Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կանադայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հավաստելով, որ ապրանքների և ծառայությունների երկկողմ առևտրի զարգացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Կանադայի ժողովուրդների միջև համագործակցության զարգացմանը և նրանց փոխըմբռնմանը,

գիտակցելով, որ առևտուրը և առևտրային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներ են,

ճանաչելով, որ Հայաստանի Հանրապետությունում շուկայական տնտեսությանը ուղղված տնտեսական վերակառուցումը և առաջընթացը ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ երկկողմ առևտրի ընդլայնման համար,

վերահաստատելով իրենց ցանկությունը հետագայում զարգացնել առևտրային հարաբերությունները, համաձայն 1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիում ստորագրված Եզրափակիչ ակտի և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կոնֆերանսի այլ փաստաթղթերի սկզբունքների ու պայմանների և, հատկապես, Տնտեսական համագործակցության Բոննի կոնֆերանսի փաստաթղթի, կազմված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի Վիեննայի հանդիպման Եզրափակիչ փաստաթղթի համապատասխան դրույթների համաձայն,

հաշվի առնելով Կանադայի` Առևտրի համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ անդամի կարգավիճակը,

ակնկալելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող համաձայնագրին /ԱՀԿ-ի Համաձայնագիր/` այն պայմաններով, որոնք կհամաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության և ԱՀԿ անդամների միջև,

համաձայն 1976 թվականի հուլիսի 14-ին Օտտավայում ստորագրված «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցությունը խթանելու մասին» երկարաժամկետ Համաձայնագրի, 1985 թվականի հունիսի 13-ին Մոսկվայում ստորագրված «Եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին» Համաձայնագրի և 1989 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» Համաձայնագրի,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն Համաձայնագրի նպատակն է ստեղծել Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև առևտրի ու առևտրային հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ` հավասարակշռված իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև համաձայնեցված կանոնների համակարգ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

«Տարածք» տերմինը նշանակում է`

Հայաստանի Հանրապետության դեպքում` այն տարածքը, որի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը,

Կանադայի դեպքում` այն տարածքը, որի նկատմամբ գործում է Կանադայի մաքսային օրենսդրությունը, ներառյալ Կանադայի տարածքային ջրերին հարող ցանկացած տարածք, որտեղ Կանադան իրավասու է կիրառել իրավունքներ ծովի ու հողի ընդերքի և դրանց բնական ռեսուրսների առնչությամբ` համաձայն միջազգային իրավունքի և իր ներքին օրենսդրության,

«անձ» տերմինը նշանակում է տվյալ երկրի քաղաքացի կամ մշտական բնակիչ /ռեզիդենտ/ կամ որևէ իրավաբանական մարմին, որը հիմնվել է սահմանված կարգով` համաձայն գործող օրենքների, կամ երբ հիմնականում իր աշխատանքային գործունեությունը ծավալում է այդ երկրի տարածքում,

«երրորդ երկիր» տերմինը նշանակում է ցանկացած այլ երկիր, բացի Հայաստանի Հանրապետությունից կամ Կանադայից,

«տարանցում» տերմինը նշանակում է որևէ երկրի տարածքով բեռների փոխադրում, ներառելով կամ չներառելով վերաբեռնումը, պահեստավորումը, բեռնաթափումը կամ փոխադրման միջոցի կամ ձևի փոփոխությունը, երբ նման փոխադրումը մի ամբողջական ուղևորության մի մասն է միայն, որը սկսվել և ավարտվելու է այն երկրի սահմաններից դուրս, որի տարածքով անցնում է ճանապարհը,

