Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, բարեկամական հարաբերություններ զարգացնելու և Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի պետական սահմաններում անվտանգության փոխադարձաբար ապահովմանն աջակցելու ցանկությամբ,

հաստատելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության, Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ի Պայմանագրի դրույթներին, ինչպես նաև ԵԱՀԿ սկզբունքներին,

հաշվի առնելով պետական սահմաններում անօրինական միգրացիայի, զենքի, թմրամիջոցների և սահմանով տեղափոխելու համար արգելված այլ ապրանքների ու առարկաների մաքսանենգության ակտիվությունը,

արտահայտելով շահագրգռվածություն սահմանային հարցերով արդյունավետ համագործակցության գործում,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կիրականացնեն և կզարգացնեն միմյանց միջև իրավահավասար, գործընկերային հարաբերություններ` ուղղված իրենց պետական սահմանների պահպանության ամրապնդման խնդիրների արդյունավետ լուծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի կատարմանն ուղղված միջոցառումների կոնկրետ իրագործման համար Պայմանավորվող կողմերը հանձնարարում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատարին և ՈՒկրաինայի սահմանապահ զորքերի հրամանատարին, փոխադարձ համաձայնությամբ, մշակել սահմանապահ գերատեսչությունների փոխգործակցության և համագործակցության ընդլայնմանը նպաստող համապատասխան արձանագրություններ:

Պայմանավորվող կողմերը սահմանային հարցերով համագործակցությունը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և ՈՒկրաինայի պետական սահմանի պահպանության գործերով պետական կոմիտեի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն իրենց պետական սահմանով ահաբեկչական խմբերի, անօրինական միգրանտների և այլ հանցավոր տարրերի թափանցման, զենքի և ռազմամթերքի, պայթուցիկ, հրդեհող, թունավորող, ռադիոակտիվ, հոգեներգործող նյութերի, թմրամիջոցների և ներմուծման /արտահանման/ համար արգելված այլ ապրանքների ու բեռների ապօրինի փոխադրումների փորձերի կանխմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը առանձին համաձայնագրով կսահմանեն մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք անօրինական մուտք գործած անձանց ընդունման և փոխանցման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կապահովեն պետական սահմաններում ստեղծվող իրադրության, սահմանային հարցերով նոր օրենսդրական ակտերի մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների ժամանակին փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չփոխանցել 3-րդ կողմի միմյանցից ստացած ծառայողական գաղտնի բնույթի նյութերն ու տեղեկությունները առանց այն Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնության, որից այդ նյութերը և տեղեկությունները ստացվել են:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը համագործակցություն են իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության անցկացման հարցերով` ի շահ պետական սահմանների պահպանության ապահովման, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, դրա համար լիազորված սահմանապահ զորքերի մարմինների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերն, անհրաժեշտության դեպքում, կաջակցեն միմյանց սահմանապահ զորքերի սպայական կադրերի և կրտսեր մասնագետների պատրաստման հարցերում` ելնելով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի հնարավորություններից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն կցուցաբերեն նյութատեխնիկական ապահովման, պատվերների տեղաբաշխման, սահմանի պահպանության տեխնիկական միջոցների և սպառազինության մշակման, պատրաստման, ներդրման, վերանորոգման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրով նախատեսված գործողությունների համար փոխհաշվարկների կարգը սահմանվում է առանձին արձանագրություններով` ըստ գործունեության ուղղությունների` Պայմանավորվող կողմերի գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրով նախատեսված փոխադարձ պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև համագործակցության և փոխգործակցության ընթացքում ծագող հարցերը լուծելու համար Պայմանավորվող կողմերը, անհրաժեշտության դեպքում, կանցկացնեն խորհրդակցություններ կամ կստեղծեն համատեղ աշխատանքային խմբեր:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ամբողջությամբ կամ մասամբ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը: Նման որոշում ընդունելու կամ այն վերացնելու, դրա գործողության ժամկետների մասին մյուս Պայմանավորվող կողմը կտեղեկացվի դիվանագիտական ուղիներով ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ տարաձայնությունները Պայմանավորվող կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, ինչի մասին նա պետք է գրավոր ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի գործողության հերթական ժամկետի վերջանալու օրվանից վեց ամիս առաջ:

 

Կատարված է Կիև քաղաքում 1997 թվականի հուլիսի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություններ ծագելու դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
22.07.1997
Համաձայնագիր