Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով,

ցանկանալով զարգացնել և հեշտացնել զբոսաշրջությունը, բեռների և ուղևորների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներն իրենց երկրների միջև և տարանցիկ փոխադրումները միմյանց տարածքներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Նախնական դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «փոխադրող» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերից մեկի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններ ու կազմակերպություններ, որոնց, Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենքների և կանոնների համաձայն, թույլատրված է կատարել ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ դրանց համար նախատեսված ավտոճանապարհներով:

2. «Ավտոտրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է մեխանիկական ճանապարհային տրանսպորտային միջոց, որը գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում և նախատեսված է`

ա) բեռների փոխադրումների համար և հանդիսանում է բեռնատար ավտոմեքենա, բեռնատար քարշակ կամ նշված ավտոմեքենա և քարշակ` կցորդով կամ կիսակցորդով,

բ) ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 8 նստատեղ` չհաշված վարորդինը:

3. «ՈՒղևորների կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորների փոխադրում նախօրոք համաձայնեցված չվացուցակով, երթուղով, որտեղ նշված են ուղևորների նստեցման և իջեցման սկզբնական, վերջնական և միջանկյալ կետերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` Պայմանավորվող կողմերի երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ` նրանց տարածքով երրորդ երկիր կամ երրորդ երկրից կատարվում են ուղևորների և բեռների փոխադրումներ, որոնք իրականացնում են Պայմանավորվող կողմերից մեկի երկրում գրանցված ավտոտրանսպորտային միջոցները միջազգային հաղորդակցության համար նախատեսված ավտոերթուղիներով:

 

ՈՒղևորների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ կազմակերպվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնությամբ:

Այդպիսի փոխադրումներ կազմակերպելու առաջարկությունները Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները վաղօրոք փոխանցում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Սույն Համաձայնագրի հիման վրա ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված փոխադրումների, պահանջվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների թույլտվությունը:

2. ՈՒղևորների ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, երբ ուղևորների նույն խումբը նույն կազմով փոխադրվում է նույն ավտոտրանսպորտային միջոցով ամբողջ ուղևորության ընթացքում, եթե`

ա) այդ ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը,

բ) այդ ուղևորությունը սկսվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, և ավարտվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ ավտոտրանսպորտային միջոցը թողնում է այդ տարածքը դատարկ վիճակում,

գ) փոխադրումը մյուս Պայմանավորվող կողմի տարածքով իրագործվում է տարանցիկ:

3. Թույլտվություն չի պահանջվում խափանված ավտոբուսի փոխարինման ժամանակ:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված փոխադրումների կատարման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ունենալ ուղևորների ցուցակը:

 

Բեռների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 5. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն Համաձայնագրի հիման վրա` Պայմանավորվող կողմերի փոխադրողներն իրավունք ունեն երկու երկրների միջև առանց թույլտվության իրագործել բեռների արտահանում-ներմուծում, ինչպես նաև կատարել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված բեռների փոխադրումը:

2. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքով տարանցիկ բեռների փոխադրման, ինչպես նաև երրորդ երկրից մյուս Պայմանավորվող կողմի տարածք և մյուս Պայմանավորվող կողմի տարածքից երրորդ երկիր փոխադրումները կիրականացվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱԶԱՏՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Թույլտվություն չի պահանջվում ավտոտրանսպորտային միջոցներով ներքոհիշյալ բեռների փոխադրման համար`

ա) ցուցահանդեսային բեռներ,

բ) մարզական մրցումների անցկացման համար մարզական բեռներ,

գ) մահացածների աճյուններ,

դ) փոստ,

ե) խափանված ավտոտրանսպորտային միջոցներ,

զ) այլ բնակավայրեր տեղափոխվելիս` անձնական տնային իրեր,

է) մարդասիրական օգնության համար նախատեսված բեռների փոխադրման դեպքում,

ը) տարերային աղետների դեպքում` օգնության համար նախատեսված բժշկական սարքավորումներ և դեղորայք,

թ) սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված փոխադրումներ:

 

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՇԸ ԵՎ ՉԱՓՍԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չպարտադրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի համար ավելի սահմանափակ պայմաններ, քան իր տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների համար սահմանվածն է:

2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի ավտոտրանսպորտային միջոցի քաշը կամ չափերը գերազանցում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում թույլատրելի առավելագույն նորմաները, ինչպես նաև, եթե փոխադրվում են Կողմերի օրենսդրությամբ վտանգավոր համարվող բեռներ, ապա նման դեպքերում ավտոտրանսպորտային միջոցների համար պահանջվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու պետական մարմնի թույլտվությունը, որի տարածքով պետք է կատարվեն փոխադրումները: Եթե նման թույլտվությունը նշում է ավտոտրանսպորտային միջոցի համար պարտադիր որոշակի երթուղի, ապա փոխադրումը թույլատրվում է միայն այդ երթուղով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերում թույլտվություններ տալու կարգը և պայմանները սահմանվում են Պայմանավորվող կողմերի պետական իրավասու մարմինների կողմից` նրանց միջև կայացած համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողին արգելվում է կատարել ուղևորների և բեռների փոխադրում երկու կետերի միջև, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան պահանջվող փաստաթղթերը պետք է գտնվեն ավտոտրանսպորտային միջոցում և ներկայացվեն իրավասու հսկող մարմիններին առաջին իսկ պահանջի դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող տրանսպորտային ծառայությունների վճարումները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՐԿԵՐ ԵՎ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարվող փոխադրումները և այդ փոխադրումները կատարող ավտոտրանսպորտային միջոցները փոխադարձաբար ազատվում են թույլտվություն տալու, ճանապարհների շահագործման և պահպանության, ավտոտրանսպորտային միջոցների պահպանության և շահագործման հետ կապված վճարումներից, ինչպես նաև փոխադրումներից ստացվող շահույթի կամ եկամուտի հարկումից:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր մուտքի հարցերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք կարգավորվում են այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերից մեկի ավտոտրանսպորտային միջոցի տիպային բաքում գտնվող վառելիքը և քսայուղերը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատվում են ներմուծման տուրքից և հարկից և ենթակա չեն ներմուծման սահմանափակումների և արգելքների` պայմանով, որ նշված բաքերը լինեն գործարանային տիպօրինակ:

3. Խափանված ավտոտրանսպորտային միջոցի նորոգման համար ներմուծված պահեստամասերը ժամանակավորապես ազատվում են ներմուծման սահմանափակումներից ու արգելքներից: Փոխարինված պահեստամասերը կա՛մ պետք է ենթարկվեն մաքսազերծման, կա՛մ պետք է վերադարձվեն, կա՛մ ոչնչացվեն համապատասխան մաքսային մարմինների հսկողության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրի հիման վրա կատարվող փոխադրումն իրականացվում է փոխադրողի քաղաքացիական պատասխանատվության` նախօրոք պարտադիր ապահովագրման պայմանով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Սույն Համաձայնագրում և այլ միջազգային համաձայնագրերում, որոնց անդամ են Պայմանավորվող կողմերը, չկարգավորված հարցերի նկատմամբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի փոխադրողները և վարորդները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ընթացքում պարտավոր են կատարել նրա օրենքները և կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի վարորդների կամ փոխադրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև գործող օրենքների, ճանապարհային երթևեկության կանոնների և փոխադրման կարգի խախտման դեպքում տվյալ երկրի իրավասու մարմինները, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, պարտավոր են, մյուս երկրի իրավասու մարմինների խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, կատարել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը.

ա) անել նախազգուշացում խախտող փոխադրողին,

բ) ժամանակավոր կամ ընդմիշտ արգելել փոխադրողին` աշխատել այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը,

գ) եթե խախտումը քրեորեն հետապնդելի արարք է, տվյալ երկրի իրավասու մարմինները առաջնորդվում են իրենց երկրի օրենսդրությամբ:

2. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, որոնք կիրառել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, պետք է այդ մասին տեղյակ պահեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցառումները չպետք է հակասեն այն Պայմանավորվող կողմի գործող օրենքների ու նորմերի կատարմանը, որի տարածքում կատարվել է խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակի համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններից կստեղծվի համատեղ հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի կատարման համար իրավասու մարմիններ են`

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը,

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից` Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Դրա գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին երեք ամիս առաջ գրավոր չհայտնի մյուս Կողմին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տարընթերցման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.04.1997
Համաձայնագիր