրն ստանալու մասին մյուս Կողմի հաստատումը չի ստացվի, ապա ծանուցագիրն ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում այն ստանալուց 14 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ ընթացակարգերը ազգային օրենսդրությանը համապատասխան կատարման մասին վերջին ծանուցման ստացման պահից:

 

Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի նոյեմբերի 27-ից:

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության

կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին

 

1. Երթուղիներ, որոնք կշահագործվեն երկու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից.

 

Մեկնման վայրեր ----- Երևան և ուրիշ վայրեր Հայաստանի

Հանրապետությունում, որոնք բաց են միջազգային

թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ

 

Միջանկյալ վայրեր ---- վայրեր երրորդ երկրներում

 

Ժամանման վայրեր ---- Մինսկ և ուրիշ վայրեր Բելառուսի

Հանրապետությունում, որոնք բաց են միջազգային

թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ

 

Վայրեր Բելառուսի

Հանրապետության

սահմաններից դուրս -- վայրեր երրորդ երկրներում

 

2. Երթուղիներ, որոնք կշահագործվեն երկու ուղղություններով Բելառուսի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից.

 

Մեկնման վայրեր ----  Մինսկ և ուրիշ վայրեր Բելառուսի

Հանրապետությունում, որոնք բաց են միջազգային

թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ

 

Միջանկյալ վայրեր --- վայրեր երրորդ երկրներում

 

Ժամանման վայրեր ---- Երևան և ուրիշ վայրեր Հայաստանի

Հանրապետությունում, որոնք բաց են միջազգային

թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ

 

Վայրեր Հայաստանի Հանրապետության

սահմաններից դուրս ------- վայրեր երրորդ երկրներում

 

Ծանոթություն`

 

ա) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության իրավունքը ուղևորների, բեռների և փոստի փոխադրումների իրականացումը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վայրերի միջև և երրորդ երկրի վայրերի միջև կլինի առանձին պայմանավորվածության առարկա երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից,

բ) պայմանագրային չվագծերը շահագործելիս թռիչքների հաճախականությունը, օդանավերի տեսակները և առևտրական /կոմերցիոն/ պայմանները կսահմանվեն նշանակված ավիաընկերությունների միջև համաձայնությամբ և կներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությանը,

գ) «երկրի սահմաններից դուրս վայրերը» կորոշվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ,

դ) չարտերային, լրացուցիչ և հատուկ չվերթերը կարող են իրականացվել ավիաընկերության նախնական հայտագրի համաձայն, այդ հայտագիրը պետք է տրվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` դրանց համապատասխան նորմատիվ փաստաթղթերով չարտերային, լրացուցիչ և հատուկ չվերթեր կատարելու համաձայն:

 

 

pin
Բելոռուսի Հանրապետություն
12.12.1995
Համաձայնագիր