Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով իրենց պետությունների ժողովուրդների անանցողիկ հետաքրքրությունը և անկեղծ ձգտումը հումանիտար և մշակութային արժեքների փոխադարձ ծանոթացման, ավանդական մշակութային և գիտական կապերի պահպանման և հետագա զարգացման, յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության հարգումը պատմական հոգևոր ընդհանրության խորացման հարցերում,

մեծ նշանակություն տալով Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և կրթական գործընթացների զարգացման վերաբերյալ հասարակայնության իրազեկման բարձրացմանը,

ձգտելով աջակցել հումանիտար, մշակութային գիտատեխնիկական ու տեղեկատվական երկկողմ կապերի ընդլայնմանը «ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի մայիսի 15-ի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառում համագործակցության մասին» 1995 թվականի նոյեմբերի 13-ի Համաձայնագրերի ոգով,

ղեկավարվելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի (1975 թվական) հիմնարար սկզբունքներով ու նպատակներով և ԵԱՀԿ այլ փաստաթղթերի դրույթներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը փոխադարձության հիման վրա ստեղծում են Հայաստանի Հանրապետության մշակութային-տեղեկատվական կենտրոն Մոսկվայում և Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոն Երևանում (այսուհետ` Կենտրոններ):

Կողմերը կարող են փոխադարձ պայմանավորվածության հիման վրա Կենտրոնների մասնաճյուղեր կամ դրանց ներկայացուցչություններ բացել երկու պետությունների այլ քաղաքներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայաստանի Հանրապետության մշակութային-տեղեկատվական կենտրոնը Մոսկվայում և դրա մասնաճյուղերն իրենց գործունեությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնը և դրա մասնաճյուղերն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ: Այդ գործունեությունն ապահովվում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Իրենց գործունեությունն իրականացնելու նպատակով Կենտրոնները կարող են ուղիղ կապեր հաստատել ընդունող երկրի նախարարությունների, գերատեսչությունների, պետական այլ հիմնարկների ու կազմակերպությունների, տեղական իշխանության մարմինների, ընկերությունների, ասոցիացիաների, ֆոնդերի և առանձին ֆիզիկական անձանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կենտրոնների հիմնական խնդիրներն են.

մասնակցել հումանիտար, գիտատեխնիկական, մշակութային և տեղեկատվական կապերի զարգացման բնագավառում համագործակցության ծրագրերի իրագործմանը,

արտասահմանյան հասարակությանը ծանոթացնել իրենց երկրների պատմությանը, արվեստին և մշակույթին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտական, մշակութային ու տնտեսական կարողությանը,

աջակցել ստեղծագործական, կրթական և մշակութային-լուսավորչական կազմակերպությունների հետ կապերի և համագործակցության հաստատմանն ու զարգացմանը, երկու երկրների ժողովուրդների լեզուների ուսումնասիրությանը,

աջակցել միջազգային, տարածաշրջանային և ազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների գծով կապերի զարգացմանը, օգտագործել Կենտրոնների տեղեկատվական հնարավորությունները երկու երկրների գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով,

փոխգործակցել Կենտրոնների տարածաշրջանային մասնաճյուղերի հետ` հումանիտար, գիտատեխնիկական, մշակութային ու մասնագիտական կապերի բնագավառում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև շփումների զարգացմանը աջակցելու նպատակով,

աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքների ու տարածաշրջանների միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,

կազմակերպել տեղեկատվական-գովազդային աշխատանք գիտության և տեխնիկայի բնագավառում,

զարգացնել շփումները զբոսաշրջության և սպորտի բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կենտրոնները իրենց վրա դրված խնդիրներին համապատասխան.

