Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱ ...

 

 

i

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն),

նպատակ ունենալով իրագործել Միավորված ազգերի կազմակերպության և Կազմակերպության բանաձևերն ու որոշումները տեխնիկական խորհրդատվական համագործակցության վերաբերյալ և ձեռք բերել փոխադարձ համաձայնություն իրենց ենթադրվող նպատակների և գործունեության շրջանակների, ինչպես նաև պարտավորությունների ու ծառայությունների, որոնք կնախատեսվեն Կառավարության և Կազմակերպության կողմից,

հայտարարելով, որ իրենց փոխադարձ պարտավորությունները կիրագործվեն բարեկամական համագործակցության ոգով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ

 

1. Կազմակերպությունը կհաստատի Կառավարության հետ տեխնիկական խորհրդատվական համագործակցություն, որը ենթակա կլինի բյուջետային սահմանափակմանը կամ անհրաժեշտ ֆոնդերի առկայությանը: Կազմակերպությունը և Կառավարությունը կհամագործակցեն Կառավարության կողմից ներկայացված և Կազմակերպության կողմից հավանության արժանացած հարցերի, տեխնիկական խորհրդատվական համագործակցության իրականացմանն ուղղված, փոխադարձաբար համաձայնեցված գործունեության ծրագրերի մշակման շուրջ:

2. Նման տեխնիկական խորհրդատվական համագործակցությունը կստեղծվի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի, Գործադիր կոմիտեի և Կազմակերպության այլ մարմինների բանաձևերին ու որոշումներին համապատասխան:

3. Նման տեխնիկական խորհրդատվական համագործակցությունը կարող է ներառել.

ա) խորհրդատվությունը և Կառավարության կամ այլ մարմինների հետ համագործակցելու համար խորհրդատուների ծառայությունների տրամադրումը,

բ) փոխադարձաբար համաձայնեցված բնագավառներում սեմինարների, ուսուցողական ծրագրերի, ցուցադրական նախագծերի, փորձագետների աշխատանքային խմբերի և դրանց հետ առնչվող գործողությունների կազմակերպումը և անցկացումը,

գ) գիտական և հասարակական պարգևների հատկացումը կամ այլ կազմակերպական գործողությունների իրականացումը, որոնց շնորհիվ Կառավարության կողմից առաջադրված թեկնածուները ուսուցողական դասընթացներ կանցնեն կամ կվերապատրաստվեն երկրից դուրս,

դ) փոխադարձաբար համաձայնեցված բնագավառներում փորձարարական նախագծերի, վերլուծությունների, փորձերի կամ հետազոտությունների նախապատրաստում ու իրականացում,

ե) Կազմակերպության և Կառավարության միջև համաձայնեցված տեխնիկական խորհրդատվական համագործակցության ցանկացած այլ ձևի իրականացում:

4. ա) Խորհրդատուները, որոնք պետք է խորհուրդներ տան և համագործակցեն Կառավարության կամ այլ կողմերի հետ, կընտրվեն Կազմակերպության կողմից` Կառավարության հետ խորհրդակցելով: Նրանք պատասխանատու կլինեն Կազմակերպության առջև,

բ) իրենց պարտականությունների իրականացման ժամանակ խորհրդատուները կգործեն Կառավարության և նրա լիազորված անձանց կամ մարմինների հետ խորհրդատվությամբ և կենթարկվեն Կառավարությունից ստացված այդ պարտականությունների բնույթին վերաբերող ցուցումներին, որոնք իրենց հերթին կկազմվեն Կազմակերպության և Կառավարության փոխադարձ համաձայնությամբ,

գ) խորհրդատուները խորհրդատվական աշխատանքի ընթացքում իրենց բոլոր ջանքերը կներդնեն Կառավարության կողմից առաջադրված տեխնիկական անձնակազմի ուսուցման գործում, կօգնեն նրան մասնագիտական մեթոդների իմացության, հմտության և գործնական աշխատանքի հարցում և այն սկզբունքային հարցերում, որոնց վրա այդ բոլորը հիմնվում է:

5. Ցանկացած տիպի տեխնիկական սարքավորումները կամ մատակարարված ապրանքները, որոնք կարող են տրամադրվել Կազմակերպության կողմից, կմնան նրա սեփականությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց սեփականության իրավունքը չի փոխանցվել` ըստ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից որոշված և մինչև փոխանցման ժամկետը գործող կարգի:

6. Կառավարությունը կկարգավորի ցանկացած տիպի պահանջներ, որոնց հետ կապված հարցերը կարող է հարուցել որևէ երրորդ կողմը Կազմակերպության, նրա խորհրդատուների, գործակալների և աշխատակիցների դեմ և վերջիններիս զերծ կպահի վնասից բոլոր այն դեպքերում, երբ այդ պահանջները կամ պատասխանատվության հարցադրումները ծագում են սույն Համաձայնագրով կարգավորվող գործունեության արդյունքում, բացի այն դեպքերից, երբ Կառավարության և Կազմակերպության կողմից համաձայնեցված կլինի, որ այդ պահանջները և պատասխանատվությունը ծագում են այդ խորհրդատուների, գործակալների կամ աշխատակիցների կոպիտ անփութության կամ կանխամտածված վարքագծի հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

 

1. Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կձեռնարկի բոլոր միջոցները տեխնիկական խորհրդատվական համագործակցությունն արդյունավետ զարգացնելու համար:

