Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հանդես գալով Միջազգային քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Կոնվենցիայի կողմեր,

ցանկանալով կնքել Համաձայնագիր` ի լրացում վերոհիշյալ Կոնվենցիայի` իրենց համապատասխան տարածքների միջև ու նրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, ներքոհիշյալ տերմինները ունեն հետևյալ նշանակությունները.

ա) «Կոնվենցիա»` միջազգային քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Կոնվենցիան, որը ստորագրվել է Չիկագոյում և միացման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ինչպես նաև դրա ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև ցանկացած ուղղում, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, եթե այդ հավելվածներն ու ուղղումներն ընդունվել են Պայմանավորվող կողմերի կողմից,

բ) «ավիացիոն իշխանություններ»`

Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը,

Ռումինիայի առնչությամբ` տրանսպորտի նախարարությունը, կամ երկու դեպքերում էլ` ցանկացած անձ կամ կազմակերպություն, որոնք լիազորված են իրականացնելու այդ իշխանությունների կողմից կատարվող գործառույթները,

գ) «նշանակված ավիաընկերություն»` այն ավիաընկերությունը, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան,

դ) «Պայմանավորվող կողմի տարածք» և «Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ»` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի տարածքները և քաղաքացիները,

ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաուղիներ» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» ունեն այն նշանակությունը, որը դրանց համար համապատասխանաբար սահմանված է Կոնվենցիայի 96-րդ հոդվածով,

զ) «տարողություն»` օդանավի առնչությամբ նշանակում է երթուղում կամ նրա մի մասում օդանավի հնարավոր բեռնաբարձությունը,

է) «տարողություն»` համաձայնեցված չվագծի նկատմամբ նշանակում է այդ չվագծում օգտագործվող օդանավի տարողության ու բեռնաբարձությունը բազմապատկած սահմանված երթուղում կամ նրա մի մասում որոշակի ժամանակահատվածի թռիչքների քանակով,

ը) «օդային փոխադրումներ»` ուղևորների, բեռների և փոստի անջատ կամ համակցված փոխադրումներ,

թ) «սակագին»` այն կոպարները կամ գանձումները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների միջազգային փոխադրումների համար, և այն պայմանները, որոնք կիրառվում են այդ կոպարները կամ գանձումները, ներառյալ գործակալային և մյուս օժանդակ սպասարկումների կոպարները կամ գանձումները և պայմանները, բացառությամբ փոստի փոխադրման վճարի ու պայմանների,

ժ) «սահմանված երթուղիներ»` թռիչքների երթուղիները, որոնք սահմանված են տվյալ Համաձայնագրի Հավելվածով, համաձայն որոնց կիրականացվի Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների միջազգային օդային հաղորդակցությունները,

ժա) «համաձայնեցված չվագծեր»` այն չվագծերը, որոնք սահմանված են կամ պետք է սահմանվեն սույն Համաձայնագրի Հավելվածում նախատեսված երթուղիներում,

ժբ) «Համաձայնագիր»` սույն Համաձայնագիրը կամ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան կատարված ուղղումները,

ժգ) «Հավելված»` սույն Համաձայնագրի Հավելվածը, կամ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան կատարված ուղղումները: Հավելվածը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է, և Համաձայնագրի բոլոր վկայակոչումները պետք է վերաբերեն նաև Հավելվածին, բացառությամբ այն դեպքերի, որոնց համար այլ կարգ է նախատեսված:

2. Սույն Համաձայնագրի բոլոր հոդվածների վերնագրերը կրում են մեջբերման և պարզաբանման նպատակ և չեն ձևակերպում, սահմանափակում կամ որակավորում սույն Համաձայնագրի նպատակը կամ դիտավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային կանոնավոր հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակված ավիաընկերությունը սահմանված երթուղիներով համաձայնեցված չվագծերը շահագործելիս օգտվելու է հետևյալ իրավունքներից.

