Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման, արտադրանքի համատեղելիության, փոխադարձ փոխարինելիության, մարդու կյանքի և առողջության համար դրա անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով,

ցուցաբերելով ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում համագործակցություն զարգացնելու ձգտում, ընդ որում ելնելով միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սկզբունքներից և նորմերից,

ղեկավարվելով երկու Կողմերի տնտեսական շահերով, Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների կողմից 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված «Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» Համաձայնագրի դրույթներով,

երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման գործող պետական համակարգերը:

Կողմերը`

միմյանց անվճար տրամադրում են տեղեկություններ և նորմատիվ փաստաթղթեր (ստանդարտների և տեխնիկական պայմանների տեղեկատուներ, տեղեկագրեր, հանդեսներ, ստանդարտներ և ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վերաբերյալ նորմատիվ և տեղեկատու փաստաթղթեր) երկու օրինակից` ըստ ԱՊՀ շրջանակներում գործող` ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման միջպետական խորհրդի որոշումների, բազմացնելու, պատճենահանելու և լրացուցիչ համաձայնեցված պայմանով Կողմերի տարածքում իրացնելու իրավունքով,

միմյանց միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչվում են ստուգաչափման, ստուգաճշտման միջոցների պետական չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,

ճանաչում են մյուս Կողմի հավաստագրման մարմինները, հավատարմագրված փորձարկող լաբորատորիաները և կենտրոնները, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի համապատասխանության հավաստագրերը և նշանները պայմանով: Արտադրանքի անվտանգության համար պատասխանատու է այն պատրաստողը, իսկ համապատասխանության հավաստագրերի հավաստիության համար` հավաստագիր տվող մարմինը:

Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող սերտիֆիկացված արտադրանքի մատակարարման փաստեր հայտնաբերելու դեպքում ներմուծող Կողմի սերտիֆիկացման ազգային մարմինը կասեցնում է այդ արտադրանքը մատակարարող Կողմի սերտիֆիկատների ճանաչումը և այդ մասին անմիջապես տեղեկացնում է նրա հավաստագրման ազգային մարմնին: Նրանց գործողությունը վերսկսվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է կիրառել մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերը, եթե դրանց պահանջները չեն հակասում սահմանված կարգին, որը մտցվել է ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման ազգային մարմնի կողմից` պետության գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը միմյանց միջև համագործակցությունը կիրականացնեն համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են`

համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վերաբերյալ նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի մշակման ընթացքում,

կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և ելակետային նմուշային չափման միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,

նյութի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև նյութի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին ստանդարտ տեղեկության ստեղծում և օգտագործում,

ստանդարտացման և հավաստագրման պետական համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,

ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կաջակցեն միմյանց ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում այն միջազգային կազմակերպություններին անդամագրվելուն, որոնց անդամ է Կողմերից մեկը, և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելու հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերն ապահովում են ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների և գիտատեխնիկական նվաճումների արդյունքների մասին տեղեկության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ազատորեն օգտագործել համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկությունը, եթե մյուս Կողմը չի նշել դրա գաղտնիության մասին: Այդ տեղեկությունը երրորդ պետության կարող է փոխանցվել միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրագործումը հանձնարարվում է`

Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վարչությանը,

Թուրքմենստանում` գլխավոր պետական տեսչությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթները անհրաժեշտության դեպքում կոնկրետացվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վարչության և Թուրքմենստանի գլխավոր պետական տեսչության միջև` լրացուցիչ համաձայնագրերով և արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այն իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են այլ պետությունների հետ Կողմերի և նրանց կազմակերպությունների կնքած պայմանագրերից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով` տարբեր մակարդակներով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարելի է կատարել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի կողմից այդ ծանուցումը ստացվելուց 6 ամիս հետո:

 

Կատարված է Աշխաբադ քաղաքում 1997 թվականի մայիսի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագիրը տարբեր կերպով մեկնաբանելու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

 

pin
Թուրքմենստանի Հանրապետություն
05.05.1997
Համաձայնագիր