Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

 

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը,

ղեկավարվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ցանկությամբ,

հիմնվելով Հյուպատոսական հարաբերությունների վերաբերյալ 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիայի դրույթների վրա,

պայմանավորվեցին ստորագրել սույն Հյուպատոսական կոնվենցիան և այդ նպատակով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՄԱՍ I

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիայում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է` գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,

2) «հյուպատոսական շրջան» նշանակում է` գտնվելու պետության շրջանը, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին` հյուպատոսական գործառույթներ կատարելու համար,

3) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է` անձ, որը ներկայացվող պետության կողմից լիազորված է հյուպատոսական հիմնարկը ղեկավարելու համար,

4) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է` անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական գործառույթների կատարումը,

5) «հյուպատոսական հիմնարկի աշխատակից» նշանակում է` անձ, որը հյուպատոսական հիմնարկում կատարում է վարչական և տեխնիկական կամ սպասարկման գործառույթներ,

6) «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» նշանակում է` հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ,

7) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի աշխատողների մոտ հատուկ մասնավոր ծառայության համար վարձված անձ,

8) «հյուպատոսական շինություններ» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի օգտագործման համար հատուկ տրամադրված շենքեր կամ շենքերի մասեր և տվյալ շենքը սպասարկող հողամաս` անկախ այն բանից, թե ում է պատկանում դրանց սեփականության իրավունքը,

9) «հյուպատոսական արխիվ» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի բոլոր պաշտոնական թղթերը, փաստաթղթերը, թղթակցությունը, ծածկագրերը գաղտնագրերը, ռեեստրները և տեխնիկական բնույթի աշխատանքային սարքավորումները, ինչպես նաև այն սարքավորումները, որոնք նախատեսված են դրանց ապահով պաշտպանության համար,

10) «ներկայացվող պետության քաղաքացի» նշանակում է` ցանկացած ֆիզիկական անձ, որն ունի ներկայացվող պետության քաղաքացիություն,

11) «ներկայացվող պետության նավ» նշանակում է` նավ, բացառությամբ ռազմանավերի, որը, ներկայացվող պետության օրենսդրության համապատասխան, իրավունք ունի նավարկելու ներկայացվող պետության դրոշի տակ,

12) «ներկայացվող պետության օդանավ» նշանակում է` օդանավ, բացառությամբ թռչող ռազմական սարքերի, որը գրանցված է ներկայացվող պետությունում և ունի այդ պետության տարբերանշանները:

 

ՄԱՍ II ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԲԱՑՈՒՄԸ

 

1. Ներկայացվող պետությունը ընդունող պետության տարածքում կարող է հյուպատոսական հիմնարկ բացել միայն այդ պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը, կարգը և հյուպատոսական շրջանը, ինչպես նաև դրանց հետ կապված ցանկացած փոփոխություն որոշվում են ներկայացվող և ընդունող պետությունների միջև փոխհամաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Նախքան հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը ներկայացվող պետությունը դիվանագիտական ուղիներով պետք է հավաստիանա, որ տվյալ անձը կստանա նրան որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ճանաչելու մասին ընդունող պետության համաձայնությունը:

Եթե ընդունող պետությունը նման ճանաչման համաձայնություն չի տալիս, ապա նա պարտավոր չէ ներկայացնել մերժման դրդապատճառները:

2. Համաձայնություն ստանալուց հետո ներկայացվող պետությունը պետք է դիվանագիտական ուղիներով ընդունող պետությանն ուղարկի հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման մասին արտոնագիր: Արտոնագրում նշվում են հյուպատոսական հիմնարկի ղեկավարի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը, հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը և հյուպատոսական շրջանը:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման մասին հյուպատոսական արտոնագիրն ստանալով` ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ամենակարճ ժամկետում տալիս է էկզեկվատուրա կամ հայտագրով (նոտայով) տեղեկացնում է իր գործառույթների կատարման թույլտվության մասին:

4. Ընդունող պետության կողմից գրավոր համաձայնությունն ստանալուց անմիջապես հետո հյուպատոսության հիմնարկի ղեկավարը կարող է անցնել իր գործառույթների կատարմանը: Նախքան հաստատում ստանալը հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, ընդունող պետության համաձայնությամբ, կարող է ժամանակավորապես կատարել գործառույթները, ինչի մասին տեղեկացնում են ընդունող պետության իրավասու իշխանությունները:

5. Ընդունող պետության իրավասու իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա կատարել իր գործառույթները և օգտվել սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄ

 

1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը որևէ պատճառով չի կարողանում կատարել իր գործառույթները, կամ եթե այդ պաշտոնը թափուր է, ներկայացվող պետությունը կարող է լիազորել ընդունող պետության տվյալ կամ մեկ ուրիշ հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձի կամ ընդունող պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի որևէ անդամի, որը կատարում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները: Ներկայացվող պետությունը ընդունող պետությանը պետք է նախօրոք տեղեկացնի հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարն օգտվում է իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով:

3. Ժամանակավորապես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատար նշանակված դիվանագիտական անձնակազմի անդամը շարունակում է օգտվել դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նախատեսված են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի Կոնվենցիայով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

1. Ներկայացվող պետությունը հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի իրավասու իշխանություններին գրավոր ձևով հայտնում է հետևյալը`

