Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով հավասարության և փոխշահավետության հիմքերի վրա երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը,

ցանկանալով զբոսաշրջության բնագավառում հաստատել առավել արդյունավետ երկկողմ համագործակցություն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կաջակցեն զբոսաշրջիկության երկկողմ զարգացմանը` երկու երկրների զբոսաշրջիկների փոխադարձ այցերի համար անհրաժեշտ հնարավորություններ ապահովելու ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կնպաստեն զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների աճին, համապատասխան երկրների զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների և ֆիրմաների սերտ համագործակցության ճանապարհով, փոխադարձության հիման վրա կտարածեն զբոսաշրջային բնագավառի հրատարակություններ և գովազդային նյութեր, մասնավորապես, ֆիլմեր, տեսաձայնային արտադրանք` կինոհեռուստամիջոցների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համապատասխան դեսպանատների միջոցով կաջակցեն միմյանց զբոսաշրջությանը վերաբերող տեղեկատվության տարածման գործում և կապահովեն փորձագետների, տեղեկատվության և ցուցանմուշների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Գովազդային նյութերը, ներառյալ զբոսաշրջիկության զարգացմանն ուղղված զբոսաշրջային ցուցահանդեսների նյութերը և զբոսաշրջային ֆիլմերն, ազատվում են մաքսային և ներմուծմանը վերաբերող այլ տուրքերից, համաձայն 1954 թվականի հունիսի 4-ին Նյու-Յորքում ստորագրված Զբոսաշրջության բնագավառում մաքսային արտոնությունների վերաբերյալ Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության դրույթներում ամրագրված` զբոսաշրջային գովազդային գործունեության և նյութերի ներմուծման վերաբերյալ կետերի, եթե Կողմերից յուրաքանչյուրը ստորագրել է այդ Կոնվենցիան, կամ Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կուսումնասիրեն հյուրանոցների շինարարության ու մենեջմենթի և զբոսաշրջային այլ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, քանի որ դա երկու պետություններում առաջնային է զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը, ազգային օրենսդրության համաձայն, կխրախուսեն համագործակցությունը այդ ուղղությամբ` համապատասխան արտոնությունների տրամադրման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կուսումնասիրեն համատեղ համագործակցության հնարավորությունները զբոսաշրջիկության հատվածի ներդրումների ոլորտում և, այդ նպատակով, կկատարեն փորձագետների և երկու երկրների զբոսաշրջային բնութագրերը ներկայացնող հրատարակությունների փոխանակում:

Կողմերը կզարգացնեն զբոսաշրջության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և ներդրումային այլ ծրագրերով շահագրգիռ կազմակերպությունների և իրավասու մարմինների ցանցը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կփոխանակեն միջազգային զբոսաշրջային համագործակցության բնագավառին, ներառյալ Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը (ՀԶԿ) մասնակցելուն, առնչվող տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ, կքննարկեն զբոսաշրջության ոլորտում կրթության և ուսուցման տեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, այս բնագավառում աշխատող անձնակազմի համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի կատարման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության կողմից` Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի և զբոսաշրջության պետական գործակալության վրա:

Հարկ եղած դեպքում, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի և զբոսաշրջության պետական գործակալությունը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կճշտեն սույն Համաձայնագրի կատարման եղանակները:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց ծանուցելու պահից:

Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս հինգ տարով, եթե Կողմերից որևէ մեկը, սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում Համաձայնագրի ռուսերեն տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 19-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.04.1997
Համաձայնագիր