Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով երկու պետությունների միջև հաստատված պատմական հարաբերությունները,

ձգտելով զարգացնել տնտեսաառևտրական և գիտատեխնիկական համագործակցությունը,

ընդունելով, որ այդպիսի համագործակցության զարգացման անհրաժեշտ պայման է հանդիսանում արդյունաբերական սեփականության արդյունավետ պաշտպանությունը,

գիտակցելով այդ նպատակով արդյունաբերական սեփականության հեղինակների և սեփականատերերի իրավունքների օգտագործման և պաշտպանության համար փոխադարձ բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը իրականացնում և զարգացնում են գյուտերի, արդյունաբերական նմուշների, ապրանքանշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական սեփականության այլ օբյեկտների իրավունքների պաշտպանության և օգտագործման բնագավառի համագործակցությունը փոխշահավետության և հավասարության հիման վրա, այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են նրանք կամ կդառնան այդպիսիք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերի համագործակցությունը կնպատակաուղղվի`

արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության և օգտագործման հետ կապված հարցերի կարգավորմանը,

արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը,

Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության հայտատուներին պահպանական փաստաթղթեր տալու հայտերի ներկայացման և քննման ընթացակարգի փոխադարձաբար պարզեցմանը,

արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառին վերաբերող տեղեկատվական, նորմատիվ և այլ փաստաթղթերի, ինչպես նաև փորձի և մասնագետների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում մի Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձինք մյուս Կողմի տարածքում կօգտվեն այն նույն իրավունքներից և առավելություններից, որոնք այդ մյուս Կողմի օրենսդրությամբ ներկայումս տրված են կամ կտրվեն սեփական ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվելով իրավական պաշտպանության օրինական միջոցներից նույն հիմունքներով և նույն ծավալով:

Ընդ որում այն հարցերի նկատմամբ, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրով, Կողմերը կկիրառեն 1967 թվականի հուլիսի 14-ի` Ստոկհոլմում վերանայված` Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից յուրաքանչյուրը անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի, որոնք կապահովեն`

արդյունաբերական սեփականության օբյեկտների համար նախկինում տրված ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերի գործողության ճանաչումն իրենց տարածքում,

ԽՍՀՄ հեղինակային վկայականներով և ԽՍՀՄ վկայականներով պաշտպանված գյուտերի և արդյունաբերական նմուշների օգտագործման դեպքում դրանց հեղինակների վարձատրությունն այն երկրի իրավական ակտերին համապատասխան, որտեղ տեղի է ունեցել նշված օգտագործումը,

գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայականների և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայականների փոխանակումը ազգային արտոնագրերով` դրանց գործողության մնացած ժամկետի համար,

ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերի հիման վրա տրված արդյունաբերական սեփականության օբյեկտների ազգային պաշտպանական փաստաթղթերի գործողության դադարեցումը երկու պետությունների տարածքներում, երբ արդյունաբերական սեփականության առարկան չի համապատասխանում տվյալ առարկայի հայտի ներկայացման թվականին գործող օրենսդրությամբ նախատեսված պաշտպանունակության պայմաններին,

մյուս Կողմի հայտատուների և նրանց արտոնագրային հավատարմատարների պահպանական փաստաթղթերի հայտերի և ԽՍՀՄ պաշտպանական փաստաթղթերը ազգային պաշտպանական փաստաթղթերի վերածելու խնդրագրերի ներկայացման իրավունքը, ինչպես նաև այդ հայտերի և խնդրագրերի ներկայացման իրավունքը, ինչպես նաև այդ հայտերի և խնդրագրերի հետ կապված գրագրության վարումը ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պահպանում է գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքն առանց արտոնագրային պայմանագրի կնքման, եթե այդ գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն օրինականորեն սկսվել է մինչև այլ անձանց կողմից գյուտի կամ արդյունաբերական նմուշի ազգային արտոնագիր ստանալու խնդրագիր ներկայացվելու թվականը, որոնց համար տրվել է հեղինակային իրավունք կամ ԽՍՀՄ պաշտպանական փաստաթուղթ:

Ընդ որում վարձատրությունը կատարվելու է այն Կողմի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում օգտագործվում է գյուտը կամ արդյունաբերական նմուշը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պահպանական փաստաթղթեր ստանալու հայտեր ներկայացնելիս, պահպանական փաստաթղթեր ստանալիս և դրանք ուժի մեջ պահելու ընթացքում երկու պետությունների արտոնագրային հավատարմատարները, փոխադարձության սկզբունքի հիման վրա, գործերը կարող են վարել անմիջականորեն Կողմերի արտոնագրային գերատեսչությունների հետ` ընդսմին ներկայացնելով միայն ազգային հայտատուների շահերը: Մի կողմի ազգային հայտատուներին, նույնպես փոխադարձության սկզբունքի հիման վրա, իրավունք է տրվում պաշտպանական փաստաթղթեր ստանալու և դրանք ուժի մեջ պահելու հետ կապված գործերն անմիջականորեն վարել մյուս Կողմի արտոնագրային գերատեսչության հետ` ըստ այդ երկրում սահմանված իրավական ակտերի:

Պետություններից մեկի հայտատուից մյուս պետության արտոնագրային գերատեսչությանը տրվող արտոնագրային հայտը կընդունվի ազգային առաջնության մասին տեղեկությունների առկայության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պարտադիր պայման են համարում մյուս Կողմի հայտատուի հայտի ներկայացման ժամանակ այնպիսի փաստաթղթերի առկայությունը, որոնք հաստատում են արդյունաբերական սեփականության օբյեկտները օտարերկրյա պետություններում արտոնագրելու մասին ազգային օրենսդրության պահանջների պահպանումը հայտատուի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հայտ ներկայացնելու, պահպանական փաստաթղթեր տալու և դրանք ուժի մեջ պահելու, արդյունաբերական սեփականության պաշտպանության և օգտագործման հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար տուրքերի, ինչպես նաև այլ ծառայությունների մատուցման համար վճարների գանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ազգային հայտատուների համար սահմանված տուրքերի և վճարների չափերով և արժույթով` Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության իրավական մարմինների կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը պարտավորվում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցությանը վերաբերող երկկողմ համաձայնագրերում ընդգրկել դրույթներ արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության ապահովման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի կողմից միմյանց ուղարկվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու են Կողմերի արտոնագրային գերատեսչությունները`

Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը,

Ղրղզստանի Հանրապետությունում` Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մտավոր սեփականության պետական գործակալությունը:

Արտոնագրային գերատեսչությունների համագործակցության կարգը և պայմանները որոշվում են նրանց միջև` հատուկ համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրից բխող կամ դրա կատարման հետ կապված հարցերի վերաբերյալ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերի ներկայացուցիչները կխորհրդակցեն միմյանց հետ և անհրաժեշտ ջանքեր կգործադրեն այդ տարաձայնությունները կարգավորելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտի Կողմերի մասնակցությանը արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում այլ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությանը մասնակցելուն:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի ծանուցումները փոխանակելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը գործելու է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից մեկը դրա գործողության հերթական ժամանակաշրջանը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր հայտարարությամբ չտեղեկացնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված կամ տրվելիք պահպանական փաստաթղթերի գործողության վրա:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում գերակայությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հունիսի 18-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.04.1997
Համաձայնագիր