2. Կառավարությունը կամ նրա կողմից լիազորված մարմինները և Կազմակերպությունը միասին կքննարկեն խորհրդատուների դիտարկումների արդյունքների և հաշվետվությունների հրապարակման հնարավորությունը, որը կարող է օգուտ բերել ուրիշ երկրների կամ Կազմակերպությանը:

3. Կառավարությունը կամ նրա կողմից լիազորված մարմինը ակտիվորեն կհամագործակցեն Կազմակերպության հետ դիտարկումների, տվյալների, վիճակագրության և նմանատիպ այլ տեղեկության հայթայթման ու կազմման գործում, որը հնարավորություն կընձեռի Կազմակերպությանը` վերլուծելու և գնահատելու տեխնիկական խորհրդատվական համագործակցության ծրագրերի արդյունքները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կազմակերպությունը կփոխհատուցի, ամբողջությամբ կամ մասնակիորեն, ըստ փոխադարձ համաձայնության, տեխնիկական խորհրդատվական համագործակցության այն ծախսերը, որոնք ենթակա են վճարման երկրից դուրս, այդ թվում`

ա) խորհրդատուների աշխատավարձը և գործուղումների ծախսերը (ներառյալ օրապահիկը),

բ) խորհրդատուների գործուղման ընթացքում դեպի տվյալ երկիր և երկրի ներսում տեղաշարժման ծախսերը,

գ) երկրից դուրս ճանապարհորդելու հետ կապված բոլոր այլ ծախսերը,

դ) խորհրդատուների ապահովագրությունը,

ե) Կազմակերպության կողմից տրամադրվող սարքավորումների կամ մատակարարվող ապրանքների գնման և դեպի երկիր ու երկրի ներսում տեղափոխման ծախսերը,

զ) Կազմակերպության կողմից ընդունված արտերկրյա այլ ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կառավարության և Կազմակերպության միջև փոխադարձ համաձայնության առարկա հանդիսացող յուրաքանչյուր նախագծի համար Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի տեխնիկական խորհրդատվական համագործակցության ծախսերին` տրամադրելով հետևյալ պայմաններն ու ծառայությունները.

ա) տեղական անձնակազմի ծառայություններ, տեխնիկական և վարչական, ներառյալ անհրաժեշտ գործավարական օգնության, թարգմանիչների և թարգմանությունների հետ առնչվող օգնություն,

բ) անհրաժեշտ գրասենյակային տարածք և այլ հարմարություններ,

գ) երկրում արտադրվող սարքավորումներ և ապրանքներ,

դ) պետական ծրագրերի իրականացման նպատակով` անձնակազմի, մատակարարված ապրանքների և սարքավորումների փոխադրում երկրի ներսում,

ե) պաշտոնական նպատակների համար փոստային և հեռագրային ծախսեր,

զ) հնարավորություններ միջազգային անձնակազմին բժշկական օգնություն և հիվանդանոցային օգնություն ստանալու համար:

2. Կառավարությունը, փոխադարձ համաձայնությամբ, կհատուցի ծախսերի այն մասը, որը չի ապահովվի Կազմակերպության կողմից և պետք է վճարվի երկրից դուրս:

3. Առանձնահատուկ դեպքերում, փոխադարձ համաձայնությամբ, Կառավարությունը Կազմակերպությանը կտրամադրի աշխատանքներ, սարքավորում, պիտույքներ և այլ ծառայություններ կամ գույք, որոնք կարող են անհրաժեշտ լինել աշխատանքի կատարման համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կառավարությունը, եթե արդեն իսկ չի պայմանավորվել դրա վերաբերյալ, Կազմակերպության, նրա անձնակազմի, ֆոնդերի, սեփականության և գույքի նկատմամբ կկիրառի Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1947 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին Կոնվենցիայի դրույթները:

2. Կազմակերպության անձնակազմը, ներառյալ նրա կողմից որպես անձնակազմի անդամ վարձված անձինք, որոնք նշանակված են սույն Համաձայնագրի նպատակն իրականացնելու համար, վերոհիշյալ Կոնվենցիայի շրջանակներում կդիտվի որպես պաշտոնատար անձ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծրագրի` Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված համակարգողը/ներկայացուցիչը կունենա վերոհիշյալ Կոնվենցիայի 21-րդ բաժնով նախատեսված իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Հիմնական համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին:

2. Սույն Հիմնական համաձայնագիրը կարող է փոփոխվել Կազմակերպության և Կառավարության փոխադարձ համաձայնությամբ, որոնցից յուրաքանչյուրը պետք է տրամադրի մյուսին նման փոփոխության համար լրիվ և պատշաճ պարզաբանում:

3. Սույն Հիմնական համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցնել Կողմերից յուրաքանչյուրը` մյուս Կողմին այդ մասին գրավոր ծանուցելով, և դրա գործողությունը կդադարեցվի նման ծանուցում ստանալուց 60 օր հետո:

 

Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, համապատասխանաբար, Կազմակերպության և Կառավարության կողմից պատշաճ կերպով նշանակված ներկայացուցիչները, Կողմերի անունից ստորագրեցին սույն Համաձայնագիրը Ստամբուլ քաղաքում 1997 թվականի սեպտեմբերի 17-ին, երկու բնօրինակով, հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունիսի 14-ից:

 

 

pin
Առողջապահության Համաշխարհային Կազմա
17.09.1997
Համաձայնագիր