Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների բարենպաստ զարգացումը,

առաջնորդվելով երկու երկրների միջև, ինչպես նաև նրանց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային հաղորդակցությունը զարգացնելու ձգտումով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվում են ուղևորների (ներառյալ` զբոսաշրջիկների) և բեռների կանոնավոր և անկանոն ավտոմոբիլային փոխադրումներ երկու երկրների միջև և նրանց տարածքներով` տարանցիկ, Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համար բաց ճանապարհներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

«Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան լիազորված է կատարել միջազգային փոխադրումներ:

«Ավտոտրանսպորտային (տրանսպորտային) միջոց» տերմինը նշանակում է.

1) բեռների փոխադրումների ժամանակ` բեռնատար ավտոմեքենա, կցորդով բեռնատար ավտոմեքենա, ավտոմոբիլային քարշակ կամ կիսակցորդով ավտոմոբիլային քարշակ, կիսակցորդ, որոնք գրանցված են Կողմերից մեկի տարածքում,

2) ուղևորների փոխադրումների ժամանակ` ավտոբուս, այսինքն` ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 8 նստատեղ` չհաշված վարորդինը, ինչպես նաև կցորդ` ուղևորների ուղեբեռները փոխադրելու համար, որոնք գրանցված են Կողմերից մեկի տարածքում:

«Թույլտվություն» (երթևեկության փաստաթուղթ) տերմինը նշանակում է փաստաթուղթ, որը Կողմերից մեկի ավտոտրանսպորտային միջոցին թույլատրում է մուտք գործել և դուրս ելնել մյուս Կողմի տարածքից:

«Քվոտա» տերմինը նշանակում է թույլտվությունների քանակ, որը ամեն տարի համաձայնեցվում է Կողմի իրավասու մարմինների կողմից:

«Կանոնավոր փոխադրումներ» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորների փոխադրումներ նախօրոք համաձայնեցված երթուղով, չվացուցակով և սակագնով` սկզբնական և վերջնական կետերի և կանգառների նշումով:

«Փակ դռներով փոխադրումներ» (զբոսաշրջային փոխադրումներ) տերմինը նշանակում է միևնույն կազմով ուղևորների խմբի փոխադրումներ նույն ավտոտրանսպորտային միջոցով, որը չի կատարում ուղևորների նստեցում և իջեցում նստեցման կետից վերադարձի կետ, ընդ որում այդ կետերը գտնվում են այն երկրի տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը:

«Տարանցիկ փոխադրումներ» տերմինը նշանակում է մի Կողմի տարածքով ուղևորների և բեռների փոխադրումներ, որոնց դեպքում մեկնման և նշանակման կետերը գտնվում են այդ Կողմի տարածքից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերից յուրաքանչյուրը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, ընդունում է մյուս Կողմի ուղևորների, նրանց ուղեբեռի, առևտրային բեռների և տրանսպորտային միջոցների առնչությամբ տարանցման իրավունքը այն երթուղիներով, որոնք կորոշվեն Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից ոչ մեկը չպետք է գանձի մուտքի կամ ելքի տուրք (ներառյալ մաքսային տուրքը) կամ հարկի տուրքերով կամ հարկերով իր տարածքում գտնվող մյուս Կողմի այն տրանսպորտային միջոցները, որոնք իրավասու մարմինների թույլտվությունների հիման վրա կատարում են պարիտետային կանոնավոր ուղևորատար և բեռնատար փոխադրումներ քվոտաների սահմաններում, բացի.

1) վճարովի ճանապարհների ցանցի ենթակառուցվածքի օգտագործման համար տուրքերից (ճանապարհների և կամուրջների օգտագործման տուրքեր)` այլընտրանքային անվճար ճանապարհների առկայության դեպքում,

2) գանձումներից, եթե տրանսպորտային միջոցի քաշը, չափը կամ բեռնվածությունը գերազանցում են Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված չափերը,

3) Կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներից մյուս Կողմի տարածք մուտք գործելու համար գանձվող հարկից:

Կողմերից մեկի տրանսպորտային միջոցները մյուս Կողմի տարածքում սահմանված քվոտաներից դուրս փոխադրումներ կատարելիս չեն ազատվում հարկերից և վճարումներից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի կառավարությունների կողմից ստեղծվում է Կողմերի ներկայացուցիչներից կազմված խառը հանձնաժողով: Խառը հանձնաժողովի իրավասության մեջ մտնում է.