ա) անվայրէջք թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,

բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջքներ կատարել ոչ առևտրային նպատակներով,

գ) սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջք կատարելը` ուղևորներ նստեցնելու, իջեցնելու, փոստ և բեռներ ընդունելու, բեռնաթափելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում ոչինչ չի դիտվի որպես Պայմանավորվող մի կողմի նշանակված ավիաընկերությանը իրավունքի տրամադրում` ուղևորներ, բեռ, փոստ փոխադրելու համար մյուս Պայմանավորվող կողմի բնակավայրերի միջև` վարձատրման կամ վարձակալության հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իրավունք է ստանձնում նշանակել ավիաընկերություն(ներ)` սահմանված երթուղիներով համաձայնեցված չվագծերի շահագործման նպատակով: Դրա համար Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները գրավոր ծանուցում են միմյանց:

2. Նման նշանակման ստացման վերաբերյալ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները ըստ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի անհապաղ թռիչքների համապատասխան թույլտվություն են տրամադրում նշանակված ավիաընկերությանը:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մինչև թռիչքների թույլտվություն տալը կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ վերջինս ի վիճակի է կատարելու այն օրենքներով և իրավունքներով սահմանված պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից կիրառվում են Կոնվենցիայի դրույթների համաձայն միջազգային չվագծերը շահագործելիս:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված թռիչքների թույլտվություն տալը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործելիս ամեն դեպքում, երբ հիշյալ կողմը ապացույցներ չունի այն բանի, որ այդ ավիաընկերության նկատմամբ նյութական սեփականության իրավունքների իրական վերահսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն նշանակված և լիազորված ավիաընկերությունը ցանկացած ժամանակ կարող է սկսել համաձայնեցված չվագծերի շահագործումը` այն պայմանով, որ ծավալները կարգավորվում են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն, չվացուցակը համաձայնեցվում է ըստ սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի, և չվագծում գործողության մեջ են դրվում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան հաստատված սակագներ:

6. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև գրավոր ծանուցման միջոցով նշանակված ավիաընկերությունը փոխարինել մեկ այլ ավիաընկերությամբ: Նոր նշանակված ավիաընկերությունը օգտվելու է նույնպիսի իրավունքներից ու պարտականություններից, ինչպիսին որ այն ավիաընկերությունը, որին նա փոխարինում է:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել թռիչքի թույլտվությունը կամ ժամանակավորապես դադարեցնել սույն Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներից օգտվելը, որոնք տրամադրված են նշանակված ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի կողմից կամ պահանջել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս`

ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ նյութական սեփականության իրավունքը կամ իրական վերահսկողությունը պատկանում է Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին,

բ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում մյուս Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ

գ) այն դեպքում, երբ ավիաընկերությունը չի գործում սույն Համաձայնագրով նախատեսված կարգով սահմանված պայմաններին համապատասխան:

2. Եթե իրավունքները դադարեցնելու թույլտվության անհապաղ չեղյալ հայտարարելը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջները բավարար չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, ապա այն իրավունքը, որի մասին ասվում է այս կետում, կօգտագործվի միայն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմերի միմյանց հետ խորհրդակցելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉՎԱԳԾԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով համաձայնեցված չվագծերի շահագործման արդարացի ու հավասար պայմաններ:

2. Համաձայնեցված չվագծերը շահագործելիս Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակված ավիաընկերություն պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության շահերը այն նկատառումով, որ վնաս չպատճառի մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը, որը շահագործում է այդ նույն երթուղու չվագիծը կամ նրա մի մասը:

3. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության կողմից ցանկացած համաձայնեցված չվագծով իրականացվող փոխադրումների ծավալները մյուս Պայմանավորվող կողմի ծավալների հետ միասին պետք է համապատասխանեն տվյալ երթուղու համար հասարակության պահանջներին:

4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակված ավիաընկերության կողմից սպասարկվող պայմանավորված չվագծերը առաջնահերթ խնդիր պետք է ունենան տրամադրելու այնպիսի տարողություն, որը բեռնման ընդունելի գործակցի դեպքում բավարարի դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք ու նրա տարածքից իրականացվող փոխադրումների առկա պահանջներին:

5. Պայմանավորվող կողմի տարածքում սահմանված երթուղու վայրերի և երրորդ երկրների վայրերի միջև փոխադրումներ կատարելու նշանակված ավիաընկերության իրավունքը պետք է իրականացվի փոխադրումների ծավալների բաշխման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, այն է`

ա) ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածք և տարածքից փոխադրումների պահանջները,

