Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նկատի ունենալով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,

ձգտելով երկու երկրների միջև բեռնաշրջանառություն և ուղևորաշրջանառություն իրականացնելիս հաստատել կայուն համագործակցություն և փոխօգնություն մաքսային հսկողության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի բնագավառներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Մաքսային օրենսդրություն» տերմինը նշանակում է իրավական նորմերի ամբողջություն, որը վերաբերում է պետական սահմանով ապրանքների և այլ առարկաների` ներմուծման, արտահանման, տարանցման, ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի, միջազգային փոստային առաքումների, տարադրամի և այլ արժեքների, մաքսերի գանձման ու մաքսային այլ հարկերի կամ արտոնությունների, մաքսային սահմանով արգելքների, սահմանափակումների և թույլտվությունների, բեռների և այլ առարկաների կարգավորմանը ու վերահսկողությանը:

2. «Մաքսային ծառայություններ»` Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը, Լիբանանի Հանրապետության դեպքում` Լիբանանի Հանրապետության մաքսային վարչությունը:

3. «Մաքսային խախտումներ»` մաքսային օրենսդրության յուրաքանչյուր խախտում, ինչպես նաև այդ օրենսդրության խախտման որևէ փորձ:

4. «Թմրանյութեր»` 1961 թվականի մարտի 30-ին ստորագրված Միջազգային մաքսային համաձայնագրում հիշատակված թմրանյութերի անվանացանկը:

5. «Հոգեներգործող նյութեր» տերմինը նշանակում է նյութերի անվանացանկը` ընդգրկված միջազգային համաձայնագրերում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների և ուղևորների փոխադրումների, փոստային առաքումների մաքսային վերահսկողության արագացման, այդ վերահսկողության մեթոդների և ձևերի կատարելագործման, ինչպես նաև Կողմերի տարածք բեռների, փոխադրամիջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կանխարգելման նպատակով, ինչը կարող է վնաս հասցնել Հայաստանի և Լիբանանի տնտեսական և այլ բնագավառների շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքով փոխադրվող և նրանց մաքսային մարմինների կողմից ձևակերպված տարանցիկ բեռները կանցնեն անարգել և կազատվեն մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բեռները պարունակում են ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները կճանաչեն միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները, դրոշմները և փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վրա դրված պաշտոնական նշանները: Կողմերը փոխանակում են նշված մաքսային փաստաթղթերի և ապահովումների նմուշները, ինչպես նաև ներմուծման, արտահանման, տարանցման համար արգելված կամ սահմանափակված ապրանքների անվանացանկերը` ստորագրումից հետո երեք ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք ներմուծված բեռները, փոխադրամիջոցները, ուղևորաբեռները, ինչպես նաև արժույթը և արժութային արժեքները արգելվեն մաքսային, արժութային, սանիտարական, բույսերի կարանտինի, անասնաբուժական վերահսկողության կանոնների և դրույթների հիման վրա կամ անվտանգության նպատակով, ապա դրանք, բացի բացարձակապես արգելված նյութերից (թմրանյութեր, զենք և ծխախոտային արտադրանք), կվերադարձվեն մյուս Պայմանավորվող կողմին` բեռնային փաստաթղթերի մեջ ներմուծման արգելման մասին համապատասխան նշումներ կատարելով կամ դրա վերաբերյալ տեղեկանք ներկայացնելով, եթե մյուս Կողմի մաքսային մարմինները այդ հարցով դիմեն իրենց:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք ապօրինի ներմուծված բեռների, փոխադրամիջոցների, ուղևորաբեռների ու փոստային առաքումների, արժույթի, արժութային արժեքների և այլ վճարման միջոցների նկատմամբ կկիրառվեն այն պետության մաքսային օրենսդրության նորմերը, որի տարածքում գտնվում են վերոհիշյալ առարկաներն ու արժեքները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերի մաքսատներով տարանցիկ փոխադրվող բեռները կազատվեն մաքսային ձևակերպումների համար գանձումներից, մաքսային ստուգումներից ու տարանցման համար թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից, բացի պաշտոնական ծառայության գանձումներից, որոնք նախատեսված են պետական հիմնարկների կողմից` ճանապարհների պահպանման համար մատուցվող ծառայությունների դիմաց:

Բեռների տարանցիկ փոխադրումը Պայմանավորվող կողմերի տարածքով կիրականացվի միջազգային տրանսպորտային իրավունքի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի ընթացիկ օրենսդրությամբ սահմանվում է իրենց տարածքներում տարանցիկ փոխադրումների ապահովությունը և պատասխանատվությունը` տարանցիկ բեռներին հասցված վնասների համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Մաքսային հսկողությունը տարանցիկ ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ կատարվում է Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան, և Պայմանավորվող կողմերի տարածքով տարանցիկ փոխադրվող ուղևորներից մաքսային որևէ գանձում չի կատարվում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն սույն Համաձայնագրի շրջանակներում և իրենց պետություններում գործող մաքսային օրենսդրությանը և կանոնակարգերին համապատասխան` մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների, ինչպես նաև թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման և հետաքննման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը, իրենց սեփական նախաձեռնությամբ կամ Կողմերից մեկի հարցմամբ, կարող են փոխանակել տեղեկություններ`

ա) մաքսանենգությամբ կամ թմրադեղերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հայտնի կամ այդ գործում կասկածելի անձանց վերաբերյալ,

բ) փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ, որոնք օգտագործվում են մաքսանենգ ճանապարհով ապրանքների շրջանառության համար,

գ) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով մյուսի տարածք մաքսանենգության և թմրադեղերի ապօրինի շրջանառության հայտնաբերման փաստերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը, իրենց ընթացիկ օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում, նպատակ ունենալով ավելի արդյունավետ պայքարել թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ, կկիրառեն թմրադեղերի և հոգեներգործող նյութերի «Վերահսկման և կատարման մեթոդը»:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերը իրենց ընթացիկ օրենսդրությանը և կանոնակարգերին համապատասխան և սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները կփոխանցեն միմյանց իրենց տրամադրության տակ գտնվող հնության և արվեստի առարկաները, եթե դրանք Կողմերի մաքսային սահմանով անց են կացվել մաքսային օրենսդրության և այլ կանոնակարգերի խախտումով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի կիրառման, մեկնաբանման կամ փոփոխման հետ կապված վեճերը Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների միջև կլուծվեն բանակցությունների միջոցով: Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն մաքսային հարցերին առնչվող գործող օրենսդրական ակտերի և դրանց փոփոխությունների վերաբերյալ: Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները միմյանց նկատմամբ կցուցաբերեն անհատույց փոխօգնություն:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները գրավոր կամ բանավոր պարբերաբար կիրականացնեն սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ամբողջական փորձի փոխանակումներ:

Պայմանավորվող կողմերի միջև գրագրությունը կկատարվի ֆրանսերեն կամ անգլերեն:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Այն կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում 1997 թվականի մարտի 13-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 22-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
13.03.1997
Համաձայնագիր