1.1. հյուպատոսական հիմնարկի աշխատողի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը, նրա ժամանման և վերջնական մեկնման կամ գործառույթների կատարման դադարեցման ժամկետները, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկում աշխատելու ժամանակաշրջանում կատարված նրանց ծառայողական դրության փոփոխությունների մասին,

1.2. հյուպատոսական հիմնարկների աշխատողների ընտանիքների անդամների և մասնավոր տնային ծառայողների ժամանման և վերջնական մեկնման ժամկետները, ինչպես նաև նրանց կարգավիճակի փոփոխությունների մասին:

2. Ընդունող պետության իրավասու իշխանությունները հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրում են համապատասխան վկայականներ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձը պետք է լինի միայն ներկայացվող պետության քաղաքացի:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԷԿԶԵԿՎԱՏՈՒՐԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Ընդունող պետությունը, պարտավոր չլինելով պատճառաբանել իր որոշումը, ցանկացած ժամանակ կարող է ներկայացվող պետությանը դիվանագիտական ուղիներով ծանուցել այն մասին, որ հյուպատոսական այս կամ այն պաշտոնատար անձը համարվում է «persona non grata», կամ որ հյուպատոսական հիմնարկի այս կամ այն աշխատակիցն համարվում է անընդունելի: Այդ դեպքում ներկայացվող պետությունը պետք է հետ կանչի տվյալ անձին:

Եթե ներկայացվող պետությունը խելամիտ ժամկետներում չի կատարում այդ պարտականությունը, ապա ընդունող պետությունը կարող է, համապատասխանաբար, չեղյալ համարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ հրաժարվել ճանաչել նրան որպես հյուպատոսական հիմնարկի աշխատողի:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատող նշանակված անձը կարող է անընդունելի հայտարարվել նախքան ընդունող պետության տարածք ժամանելը կամ, եթե նա գտնվում է ընդունող պետությունում, նախքան հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանն անցնելը: Նման դեպքերում ներկայացվող պետությունը չեղյալ է համարում նրա նշանակումը:

 

ՄԱՍ III ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձի գործառույթներն են`

1. ներկայացվող պետության և նրա ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանությունը,

2. նպաստել ներկայացվող պետության և ընդունող պետության միջև առևտրական, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի զարգացմանը,

3. օրինական բոլոր ուղիներով պարզել ընդունող պետության քաղաքական, առևտրական, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում իրավիճակը և այդ մասին տեղեկացնել ներկայացվող պետության կառավարությանը,

4. ներկայացվող պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում, որոնք չեն արգելվում ընդունող պետության օրենքներով և կանոններով, կամ որոնց իրականացման վերաբերյալ ընդունող պետությունն առարկություններ չունի:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`

1) ներկայացվող պետության օրենքներին համապատասխան` ընդունել քաղաքացիության հարցերով միջնորդություններ,

2) կատարել ներկայացվող պետության քաղաքացիների հաշվառում,

3) համաձայն ներկայացվող պետության օրենսդրության` կատարել ներկայացվող պետության քաղաքացիների ծննդյան ու մահվան գրանցումներ և տրամադրել համապատասխան վկայականներ, եթե դա չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը,

4) ներկայացվող պետության օրենսդրության համաձայն և եթե դա չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը` գրանցել ամուսնություններ և տալ ամուսնության վկայականներ` պայմանով, որ ամուսնացող երկու կողմերն էլ հանդիսանում են ներկայացվող պետության քաղաքացիներ:

2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները շահագրգիռ անձանց չեն ազատում ընդունող պետության օրենքներն ու կանոնները պահպանելու պարտականություններից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի ներկայացվող պետության քաղաքացիներին հանձնել, երկարաձգել, չեղյալ համարել անձնագրեր և այլ ճամփորդական փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացվող պետություն մեկնել ցանկացող անձանց` մուտքի արտոնագրեր և այլ համապատասխան փաստաթղթեր:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

 

1. Համաձայն ներկայացվող պետության օրենքների` հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`

1) ցանկացած անձի խնդրանքով, անկախ նրա քաղաքացիությունից, տրամադրել տարբեր փաստաթղթեր ներկայացվող պետությունում օգտագործելու համար, եթե նման փաստաթղթերի տրամադրումը չի հակասում ընդունող պետության օրենքներին և կանոններին,

2) ներկայացվող պետության քաղաքացիների խնդրանքով` նրանց տրամադրել տարբեր փաստաթղթեր ընդունող պետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործելու համար, եթե նման փաստաթղթերի տրամադրումը չի հակասում ընդունող պետության օրենքներին ու կանոններին,

3) փաստաթղթերը թարգմանել ներկայացվող կամ ընդունող պետությունների պաշտոնական լեզուներով և հաստատել այդ թարգմանությունների իսկությունը,

4) վավերացնել ներկայացվող պետության կամ ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը,

5) կազմել, հաստատել և ի պահ վերցնել ներկայացվող պետության քաղաքացիների կտակները,

6) կազմել և վավերացնել ներկայացվող պետության քաղաքացիների միջև կատարված գործարքները և ակտերը` այնքանով, որքանով այդ ակտերը և գործարքները չեն հակասում ներկայացվող պետության օրենսդրությանը և չեն վերաբերում անշարժ գույքի տիրապետման կամ փոխանցման իրավունքին,