«տեքստիլ արտադրանք» տերմինը նշանակում է մանվածքներ, գործվածքներ, պատրաստի ապրանքներ, հագուստ և այլ տեքստիլ ապրանքներ (արտադրատեսակներ, որոնց հիմնական բնութագրերը պայմանավորվում են դրանց տեքստիլ բաղադրիչներով), որոնք պատրաստված են բամբակյա, բրդյա, արհեստական մանրաթելերից կամ դրանց խառնուրդից, երբ այդ մանրաթելերից որևէ կամ դրանց համակցությունը կազմում է թելի արժեքի հիմնական մասը, կամ դրա պարունակությունը արտադրանքի մեջ կազմում է 50% և ավելի (կամ երբ բրդի պարունակությունը կազմում է 17% և ավելի), արհեստական և սինթետիկ մանրաթել, խծուծ, թափոն, հասարակ միաթել և երկթել մանրաթել, ինչպես նաև տեքստիլ արտադրանքներ, որոնք պատրաստված են բնական (բուսական) մանրաթելերից և դրանց ու վերը նշված մանրաթելերի խառնուրդից, ինչպես նաև մետաքս պարունակող մանրաթելերի խառնուրդից, որոնք անմիջապես մրցակցում են վերը նշված մանրաթելերից պատրաստված տեքստիլ արտադրանքների հետ, և որոնցում այդ մանրաթելերից որևէ մեկը կամ դրանց համակցությունը կազմում է թելի արժեքի գերակշռող մասը, կամ արտադրանքի մեջ դրանց պարունակությունը կազմում է 50 (հիսուն) % և ավելի:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԳԻ ՌԵԺԻՄ

 

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի նմանատիպ ապրանքին անմիջապես ու անպայմանորեն, անկախ ապրանքը փոխադրողի ազգությունից, պետք է տրամադրի որևէ առավելություն, բարենպաստություն, արտոնություն կամ իմունիտետ որպիսին նա տրամադրում է կամ այսուհետև կարող է տրամադրել ցանկացած երրորդ երկրի ծագում ունեցող կամ որևէ երրորդ երկրի տարածքի համար նախատեսված ապրանքին` հետևյալների առնչությամբ`

ա) մաքսատուրքերի և որևէ տեսակի հարկումների, որոնք սահմանվում են ապրանքների արտահանման կամ ներմուծման համար, կամ դրանց կապակցությամբ կատարվող վճարումների միջազգային փոխանցման համար,

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տուրքերի և վճարումների գանձման մեթոդի,

գ) ներմուծմանը կամ արտահանմանը առնչվող կանոնների և ընթացակարգերի,

դ) ներմուծված կամ արտահանված ապրանքների համար սահմանվող բոլոր ներպետական հարկերի կամ ցանկացած տեսակի ներպետական գանձումների,

ե) բոլոր օրենքների, կանոնակարգերի և պահանջների, որոնցով կարգավորվում է ներմուծված ապրանքների վաճառքը, վաճառքի առաջարկը, գնումը, փոխադրումը, բաշխումը կամ շահագործումը տվյալ Կողմի տարածքում:

2. Կողմը, նույնիսկ քվոտաների, ներմուծման կամ արտահանման արտոնագրերի կամ այլ միջոցառումների միջոցով չի կարող սահմանել կամ ձեռնարկել արգելող կամ սահմանափակող որևէ միջոցառում մյուս Կողմի ցանկացած ապրանքի ներմուծման նկատմամբ կամ մյուս Կողմի տարածք արտահանման համար նախատեսված ապրանքի կամ արտահանման նպատակով վաճառելու նկատմամբ, քանի դեռ նման ապրանքի ներմուծումը բոլոր երրորդ երկրներից կամ նման ապրանքի արտահանումը բոլոր երրորդ երկրների տարածք նմանապես չի արգելվում կամ սահմանափակվում: Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի կամ դրա անձանց հանդեպ կդրսևորի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը դրսևորում է որևէ երրորդ երկրի կամ դրա անձանց հանդեպ` բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են ապրանքների ներմուծում և արտահանում ընդգրկող գործառնություններում տարադրամի տեղադրմանը, ինչպես նաև նման գործառնությունների ընթացքում տարադրամի մասին նորմերով ղեկավարվելիս: Սույն Համաձայնագրի առավել բարենպաստ ազգի ռեժիմի վերաբերյալ դրույթները չեն կիրառվում որևէ Կողմի կողմից ներկայումս տրամադրած կամ հետագայում տրամադրվելիք արտոնությունների վրա, որոնք տրամադրվում են հետևյալների կապակցությամբ`