բ) այն շրջանի փոխադրումների պահանջները, որի վրայով անցնում են համաձայնեցված չվագծերը` հաշվի առնելով տեղական ու տարածաշրջանային օդային հաղորդակցությունները,

գ) տարանցիկ փոխադրումներին ներկայացվող պահանջները:

6. Սահմանված երթուղիներում փոխադրման տարողությունները և այդ տարողությունների փոփոխությունները պետք է փոխադարձաբար համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների հետ և հաստատվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից: Տարողությունների ցանկացած ավելացում պետք է նույնպես փոխհամաձայնեցվի նշանակված ավիաընկերությունների միջև և հաստատվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև: Նման հաստատումից հետո արդեն գործող տարողությունը կմնա ուժի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները նշանակված ավիաընկերություններից պետք է պահանջեն մյուս Պայմանավորվող կողմին ներկայացնել վիճակագրական տվյալներ` նրա պահանջով, որի մասին կարելի է հարցապնդում անել նշանակված ավիաընկերությունների համաձայնեցված չվագծերում նախատեսված ծավալների ստուգման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Թռիչքների չվացուցակը, ներառյալ հաճախականությունը, չվերթերի իրականացման օրերը, սպասարկումների տեսակները, տվյալ չվագծում օգտագործվող օդանավի տարատեսակը, պետք է համաձայնեցվի Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից: Պատշաճ կերպով համաձայնեցված այս բոլոր հարցերը պետք է Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացվեն համաձայնեցված չվագծերով թռիչքները սկսելուց երեսուն (30) օր առաջ: Նման ընթացակարգ պետք է կիրառվի նաև նշանակալից փոփոխությունների դեպքում, և 30-օրյա ժամկետը կարող է փոխվել, ինչը պետք է շահագրգիռ ավիացիոն իշխանությունների փոխհամաձայնության առարկա դառնա:

2. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն համաձայնեցնում չվացուցակը, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները հաստատում են դրանք: Նույնպիսի ընթացակարգ է կիրառվում, եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարողանում պայմանավորվածության գալ չվացուցակում փոփոխություններ կատարելու շուրջ: Վերջին դեպքում գոյություն ունեցող չվացուցակը ուժի մեջ է մնում վեց ամիս, որի ընթացքում ավիացիոն իշխանությունները համաձայնեցնում են նոր չվացուցակը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից կատարվող փոխադրումների համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից գանձվող տարիֆները պետք է սահմանվեն ընդունելի չափերով` հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները, այդ թվում նաև օգտվողի շահերը, շահագործման արժեքը, ծառայությունների բնույթը, կոմիսիոն վճարները, ընդունելի շահույթը, մյուս ավիաընկերությունների կողմից սահմանված սակագները և ավիաշուկայի առևտրական այլ շահեր:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է համաձայնեցվեն նշանակված ավիաընկերությունների կողմից և այդ համաձայնությունը, հնարավորության դեպքում, պետք է կայացվի համապատասխան միջազգային կազմակերպությունների փորձի հիման վրա:

3. Համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը դրանք կիրառելուց առնվազն 60 օր առաջ: Առանձին դեպքերում այդ ժամկետը ավիացիոն իշխանությունների որոշմամբ կարող է կրճատվել:

4. Սակագների ընդունումը պետք է տրվի անմիջապես: Եթե ավիացիոն իշխանություններից ոչ մեկը 30 օրվա ընթացքում չի հայտնել իր անհամաձայնությունը սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն առաջարկվող սակագների վերաբերյալ, ապա այդ սակագները համարվում են հաստատված: Այն դեպքում, եթե համաձայնեցման ժամկետը կրճատվում է սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, ավիացիոն իշխանությունները կարող են պայմանավորվել, որ համաձայնեցման ժամկետը 30 օրից պակաս լինի:

5. Եթե ինչ-որ պատճառներով սակագինը չի կարող համաձայնեցվել սույն հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան, ապա սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան համաձայնեցման ժամկետում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագինը սահմանել միմյանց միջև պայմանավորվելու միջոցով:

6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության հասնել սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման հարցում կամ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան իրենց ներկայացված որևէ սակագնի սահմանման շուրջ, ապա այդ տարաձայնությունը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի պայմանների համաձայն:

7. Սույն հոդվածի դրույթին համապատասխան սահմանված սակագինը պետք է ուժի մեջ մնա այնքան ժամանակ, քանի դեռ նոր սակագին սահմանված չէ: Տվյալ սակագինը ավիացիոն իշխանությունների որոշմամբ կարող է կիրառվել նաև գործողության ժամկետը լրանալուց հետո, սակայն տվյալ սակագնի գործողությունը սույն կետի համաձայն չի կարող երկարաձգվել 12 ամսից ավել ժամկետով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային չվագծերում շահագործվող օդանավերը, ինչպես նաև նրանց ցուցակագրված գույքը, վառելանյութի պաշարները և քսանյութերը, պահեստամասերն ու օդանավի պաշարները, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտը և թռիչքի ընթացքում ուղևորներին վաճառելու համար նման օդանավերում եղած մյուս մթերքները, Պայմանավորվող մյուս կողմի տարածք ժամանելուց հետո կազատվեն բոլոր մաքսատուրքերից, տեսչական տուրքերից և մյուս հարկերից ու գանձումներից` պայմանով, որ այդ սարքավորումները, նյութերն ու պաշարները մնում են օդանավի մեջ մինչև դրանց վերաարտահանման պահը:

2. Նման մաքսերից, հարկերից ու գանձումներից, բացառությամբ նախատեսված սպասարկման գանձումներից կազատվեն նաև`

ա) պայմանավորված չվագծերում շահագործվող օդանավի կողմից օգտագործվելու համար նախատեսված այն վառելանյութն ու քսանյութերը, որոնք օդանավ են վերցվել Պայմանավորվող մյուս կողմի տարածքում, եթե անգամ այդ պաշարներն օգտագործվեն նրա տարածքի սահմաններով անցնող երթուղու հատվածում,

բ) այն պահեստամասերն ու մյուս օժանդակ սարքավորումները, որոնք Պայմանավորվող մյուս կողմի տարածք են բերվել նշանակված ավիաընկերության` միջազգային չվագծերում օգտագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,

գ) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի իշխանությունների սահմանած լիմիտների սահմաններում և նախատեսված են նշանակված ավիաընկերության` միջազգային չվագծերում շահագործվող օդանավում օգտագործելու համար,

դ) նշանակված ընկերության` միջազգային չվագծերում օգտագործվող օդանավում եղած ուղիղ փոխադրման բեռն ու ուղեբեռը,

ե) ներկայացուցչության կահույքն ու սարքավորումներն, ինչպես նաև այն նյութերն, որոնք օդանավ են վերցվել Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում` իրենց ներկայացուցչություններում օգտագործելու համար,

զ) շահագործման սեփական կարիքների համար Պայմանավորվող մյուս կողմի տարածք հասցված գույքն ու նյութերը` պայմանով, որ դրանք ունենան իրենց պատկանելիությունը նշող հաշվեպիտակներ և օգտագործվեն գովազդի համար: Սույն կետի «ա», «բ», «գ» ենթակետերում նշված իրերն ու նյութերը կարող են պահվել մաքսատան հսկողության կամ վերահսկման ներքո:

3. Օդանավին պատկանող գույքն ու նյութերը կարող են Պայմանավորվող մյուս կողմի տարածքում բեռնաթափել միայն մաքսային իշխանությունների համաձայնությամբ: Այդ դեպքում դրանք այդ իշխանությունների վերահսկողության ներքո կգտնվեն մինչև վերաարտահանումը կամ կօգտագործվեն մաքսային կանոններին համապատասխան:

4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է Պայմանավորվող մյուս կողմին միատեսակ արտոնություններ տրամադրի հարկերի, ավելացվող արժեքի հարկի կամ ընդհանուր նշանակություն ունեցող մյուս անուղղակի հարկերի առումով` համաձայն Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