7) կազմել և վավերացնել ներկայացվող պետության և այլ պետությունների քաղաքացիների միջև կատարված ակտերն ու գործարքները` այնքանով, որքանով այդ ակտերը և գործարքները բացառապես վերաբերում են ներկայացվող պետությունում ունեցվածքին ու իրավունքներին, ինչպես նաև գործերին, որոնք ենթակա են քննման այդ պետությունում, եթե այդ ակտերը և գործարքները չեն հակասում ընդունող պետության օրենսդրությանը,

8) տարբեր փաստաթղթերի վրա հավաստել ներկայացվող պետության քաղաքացիների ստորագրությունները,

9) ի պահ ընդունել ներկայացվող պետության քաղաքացիների ունեցվածքը և փաստաթղթերը` այնքանով, որքանով դա չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը:

2. Համաձայն սույն հոդվածի առաջին կետի` հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից կազմված, վավերացված կամ թարգմանված փաստաթղթերն ընդունող պետությունում կդիտվեն որպես համանման իրավական նշանակություն և ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր, ինչպես եթե դրանք լինեին ընդունող պետության իրավասու իշխանությունների և հիմնարկների կողմից կազմված, վավերացված կամ թարգմանված փաստաթղթեր` պայմանով, որ դրանք համապատասխանեն ընդունող պետության օրենսդրությանը:

Այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ընդունող պետության օրենսդրությամբ, այդ փաստաթղթերը պետք է վավերացվեն:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերել լիակատար օժանդակություն` ներառյալ իրավական օգնությունը:

Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել ընդունող պետության իրավասու մարմիններին` ներկայացվող պետության անհայտ կորած քաղաքացիների հետախուզմանն օժանդակելու համար:

Ընդունող պետությունը ոչ մի կերպ չի սահմանափակում ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերությունները հյուպատոսական հիմնարկի հետ և նրանց մուտքը հյուպատոսական հիմնարկ:

2. Եթե ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձը ձերբակալվել, կալանվել կամ այլ ձևով ազատազրկման է ենթարկվել հյուպատոսական շրջանի սահմաններում, ապա ընդունող պետության իրավասու իշխանություններն այդ մասին ամենակարճ ժամկետներում հայտնում են հյուպատոսական հիմնարկին:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի այցելել ներկայացվող պետության` ձերբակալված, կալանված, այլ ձևով ազատազրկման ենթարկված կամ բանտարկված քաղաքացուն, հանդիպել նրա հետ և ցուցաբերել իրավական օգնություն:

Հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով` ընդունող պետության իրավասու իշխանությունները ծանուցումից հետո երեք օրվա ընթացքում պետք է կազմակերպեն հյուպատոսական պաշտոնատար անձի հանդիպումը ներկայացվող պետության քաղաքացու հետ: Հետագա այցելությունները կարող են կատարվել համապատասխան ողջամիտ ժամանակահատվածներում:

4. Ընդունող պետության իրավասու իշխանությունները ներկայացվող պետության` ձերբակալված, կալանված կամ այլ ձևով ազատազրկման ենթարկված քաղաքացուն անհապաղ տեղեկացնում են նրա իրավունքների մասին, որոնք նշված են սույն հոդվածի առաջին և երրորդ կետերում:

5. Սույն հոդվածում շարադրված իրավունքներն իրագործվում են ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան:

Սակայն ընդունող պետության օրենքների և կանոնների կիրառումը չպետք է սահմանափակի սույն հոդվածում նախատեսված իրավունքների իրագործումը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ

 

1. Համապատասխան տեղեկատվություն ունենալու դեպքում ընդունող պետության իրավասու իշխանությունները հյուպատոսական պաշտոնատար անձին հայտնում են ներկայացվող պետության քաղաքացու համար խնամակալի և հոգաբարձուի նշանակման անհրաժեշտության մասին:

2. Առաջին կետում նշված հարցի վերաբերյալ հյուպատոսական պաշտոնատար անձը համագործակցում է ընդունող պետության իրավասու իշխանությունների հետ և, անհրաժեշտության դեպքում, ընդունող պետության օրենսդրությանը համաձայն, ներկայացնում է որևէ անձի` խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու համար:

3. Եթե ընդունող պետության դատարանը կամ իրավասու այլ իշխանությունները կհամարեն, որ առաջարկվող անձը որպես խնամակալ կամ հոգաբարձու որևէ պատճառով անընդունելի է, հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է ներկայացնել այլ թեկնածություն:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

Եթե ընդունող պետությունում ներկայացվող պետության ֆիզիկական կամ իրավաբանական անձը բացակայության կամ այլ պատճառով չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու շահերը, հյուպատոսական պաշտոնատար անձը, առանց հատուկ լիազորագրի, կարող է այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձին ներկայացնել ընդունող պետության դատարաններում և այլ մարմիններում կամ ապահովել նրա պատշաճ ներկայացուցչությունը, մինչև տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձը նշանակի լիազոր անձանց կամ իր իրավունքների և շահերի պաշտպանությունն իր վրա վերցնի:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Տեղեկություն լինելու դեպքում ընդունող պետության իրավասու իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետներում հյուպատոսական հիմնարկին ծանուցում են ընդունող պետությունում ներկայացվող պետության քաղաքացիների մահվան բոլոր դեպքերի մասին և տրամադրում են մահվան մասին տեղեկանք կամ մահվան փաստը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

2. Այն դեպքում, եթե ներկայացվող պետության մահացած քաղաքացին ընդունող պետությունում ժառանգություն է թողել, ապա ընդունող պետության իրավասու իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետում հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են ժառանգական գույքի, ժառանգորդների, կտակառուների կազմի, ինչպես նաև կտակի առկայության մասին:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է խնդրել ընդունող պետության իրավասու իշխանությունների թույլտվությունը` նրանց կողմից սույն հոդվածի երկրորդ կետում նշված ժառանգական գույքի վերգրության և կնքելու ժամանակ ներկա գտնվելու համար:

4. Եթե ներկայացվող պետության որևէ քաղաքացի ընդունող պետությունում մահացած քաղաքացուց ժառանգության կամ գույքի ստացման իրավունք է ձեռք բերել, ապա նույնիսկ եթե ներկայացվող պետության քաղաքացին գտնվում է ընդունող պետության սահմաններից դուրս, ընդունող պետության իրավասու իշխանությունները, տեղեկատվության առկայության դեպքում, պետք է հյուպատոսական հիմնարկին ծանուցեն այն մասին, որ ներկայացվող պետության տվյալ քաղաքացին հանդիսանում է ժառանգորդ կամ կտակառու:

5. Հյուպատոսական պաշտոնատար անձը ներկայացվող պետության քաղաքացու անունից, եթե այդ քաղաքացին չի գտնվում ընդունող պետության տարածքում, կարող է դատարաններից, այլ իրավասու իշխանություններից կամ առանձին անձից ընդունել դրամ կամ այլ ունեցվածք, որոնք այդ քաղաքացուն հասնում են որևէ անձի մահվան պատճառով, ներառյալ ժառանգությունը, փոխհատուցումների վճարումն ու ապահովագրմամբ հասնող գումարները, և այդ գումարն ու ունեցվածքը հանձնել տվյալ քաղաքացուն:

6. Ներկայացվող պետության` ընդունող պետությունում ժամանակավոր գտնվող քաղաքացու մահվան դեպքում, ինչպես նաև, եթե մահացածն ընդունող պետությունում չունի բարեկամներ կամ ներկայացուցիչներ և, միևնույն ժամանակ, նրա կողմից թողնված իրերը կապված չեն որևէ պարտականությունների հետ, որոնք ընդունող պետությունում գտնվելու ժամանակ իր վրա էր վերցրել մահացածը, հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի ստանալ, պահպանել և, ըստ նշանակման, փոխանցել թողնված իրերը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԻՆ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձը հյուպատոսական շրջանի սահմաններում իրավունք ունի օգնություն ցուցաբերել ներկայացվող պետության նավին, որը գտնվում է ընդունող պետության ներքին և տարածքային ջրերում, ներառյալ նավահանգիստները և այլ խարսխային կայանները, ինչպես նաև նավի նավապետին և անձնակազմի անդամներին, այդ թվում`

1) նավ բարձրանալ, լսել նավապետի զեկուցումը նավի, բեռի, նավարկության պայմանների մասին, իսկ նավապետը և անձնակազմի անդամները կարող են հյուպատոսական պաշտոնատար անձի հետ առնչվել, երբ նավին կթույլատրվի ազատ հարաբերություններ ափի հետ,

2) առանց ընդունող պետության իրավասու իշխանությունների իրավունքները վնասելու` հետաքննել նավարկության ժամանակ տեղի ունեցած դեպքերը,

3) անհրաժեշտության դեպքում ապահովել նավապետի կամ նավի անձնակազմի անդամների բուժումը հիվանդանոցում կամ հայրենադարձությունը,

4) ընդունել, ստուգել, հանձնել, վավերացնել կամ օրինականացնել փաստաթղթերը նավի առնչությամբ,

5) այն դեպքում, երբ նավը ձեռք է բերված արտասահմանում, հանձնել ժամանակավոր վկայական, որն իրավունք է տալիս նավարկել ընդունող պետության դրոշի ներքո:

2. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման ժամանակ հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է օգնության և աջակցության համար դիմել ընդունող պետության իրավասու իշխանություններին:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ

 

1. Այն դեպքում, եթե դատարանները կամ ընդունող պետության այլ իրավասու իշխանությունները մտադիր են հարկադրանքի գործողություններ ձեռնարկել ներկայացվող պետության նավի նկատմամբ կամ պաշտոնական հետաքննություն անցկացնել նավի վրա, ապա նրանք այդ մասին նախօրոք տեղեկացնում են հյուպատոսական հիմնարկին և միայն հյուպատոսական պաշտոնատար անձի ներկայությամբ իրավունք ունեն կատարել նման գործողություններ:

2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են այն դեպքերի վերաբերյալ, երբ ընդունող պետության իրավասու իշխանությունները, առաջին կետի համաձայն, նավապետի կամ նավի անձնակազմի անդամների նկատմամբ ձեռնարկում են նմանատիպ միջոցներ ափում:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում սովորական անձնագրային, մաքսային և սանիտարական հսկողության վերաբերյալ, որն իրականացվում է ընդունող պետության իրավասու մարմինների կողմից:

4. Ընդունող պետության իրավասու իշխանությունները չեն կարող միջամտել ներկայացվող պետության նավի ներքին գործերին, բացառությամբ նավապետի կամ հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով կամ էլ իրենց համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆԱՎԻՆ

 