ստեղծում և համալրում են լրատվական-տեղեկատու ֆոնդեր և տվյալների բանկեր իրենց երկրների մշակութային, գիտատեխնիկական, հասարակական-քաղաքական ու տնտեսական զարգացման հարցերի վերաբերյալ, անցկացնում են միջազգային հումանիտար, գիտական, մշակութային ու գործարար համագործակցության խնդիրներին նվիրված կոնֆերանսներ, գիտաժողովներ, խորհրդակցություններ,

ապահովում են ընդունող երկրի շահագրգիռ կազմակերպությունների և առանձին քաղաքացիների տեղեկատվական ու խորհրդակցական սպասարկում մշակույթի, կրթության, գիտության, տեխնիկայի բնագավառում իրենց երկրի կազմակերպությունների հետ կապեր հաստատելու հարցերով,

իրականացնում են մշակութային-լուսավորչական և տեղեկատվական գործունեություն ընդունող երկրում մշտապես բնակվող հայրենակիցների շրջանում, պահպանում են կապեր նրանց միավորումների հետ,

իրենց երկրի մշակույթի կառավարման պետական մարմինների հետ համատեղ կազմակերպում են գեղարվեստական կոլեկտիվների և առանձին կատարողների ելույթներ, հեռուստատեսային և կինոդիտումներ, ինչպես նաև անցկացնում են գրքերի և ֆոտոցուցահանդեսներ, գեղարվեստական ստեղծագործությունների և ժողովրդական արվեստի նմուշների ցուցահանդեսներ,

ստեղծում են իրենց գործունեության տարբեր ուղղություններով հասարակական խորհուրդներ և ակումբներ` դրանց աշխատանքի մեջ ներգրավելով տեղի հասարակայնության ու գործարար շրջանների հեղինակավոր ներկայացուցիչների, գիտության, մշակույթի և կրթության ականավոր գործիչների, ինչպես նաև երկու երկրների արտասահմանյան ներկայացուցչությունների, կազմակերպությունների, զանգվածային տեղեկատվական միջոցների,

աջակցում են Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների հումանիտար շփումներին, երիտասարդության և դպրոցականների խմբերի փոխանակմանը,

կազմակերպում են իրենց երկրների ժողովուրդների լեզուների և մշակույթների ուսումնասիրություն ընդունող պետությունում, ուսումնամեթոդական օգնություն են ցույց տալիս իրենց երկրների գիտական աշխատողներին ու լեզու և գրականություն դասավանդողներին, որոնք աշխատում են տեղի գիտական և ուսումնական հաստատություններում,

աջակցում են ընդունող երկրի քաղաքացիների` ուսման ու ստաժավորման համար ընտրելու և իրենց երկրներ ուղարկելու հարցերում, իրենց պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտների ասոցիացիաների ու ակումբների աշխատանքին այդ ուսումնական հաստատությունների հետ կապերը պահպանելու ուղղությամբ, ինչպես նաև ընդունող երկրներում կազմակերպում են շրջանավարտների համար որակավորման բարձրացման սեմինարներ,

օժանդակում են կրթության բնագավառում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացմանը և աջակցում են իրենց երկրի քաղաքացիների ուսուցման հեռակառավարման ձևերի զարգացմանը,

ընդունող երկրի շահագրգիռ կազմակերպությունների և առանձին քաղաքացիների համար ապահովում են Կենտրոնների գրադարանների և այլ տեղեկատվական ծառայությունների աշխատանքը,

Հայաստանի կապի նախարարության և Ռուսաստանի փոստային կապի դաշնային ծառայության աջակցությամբ կազմակերպում են երկու երկրների պարբերականների բաժանորդագրման կետեր,

համատեղ միջոցառումներ անցկացնելու համար համագործակցում են ընդունող երկրի բարեկամության ասոցիացիաների և ընկերությունների, ուսումնական, մշակութային ու գիտական հիմնարկների, երրորդ երկրների մշակութային-տեղեկատվական կենտրոնների հետ:

Կենտրոնները կարող են իրականացնել սույն Համաձայնագրի նպատակներին չհակասող գործունեության այլ տեսակներ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կենտրոնները գրանցվում են որպես իրավաբանական անձ` ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ընդունող երկրի համաձայնությամբ Կենտրոնները կարող են միջոցառումներ անցկացնել իրենց շենքերից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը ապահովում են հասարակության անարգել մասնակցությունը Կենտրոնների կողմից անցկացվող միջոցառումներին:

Կողմերը փոխադարձության հիման վրա ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Կենտրոնների անձնակազմի և շենքերի, ինչպես նաև նրանց կողմից անցկացվող միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կենտրոնների տեղեկատվական-մշակութային գործունեությունն իրականցվում է ոչ առևտրային հիմունքով: Իրենց ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու համար Կենտրոնները կարող են.