ա) որևէ մաքսային միությանը կամ ազատ առևտրի գոտուն Կողմերից յուրաքանչյուրի ներկայումս անդամակցելու կամ հետագայում անդամ դառնալու,

բ) արտոնությունների կամ առավելությունների, որոնք տրվում են մյուս երկրներին` համաձայն Առևտրի և սակագների գլխավոր համաձայնագրի (ԱՍԳՀ 1994) կամ ԱՀԿ համաձայնագրին համապատասխանող այլ միջազգային համաձայնագրերի,

գ) Կանադայի կողմից բրիտանական արտոնյալ սակագների (ԲԱՍ) օգտվող այլ երկրներին և դրանց ծովամերձ ենթակայություններին շնորհված առավելությունների,

դ) Հայաստանի Հանրապետության կողմից Անկախ պետությունների համագործակցության երկրներին կամ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) մաքսային տարածքում գտնվող երկրներին տրամադրվող կամ տրամադրվելիք առավելությունների,

ե) ԱՀԿ համաձայնագրի և այդ համաձայնագրով ընդունված պայմանավորվածությունների համաձայն, փոխադարձության հիման վրա, երրորդ երկրներին տրամադրվող առավելությունների:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՍՏՈՒՄ

 

1. Գործող օրենսդրության ու կանոնակարգերի համաձայն` յուրաքանչյուր Կողմ կնպաստի իր տարածքով մյուս Կողմի ապրանքների ազատ տարանցմանը միջազգային տարանցման համար ամենահարմար երթուղիներով: Մի Կողմի տարածքով տարանցվող ապրանքները, որոնք ազատված չեն մաքսային հսկողությունից և չեն առնչվում տվյալ Կողմի առևտրային գործունեությանը, չպետք է ենթարկվեն որևէ անտեղի հետաձգումների կամ սահմանափակումների և կազատվեն բոլոր տեսակի տուրքերից, հարկերից և այլ գանձումներից, բացի տարանցմանն առնչվող փոխադրման, վարչական ծախսերից կամ ծառայությունների դիմաց կատարվող գանձումներից:

2. Ինչ վերաբերում է տարանցվող ապրանքների նկատմամբ կիրառվող բոլոր գանձումներին, դրանց առնչվող կանոնակարգերին ու ընթացակարգերին, ապա յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի` իր տարածքով տարանցվող ապրանքների համար կապահովի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրում է իր տարածքով ցանկացած երրորդ երկրի տարանցվող ապրանքների նկատմամբ:

3. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տարանցվող ապրանքների նկատմամբ, որոնք տարանցվել են որևէ երրորդ երկրի տարածքով և ազատված չեն մաքսային հսկողությունից կամ չեն առնչվում նման երրորդ երկրի առևտրային գործունեությանը, կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կտրամադրեր այն ապրանքներին, որոնք կփոխադրվեին իրենց ծագման վայրից մինչև նշանակման վայրը` առանց այդ երրորդ երկրի տարածքով անցնելու:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ստանձնում է, որ եթե ինքը որևէ վայրում հիմնում կամ պահում է պետական ձեռնարկություն կամ որևէ ձեռնարկության ձևականորեն կամ գործնականում տալիս է բացառիկ կամ հատուկ արտոնություններ, ապա նման ձեռնարկությունը պետք է իր ներմուծման գնումների կամ արտահանման վաճառքների ժամանակ գործի սույն Համաձայնագրում ամրագրված ոչ խտրական ռեժիմի սկզբունքներին համապատասխան կարգով: Այս նպատակով նման ձեռնարկությունները կկատարեն որևէ ներմուծման գնում կամ արտահանման վաճառք` բացառապես համաձայն առևտրային պայմանավորվածությունների, որոնք կներառեն գինը, որակը, մատչելիությունը և այլ պայմաններ, և մյուս Կողմի ձեռնարկություններին կտրվի նմանատիպ հնարավորություն` համաձայն մաքսային առևտրի նման գործառնություններում մասնակցելու համար մրցակցելու փորձառության:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվի ապրանքների ներմուծումներին, որոնք նախատեսվում են կառավարական նպատակով անհապաղ կամ վերջնական սպառման համար և ոչ վերավաճառքի կամ վաճառքի համար նախատեսվող ապրանքների արտադրության մեջ օգտագործելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎՆԱՍԱԲԵՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի վնասում կամ սահմանափակում Կողմի իրավունքը` ընդունելու կամ կիրարկելու օրենքներ ու կանոնակարգեր, որոնք.

ա) համապատասխանում են ԱՀԿ համաձայնագրի պահանջներին, ներառյալ ԱՍԳՀ-ի (1994թ.) 6-րդ հոդվածը (հակադեմպինգային և փոխհատուցման տուրքեր), ԱՍԳՀ-ի (1994թ.) 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիրը և Սուբսիդիաների ու փոխհատուցման միջոցառումների մասին համաձայնագիրը, կամ

բ) կիրառվում են այնպիսի մեծ քանակներով ու այնպիսի պայմաններով ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք վնասում կամ սպառնում են վնասել նման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքների տեղական արտադրողներին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օրենքների կամ կանոնակարգերի համաձայն` մի Կողմի իշխանությունների կողմից հետազոտություն նախաձեռնելու մասին հայց ստանալուց հետո և որևէ այլ հետազոտություն նախաձեռնելու դեպքում մյուս Կողմին, հնարավորինս շուտ, համապատասխան խորհրդակցությունների հնարավորություն կտրվի` իրավիճակը պարզաբանելու և փոխհամաձայնեցված լուծում գտնելու նպատակով: Բացի դա, հետազոտության ընթացքում մյուս Կողմին համապատասխան հնարավորություն կտրվի` շարունակել խորհրդակցությունները` փաստացի իրավիճակը պարզաբանելու և փոխհամաձայնեցված լուծման հասնելու նպատակով:

3. Այն Կողմը, որը մտադիր է ձեռնարկել կամ վարում է ցանկացած հետազոտություն, խնդրանքի դեպքում պետք է թույլ տա օգտվել ոչ գաղտնի փաստերից ու տվյալներից, որոնք անհրաժեշտ են հետազոտությունը ձեռնարկելու կամ վարելու համար:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է հավաստիացնի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված իր օրենքներն ու կանոնակարգերը մատչելի են և շահագրգիռ Կողմին ընձեռում են իր տեսակետն արտահայտելու հնարավորություն: Այդպիսի օրենքներն ու կանոնակարգերը չպետք է կիրառվեն այն ձևով, որը կամայականորեն կամ անարդարացիորեն խտրականություն է առաջացնում մյուս Կողմի ապրանքների և ցանկացած երրորդ երկրի ապրանքների միջև:

5. Չնայած 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին կամ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին` սույն հոդվածի 6-9-րդ կետերի դրույթները կվերաբերեն տեքստիլ արտադրանքների առևտրին:

6. Կողմերը համաձայնել են շտապ խորհրդակցություն անցկացնել Կողմերից որևէ մեկի խնդրանքով, երբ այդ Կողմը գտնում է, որ մյուս Կողմի տեքստիլ արտադրանքի ներմուծման փաստացի կամ հեռանկարային աճը պատճառ է դառնում կամ սպառնում է պատճառ դառնալ իր շուկայի վնասմանը:

7. 6-րդ կետում հիշատակված խորհրդակցությունները պետք է ավարտվեն ներմուծող Կողմից նման խորհրդակցության հայց ստանալուց հետո 60 օրվա ընթացքում, եթե Կողմերն այլ համաձայնության չեն եկել:

8. Եթե այդ խորհրդակցությունների ընթացքում Կողմերը համաձայնության չեն գալիս շուկայի վնասմանը կանխարգելող կամ կարգավորող միջոցների ձեռնարկման հարցում, ապա ներմուծող Կողմը կարող է հետաձգել մյուս Կողմի արտադրանքների ներմուծումը` ելնելով ներմուծման ամսաթվից:

9. Ծայրահեղ հանգամանքներում, երբ երկարաձգումները կարող են դժվար վերականգնելի վնասի պատճառ դառնալ, ներմուծող Կողմը կարող է ժամանակավորապես միջոցներ ձեռնարկել տեքստիլ արտադրանքի ներմուծումները դադարեցնելու համար` պայմանով, որ ներմուծող Կողմը խորհրդակցություն հրավիրելու հայց ներկայացնի միջոցներ ձեռնարկելուց հետո 30 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ժամանակային առումով հանրորեն մատչելի դարձնի իր բոլոր օրենքներն ու կանոնակարգերը, որոնք վերաբերում են առևտրային գործունեությանը` ներառյալ առևտուրը, ներդրումը, հարկումը, բանկային գործունեությունը, ապահովագրությունը, ֆինանսական ծառայությունները, տրանսպորտը և աշխատանքը:

2. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի շահագրգիռ անձանց համար անհրաժեշտության դեպքում մատչելի կդարձնի ժողովրդական տնտեսության վերաբերյալ առկա ոչ գաղտնի, ոչ սեփականատիրական բնույթի տվյալները առանձնահատուկ արդյունաբերական, գյուղատնտեսական, ապրանքների կամ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև տվյալները արտաքին առևտրի և ներդրումների վերաբերյալ:

3. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում խորհրդակցել առևտրական գործունեության կազմակերպումը կարգավորող օրենսդրության ու կանոնակարգերի ձևակերպման հարցով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կողմերը միմյանց հետ կխորհրդակցեն սույն Համաձայնագրի գործունեության ոլորտներն ընդլայնելու համար, որպեսզի ընդգրկվի նաև ծառայությունների առևտուրը` համաձայն Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրով սահմանված բազմակողմ սկզբունքների:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԱՎԵՐ, ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՆԵՐԾՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև փոխադրվող արտադրանքներին, Կողմերից ոչ մեկը չպետք է ընդունի կամ ձեռնարկի որևէ տեսակի խտրական միջոցառում` կապված ծառայությունների, մարկետինգի, բեռների անվտանգության և վճարումների փոխանցման հետ, որոնք առնչվում են հետևյալներին.

ա) մյուս Կողմի առևտրական նավերին կամ մյուս Կողմի անձանց կողմից վարձակալված առևտրական նավերին, կամ

բ) մյուս Կողմի անձանց կողմից մատուցված միջազգային ներծովային բեռնափոխադրումների ծառայություններին:

Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի հետ փոխադարձության սկզբունքով կթույլատրի այն գրասենյակների հիմնադրումն ու գործունեությունը, որոնք կգործեն որպես մյուս Կողմի անձանց կողմից մատուցված միջազգային ներծովային բեռնափոխադրումների ծառայությունների, մյուս Կողմի առևտրական նավերի և մյուս Կողմի անձանց կողմից վարձակալված առևտրական նավերի գործակալներ:

Միջազգային երթուղիներում Հայաստանի Հանրապետության անձանց կողմից վարձակալված առևտրական նավերին և դրանց բեռներին Կանադայի նավահանգիստներ ժամանելու, այնտեղ կանգնելու և այնտեղից մեկնելու ընթացքում կտրամադրվի այնպիսի պայման, ներառյալ նավահանգստային ծառայություններից օգտվելու հնարավորությունը, որպիսին տրամադրվում է առավել բարենպաստ պայմանակարգով: Այս դրույթը չի կիրառվում նավավարման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ենթարկվելով Հայաստանի Հանրապետությունում և Կանադայում գործող օրենսդրությանը և կանոնակարգերին` երկու երկրների միջև առևտրի հետ կապված բոլոր վճարումները կկատարվեն այն պայմաններով, որոնք նախօրոք կփոխհամաձայնեցվեն այդ առևտուրը կարգավորող առևտրական պայմանագրերի Կողմերի անձանց միջև:

Կողմերից ոչ մեկը չպետք է պահանջի կամ խրախուսի իր իրավազորության տակ գտնվող անձանց` իրականացնել ապրանքափոխանակություն կամ հանդիպակաց առևտրական գործառնություններ` որպես Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև երկկողմ առևտրի պայման:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

Կողմերը կջանան ամրապնդել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կամ նրա փոխառնող գործակալի (գործակալների) և Կանադայի արտահանման զարգացման կորպորացիայի կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջև հատկապես ապրանքների ու ծառայությունների առևտրի ֆինանսավորման կապակցությամբ, որը հիմնված կլինի առևտրային ռիսկի գործոնի հիմնավոր գնահատման վրա և, հարկ եղած դեպքում, հիմնված կլինի ինքնիշխան կամ պետական ռիսկի երաշխիքների համար:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Կողմերից ոչ մեկը չպետք է սահմանափակի իր իրավազորության ներքո գտնվող անձանց ազատությունը` մյուս Կողմի անձանց հետ համաձայնեցնելու այն օրենքների ընտրությունը, որոնցով կղեկավարվեն պայմանագրեր կնքելիս և կիրարկելիս:

2. Հայաստանի Հանրապետության անձինք, մի կողմից, և Կանադայի անձինք, մյուս կողմից, կարող են համաձայնել առևտրային գործառնություններից ծագող վեճերը արբիտրաժի միջոցով լուծելու մասին:

3. Անհատական առևտրային գործառնություններից ծագած վեճերի մեջ ընդգրկված անձինք կարող են համաձայնության գալ` լուծելու այդ վեճերը արբիտրաժի միջոցով` ըստ 1976 թվականի ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի (UNCITRAL) հանձնաժողովի կողմից սահմանված արբիտրաժային կանոնների:

3. Առանց հակասելու իրենց այլ որոշում կայացնելու իրավասությանը, առևտրային գործառնությունների կողմ հանդիսացող անձինք կարող են համաձայնեցնել արբիտրաժի վայրը` կազմակերպելով այն այնպիսի երկրում, ոչ Հայաստանի Հանրապետությունում և ոչ Կանադայում, որը հանդիսանում է 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում ընդունված ՄԱԿ-ի արտաքին արբիտրաժային որոշումների ճանաչման ու կիրառման մասին կոնվենցիայի մասնակից:

4. Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես խոչընդոտ կամ խանգարել որևէ Կողմին, որպեսզի առևտրային գործառնության կողմերն ընտրեն առևտրական վեճերի լուծման համար արբիտրաժի որևէ այլ եղանակ, որը նրանք փոխադարձաբար կնախընտրեն, և որը, նրանց կարծիքով, լավագույնս կբավարարի իրենց առևտրային պահանջները:

5. Հայաստանի Հանրապետության և Կանադայի անձինք, համապատասխանաբար, հնարավորություն կունենան դիմելու մյուս Կողմի դատական մարմիններին նույն հիմունքներով, ինչ ցանկացած երրորդ երկրի անձինք:

6. Կողմերի անձանց միջև կնքված պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները կվերաբերեն միայն այդ անձանց:

7. Սույն Համաձայնագրի դադարեցումը, ինչպես նախատեսված է 16-րդ հոդվածում, չպետք է ազդի պայմանագրերով նախատեսվող պարտականությունների կամ նախաձեռնությունների իրականացման վրա, որոնք ուժի մեջ են մտել Համաձայնագրի գործելու ժամանակահատվածի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է սահմանափակեն ցանկացած Կողմի իրավունքը` ձեռնարկելու իր ազգային անվտանգության պաշտպանության շահերից բխող որոշակի գործողություններ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՅԼ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ենթարկվելով այն պահանջին, որ նման միջոցառումները չեն կիրառվում այն ձևով, որը կառաջացնի կամայական կամ անարդարացի խտրականություն այն երկրների միջև, որտեղ առկա են նույն պայմանները, կամ անուղղակիորեն կսահմանափակի միջազգային առևտուրը, սույն Համաձայնագրում ոչինչ չի արգելի, որպեսզի որևէ Կողմ ընդունի կամ կիրառի`

ա) միջոցներ, որոնք անհրաժեշտ են պահպանելու համար սույն Համաձայնագրի դրույթներին չհակասող օրենքների կամ կանոնակարգերի համապատասխանությունը, կամ

բ) 1994 թվականի ԱՍԳՀ-ի 20-րդ հոդվածում /Հիմնական բացառություններ/ նշված որևէ այլ միջոցառում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կողմերը ժամանակ առ ժամանակ պետք է միմյանց հետ խորհրդակցեն սույն Համաձայնագրի կամ դրա որևէ դրույթի գործողության վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խորհրդակցությունները նպատակաուղղված կլինեն.

ա) դիտարկելու սույն Համաձայնագրի շրջանակներն ընդլայնելու հնարավորությունը,

բ) քննարկելու Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև առևտրի ու առևտրային գործունեության վրա ազդող հարցերը,

գ) փոխանակելու տեղեկություն և տեսակետներ այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ որևէ Կողմի առևտրի ներկա մակարդակի կամ հետագա զարգացման վրա,

դ) դիտարկելու բազմակողմ առևտրին առնչվող համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր,

ե) դիտարկելու առաջընթացը երկկողմ առևտրի ընդլայնման ասպարեզում և, հարկ եղած դեպքում, քննարկելու առևտրի հետագա աճը խթանելուն ուղղված կամ այդ աճը խոչընդոտող արգելքները վերացնելու մասին առաջարկները:

3. Սույն հոդվածում նշված խորհրդակցությունները կարող են ձեռնարկվել որևէ Կողմի պահանջով` մյուս Կողմին ուղարկված հիմնավորված ծանուցագրով:

4. Սույն հոդվածում նշված հանդիպումները հաջորդաբար կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետությունում և Կանադայում, քանի դեռ Կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նախագահությունը պետք է վարի հյուրընկալ Կողմի ներկայացուցիչը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերը ծանուցագրերի փոխանակման միջոցով միմյանց կտեղեկացնեն իրենց համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ծանուցագրերի փոխանակման օրը կամ, եթե ծանուցագրերի փոխանակումը տեղի ունենա ոչ նույն օրը, ապա Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցագիրը ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցել Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին: Այն դեպքում, երբ Համաձայնագիրը դադարեցվի, երկու Կողմերն էլ հնարավորության սահմաններում կջանան իրենց առևտրական հարաբերություններում առաջացող հնարավոր անկումը նվազեցնելու ճանապարհներ փնտրել:

3. Բացի այստեղ ամրագրված եղանակից, սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող ճանաչվել անվավեր կամ դադարեցվել Կողմերի միջև դեռևս ուժի մեջ գտնվող համաձայնագրերը:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Օտտավա քաղաքում 1997 թվականի մայիսի 8-ին, երկու բնօրինակով, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
08.05.1997
Համաձայնագիր