Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ` Կողմեր,

միմյանց միջև հետագա բարեկամական հարաբերությունները զարգացնելու նպատակով,

ձգտելով, ի շահ իրենց քաղաքացիների, ապահովել երկու Կողմերի տարածքներում նրանց բնակության հավասար պայմաններ,

և այդ կապակցությամբ ցանկանալով մի Կողմի տարածքում մշտապես բնակվող մյուս Կողմի քաղաքացիներին տրամադրել այդ մի Կողմի քաղաքացիների իրավական կարգավիճակին առավելապես մոտ իրավական կարգավիճակ, մասնավորապես, ինչը վերաբերում է քաղաքացիական, սոցիալական, տնտեսական, աշխատանքային, մշակութային և այլ իրավունքներին,

նկատի ունենալով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում ստորագրված Կոնվենցիայի դրույթները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Պայմանագրի նպատակների համար`

ա) «մշտական բնակիչ» նշանակում է մի Կողմի քաղաքացին, որը մշտապես բնակվում է մյուս Կողմի տարածքում` վերջինիս կողմից տրված վկայականի հիման վրա,

բ) «քաղաքացիության Կողմ» նշանակում է այն Կողմը, որի քաղաքացի է հանդիսանում մշտական բնակիչը,

գ) «բնակության Կողմ» նշանակում է այն Կողմը, որի տարածքում մշտապես բնակվում է մշտական բնակիչը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Պայմանագրին համապատասխան` մշտական բնակչի կարգավիճակը հավաստող Կողմերի կողմից ճանաչված վկայականը փաստաթուղթ է, որը տրվում է բնակության Կողմի իրավասու մարմինների կողմից կամ բնակության Կողմի իրավասու մարմինների կողմից արված նշում է մշտական բնակչի քաղաքացիությունը և անձը հաստատող փաստաթղթերում քաղաքացիության Կողմի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այն փաստաթղթերում, որոնք իրավունք են տալիս հատելու պետական սահմանը, բացառությամբ դիվանագիտական և ծառայողական անձնագրերի:

2. Կողմերը փոխանակում են այն փաստաթղթերի և նշումների նմուշները, որոնք նշված են սույն հոդվածի 1-ին կետում, ինչպես նաև` տեղեկություններ այն մասին, թե, սույն Պայմանագրին համապատասխան, որ անձանց են իրենք մշտական բնակչի կարգավիճակ տալիս: Նշված փոխանակումները կատարվում են Կողմերի հյուպատոսական հիմնարկների միջոցով:

3. Կողմի տարածքի սահմաններից դուրս մշտական բնակչի ուսումը, աշխատանքը, գործուղումը, զինվորական ծառայությունը ինքնին չեն ազդում նրա իրավական կարգավիճակի վրա, որը սահմանվում է սույն Պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Մշտական բնակիչը պարտավոր է պահպանել բնակության Կողմի Սահմանադրությունը և օրենքները, հարգել ավանդույթներն ու սովորույթները:

2. Մշտական բնակիչը պահպանում է քաղաքացիության Կողմի հետ իրավական կապը, օգտվում է նրա հովանավորությունից և պաշտպանությունից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Մշտական բնակիչը օգտվում է նույն իրավունքներից և ազատություններից և կրում է նույն պարտականությունները, ինչ որ բնակության Կողմի քաղաքացիները` սույն Պայմանագրով սահմանված բացառություններով:

2. Մշտական բնակիչը չի օգտվում հետևյալ իրավունքներից`

ա) ընտրել և ընտրվել բնակության Կողմի պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում,

բ) մասնակցել համաժողովրդական քվեարկությանը (համապետական հանրաքվե), որը անցկացնում է բնակության Կողմը,

գ) զբաղեցնել պաշտոններ, որոնք, բնակության Կողմի օրենսդրությանը համապատասխան, պահանջում են նրա քաղաքացիության առկայությունը:

Մշտական բնակչի իրավունքը` լինել քաղաքական կուսակցությունների անդամ, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը բնակության Կողմի տարածքում, կարգավորվում է բնակության Կողմի օրենսդրությամբ:

Կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը կամ միջազգային իրավունքի կիրառվող նորմերին համապատասխան, կարող է մշտական բնակիչներին տրամադրել իրավունքների և ազատությունների ավելի լայն ծավալ, քան նախատեսված է սույն Պայմանագրով:

3. Հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև հողի օգտագործման պայմանների և իրավունքի մասին հարցը Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար կարգավորվում է բնակության Կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Մշտական բնակչի վրա չեն տարածվում իրավունքների այլ սահմանափակումները կամ լրացուցիչ պարտականությունները, որոնք սահմանված են կամ կարող են սահմանվել օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք չեն հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներ, բնակության Կողմի տարածքում, ներառյալ նրանց մուտք գործելու, կեցության, վտարվելու և մեկնելու պայմանները և կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Կրթության մասին փաստաթղթերը, որոնք տրվել են մշտական բնակչին քաղաքացիության Կողմի ուսումնական հաստատությունում, ճանաչվում են բնակության Կողմի տարածքում` անկախ դրանք տալու ժամկետից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը մշտական բնակչին իրավունք են տալիս ընդունվելու երկու Կողմերի տարածքներում գտնվող ուսումնական հաստատություններ և վավերական են փաստաթղթերում նշված մասնագիտությամբ աշխատանքի ընդունվելիս:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մշտական բնակիչը մասնակցում է բնակության Կողմի պետական սեփականության սեփականաշնորհմանը նրա քաղաքացիների հետ հավասար, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև կնքված այլ Պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կողմերի պետական սահմանները, այդ թվում` երրորդ պետությունների հետ, անցնելու իրավունք տվող փաստաթղթերը տրվում են բնակության Կողմում քաղաքացիության Կողմի հյուպատոսական հիմնարկի կողմից:

2. Մշտական բնակչի վրա տարածվում են բնակության Կողմի տարածքից մեկնելու նույնպիսի սահմանափակումները, ինչպիսիք սահմանված են բնակության Կողմի քաղաքացիների համար` նրա օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերից յուրաքանչյուրի մշտական բնակիչների` զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցկացումը որոշվում է առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը ձեռնարկում են սույն Պայմանագրի դրույթների կատարման համար անհրաժեշտ բոլոր միջոցները` ներառյալ օրենսդրական և վարչական:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Պայմանագրի կիրառման կամ մեկնաբանման կապակցությամբ Կողմերի միջև ծագող վեճերը Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Պայմանագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարվա ընթացքում: Տասը տարվա ժամկետը լրանալուց հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ` հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերից ոչ մեկը ընթացիկ ժամանակահատվածը լրանալուց վեց ամիս առաջ չհայտնի հակառակի մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
29.08.1997
Միջազգային պայմանագիր