1. Եթե ներկայացվող պետության նավը ընդունող պետության ներքին, տարածքային ջրերում կամ մոտակա ծովային գոտում ենթարկվել է նավաբեկության, նստել է ծանծաղուտում կամ ուրիշ լուրջ վնասվածքներ ստացել, ապա ընդունող պետության իրավասու իշխանության մարմինները, հնարավորինս կարճ ժամկետում, այդ մասին տեղյակ են պահում հյուպատոսական հիմնարկին, ինչպես նաև տեղեկացնում են այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ուղևորներին, անձնակազմի անդամներին, նավը, բեռները և այլ գույքը փրկելու նպատակով:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ներկայացվող պետության աղետի ենթարկված նավին, անձնակազմի անդամներին և ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև այդ նպատակներով կարող է ընդունող պետության իշխանություններին դիմել օգնության խնդրանքով:

3. Եթե ներկայացվող պետության աղետի ենթարկված նավը, դրա սարքավորումները կամ բեռը գտնվել են ընդունող պետության ափամերձ տարածքում կամ հասցվել են այդ պետության նավահանգիստ, և, դրա հետ մեկտեղ, բացակայում են նավապետը, նավի սեփականատերը, նավային ընկերության ներկայացուցիչը կամ ապահովագրության գործակալը, կամ նրանք ի վիճակի չեն միջոցներ ձեռնարկել այդ գույքը պահպանելու կամ տնօրինելու համար, ապա ընդունող պետության իրավասու իշխանության մարմինները հնարավորինս կարճ ժամկետում այդ մասին տեղյակ են պահում հյուպատոսական հիմնարկին:

Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է առանց հատուկ լիազորագրի ներկայացվող պետության նավի սեփականատիրոջ անունից միջոցներ ձեռնարկել` պահպանելու կամ տնօրինելու աղետի ենթարկված նավը և դրանից առանձնացված գույքը:

4. Ներկայացվող պետության վնասված նավը, ինչպես նաև դրա բեռը, սարքավորումները և մթերքը, որոնք բերված չէին ընդունող պետությունում վաճառելու կամ օգտագործելու նպատակով, ընդունող պետության կողմից ազատվում են մաքսային տուրքերից և նմանատիպ այլ գանձումներից:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԸ

 

Սույն Կոնվենցիայի 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները, որոնք վերաբերում են ներկայացվող պետության նավին, հավասար կերպով կիրառվում են նաև օդանավի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

Ընդունող պետության տարածքում հյուպատոսական հիմնարկն իրավունք ունի կատարել հյուպատոսական գանձումներ, ինչպես նաև գանձել հյուպատոսական ծառայությունների հետ կապված լրացուցիչ ծախսերի համար փոխհատուցման գումարներ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է հյուպատոսական գործառույթներ իրականացնել միայն իր հյուպատոսական տարածաշրջանում: Ընդունող պետության համաձայնությամբ նա կարող է հյուպատոսական գործառույթներ իրականացնել իր հյուպատոսական տարածաշրջանից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Իր գործառույթների իրականացման կապակցությամբ հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել հյուպատոսական տարածաշրջանի իրավասու իշխանություններին, ինչպես նաև ընդունող պետության կենտրոնական իրավասու մարմիններին` այնքանով, որքանով դա թույլատրվում է այդ պետության օրենքներով, կանոններով և սովորույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

1. Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը հայտնում է հյուպատոսական գործառույթներն իրականացնող դիվանագիտական անձնակազմի անդամների լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը:

2. Սույն Կոնվենցիայում նախատեսված հյուպատոսական պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները տարածվում են ներկայացվող պետության դիվանագիտական անձնակազմի այն անդամների վրա, որոնց հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարումը այդ ներկայացուցչությունում:

3. Դիվանագիտական անձնակազմի անդամները, որոնց հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարումը, շարունակում են օգտվել այն իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նախատեսված են համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի Կոնվենցիայի:

 

ՄԱՍ IV ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 24. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկին տրամադրում է բոլոր հնարավորությունները` հյուպատոսական գործառույթներ իրականացնելու համար: Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի աշխատողներին տրամադրում է իր պաշտպանությունը և անհրաժեշտ բոլոր միջոցներն է ձեռնարկում, որպեսզի հյուպատոսական հիմնարկի աշխատողները, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարողանան կատարել իրենց պարտականությունները և օգտվեն իրենց արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ներկայացվող պետությունը կամ նրա կողմից լիազորված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ընդունող պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունի որպես սեփականություն ձեռք բերել, վարձել, կառուցել կամ այլ միջոցներով ձեռք բերել հյուպատոսական շինություններ, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի համար նստավայր, ինչպես նաև բնակելի շինություններ հյուպատոսական ցանկացած պաշտոնատար անձի և ընդունող պետության քաղաքացի չհանդիսացող ցանկացած աշխատակցի համար:

2. Համաձայն սույն հոդվածի առաջին կետի դրույթների` ընդունող պետությունը ներկայացվող պետությանը օգնություն է ցուցաբերում հյուպատոսական շինություններ ձեռք բերելու գործում և, անհրաժեշտության դեպքում, նաև աջակցում է ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների համար համապատասխան բնակելի շինություններ ձեռք բերելուն:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները ներկայացվող պետությանը չեն ազատում ընդունող պետության տվյալ տարածաշրջանի շինությունների և քաղաքի պլանավորման վերաբերյալ օրենքների և կանոնների պահպանումից, որոնք կիրառվում են այն շրջանում, որտեղ գտնվում են համապատասխան հողամասերը, շինությունները, շինության մասերը և օժանդակ շինությունները:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Ներկայացվող պետությունն իրավունք ունի հյուպատոսական հիմնարկի շենքերի վրա ամրացնել իր զինանշանը և հյուպատոսական հիմնարկի անվանումով վահանակ` ներկայացվող պետության և ընդունող պետության լեզուներով:

2. Ներկայացվող պետությունն իրավունք ունի հյուպատոսական հիմնարկի շենքերի, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրի և նրա` պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա բարձրացնել իր պետական դրոշը:

3. Սույն հոդվածում նախատեսված իրավունքները կատարելիս պետք է հաշվի առնվեն ընդունող պետության օրենքները, կանոնները և սովորույթները:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսական շինություններն անձեռնմխելի են: Առանց ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կամ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի թույլտվության ընդունող պետության իշխանությունները չեն կարող մուտք գործել հյուպատոսական շինություններ:

2. Հյուպատոսական շինություններում հրդեհի կամ այլ տարերային աղետների առաջացման դեպքում, որը սպառնալիք է հանդիսանում քաղաքացիների անվտանգությանը և գույքի պահպանմանը, ինչպես նաև շրջակայքում գտնվող ընդունող պետության շենքերին, այդպիսի համաձայնությունը պետք է տրվի ամենակարճ ժամկետներում:

3. Հյուպատոսական հիմնարկի և հյուպատոսական հիմնարկի աշխատողների փոխադրամիջոցները խուզարկության, ձերբակալման և կատարողական գործողությունների դեպքում օգտվում են անձեռնմխելիությունից:

4. Ընդունող պետության վրա հատուկ պարտավորություն է դրված` անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հյուպատոսական շինությունները ներխուժումից և վնաս պատճառելուց պաշտպանելու, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի անդորրի խախտումը կամ նրա արժանապատվության վիրավորման որևէ փորձ կանխելու համար:

5. Սույն հոդվածի առաջին և չորրորդ կետերի դրույթները նույնպես տարածվում են հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակելի շինությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Անկախ ժամանակից և գտնվելու վայրից` հյուպատոսական արխիվներն անձեռնմխելի են:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդունող պետությունը պետք է թույլատրի և պահպանի հյուպատոսական հիմնարկի հարաբերությունների ազատությունը բոլոր պաշտոնական նպատակների համար: Ներկայացվող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև մյուս հյուպատոսական հիմնարկների հետ հարաբերությունների ժամանակ հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել կապի բոլոր հարմար միջոցներից, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական ծանրոցները և գաղտնագրված կամ ծածկագրված ճեպագրերը: Հյուպատոսական հիմնարկը կարող է ռադիոհաղորդիչ տեղակայել և դրանից օգտվել միայն ընդունող պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է: Հյուպատոսական փոստը չպետք է բացվի կամ կալանվի: Հյուպատոսական ծանրոցը պետք է կնքվի և ունենա դրա բնույթը ցույց տվող տեսանելի արտաքին նշաններ և կարող է պարունակել միայն պաշտոնական գրագրություն, փաստաթղթեր և բացառապես հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

3. Հյուպատոսական սուրհանդակ կարող է լինել միայն ներկայացվող պետության քաղաքացին: Նա պետք է ունենա իր անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: Հյուպատոսական սուրհանդակը, գտնվելով ընդունող պետության տարածքում, օգտվում է նույնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, ինչպիսիք ունի դիվանագիտական սուրհանդակը:

4. Հյուպատոսական ծանրոցը կարող է վստահվել ներկայացվող պետության օդանավի հրամանատարին կամ նավապետին: Հրամանատարը կամ նավապետը օժտվում են պաշտոնական փաստաթղթով, որի մեջ նշվում է ծանրոցը կազմող տեղերի թիվը, սակայն նա չի համարվում հյուպատոսական սուրհանդակ: Ընդունող պետության համապատասխան իշխանությունների հետ համաձայնեցնելով` հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է հյուպատոսական փոստն անմիջականորեն և անարգել ընդունել կամ փոխանցել օդանավի հրամանատարին կամ նավապետին:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի աշխատողներին հյուպատոսական շրջանի տարածքում թույլատրում է փոխադրության ազատություն այնքանով, որքանով դա չի հակասում ընդունող պետության այն գոտիների վերաբերյալ օրենքներին և կանոններին, որտեղ մուտքն արգելված կամ սահմանափակված է պետական անվտանգության նկատառումներով:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձինք օգտվում են անձնական անձեռնմխելիությունից: Նրանք ենթակա չեն որևէ ձևով ձերբակալման կամ կալանավորման: Ընդունող պետությունը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել հյուպատոսական պաշտոնատար անձանց նկատմամբ և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց անձի, ազատության, պատվի ու արժանապատվության նկատմամբ կատարվող ոտնձգությունները կանխելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 32. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք օգտվում են ընդունող պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, բացառությամբ հետևյալ քաղաքացիական հայցերի`

ա/ որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից կնքված պայմանագրից, որով նա ուղղակի կամ անուղղակի չի գործում ներկայացվող պետության անունից,

բ/ որոնք հարուցվում են ընդունող պետությունում ճանապարհային փոխադրամիջոցի, նավի կամ օդանավի առաջացրած այն վնասի հետևանքով, որի հատուցումը պահանջել է երրորդ անձը:

2. Այն դեպքում, եթե ընդունող պետությունը կատարողական միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի առաջին կետում շարադրված դրույթների կապակցությամբ, ապա հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձանց անձնական անձեռնմխելիությունը և նրանց բնակելի շենքերի անձեռնմխելիությունը ենթակա չեն խախտման:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները ենթակա չեն ընդունող պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորությանը նրանում, ինչը վերաբերում է նրանց աշխատանքային գործունեությանը, բացառությամբ քաղաքացիական հայցերի, որոնք շարադրված են սույն հոդվածի առաջին կետի առաջին և երկրորդ ենթակետերում:

4. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները ենթակա չեն ոչ որևէ ձևով կալանավորման, ոչ ազատազրկման այլ կերպ, քան դատական իշխանությունների կողմից ներկայացված` գործողությունների կատարման համար մեղադրանքով, որոնք պատժվում են տվյալ պետության օրենքներով կամ օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռի հիման վրա:

Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կալանավորման կամ ձերբակալության դեպքում ընդունող պետությունը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել հյուպատոսական հիմնարկի ղեկավարին:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձը պարտավոր չէ որպես վկա ցուցմունքներ տալ:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցը կարող է կանչվել ընդունող պետության դատարանների կամ այլ իրավասու իշխանությունների առջև` որպես վկա ցուցմունքներ տալու համար: Նա կարող է հրաժարվել ծառայողական գործունեության հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց:

Սակայն, բոլոր դեպքերում, հյուպատոսական հիմնարկի աշխատակցի նկատմամբ հարկադրանքի որևէ միջոց չի կարող կիրառվել:

3. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, որոնց պետք են հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ցուցմունքները, պետք է խուսափեն նրա աշխատանքային պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց: Նրանք կարող են, երբ դա հնարավոր է, այդ աշխատակցից ցուցմունքներ վերցնել հյուպատոսական շենքում կամ նրա տանը կամ էլ` նրանցից գրավոր ցուցմունքներ ստանալ:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԱԶԱՏՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Հյուպատոսական հիմնարկի աշխատողները ընդունող պետությունում ազատվում են աշխատանքային ու հասարակական բոլոր պարտականություններից և զինապարտությունից: Նրանք նաև ազատվում են ընդունող պետության օրենքներով ու կանոններով նախատեսված բոլոր պարտավորություններից, որոնք վերաբերում են օտարերկրյա պետությունների քաղաքացիների գրանցմանը, բնակության թույլտվությանը, աշխատանքային գործունեությանը և նման այլ պահանջներին` այնքանով, որքանով դրանք վերաբերում են ներկայացվող պետության համար կատարվող աշխատանքներին:

 

ՀՈԴՎԱԾ 35. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ

 

1. Հյուպատոսական շինությունները և հյուպատոսական հիմնարկի աշխատողի բնակելի շինությունները, որոնց սեփականատերը կամ վարձակալը հանդիսանում է ներկայացվող պետությունը կամ նրա անունից գործող ցանկացած անձ, ինչպես նաև տվյալ ունեցվածքի ձեռք բերման հետ կապված գործարքները կամ փաստաթղթերը ազատվում են բոլոր պետական, շրջանային և տեղական (մունիցիպալ) հարկերից, գանձումներից ու տուրքերից:

2. Ներկայացվող պետության սեփականություն հանդիսացող կամ նրա տիրապետման կամ օգտագործման տակ գտնվող և հյուպատոսական նպատակներով օգտագործման համար նախատեսված շարժական գույքն ազատվում է հարկերից և այլ նմանատիպ գանձումներից:

Սույն դրույթները տարածվում են նաև հյուպատոսական նպատակներով այդպիսի գույք ձեռք բերելու դեպքերում:

3. Հյուպատոսական գանձումները և հյուպատոսական ծառայությունների կատարման հետ կապված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման գումարները, որոնք հյուպատոսական հիմնարկի կողմից գանձվում են ընդունող պետության տարածքում, ազատվում են բոլոր տեսակի հարկերից և գանձումներից:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն տարածվում`

ա) այն վճարումների վրա, որոնք գանձվում են կոնկրետ ծառայությունների համար,

բ) այն հարկերի վրա, որոնք, ընդունող պետության օրենսդրության համաձայն, գանձվում են այն անձից, որը գործարք է կատարել ներկայացվող պետության կամ նրա ներկայացուցչի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿՈՒՄԻՑ

 

1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողներն ազատվում են ընդունող պետության պետական, տեղական (մունիցիպալ) բոլոր հարկերից, բացառությամբ`

1) անուղղակի հարկերի, որոնք մտնում են ապրանքների և ծառայությունների արժեքի մեջ,

2) ընդունող պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի հարկերի, այն հանումներով, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի առաջին կետի դրույթներով,

3) ժառանգության գույքի հարկերի, ժառանգությունը ստանալու հարկերի կամ ժառանգման և դրա փոխանցման հարկերի, որոնք գանձվում են ընդունող պետության կողմից` սույն Կոնվենցիայի 38-րդ հոդվածում նախատեսված հանումներով,

4) ընդունող պետության մասնավոր եկամուտների աղբյուրների հարկերի և գանձումների, որոնք կապված չեն իրենց ծառայողական գործունեության հետ,

5) սպասարկման կոնկրետ ձևերի համար գանձվող գանձումների,

6) գրանցման, դատական և ռեեստրային տուրքերի, հիպոթեքային և դրոշմատուրքերի, սույն Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նախատեսված հանումներով:

2. Աշխատավարձը, որը ներկայացվող պետության կողմից ստանում են հյուպատոսական հիմնարկի աշխատողները, ենթակա չէ հարկման կամ այլ գանձումների, որոնք գանձվում են աշխատավարձից, համաձայն ընդունող պետության օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Ընդունող պետությունը, համաձայն իր ընդունած օրենքների և կանոնների, թույլատրում է ներմուծումը և արտահանումը, ինչպես նաև ազատում է բոլոր մաքսային տուրքերից, բացառությամբ պահպանման, փոխադրման և նմանատիպ ծառայությունների գանձումների`

