Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով օժանդակել տնտեսական և առևտրական կապերի զարգացմանը և հեշտացնել բեռների և ուղևորների փոխադրումները Պայմանավորվող կողմերի երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ փոխադրումները միմյանց տարածքով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Բնորոշում

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ըստ սույն Համաձայնագրի`

«փոխադրող» տերմինը նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Պայմանավորվող կողմերի երկրներից մեկի տարածքում և, համաձայն գործող ազգային օրենսդրության, իրավունք ունի կատարելու բեռների և ուղևորների միջազգային փոխադրումներ,

«ավտոտրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է`

ուղևորների փոխադրման ժամանակ` ավտոբուս, այսինքն` ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 8 նստատեղ` չհաշված վարորդինը,

բեռների փոխադրման ժամանակ` բեռնատար ավտոմեքենա, այսինքն` բեռնատար ավտոմեքենա, բեռնատար ավտոմեքենա կցորդով, ավտոմեքենայի քարշակ կամ քարշակ կիսակցորդով,

«փոխադրումներ դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից» տերմինը նշանակում է` փոխադրումներ, որոնք կատարվում են Պայմանավորվող կողմերից մեկի երկրի տարածքով դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից` փոխադրողի կողմից, որը գրանցված է մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածքում,

«կաբոտաժային փոխադրումներ» տերմինը նշանակում է` փոխադրում, որը կատարվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջև մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:

 

Կիրառման ոլորտը

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրով որոշվում է երկու երկրների միջև և միմյանց տարածքով տարանցիկ բեռների և ուղևորների` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով միջազգային փոխադրումների կատարման կարգը:

 

ՈՒղևորների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ նշանակում է ուղևորների այն փոխադրումները, որոնք իրականացվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից նախօրոք որոշված և հաստատված երթուղիներով, չվացուցակներով և գնացուցակներով:

Ավտոբուսային տարանցիկ կանոնավոր փոխադրում է համարվում այն փոխադրումը, որն սկսվում է մի Պայմանավորվող կողմի տարածքից, առանց կանգառի անցում մյուս Պայմանավորվող կողմի տարածքով և ավարտվում երրորդ երկրի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա:

Թույլտվությունները տրվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` իրենց տարածքով անցնող երթուղու հատվածի համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների թույլտվություն տրվում է հայտի հիման վրա, որը փոխադրողն ուղարկում է իր գրանցման երկրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին:

Հայտը երկու օրինակով պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները.

1) փոխադրողի անվանումը և նրա հասցեն,

2) երթուղու սխեման /ուղևորների նստեցման կամ իջեցման համար նախատեսված կանգառների կետեր, սահմանային հատման կետեր/,

3) չվացուցակը և աշխատանքի պայմանակարգը,

4) երթուղու երկարությունը կիլոմետրերով,

5) սակագները:

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կարող են փոխադրողներից պահանջել թույլտվություն տալու համար անհրաժեշտ այլ լրացուցիչ տեղեկություն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են իրականացվել միայն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների համաձայնեցումից, թույլտվությունների և մյուս կից փաստաթղթերի փոխանակումից հետո, որոնց ցանկը, սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի համաձայն, հաստատվում է Խառը հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կատարման ժամանակ ավտոբուսում պետք է գտնվի թույլտվության բնօրինակը:

Թույլտվության ձևաթղթի տեքստը և ձևը համաձայնեցվում է Խառը հանձնաժողովի նիստի ժամանակ, որն ստեղծված է սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու երկրների միջև` նրանց տարածքներով երկկողմ և տարանցիկ ոչ կանոնավոր ավտոբուսային փոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված փոխադրումների, անհրաժեշտ է ունենալ թույլտվություն, որը տրվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

Ավտոբուսային յուրաքանչյուր ոչ կանոնավոր փոխադրման համար պետք է ստանալ առանձին թույլտվություն, որը իրավունք է տալիս կատարելու մեկ ուղերթ այնտեղ և հետ, եթե այլ պահանջ նախատեսված չէ թույլտվության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Ոչ կանոնավոր ավտոբուսային փոխադրումներ կատարելու համար թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, երբ նույն կազմի մի խումբ ուղևորներ պետք է փոխադրվեն նույն ավտոբուսով ամբողջ ուղևորության ընթացքում`

