Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով,

ցանկանալով զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում, ուղևորների և բեռների ավտոմոբիլային հաղորդակցությունը երկու պետությունների միջև և տարանցիկ` նրանց տարածքով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Փոխադրող» նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որին, Պայմանավորվող կողմերի պետություններում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, թույլատրված է կատարել ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ:

2. «Ավտոտրանսպորտային միջոց» նշանակում է`

ա) բեռնափոխադրումների դեպքում` բեռնատար ավտոմեքենա, բեռնատար քարշակ, որոնք գրանցված են Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում, կամ նշված ավտոմեքենաները և քարշակները` կցորդով կամ կիսակցորդով,

բ) ուղևորափոխադրումների դեպքում` հատուկ ավտոտրանսպորտային միջոց (ավտոբուս), որը նախատեսված է ուղևորների փոխադրման համար, ունի ոչ պակաս, քան 8 նստատեղ, չհաշված վարորդինը, և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում:

3. «Թույլտվություն» նշանակում է փաստաթուղթ, որը տրվում է օգտագործման գանձումների վճարումով կամ վճարումներից ազատումով, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի գործող օրենսդրությանը համապատասխան, և իր գործողության ժամկետում փոխադրողին իրավունք է տալիս կատարել մեկ երթ` այնտեղ և հետ, կամ տարանցիկ` մյուս Պայմանավորվող կողմի տարածքով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` երկու պետություններից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով Պայմանավորվող կողմերի պետությունների միջև, նրանց տարածքով` տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ պետություններ կամ երրորդ պետություններից իրականացվում են ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումներ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համար բաց ավտոճանապարհներով:

 

ՈՒղևորների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներով, ըստ Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև նախօրոք համաձայնեցված չվացուցակի և երթուղու, ուղևորների նստեցման և իջեցման սկզբնական, վերջնական և միջանկյալ կետերի նշումով:

Այդպիսի փոխադրումներ կազմակերպելու առաջարկությունները Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինները նախօրոք փոխանցում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի հիման վրա ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված փոխադրումների, պահանջվում է Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից տրված թույլտվություն:

2. ՈՒղևորների ոչ կանոնավոր փոխադրումների թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, երբ ուղևորների նույն խումբը նույն կազմով փոխադրվում է նույն ավտոտրանսպորտային միջոցով ամբողջ ուղևորության ընթացքում, եթե`

ա) այդ ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Պայմանավորվող կողմի պետության տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը,

բ) այդ ուղևորությունը սկսվում է այն Պայմանավորվող կողմի պետության տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, և ավարտվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` պայմանով, որ ավտոտրանսպորտային միջոցը վերջինիս տարածքը թողնի առանց ուղևորների,

գ) փոխադրումն իրագործվում է տարանցիկ` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքով:

3. Թույլտվություն չի պահանջվում խափանված ավտոբուսի փոխարինման ժամանակ:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված փոխադրումների կատարման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ունենալ ուղևորների ցուցակը:

 

Բեռների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 5. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Երկու Պայմանավորվող կողմերի պետությունների միջև կամ դրանց տարածքով` տարանցիկ, դեպի երրորդ պետություններ կատարվող բեռնափոխադրումները, կցորդ կամ կիսակցորդ ունեցող կամ առանց դրանց բեռնատար ավտոմեքենաներով, բացառությամբ սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածում նախատեսված դեպքերի, իրականացվում են Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունների հիման վրա:

Կցորդով կամ կիսակցորդով, կամ առանց դրանց բեռնատար ավտոմեքենայով իրականացվող յուրաքանչյուր բեռնափոխադրման համար պետք է տրվի առանձին թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնել մեկ երթ` այնտեղ և հետ, եթե թույլտվության մեջ այլ պայման նշված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերում թույլտվություններ տալու և փոխանցման կարգը և պայմանները սահմանվում են Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև` համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱԶԱՏՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Թույլտվություն չի պահանջվում ավտոտրանսպորտային միջոցներով ներքոհիշյալ փոխադրումների համար`

ա) ցուցահանդեսային բեռներ,

բ) մարզական մրցումների անցկացման համար նախատեսված մարզական բեռներ,

գ) մահացածների աճյուններ,

դ) փոստ,

ե) խափանված ավտոտրանսպորտային միջոցներ,

զ) այլ բնակավայր տեղափոխվելիս անձնական իրեր,

է) մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներ,

ը) տարերային աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումներ և դեղորայք:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՇԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերի պետություններից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի համար չպարտադրել ավելի սահմանափակ պայմաններ, քան իր տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանվածներն են:

2. Եթե Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի ավտոտրանսպորտային միջոցի քաշը կամ չափերը գերազանցում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում թույլատրելի առավելագույն նորմերը, այդպիսի դեպքերում ավտոտրանսպորտային միջոցների համար պահանջվում է այն Պայմանավորվող կողմի պետության հսկող մարմնի թույլտվությունը, որի տարածքով պետք է կատարվեն փոխադրումները:

Եթե այդպիսի թույլտվությունը նշում է ավտոտրանսպորտային միջոցի համար պարտադիր որոշակի երթուղի, ապա փոխադրումը թույլատրվում է միայն այդ երթուղով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի փոխադրողին արգելվում է կատարել ուղևորների և բեռների փոխադրում երկու կետերի միջև, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան պահանջվող փաստաթղթերը պետք է գտնվեն այն ավտոտրանսպորտային միջոցում, որին դրանք վերաբերում են, և ներկայացվեն հսկող մարմինների պահանջի դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՐԿԵՐ ԵՎ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրին համապատասխան երկու Պայմանավորվող կողմերի պետությունների փոխադրողների կողմից իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները երկկողմ հաղորդակցության դեպքում, փոխադարձության հիմունքներով, ազատվում են Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով երթևեկելու համար հարկերի գանձումից:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան փոխադրումներ իրականացնելիս մաքսային գանձումներից փոխադարձաբար ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծվող`

1. արտադրող գործարանի կողմից նախատեսված` յուրաքանչյուր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցի բաքերում գտնվող վառելիքը,

2. փոխադրման համար անհրաժեշտ քանակությամբ քսայուղերը,

3. ավտոտրանսպորտային միջոցի նորոգման համար նախատեսված պահեստամասերը և գործիքները:

Գործիքները և չօգտագործված պահեստամասերը ենթակա են վերաարտահանման, իսկ փոխարինված պահեստամասերը կամ պետք է դուրս բերվեն Պայմանավորվող կողմի պետության տարածքից, կամ ոչնչացվեն համապատասխան մաքսային մարմինների հսկողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Սույն Համաձայնագրով կամ միջազգային այլ համաձայնագրերով, որոնց մասնակից են Պայմանավորվող կողմերի պետությունները, չկարգավորված հարցերը կարգավորում են Պայմանավորվող կողմերից մեկի պետության փոխադրողների և ավտոտրանսպորտային միջոցների վարորդների գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ` նրա տարածքում գտնվելու ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության փոխադրողների կամ վարորդների կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրերի դրույթների, ինչպես նաև գործող օրենքների և ճանապարհային երթևեկության և փոխադրումների կատարման կանոնների խախտման դեպքում այն Պայմանավորվող կողմի պետության իրավասու մարմինները, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, պարտավոր են մյուս Պայմանավորվող կողմի պետության իրավասու մարմնի խնդրանքով, որի տարածքում կատարվել է խախտումը, իրականացնել հետևյալ միջոցառումներից մեկը`

նախազգուշացնել խախտում կատարած փոխադրողին,

ժամանակավորապես կամ ընդմիշտ արգելել փոխադրողի ավտոտրանսպորտային միջոցների մուտքն այն Պայմանավորվող կողմի պետության տարածք, որտեղ կատարվել է խախտումը:

2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության իրավասու մարմինները, որոնք կիրառել են սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցառումները, պետք է այդ մասին տեղյակ պահեն մյուս Պայմանավորվող կողմի պետության իրավասու մարմիններին:

3. Սույն հոդվածի դրույթները չպետք է հակասեն այն Պայմանավորվող կողմի պետության ազգային օրենսդրությամբ նախատեսված գործող օրենքներին ու նորմերին, որի տարածքում կատարվել է խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից կստեղծվի Խառը հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի կատարման համար իրավասու մարմիններն են`

Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը,

Բելառուսի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի` անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումների փոխանակման օրվանից 30 օր անց:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անսահմանափակ ժամկետով և ուժի մեջ կմնա մինչև 90 օր լրանալն այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին կհայտնի Համաձայնագրի գործողության դադարեցման իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի վիճելի դրույթների մեկնաբանությունների ժամանակ տարբերություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:

 

 

pin
Բելոռուսի Հանրապետություն
20.09.1997
Համաձայնագիր