1) հսկողություն սույն Համաձայնագրի կատարման ընթացքի նկատմամբ,

2) թույլտվությունների փոխանակման ձևի, քանակի, ժամանակի և եղանակի որոշում,

3) Համաձայնագրում նշված իրավասու մարմինների միջև անմիջականորեն չկարգավորված հնարավոր հարցերի լուծման ուղղությամբ առաջարկությունների ուսումնասիրություն և մշակում,

4) սույն Համաձայնագրի շրջանակներում բոլոր այլ համապատասխան հարցերի քննարկում և դրանց կարգավորման հանձնարարականների մշակում,

5) փոխադրումներին վերաբերող երկկողմ համաձայնեցման ենթակա ցանկացած այլ հարցերի քննարկում:

Խառը հանձնաժողովը հավաքվում է անհրաժեշտության դեպքում Կողմերից մեկի խնդրանքով` Հայաստանի Հանրապետությունում կամ Վրաստանում:

Խառը հանձնաժողովի նիստերում քննարկման ենթակա օրակարգը Կողմերը պատրաստում են նախօրոք` վերոհիշյալ իրավասությունների շրջանակներում:

Խառը հանձնաժողովը կարող է առաջարկել կատարելու ուղղումներ սույն Համաձայնագրի ցանկացած հոդվածում և ներկայացնել դրանք իրավասու մարմինների հաստատմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերից մեկի փոխադրողն իրականացնում է կանոնավոր երթեր կամ կանոնավոր տարանցիկ երթեր մյուս Կողմի տարածքով` մյուս Կողմի իրավասու մարմինների ամենամյա թույլտվությունը նախօրոք ստանալու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերի իրավասու մարմինները նախօրոք փոխանակում են այդպիսի փոխադրումների առաջարկությունները:

Այդ առաջարկությունները պետք է պարունակեն տեղեկություններ` փոխադրողի /ֆիրմայի/ անվանման, երթուղու, չվացուցակի, սակագների, այն կետերի մասին, որոնցում փոխադրողը պետք է կանգ առնի ուղևորների նստեցման և իջեցման համար, ինչպես նաև փոխադրումների որոշակի ժամանակահատվածի և պարբերականության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ավտոբուսով երկու երկրների միջև կամ նրանց տարածքներով` տարանցիկ, ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված փոխադրումների, պահանջվում է Կողմերի իրավասու մարմինների թույլտվությունը:

Կողմերի իրավասու մարմինները թույլտվություն կտան այն ճանապարհահատվածի համար, որն անցնում է իրենց երկրի տարածքով:

Ավտոբուսով ուղևորների յուրաքանչյուր ոչ կանոնավոր փոխադրման համար պետք է տրվի առանձին թույլտվություն, որը տալիս է մեկ ուղերթի իրավունք այնտեղ և հետ, եթե այլ բան նախատեսված չէ բուն թույլտվության մեջ:

Ձևաթղթերը պետք է ունենան թույլտվություն տվող իրավասու մարմնի կնիքը և ստորագրությունը:

Կողմերի իրավասու մարմինները միմյանց միջև համաձայնեցնում են թույլտվության ձևաթղթերի փոխանակման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Ավտոբուսներով ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումների համար թույլտվություն չի պահանջվում այն դեպքում, երբ միևնույն կազմով ուղևորների խումբը փոխադրվում է նույն ավտոբուսով ուղևորության ամբողջ ընթացքում.

ա) եթե այդ ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը,

բ) եթե այդ ուղևորությունը սկսվում է այն Կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը, և ավարտվում է մյուս Կողմի տարածքում պայմանով, որ ավտոբուսը այդ տարածքը լքում է դատարկ:

2. Թույլտվություն չի պահանջվում անսարք ավտոբուսը ուրիշ ավտոբուսով փոխարինելիս:

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադրումները կատարելիս ավտոբուսի վարորդը պետք է ունենա ուղևորների ցուցակը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի տարածքներով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումն իրականացվում է իրավասու մարմինների կողմից նախօրոք տրված թույլտվությունների և քվոտաների հիման վրա, բացառությամբ ներքոհիշյալ դեպքերի.