- եթե ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Պայմանավորվող կողմի երկրի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը,

- եթե ուղևորությունը սկսվում է այն Պայմանավորվող կողմի երկրի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը, և ավարտվում մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածքում` պայմանով, որ ավտոբուսը թողնում է վերջինիս տարածքը դատարկ վիճակում,

- եթե ավտոտրանսպորտային միջոցը դատարկ է մտնում մյուս Պայմանավորվող Կողմի տարածք` այնտեղից նախօրոք բերված խումբը ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիր փոխադրելու համար:

2. Թույլտվություն չի պահանջվում անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում:

3. Ոչ կանոնավոր ավտոբուսային փոխադրման ժամանակ ավտոբուսի վարորդն իր մոտ պետք է ունենա ուղևորների ցուցակ, որի նմուշ-օրինակները Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները նախօրոք փոխանակում են:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված թույլտվությունները տրվում են փոխադրողին` իր երկրի իրավասու մարմնին ներկայացված հայտի հիման վրա, որը փոխանցվում է մյուս Պայմանավորվող կողմին:

Թույլտվություն ստանալու հայտի մեջ պետք է նշված լինեն ուղևորության նպատակը, ժամանման վայրը, երթուղին, տրանսպորտային միջոցի նկարագրումը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են պահանջվել թույլտվություն տվող Պայմանավորվող կողմերի իրավասու մարմնի կողմից:

 

Բեռների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Երկու երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումները իրականացվում են թույլտվությունների հիման վրա, որոնք տրվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

Յուրաքանչյուր թույլտվություն իրավունք է տալիս կատարել մեկ ուղերթ` այնտեղ և հետ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Թույլտվությունների քանակն ու տեսակները, ինչպես նաև բեռնափոխադրումներին վերաբերող մյուս դրույթները սահմանվում են անմիջականորեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից կամ, սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածին համապատասխան, Խառը հանձնաժողովի որոշումների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն ամեն տարի փոխադարձության սկզբունքով փոխանակում են թույլտվությունների քվոտաներ: Այդ թույլտվությունները փոխադրողին տրվում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Թույլտվություն չի պահանջվում հետևյալ դեպքերում`

1) երբ կատարվում են բեռնափոխադրումներ մի օդանավակայանից մյուսը` դժբախտ պատահարների կամ օդանավի հետ կապված այլ պատահարների դեպքում, կամ եթե օդանավը վայրէջք է կատարել չվերթի փոփոխման, արտակարգ իրադրության կամ չվերթի հետաձգման պատճառով,

2) վնասված տրանսպորտային միջոցների փոխադրման,

3) հանգուցյալի դիակի կամ աճյունի փոխադրման,

4) այլ բնակավայր տեղափոխվելիս գույքի փոխադրման,

5) փոստի փոխադրման,

6) տոնավաճառների ու ցուցահանդեսների համար ցուցանմուշների, սարքավորումների ու նյութերի փոխադրման,

7) թատերական պիտույքների ու դեկորացիաների, երաժշտական գործիքների, նկարահանումների, ռադիո և հեռուստահաղորդումների համար անհրաժեշտ սարքավորումների փոխադրման,

8) մեղուների և ձկնկիթի փոխադրման,

9) տարերային աղետների և վթարների դեպքում օգնության համար նախատեսված դեղորայքի, բժշկական սարքավորումների և այլ բեռնափոխադրումների,

10) շարքից դուրս եկած դատարկ ավտոտրանսպորտային միջոցի երթևեկության կամ շարքից դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցից վերաբարձված բեռնափոխադրումների շարունակման,

11) շարքից դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցներին տեխնիկական օգնություն ցուցաբերող մեքենաների անցման,

12) գովազդային կամ տեղեկատվական նպատակներով օգտագործվող բեռների փոխադրումների,

13) մարզական միջոցառումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, մարզական ձիերի, մարզական պիտույքների փոխադրման,

14) բարեգործական և մարդասիրական բեռների փոխադրման դեպքերում:

Սույն հոդվածի 1-14-րդ կետերում նշված փոխադրումները կատարելիս ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պետք է ունենա նշված փոխադրումներից որևէ մեկի կատարման փաստը հաստատող փաստաթղթեր:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Եթե ավտոտրանսպորտային միջոցի չափերը կամ քաշը գերազանցում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում թույլատրելի առավելագույն չափերը, ապա փոխադրումը թույլատրվում է միայն տվյալ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից հատուկ թույլտվություն ստանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Վտանգավոր բեռների փոխադրումները կատարվում են միայն այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված հատուկ թույլտվության հիման վրա, որի տարածքում կատարվում է փոխադրումը:

 

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ՈՒղևորների կամ բեռների կաբոտաժային փոխադրումների իրականացման, ինչպես նաև դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից փոխադրումներ կատարելու համար Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված հատուկ թույլտվություն:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Սույն Համաձայնագրի հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները, ինչպես նաև այդ փոխադրումներն իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները, փոխադարձության սկզբունքով, ազատվում են ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման հետ կապված հարկերից ու գանձումներից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույթները չեն տարածվում ավտոմայրուղիների առանձին հատվածներով, թունելներով, կամուրջներով և հաղորդակցության այլ միջոցներով անցնելու համար վճարումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագրի հիման վրա փոխադրումներ կատարելիս մաքսային գանձումներից, տուրքերից և հարկերից ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներմուծվող`

1) յուրաքանչյուր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցի` արտադրող գործարանի կողմից նախատեսված վառելանյութի բաքում գտնվող վառելանյութը, որը տեխնոլոգիական և կառուցվածքային տեսակետից միացված է շարժիչի սնման համակարգի հետ,

2) փոխադրման ընթացքի համար անհրաժեշտ քանակությամբ քսանյութերը,

3) փոխադրումներ կատարող վնասված ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերն ու գործիքները:

Չօգտագործված պահեստամասերը ենթակա են վերաարտահանման, իսկ փոխարինված պահեստամասերը պետք է դուրս բերվեն երկրից, ոչնչացվեն կամ հանձնվեն` համապատասխան Պայմանավորվող կողմի տարածքում գործող կարգի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերը կլուծվեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենսդրության և միջազգային այն պայմանագրերի համաձայն, որոնց անդամ են նրանք հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Պայմանավորվող կողմերի փոխադրողները պարտավոր են պահպանել այն երկրի օրենքներն ու երթևեկության կանոնները, որի տարածքում գտնվում է ավտոտրանսպորտային միջոցը:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները Խառը հանձնաժողով են ստեղծում, որպեսզի ապահովեն`

ա) սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված ընթացիկ հարցերի լուծումը,

բ) սույն Համաձայնագրի կատարման արդյունքների քննարկումն ու առաջարկություններ մտցնելը` երկու երկրների միջև ավտոմոբիլային փոխադրումների զարգացմանը համապատասխան դրա իրագործման վերաբերյալ,

գ) սույն Համաձայնագրի ցանկացած հոդվածում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին առաջարկություններ նախապատրաստելը:

2. Խառը հանձնաժողովը բաղկացած կլինի յուրաքանչյուր Կողմի երկուական ներկայացուցչից:

Խառը հանձնաժողովի նիստերը կհրավիրվեն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ` հաջորդաբար Կողմերից մեկի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Համաձայնագրի կատարման համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն են`

Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,

ՈՒկրաինայի կողմից` ՈՒկրաինայի տրանսպորտի նախարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից ներպետական ընթացակարգերի կատարման մասին փոխադարձաբար ծանուցումներից 30 օր անց:

Սույն Համաձայնագիրը կնքված է 1 տարի ժամկետով: Դրա գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուս Պայմանավորվող կողմին չի հայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` մյուս Պայմանավորվող կողմից գրավոր ծանուցման ստացումից 90 օր հետո:

 

Կատարված է Կիև քաղաքում 1997 թվականի հուլիսի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տարընթերցման դեպքում հիմք է ընդունվում Համաձայնագրի ռուսերեն տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 6-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
22.07.1997
Համաձայնագիր