1. Համաձայնեցված չվագծերի շահագործումն ապահովելու համար Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությանը, փոխադարձության հիման վրա, իրավունք է ընձեռվում Պայմանավորվող մյուս կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունը` իր սեփական կամ տեղի աշխատակազմով, որոնք զբաղվելու են առևտրային, տեխնիկական, շահագործման ու վարչական հարցերով: Նման ներկայացուցչության հիմնումը և աշխատակազմի շահագործումը պետք է համապատասխանեն սույն կետում նշված իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմի օրենքներին և այլ կանոններին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը իրավունք է վերապահվում իրականացնելու միջազգային ավիաուղիներում ավիափոխադրումների վաճառքը իր սեփական փաստաթղթերով, ինչպես նաև գովազդելու և զարգացնելու ավիափոխադրումների գծով վաճառքը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Նման վաճառքը կարող է իրականացվել մյուս Պայմանավորվող կողմի օրենքներով ու կանոններով ցանկացած անձի կամ կազմակերպության, ինչպես անմիջապես իր գրասենյակների, այնպես էլ զբոսաշրջիկային գործակալությունների միջոցով:

3. Փաստաթղթերի վաճառքը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտագործման նպատակով, համաձայն 2-րդ կետի, կարող է իրականացվել ցանկացած տարադրամով:

4. Եկամտահարկը սույն հոդվածի 1-ին կետում նշված այն անձնակազմի աշխատավարձից, որը կրում է Պայմանավորվող կողմերից որևիցե մեկի քաղաքացիությունը, կատարվում է համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներքին օրենսդրության: Եթե Պայմանավորվող կողմերի միջև գործում է կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա, ապա դրա դրույթները գերակայում են:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը իրավունք է տրամադրում ազատորեն, անհապաղ փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք նրա տարածքում ստացել են ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման համար: Այդպիսի փոխանցումները պետք է կատարվեն ազատ փոխարկելի արժույթով` համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության:

2. Երբ երկու Պայմանավորվող կողմերի միջև առկա է հատուկ վճարման համաձայնագիր, փոխանցումները կկատարվեն այդ համաձայնագրի դրույթներին համաձայն:

3. Համաձայնեցված չվագծերում օդանավերի շահագործման հետևանքով միջազգային փոխադրումներից ստացված շահույթը չի հարկվում, բայց միայն այն երկրում, որտեղ գտնվում է նշանակված ավիաընկերության գործող ղեկավարությունը:

4. Եթե Պայմանավորվող կողմերի միջև գործում է կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա, ապա դրա դրույթները գերակայում են:

5. Եթե Պայմանավորվող կողմը սահմանափակումներ է դնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաուղիների գումարների փոխանցման վրա, ապա վերջինս իրավունք ունի պատասխան սահմանափակումներ մտցնել առաջին Պայմանավորվող կողմի նշանակված ավիաուղիների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

Ցանկացած գանձում, որը կկիրառվի կամ կթույլատրվի համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Ռումինիայում օդանավակայանների և օդագնացության սարքավորումների օգտագործման նպատակով կիրառելու համար, պետք է կատարվի տվյալ երկրի օրենքներով ու կանոններով, սահմանված սակագների պաշտոնական մակարդակի համաձայն, որը կկիրառվի բոլոր օդանավերի նկատմամբ, որոնք շահագործվում են համանման միջազգային օդային հաղորդակցություններում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

1. Օդանավի թռիչքային պիտանիության վկայականը և մյուս փաստաթղթերը, որոնք սահմանել է Պայմանավորվող մի կողմը, և ուժի մեջ են, պետք է ճանաչի մյուս Պայմանավորվող կողմը` սույն Համաձայնագրով սահմանված երթուղիների ու չվագծերի շահագործման նպատակով` նախատեսելով, որ այն պահանջները, որոնց համապատասխան տրվում են նման սերտիֆիկատները ու լիցենզիաները, պետք է համապատասխանեն կամ գերազանցեն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանված նվազագույն ստանդարտները:

2. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու իր տարածքում կատարվող թռիչքների համար ներկայացվող թռիչքային պիտանիության և մյուս այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են մյուս Պայմանավորվող կողմի կողմից կամ որևիցե այլ երկրի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պայմանավորվող մի կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են միջազգային ավիաչվերթերում ընդգրկված օդանավերի տրանզիտային թռիչքները Պայմանավորվող կողմի տարածքով, կիրառվելու են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավերի նկատմամբ` օդանավի այդ Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու պահից մինչև տարածքից մեկնելը:

2. Պայմանավորվող մի կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են օդանավերի, ուղևորների, անձնակազմերի, ուղեբեռների, բեռների և փոստի ժամանումն ու տեղ հասցնելը, ուղարկումն ու առաքումը, տարանցիկ փոխադրումն ու նրա տարածքում գտնվելը և, մասնավորապես, երկիր մուտք գործելուն, մաքսային ստուգմանը, ներգաղթին, արտագաղթին, անձնագրային, մաքսային, արժութային ու սանիտարական կանոններին վերաբերող ընթացակարգերը, կիրառվելու են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավերի, ուղևորների, անձնակազմերի, բեռների ու փոստի նկատմամբ` առաջին Պայմանավորվող կողմի տարածքի սահմաններում դրանց գտնվելու ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի սահմանների վրայով թռչելու ուղեգծերն ու վայրերը` սույն Համաձայնագրի Հավելվածում, համապատասխանաբար սահմանված երթուղիների համար, իրենց տարածքում ինքնուրույն սահմանում են Պայմանավորվող կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ԿԱՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե օդային տրանսպորտին վերաբերող բազմակողմ համաձայնագիրը կամ կոնվենցիան ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի համար, սույն Համաձայնագիրը պետք է լրացվի Պայմանավորվող կողմերի միջև բանակցությունների միջոցով` համապատասխանեցնելու նման համաձայնագրի կամ կոնվենցիայի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սերտ համագործակցության ցանկությամբ` Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները ժամանակ առ ժամանակ միմյանց հետ կխորհրդակցեն` սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցելու սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման կամ լրացման նպատակով: Նման խորհրդակցությունները կարող են անցկացվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև բանակցությունների կամ նամակագրության միջոցով և պետք է սկսվեն գրավոր պահանջը ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերը չորոշեն երկարաձգելու այդ ժամկետը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ամեն մի տարաձայնություն պետք է կարգավորվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների անմիջական բանակցությունների միջոցով: Եթե ավիացիոն իշխանությունները չկարողանան համաձայնության գալ, ապա Պայմանավորվող կողմերը պետք է տարաձայնությունները կարգավորեն դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ

 

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են: Չսահմանափակելով իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր կիրառելիությունն ըստ միջազգային իրավունքի` Պայմանավորվող կողմերը գործում են «Օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ ձեռնարկումների վերաբերյալ» Կոնվենցիայի (ստորագրվել է Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին), «Օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարելու մասին» Կոնվենցիայի (ստորագրվել է Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին), «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» Կոնվենցիայի (ստորագրվել է Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին) և օդային տրանսպորտում անվտանգության վերաբերյալ մյուս կոնվենցիաների դրույթներին համապատասխան, որոնց անդամ կարող են դառնալ Պայմանավորվող կողմերը:

2. Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց անհրաժեշտ օժանդակություն ցույց տան` կանխելու օդանավերի ապօրինի գրավմանն ուղղված գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ձեռնարկումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

3. Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության (ավիացիոն) անվտանգության դրույթներին և Միջազգային քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված դրույթներին համապատասխան, որքանով որ այդ դրույթներն ու պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պետք է պահանջեն, որ իրենց գրանցման օդանավերի շահագործողները, այն օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում եղած միջազգային օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին ու պահանջներին համապատասխան:

4. Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի` նման շահագործողներից պահանջել, որ կիրառեն սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթներն ու պահանջները, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմը նախատեսում է մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովելու է պատշաճ միջոցների կիրառումը օդանավի պաշտպանության և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրանց ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամաբար է քննելու կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու ամեն մի խնդրանք:

5. Երբ միջադեպ է տեղի ունենում կամ միջադեպի սպառնալիք է առկա` կապված օդանավի ապօրինի գրավման հետ կամ այլ անօրինական ձեռնարկումներ` ուղղված օդանավի, ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացային միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս` դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով միջոցներ ձեռնարկելով:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է միջոցներ ձեռնարկի, որոնք ինքը հարկ կհամարի հետևանքների վերացումն ապահովելու համար, երբ ապօրինաբար գրավված կամ անօրինական միջամտության այլ գործողության ենթարկված օդանավը վայրէջք կատարի իր տարածքում. միջոցներ է ձեռնարկելու այն կալանելու համար, եթե դա չի սպառնում ուղևորների կյանքին: Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, նման միջոցառումներ պետք է ձեռնարկվեն միմյանց միջև խորհրդակցելուց հետո:

7. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը հիմքեր ունի ենթադրելու, որ մյուս Պայմանավորվող կողմը խախտում է սույն հոդվածով նախատեսված ավիացիոն անվտանգության ապահովման վերաբերյալ դրույթները, ապա կարող է պահանջել անհապաղ անցկացնել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև խորհրդակցություններ` խախտումների վերացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՈՒՂՂՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Այդ նպատակով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կուսումնասիրի մյուս Պայմանավորվող կողմի ներկայացրած ցանկացած առաջարկություն:

Յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց իրազեկ են պահում միջազգային համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար պարտադիր ընթացակարգերի հետ իրենց համաձայնության մասին:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածը կարող է փոփոխվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների միջոցով և հաստատվել նամակներ փոխանակելու միջոցով:

3. Սույն Համաձայնագրի կամ նրա Հավելվածի փոփոխության հարցի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման մասին արված գրավոր հարցապնդման ամսաթվից 60 օրվա ընթացքում, եթե Կողմերը չպայմանավորվեն այդ ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՐԱՆՑՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը և դրա ցանկացած ուղղում պետք է գրանցվեն «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում» (ՔԱՄԿ):

 

ՀՈԴՎԱԾ 21. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով, գրավոր ծանուցման միջոցով դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Միաժամանակ նույնպիսի բովանդակությամբ ծանուցագիր է ուղարկվում «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն»: Այդ դեպքում տվյալ Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է 12 ամիս անց այն ամսաթվից, երբ այդ ծանուցումը ստանում է մյուս Պայմանավորվող կողմը, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցումը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չվերցվի Կողմերի երկուստեք համաձայնությամբ: Եթե ծանուցումը ստանալու մասին մյուս կողմի հաստատումը չստացվի, ապա ծանուցումը ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից այն ստանալուց 14 օր հետո:

Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մարտի 25-ին, հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ որևէ անհամաձայնության առաջացման դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Ա ԲԱԺԻՆ
1. Երթուղիները, որոնցով երկու ուղղությամբ կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություն է իրականացվելու Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերության կողմից.

 

.__________________________________________________________________.

|Ելընթացի վայրեր    |Միջանկյալ վայրեր |Ռումինիայի |Սահմաններից     |

|                   |                 |վայրեր     |դուրս վայրեր    |

|___________________|_________________|___________|________________|

|Վայրեր Հայաստանում |Հետագայում       |Բուխարեստ  |Հետագայում      |

|                   |համաձայնեցվելիք  |           |համաձայնեցվելիք |

.__________________________________________________________________.

 

2. Երթուղիներ, որոնցով երկու ուղղությամբ կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունը իրականացվելու է Ռումինիայի նշանակված ավիաընկերության կողմից.

 

.__________________________________________________________________.

|Ելընթացի վայրեր    |Միջանկյալ վայրեր |Հայաստանի  |Սահմաններից     |

|                   |                 |վայրեր     |դուրս վայրեր    |

|___________________|_________________|___________|________________|

|Վայրեր Ռումինիայում|Հետագայում       |Երևան      |Հետագայում      |

|                   |համաձայնեցվելիք  |           |համաձայնեցվելիք |

.__________________________________________________________________.

 

Բ ԲԱԺԻՆ
1. Սահմանված երթուղիներում ցանկացած վայր կամ մի քանի վայրեր կարող են չօգտագործվել բոլոր ուղերթերի համար կամ դրանցից մի քանիսի համար` նայած Պայմանավորվող կողմերի շահերի: 2. Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները կարող են պայմանավորվել երրորդ երկրների տարբեր վայրերի շուրջը, որոնցում նշանակված ավիաընկերություններից յուրաքանչյուրը կարող է վերցնել կամ իջեցնել ուղևորներ, բեռնել կամ բեռնաթափել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետություն և Ռումինիայի տարածք առաքվող բեռներն ու փոստը:

 

Գ ԲԱԺԻՆ
Լրացուցիչ չվերթերի թռիչքները համաձայնեցված չվացուցակով, համաձայն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության կողմից կատարվելու են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին նախնական հայտ ներկայացնելու դեպքում:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 3-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
Համաձայնագիր