1) դիակի կամ աճյունի փոխադրում,

2) թատերական ներկայացումների համար դեկորի առարկաների, երաժշտական համերգների, կինոցուցադրումների և ռադիոհեռուստատեսային հաղորդումների համար անհրաժեշտ բեռների, սարքավորումների փոխադրում, կենդանիների փոխադրում,

3) անսարք կամ խափանված տրանսպորտային միջոցների փոխադրում,

4) փոստի փոխադրում,

5) օդանավակայաններ ու երկաթուղային կայարաններ և օդանավակայաններից ու երկաթուղային կայարաններից բեռների չպլանավորված փոխադրումները` ինքնաթիռի չվերթի հարկադիր փոփոխության և երկաթուղում ֆորս մաժորի դեպքում,

6) տարերային աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու համար նախատեսված նյութերի փոխադրում,

7) ցուցահանդեսների և տոնավաճառների համար` վաճառքի համար չնախատեսված նյութերի փոխադրում,

8) մարդասիրական բեռների փոխադրում,

9) խառը հանձնաժողովի համաձայնեցմանը ենթակա այլ դեպքեր:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Յուրաքանչյուր փոխադրման համար տրվում է տրանսպորտային միջոցի թույլտվություն մեկ երթի համար` այնտեղ և հետ:

Դատարկ տրանսպորտային միջոցի` մյուս Կողմի տարածք բեռնման նպատակով մուտք գործելու դեպքում պահանջվում է այն Կողմի իրավասու մարմնի թույլտվությունը, որտեղ կկատարվի բեռնումը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Թույլտվությունը գործում է մեկ տարվա ընթացքում, իսկ մյուս տարվա համար թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերին:

Այն վավերական է միայն մեկ տրանսպորտային միջոցի համար և միայն այն փոխադրողի համար, որին տրված է այդ թույլտվությունը:

Երկու Կողմերի իրավասու մարմինները պայմանավորվում են նման թույլտվություններ տալու կանոնների և ձևերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Կողմերի միջև կամ Կողմերից յուրաքանչյուրի տարածքով` տարանցիկ, զենքի, ռազմամթերքի, ռազմական հանդերձանքի և պայթուցիկ նյութերի փոխադրումը պահանջում է այդ նպատակի համար հատուկ թույլտվության ստացում:

2. Այն դեպքում, եթե վտանգավոր բեռների փոխադրումը պահանջում է հատուկ թույլտվություն, փոխադրողը այդ թույլտվությունը պետք է ստանա մյուս Կողմի իրավասու մարմիններից:

3. Ներմուծման համար արգելված, մարդկանց առողջության, կենդանիների և բույսերի համար վտանգ ներկայացնող բեռների` առանց հատուկ թույլտվության փոխադրման դեպքում փոխադրողը զրկվում է ներմուծման և տարանցման իրավունքից:

4. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թույլտվության մեջ սահմանված են փոխադրման որոշակի երթուղիներ, ապա փոխադրումներն իրականացվում են այդ երթուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Այն դեպքում, եթե բարձված և դատարկ տրանսպորտային միջոցի քաշը և չափերը գերազանցում են մյուս Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված չափերը, փոխադրողը պետք է ստանա այդ Կողմի իրավասու մարմինների հատուկ թույլտվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` միջազգային ավտոմոբիլային փոխադրումները պետք է համապատասխանեն ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին 1975 թվականի միջազգային մաքսային Կոնվենցիայի պահանջներին և գործող ազգային օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումներն իրականացվում են միայն այն փոխադրողների կողմից, որոնք, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, ստացել են միջազգային փոխադրումներ իրականացնելու իրավունքը:

Փոխադրողին տրված թույլտվությունը ենթակա չէ այլ անձանց փոխանցելու:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Միջազգային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան իրենց երկրի պետական գրանցման համարանիշներ և տարբերիչ նշաններ:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Փոխադրողին չի թույլատրվում կատարել ուղևորների և բեռների փոխադրումներ մյուս Կողմի տարածքում գտնվող երկու կետերի միջև` առանց այդ Կողմի իրավասու մարմինների հատուկ թույլտվության:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Փոխադրողն իրավունք ունի իրականացնել բեռների փոխադրում մյուս Կողմի տարածքից երրորդ երկրի տարածք, ինչպես նաև երրորդ երկրի տարածքից մյուս Կողմի տարածք` Կողմերի իրավասու մարմիններից ստացած հատուկ թույլտվության առկայության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Ավտոբուսի կամ բեռնատար ավտոմեքենայի վարորդը պետք է ունենա ազգային կամ միջազգային վարորդական իրավունքներ, որոնք համապատասխանում են իր ավտոտրանսպորտային միջոցի տեսակին, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի ազգային գրանցման փաստաթղթեր:

2. Ազգային կամ միջազգային վարորդական վկայականը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայով սահմանված դրույթներին:

3. Թույլտվությունը և մյուս փաստաթղթերը, որոնք պահանջվում են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, պետք է լինեն ավտոտրանսպորտային միջոցում, որին վերաբերում են, և ներկայացվեն ստուգող իրավասու մարմնի պահանջով:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան փոխադրումն իրականացվում է միայն փոխադրողի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր նախնական ապահովագրության պայմանով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում այն Կողմի իրավասու մարմինները, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, պարտավոր են մյուս Կողմի իրավասու մարմինների խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, անկախ իրենց երկրի գործող օրենսդրությունից կատարել հետևյալ միջոցառումներից մեկը.

ա) փոխադրողին նախազգուշացնել,

բ) փոխադրողին գրավոր զգուշացնել` հայտնելով, որ խախտումը կրկնվելու դեպքում փոխադրումներ իրականացնելու թույլտվությունը կկասեցվի որոշակի ժամկետով կամ կդադարեցվի,

գ) սույն Համաձայնագրի հիման վրա տրված թույլտվությունը կասեցնել որոշակի ժամկետով կամ դադարեցնել:

2. Կողմերի իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են ձեռնարկված միջոցառումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները ուղևորների և բեռների նկատմամբ մաքսային և այլ ընթացակարգերը առավելագույնս հեշտացնելու, պարզեցնելու և արագացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Տրանսպորտային միջոցների վառելիքի ստանդարտ բաքերում գտնվող վառելիքը ազատվում է մաքսային տուրքերից և վճարումներից: Վառելիքի ստանդարտ բաք է այն բաքը, որը պատրաստված է տրանսպորտային միջոցներն արտադրող գործարանի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Չօգտագործված պահեստամասերը ենթակա են վերադարձման, իսկ փոխարինված պահեստամասերը պետք է դուրս բերվեն երկրից կամ ոչնչացվեն կամ էլ հանձնվեն համապատասխան Կողմի տարածքում սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Կողմերի միջև տրանսպորտային կամ տարանցման գործողությունների հետ կապված վճարումը կատարվում է ազատ փոխարկելի տարադրամով և ընդունվում է Կողմերի լիազորված բանկերի կողմից` Կողմերի տարածքում գործող տարադրամի մասին օրենքներին, դրույթներին ու կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Վթարների, խափանման կամ այլ դժվարությունների դեպքերում այն Կողմի իրավասու մարմինները, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը, մյուս Կողմին տրամադրում են հետաքննության արդյունքները և այլ տեղեկություն:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի փոխադրողները և անձնակազմը մյուս Կողմի տարածքում ենթարկվում են այդ Կողմի` ճանապարհային երթևեկությունը կարգավորող օրենքներին և կանոններին:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններն են.

Հայաստանի Հանրապետությունում` տրանսպորտի նախարարությունը,

Վրաստանում` տրանսպորտի նախարարությունը, ավտոմոբիլային հաղորդակցության դեպարտամենտը և «Սաքավտոգազ» ավտոմոբիլային ճանապարհների պետական կոնցեռնը:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Դրա գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ տարով, եթե Կողմերից ոչ մեկը գործողության համապատասխան ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարընթերցման դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 6-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
03.05.1997
Համաձայնագիր