Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով այն վտանգը, որ երկու երկրների համար պարունակում են բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները,

ընդունելով, որ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցությունը կարող է նպաստել երկու պետությունների բարեկեցությանն ու անվտանգությանը,

հաշվի առնելով այն օգուտը, որ Կողմերի համար կարող է ունենալ արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման բնագավառում գիտատեխնիկական տեղեկության փոխանակումը,

ելնելով երկու երկրների փոխկապակցված էկոլոգիական համակարգերի առկայությունից, որոնք պահանջում են համաձայնեցված քաղաքականության վարում արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև շրջակա միջավայրի փոխադարձ համաձայնեցված մոնիտորինգի կազմակերպման հարցերում,

հաշվի առնելով երկու երկրների տարածքները նմանատիպ տարերային աղետների ծագման սպառնալիքի ենթակա լինելը,

նկատի ունենալով այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնք չեն կարող վերացվել Կողմերից մեկի ուժերով ու միջոցներով, և դրանից բխող արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով Կողմերի համակարգված գործողությունների պահանջները,

հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության, մյուս միջազգային կազմակերպությունների դերը արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման բնագավառում,

հարգելով ու ընդունելով համընդհանուր ճանաչման արժանացած այն նորմերն ու կանոնները, որոնք գործում են համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց անդամ են Կողմերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.

«արտակարգ իրավիճակ»` որոշակի տարածքում ստեղծված իրադրություն, որն առաջացել է այնպիսի վթարի, վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ այլ աղետի հետևանքով, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են մարդկային զոհերի, մարդկանց առողջության կամ շրջակա բնական միջավայրի վնասի, զգալի նյութական կորստի և կենսագործունեության պայմանների խախտում,

«հարցում անող Կողմ»` այն Կողմը, որը դիմում է մյուս Կողմին` համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձված օգնության խմբեր ուղարկելու խնդրանքով,

«տրամադրող Կողմ»` այն Կողմը, որը բավարարում է համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձված օգնության խմբեր ուղարկելու մյուս Կողմի խնդրանքը,

«օգնության խմբեր»` մասնագետների խմբեր (այդ թվում` զինվորական անձնակազմ), որոնք կոչված են օգնություն ցույց տալու և անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար,

«հանդերձանք»` օգնություն ցույց տալու համար օգտագործվող նյութեր, տեխնիկական միջոցներ, տրանսպորտային միջոցներ, օգնության խմբի հանդերձանք և անձնական հանդերձանք,

«ապահովման նյութեր»` նյութական միջոցներ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած բնակչության շրջանում անվճար բաշխելու համար,

«իրավասու մարմիններ»` սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերի նշանակած մարմիններ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ բնագավառներում.

1. Արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման միջոցների և մեթոդների մշակում ու կատարելագործում:

2. Տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպում.

ա) իրենց երկրների տարածքներում տեղի ունեցած բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների մասին,

բ) փոխադարձ օգնության մասին Կողմերի հարցումների և առաջարկությունների մասին, ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից օգնություն ստանալու մասին:

3. Փոխադարձ օգնության ցուցաբերում ստեղծվող արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում:

4. Արտակարգ իրավիճակների կանխմանը և դրանց առաջացման ժամանակ օգնություն ցույց տալուն Կողմերի պատրաստվածությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների ներգրավում:

Վերը նշված բնագավառներում համագործակցությունը կհիմնվի իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը ներառում է.

1) վտանգավոր տեխնածին և էկոլոգիական գործընթացների, ինչպես նաև բնական երևույթների մոնիտորինգի կազմակերպում և իրականացում,

2) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսում և դրանց հետևանքների գնահատում,

3) մասնագետների և գիտնականների փոխանակում,

4) կադրերի պատրաստում և վերապատրաստում,

5) տեղեկության և տեխնոլոգիաների փոխանակում,

6) համատեղ կոնֆերանսների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների և փրկարարական կազմավորումների վարժանքների կազմակերպում,

7) հետազոտական նախագծերի և դրանց ցուցադրումների համատեղ ծրագրավորում, մշակում և իրականացում,

8) հրապարակումների, զեկույցների և թեմատիկ ուսումնասիրությունների պատրաստում,

9) Կողմերի իրավասու մարմինների միջև կապի ապահովում,

10) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում,

11) արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման հետ կապված ցանկացած այլ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կարող են այնտեղ, որտեղ դա նպատակահարմար է, խրախուսել կառավարական հաստատությունների (ի լրումն նրանց, որոնք նշանակվում են Կողմերի կողմից որպես իրավասու մարմիններ), ինչպես նաև այլ շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու միջազգային կազմակերպությունների փոխադարձ համագործակցությունը, որոնք գործունեություն են իրականացնում արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության համար իրավասու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունը:

Վրաստանի համար իրավասու մարմին է հանդիսանում Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:

Կողմերից յուրաքանչյուրը անհապաղ տեղյակ կպահի մյուս Կողմին, եթե իրավասու մարմինը զրկվի իրավասու մարմնի լիազորություններից: Տեղեկացնող Կողմը կարճ ժամկետում, բայց տեղեկացնելու պահից 30 օրից ոչ ուշ, մյուս Կողմին կհաղորդի այն հիմնարկի անվանումը, որը կնշանակվի նախկին իրավասու մարմնի իրավահաջորդ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երկու Կողմերի իրավասու մարմինները կհաստատեն ուղղակի կապեր` սույն Համաձայնագրի կատարումը համակարգելու նպատակով:

Համատեղ գործունեությունը ծրագրավորելու և համակարգելու ու սույն Համաձայնագրի իրագործման ընթացքը քննարկելու համար, ըստ անհրաժեշտության, կանցկացվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչների հանդիպումներ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրին համապատասխան ամբողջ գործունեությունը, ներառյալ տեղեկության փոխանակումը, մասնագետների փոխանակումը, ինչպես նաև սույն Համաձայնագրի հիման վրա այլ գործունեության իրականացումը կկատարվի Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան և պայմանավորված կլինի յուրաքանչյուր Կողմի մոտ անհրաժեշտ միջոցների առկայությամբ:

Այն Կողմը, որն ընդունում է սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակցող մյուս Կողմի ներկայացուցիչներին, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարել նրանց` ընդունող Կողմի տարածքում գտնվելու հետ կապված բոլոր ծախսերը, եթե այլ բան չհամաձայնեցվի Կողմերի միջև:

Ընդունող Կողմի տարածք ուղևորվելու և հետ դառնալու համար վճարում է ուղարկող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացումն իրականացվում է այն Կողմի ուժերով ու միջոցներով, որի տարածքում դրանք առաջացել են:

Եթե արտակարգ իրավիճակի մասշտաբները այնպիսին են, որ տուժած Կողմը չի կարող ինքնուրույնաբար տեղափակել և վերացնել այն, ապա վթարային-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կատարման գործում օգնությունը ցույց է տրվում մյուս Կողմի կողմից` նրան օգնության համար պաշտոնապես դիմելու դեպքում:

Արտակարգ իրավիճակից տուժած գոտում վթարային-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող բոլոր ուժերի գործողությունների ղեկավարումն իրականացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմինը: Եթե արտակարգ իրավիճակի գոտին ընդգրկում է երկու Կողմերի պետությունների տարածքները, ապա այդ գործողությունների ղեկավարումն իրականացնում են երկու Կողմերի իրավասու մարմինները համատեղ:

Կողմերի այն ուժերն ու միջոցները, որոնք նրանք հնարավոր կհամարեն հատկացնել, կարող են ներգրավվել վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ աշխատանքների կատարման համար, կատարված ծախսերը հարցում անող Կողմի հաշվին հետագայում հատուցելու կամ անհատույց օգնության պայմանով` կախված Կողմերի պայմանավորվածությունից:

Հարցում անող Կողմը իր վրա է վերցնում այն վնասի փոխհատուցման ծախսերը, որը սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ աշխատանքներ կատարելիս հասցվել է օգնության խմբի մասնակցի առողջությանը կամ նրա մահվան դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում օգնությունը ցույց կտրվի արտակարգ իրավիճակի գոտի անհապաղ օգնության խմբեր ուղարկելով, որոնք ապահովված կլինեն մարդկանց, նյութական արժեքների փրկության և շրջակա բնական միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ հանդերձանքով ու նյութերով:

Օգնություն ցույց տալու համար ժամանող խմբերի հանդերձավորումը պետք է բավարար լինի տեղում առնվազն 72 ժամ ինքնավար գործողություններ կատարելու համար: Հետագա ժամանակամիջոցում, պաշարները վերջանալուց հետո, այդ խմբերի ապահովումը իրենց գործառույթների համար անհրաժեշտ ամեն ինչով իրականացնում է հարցում անող Կողմը, եթե Կողմերի միջև այլ բան չհամաձայնեցվի:

Օգնության խմբերը տեղավորվում են հարցում անող Կողմի հաշվին: Անհրաժեշտության դեպքում հարցում անող Կողմը նրանց ցույց է տալիս համապատասխան անհատույց բժշկական օգնություն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Օգնություն ցուցաբերելու գործում արդյունավետությունն ու անհրաժեշտ օպերատիվությունն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են օգնության խմբերի` պետական սահմանը անցնելու ժամանակ մինչև նվազագույնը սահմանափակել ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարումը:

