Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՇԻՐԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,

ցանկանալով վերջնականապես կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գերմանական ռազմաշիրիմների հետ կապված հարցերը,

ձգտելով այդ գերեզմանների պահպանումն ու խնամքը ապահովել արժանավայել ձևով և գործող միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան,

ի կատարումն «Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև բարիդրացիության, գործընկերության և համագործակցության մասին» 1990 թվականի նոյեմբերի 9-ի Պայմանագրի 18-րդ հոդվածի,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում գործածվող հետևյալ հասկացությունները նշանակում են.

ա) «գերմանական ռազմազոհեր»`

- գերմանական զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք,

- ըստ գերմանական օրենսդրության` նրանց հավասարազոր անձինք,

- գերմանական քաղաքացիություն ունեցող այլ անձինք, ովքեր մահացել են 1914-1918 թվականների, ինչպես նաև 1939-1945 թվականների պատերազմական իրադարձությունների կամ տեղահանման հետևանքով,

բ) «գերմանական ռազմաշիրիմներ»`

- գերմանացի ռազմազոհերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գերեզմաններ,

գ) «գերմանական զինվորական գերեզմանատեղիներ»`

- գերեզմանոցներ կամ գերեզմանոցների հատվածներ, որոնք դեռ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող են հայտնաբերվել կամ կրկին հիմնվել, և որտեղ թաղված են գերմանացի ռազմազոհեր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է գերմանական ռազմաշիրիմների պաշտպանությունն ու գերմանացի ռազմազոհերի հավիտենական հանգստի իրավունքն իր տարածքում և ազատում է գերմանական զինվորական գերեզմանատեղիների շրջակայքը այն բոլոր շինություններից, որոնք անհամատեղելի են այդ վայրերի արժանավայել տեսքի հետ:

2. Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությունն իրավունք ունի իր հաշվին իրականացնելու գերմանական ռազմաշիրիմների և գերեզմանատեղիների կառուցումն ու խնամքը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն անցյալում և ապագայում անվարձահատույց ձևով և անսահմանափակ ժամանակով հատկացնում է գերմանական զինվորական գերեզմանատեղիներ ծառայող հողային տարածքները որպես գերմանացի ռազմազոհերի հավիտենական հանգստի վայրեր:

2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում սեփականության իրավունքները: Որպես գերմանացիների զինվորական գերեզմանատեղիներ ծառայող հողային տարածքների սահմանների փոփոխությունները, որոնք հետագայում կարող են անհրաժեշտ լինել, կլուծվեն Պայմանավորվող կողմերի կամ նրանց կողմից լիազորված կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ: Եթե Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ տարածքը ամբողջովին կամ մասամբ դադարում է օգտագործվել նախատեսված նպատակով, ապա, ի հետևանք այդ փոփոխության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը զրկվում է դրա օգտագործման իրավունքից:

3. Եթե սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հատկացված հողատարածքը պետական հարկադիր պատճառներով պետք է օգտագործվի այլ նպատակով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը տրամադրում է այլ հարմար հողատարածք և իր վրա է վերցնում զոհվածների վերամփոփման և նոր գերեզմանների կառուցման հետ կապված ծախսերը: Նոր հողատարածքի ընտրությունը, նրա կարգավորումն ու վերամփոփումն իրականացվում են փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը համատեղել գերմանացի այն ռազմազոհերի գերեզմանները, որոնց վերամփոփումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համար դրա հետ կապված ծախսեր չեն առաջանում, և եթե նրան արդեն նախնական համաձայնության համար պլանը ներկայացված է: Գերմանացի ռազմազոհերի արտաշիրմումն իրականացվում է գերմանական կողմից ընտրված մասնագետների միջոցով:

2. Յուրաքանչյուր գերմանացի ռազմազոհի վերամփոփման մասին կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են գերեզմանի հին և նոր վայրերը, անձնական տվյալները, անձնական նշանի /ցուցանակով/ վրայի գրությունը կամ ինքնությունը հաստատող այլ նշաններ:

3. Եթե Հայաստանի տարածքում գտնված գերմանական զինվորական գերեզմանատեղիները, որոնք, ըստ առկա հավաստի տեղեկությունների, նախկինում գոյություն են ունեցել, այժմ ենթակառուցվածքային փոփոխությունների հետևանքով դադարել են գոյություն ունենալուց, և այլևս հնարավոր չէ հանել այնտեղ ամփոփված գերմանացի հանգուցյալների աճյունների մնացորդները, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերմանական Կողմի խնդրանքով թույլատրում է այդ վայրերում համեստ և արժանավայել հուշավայրերի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացնում է այդ նպատակի համար հարմար տարածք:

4. Եթե Հայաստանի տարածքում գտնվող գերմանացի ռազմազոհերի ժամանակավոր թաղման անհրաժեշտություն առաջանա մինչև մի գերմանական զինվորական գերեզմանատեղիում դրանց վերջնական ամփոփումը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ կձեռնարկի պատշաճ և արժանավայել` ժամանակավոր ամփոփման ու գերեզմանների նշանացուցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Եթե գերմանական զինվորական գերեզմանատեղիներում գերմանական զինվորական շիրիմների կողքին գտնվում են նաև այլ պետությունների ռազմազոհերի գերեզմաններ, ապա այդ փաստը հավուր պատշաճի պետք է նկատի առնվի նշված գերեզմանների պահպանման ու խնամքի մասին որոշումներ կայացնելիս:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից գերմանացի ռազմազոհերի աճյունների տեղափոխման համար անհրաժեշտ է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության նախնական համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման տեղափոխումների իրականացումը թույլատրում է միայն այդպիսի համաձայնության առկայության դեպքում:

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության համաձայնությունն անհրաժեշտ է նաև գերմանացի ռազմազոհերին երրորդ երկրներ տեղափոխելու` Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված առաջարկների դեպքում:

3. Գերմանացի ռազմազոհերի արտաշիրման և արտասահման տեղափոխելու բոլոր ծախսերն ու տուրքերը ստանձնում են դիմող Կողմերը:

4. Գերմանացի ռազմազոհերի տեղափոխման համար կատարվող արտաշիրմանը կարող են ներկա լինել պայմանադիր երկու Կողմերի իշխանությունների ներկայացուցիչները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը գերմանական Կողմի համար սույն Համաձայնագրից բխող տեխնիկական խնդիրների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում հանձնարարում է «Գերմանական ռազմաշիրիմների խնամքի ժողովրդական միություն» գրանցված ընկերությանը /այսուհետ` Ժողովրդական միություն/:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման լիազորություններով օժտում է Հայաստանի Հանրապետության վետերանների խորհրդին:

3. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր են հանձնարարել որևէ այլ կազմակերպության, ապա այդ մասին պայմանադիր Կողմերի միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ժողովրդական միությանը ցուցաբերում է հնարավոր ամեն կարգի աջակցություն, մասնավորապես, հնարավորություն է տալիս ծանոթանալ գերմանական ռազմաշիրիմների և մահացած գերմանացի զինվորների վերաբերյալ այժմ կամ ապագայում ցանկացած մարմնի և հաստատության տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին: Այլ պայմանավորվածություններ և վիճարկումներ չեն դիտարկվում:

2. Իր խնդիրները կատարելու համար Ժողովրդական միությունը կարող է Հայաստանի Հանրապետություն ուղարկել իր ներկայացուցիչներին, մասնագետներին և այլ աշխատակիցների:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Ժողովրդական միությունը սույն Համաձայնագրից բխող աշխատանքների կատարման ընթացքում ըստ հնարավորության օգտվում է տեղական աշխատուժից և տեղական շինանյութերից` ազատ մրցակցությանը բնորոշ պայմաններին համապատասխան:

2. Ժողովրդական միությունը կարող է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից կամ Եվրոպական միության որևէ այլ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել և այնտեղից կրկին արտահանել սարքեր, փոխադրամիջոցներ, շինանյութեր և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի մեջ հիշատակված աշխատանքների կատարման համար:

3. Այս պարագաների մաքսային ստուգման համար գործում է հետևյալ կարգը.

ա) Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող սարքերն ու փոխադրամիջոցները ներմուծման և արտահանման մասին մաքսային հայտարարագրում ձևակերպվում են այն վերապահմամբ, որ աշխատանքների ավարտից հետո դրանք դարձյալ արտահանվում են,

բ) շինանյութերն ու մյուս պարագաները, որոնք նախատեսված են գերեզմանների, հուշավայրերի կամ գերեզմանոցների կառուցման, հարդարման կամ խնամքի համար, ազատվում են մուտքի վճարումներից, եթե մաքսային մարմիններին, ի լրումն սովորական մաքսային հայտարարագրի, ներկայացվում են.

- ներմուծվող առարկաների մանրամասն ցուցակը,

- դրա համար ըստ պատշաճի լիազորված անձի կողմից ստորագրված պարտավորությունն այն մասին, որ նշված առարկաները կօգտագործվեն միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` որպես գերմանական զինվորական գերեզմանատեղիներ ծառայող հողատարածքների հատկացումը իրավունք է տալիս Ժողովրդական միությանը Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական նորմերի շրջանակներում անմիջականորեն իրականացնել գերեզմանատեղիների կառուցման ու բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև համապատասխան մարդատար ուղիների, այցելուների համար բնակատների և այլ հարմարությունների շինարարությունը:

2. Ժողովրդական միությունը հոգ է տանում, որ շինարարական աշխատանքների ժամանակ պահպանվեն հայկական օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը:

Միությունը նաև հետևում է գերեզմանոցների վերաբերյալ համապատասխան իրավական ու վարչական հրահանգներին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց այն օրից, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են, որ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվել են:

 

Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 21-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 29-ից:

 

 

pin
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Համաձայնագիր