վճար գանձել իրենց կողմից կազմակերպվող միջոցառումներին հաճախելու, ուսման և գործունեության այլ ձևերի համար,

վաճառել պարբերական հրատարակություններ, քարտարաններ, ազդագրեր, ծրագրեր, գրքեր, նկարներ ու վերարտադրություններ, երաժշտական գործիքներ և պիտույքներ, սկավառակներ, տեսալսողական և ուսուցողական նյութեր` անկախ տեղեկության ձայնագրման եղանակից, ինչպես նաև իրենց կազմակերպած միջոցառումների հետ անմիջականորեն կապված այլ առարկաներ` պայմանով, որ դրանք չեն վաճառվի ընդունող երկրի առևտրային ցանցի միջոցով և, որ դա վնաս չի հասցնի առևտրային գործունեության կանոններին, ինչպես նաև չի խախտի մտավոր սեփականության իրավունքները,

Կենտրոնների այցելուներին սպասարկելու համար ունենալ գրախանութներ, ռեստորաններ, սրճարաններ և հուշանվերների կրպակներ, ինչպես նաև Կենտրոնի հյուրերի ժամանակավոր բնակվելու համար` հյուրանոցային շինություններ,

վարձակալման տալ Կենտրոններին պատկանող շենքերը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը փոխադարձության հիման վրա կաջակցեն միմյանց հարմար հողակտորներ տրամադրելու, ինչպես նաև Կենտրոնների համար շենքերի (շինությունների) վարձակալման, ձեռքբերման և կառուցման հարցերում` ընդունող պետության գործող օրենսդրության համաձայն:

Կենտրոնների շինարարության թույլտվությունը ստանալուց հետո դրանց նախագծման, կառուցման և կահավորման աշխատանքները կիրականացնի ուղարկող Կողմը, որը կապալառուներ կհրավիրի իր ընտրությամբ` ընդունող պետության քաղաքաշինության կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կենտրոնների, դրանց մասնաճյուղերի և դրանց անձնակազմի հարկումը իրականացվում է ընդունող պետության հարկային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերից յուրաքանչյուրը նշանակում է իր Կենտրոնի անձնակազմը: Այդ անձնակազմը կարող է կազմված լինել ուղարկող պետության, ընդունող պետության կամ երրորդ պետության քաղաքացիներից: Վերջին դեպքում նշանակումը պետք է համաձայնեցվի ընդունող պետության իշխանության մարմինների հետ:

Կենտրոնի տնօրենը և տնօրենի տեղակալը Կողմերի միջև փոխադարձ պայմանավորվածությամբ կարող են լինել դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներ:

Կենտրոնների անձնակազմի թվաքանակը սահմանվում է փոխադարձ պայմանավորվածությամբ:

Կողմերը միմյանց կտեղեկացնեն Կենտրոնների անձնակազմի համալրման մասին, ինչպես նաև աշխատակիցների պաշտոնի անցնելու և նրանց աշխատանքը դադարեցնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կենտրոնների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնք ուղարկող պետության քաղաքացիներ են և մշտապես չեն բնակվում ընդունող երկրում, տարածվում են ուղարկող պետության աշխատանքային օրենսդրությունը և սոցիալական ապահովության ռեժիմը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Ընդունող Կողմը ուղարկող Կողմի Կենտրոնի աշխատակիցներին և նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամներին թույլ է տալիս աշխատանքի ամբողջ ժամանակամիջոցում ներմուծել և դուրս բերել իրենց պատկանող շարժական գույքը (ներառյալ տրանսպորտային միջոցները)` ազատելով մաքսատուրք վճարելուց (բացառությամբ մաքսային գանձումների): Հիշատակված առարկաները կարող են օտարվել միայն մաքսատուրքերը վճարելու և ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված մյուս պահանջները կատարելու դեպքում: Այդ ազատումը գործում է միայն Կենտրոնում նրանց աշխատելու ժամանակամիջոցում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Յուրաքանչյուր Կողմ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցույց կտա Կենտրոնների օտարերկրյա աշխատակիցների համար բնակարաններ ընտրելու հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման առնչությամբ վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին գրավոր ծանուցման օրից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակամիջոցների համար, քանի դեռ Կողմերից մեկը համապատասխան ժամանակամիջոցը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հուլիսի 16-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
29.08.1997
Համաձայնագիր