Օգնության խմբի ղեկավարը Կողմերի սահմանապահ զորքերի ղեկավար մարմիններին ներկայացնում է տրամադրող Կողմի իրավասու մարմնի տված և օգնության խմբի ուղևորվելը հավաստող խմբային սերտիֆիկատ, խմբի անդամների ցուցակը, խմբի աշխատանքի համար նախատեսված տեխնիկայի ու գույքի ցանկը: Խմբի անդամները պետական սահմանի անցակետում ներկայացնում են անձնագրեր կամ իրենց անձը հաստատող այլ փաստաթղթեր:

Առանձնահատուկ հրատապության դեպքում սերտիֆիկատը կարող է փոխարինվել օգնության խմբի անդամների ցուցակով, որը ներառում է խմբի աշխատանքի համար նախատեսված տեխնիկայի և գույքի ցանկը: Նշված ցուցակն ու ցանկը կազմվում են անցակետում` խմբային հավաստագրի հետագա 48 ժամվա ընթացքում ձևակերպումով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը նպաստում են սույն Համաձայնագրով համագործակցություն իրականացնելու համար անհրաժեշտ օգնության խմբերի, հանդերձանքի ու ապահովման նյութերի` երկու Կողմերի տարածքներ մուտք գործելու ու տարածքներից դուրս գալու մաքսային ձևակերպմանը` իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան դյուրին ձևով և առաջնության կարգով:

Հանդերձանքը ու ապահովման նյութերը ազատվում են մաքսային վճարումներից և պետք է օգտագործվեն կամ բաշխվեն օգնության գործողությունների ժամանակ կամ էլ դրանք ավարտվելուց հետո դուրս բերվեն հարցում անող Կողմի տարածքից:

Եթե հատուկ հանգամանքների պատճառով հնարավոր չի լինում հանդերձանքն ու ապահովման նյութերը դուրս բերել, ապա տրամադրող Կողմի իրավասու մարմինները պետք է հարցում անող Կողմի մաքսային ծառայություններին իրազեկեն այդ հանդերձանքի և ապահովման նյութերի ծագման, օգտագործման չափի ու պահպանվածության, քանակի և գտնվելու վայրի մասին:

Շտապ բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում, հարցում անող Կողմի օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է նրա պետության տարածք բերել թմրանյութեր պարունակող անհրաժեշտ քանակությամբ բժշկական պատրաստուկներ: Այդպիսի բժշկական պատրաստուկները օգտագործվում են բացառապես որակյալ բժշկական անձնակազմի կողմից` յուրաքանչյուր Կողմի սահմանած կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Այն ծախսերի փոխհատուցման կարգը, որոնք կատարել են օգնության խմբերը, ներառյալ բերված հանդերձանքի կորստի կամ լրիվ կամ մասնակի ոչնչացման հետ կապված ծախսերը, կարգավորվում է Կողմերի պայմանավորվածությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Օգնություն ցույց տալու աշխատանքները ավարտվելուց հետո տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում անող Կողմի իրավասու մարմնին կատարված աշխատանքների մասին գրավոր զեկուցագիր է ուղարկում:

Հարցում անող Կողմի իրավասու մարմինը տրամադրող Կողմի իրավասու մարմնին ամփոփիչ զեկուցագիր է ուղարկում օգնության խմբերի գործունեության մասին, որում տրվում են արտակարգ իրավիճակի բնութագիրը, ստացված օգնության տեսակն ու ծավալը, կատարված աշխատանքների արդյունքները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ յուրաքանչյուր Կողմ, իր պետության օրենսդրությանը համապատասխան, կապահովի մյուս Կողմի ներկայացուցիչների իր տարածք մտնելը և այնտեղից մեկնելը, անկախ այն բանից` նրանք կապված են, թե կապված չեն իրավասու մարմինների հետ, ինչպես նաև համապատասխան հաստատություններ, կազմակերպություններ ու տեղեկատվության աղբյուրներ անհրաժեշտ մուտք գործելը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության արդյունքում ստացված տեղեկությունը, բացառությամբ այն տեղեկության, որը հրապարակման ենթակա չէ, Կողմերի գործող օրենսդրությանը համապատասխան, հրապարակվում է Կողմերի սովորական պրակտիկայի և կանոնների հիման վրա, եթե իրավասու մարմինների կողմից գրավոր այլ բան չի համաձայնեցվել:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Կողմերից որևէ մեկի համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են Համաձայնագրի տեքստում կատարել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում այն նույն ընթացակարգով, ինչ սույն Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև ծագած տարաձայնությունները և վեճերը կլուծվեն Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից տարբեր մակարդակներով անցկացվող փոխադարձ խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին ծանուցման օրվանից և գործում է 5 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունը կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից ոչ մեկը հերթական հնգամյա ժամկետը լրանալուց ոչ պակաս, քան վեց ամիս առաջ գրավոր չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի տարածվի որևիցե այնպիսի գործունեության վրա, որը սկսվել է մինչև դրա գործողության դադարեցումը, բայց չի ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելու նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի մայիսի 31-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
03.05.1997
Համաձայնագիր