ա) այն իրերը, որոնք նախատեսված են հյուպատոսական հիմնարկի ծառայողական օգտագործման համար, ներառյալ նրա փոխադրամիջոցները,

բ) հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման իրերը, ներառյալ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կացարանների սկզբնական կահավորման համար անհրաժեշտ առարկաները:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձի անձնական ուղեբեռը ազատվում է մաքսային զննումից: Այն կարող է զննման ենթարկվել միայն այն դեպքում, եթե ընդունող պետության իրավասու իշխանությունները բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ այն պարունակում է այնպիսի իրեր, որոնք տարբերվում են տվյալ հոդվածի առաջին կետի երկրորդ ենթակետում նշվածներից, որոնց ներմուծումը կամ արտահանումը արգելված է ընդունող պետության օրենքներով և կանոններով, ինչպես նաև այն իրերը, որոնք ընկնում են կարանտինային կանոնների տակ:

Զննումը պետք է կատարվի տեղում` համապատասխան հյուպատոսական պաշտոնատար անձի ներկայությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 38. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

 

Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում ընդունող պետությունը`

ա) թույլատրում է մահացած անձի շարժական գույքի արտահանումը` բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել ընդունող պետությունում, և որի արտահանումն արգելված է եղել նրա մահվան պահին,

բ) չի գանձում պետական, շրջանային կամ տեղական (մունիցիպալ) ժառանգության ոչ մի հարկ կամ տուրք այն շարժական գույքի համար, որն ընդունող պետություն է ներմուծվել կամ ձեռք է բերվել բացառապես այն կապակցությամբ, որ մահացած անձն այդ պետությունում եղել է որպես հյուպատոսական հիմնարկի աշխատող կամ նրա ընտանիքի անդամ:

 

ՀՈԴՎԱԾ 39. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձանց ընտանիքների անդամները և հյուպատոսական հիմնարկի աշխատողների ընտանիքների անդամները օգտվում են համապատասխան արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնցից օգտվում են հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձինք և աշխատողները` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, բացառությամբ սույն Կոնվենցիայի 40-րդ հոդվածի երկրորդ կետում նշված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 40. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՉՕԳՏՎՈՂ ԱՆՁԻՆՔ

 

1. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները, եթե նրանք հանդիսանում են ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիություններից այն չափով, որը նրանց տրամադրում է ընդունող պետությունը, բացառությամբ 33-րդ հոդվածի երկրորդ կետով նախատեսված դեպքերի:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների ընտանիքների անդամները, եթե նրանք հանդիսանում են ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվող անձինք, օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիություններից միայն այն չափով, որը նախատեսում է ընդունող պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 41. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

1. Ներկայացվող պետությունը կարող է հրաժարվել սույն Կոնվենցիայի 32-րդ և 33-րդ հոդվածներում նշված արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնցից օգտվում են հյուպատոսական հիմնարկի համապատասխան աշխատակիցները: Այդպիսի հրաժարումը բոլոր դեպքերում պետք է որոշակիորեն արտահայտված լինի և այդ մասին ընդունող պետությանը պետք է հայտնվի գրավոր:

2. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կողմից դատական գործի հարուցումը այն դեպքում, երբ նա կարող էր օգտվել իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, նրան զրկում է իրավազորության նկատմամբ անձեռնմխելիության վրա հիմնվելու իրավունքից հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հանդիպակաց հայցի առնչությամբ:

3. Քաղաքացիական կամ վարչական գործի առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից հրաժարվելը չի նշանակում հրաժարվել դատական որոշման արգասիք հանդիսացող կատարողական գործողությունների նկատմամբ անձեռնմխելիությունից: Նման հրաժարման համար անհրաժեշտ է առանձին գրավոր ծանուցում:

 

ՀՈԴՎԱԾ 42. ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐԳՈՒՄ

 

1. Արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվող բոլոր անձինք, համաձայն սույն Կոնվենցիայի, պարտավոր են, առանց իրենց արտոնություններին և անձեռնմխելիություններին վնասելու, հարգել ընդունող պետության օրենքները և կանոնները, ներառյալ այն օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են փոխադրամիջոցների շարժումը և դրանց ապահովագրությունը: Նրանք պարտավոր են նաև չխառնվել այդ պետության ներքին գործերին:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնք հանդիսանում են ներկայացվող պետության քաղաքացիներ, բացառությամբ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման, չպետք է զբաղվեն որևէ այլ մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ:

 

ՄԱՍ V

ԵԶՐԱՓԱԿԻՉ

 

ՀՈԴՎԱԾ 43. ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, Կոնվենցիայի տեքստում կարող են լրացումներ և փոփոխություններ կատարել, որոնք ուժի մեջ են մտնում սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 44. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման ընթացքում առաջացած տարաձայնությունները և վեճերը լուծվում են տարբեր մակարդակներում բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 45. ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հաստատող ծանուցագրերի փոխանակման պահից 30 օր անց:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչ այն պահը, երբ Կողմերից մեկը դրա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր կծանուցի Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման համար օգտագործվում է ռուսերեն տեքստը:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
03.05.1997
Հյուպատոսական կոնվենցիա