Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով զարգացնել և ամրապնդել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև, որոնք հիմնված են փոխադարձ աջակցության, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա,

ցանկանալով ամրապնդել բարեկամական հարաբերությունները Պայմանավորվող կողմերի միջև,

առաջնորդվելով գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի և զբոսաշրջության, երիտասարդության փոխանակման, զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության զարգացման և դյուրացման ցանկությամբ,

ձգտելով իրականացնել Հելսինկյան Եզրափակիչ ակտի, Նոր Եվրոպայի Փարիզի կանոնադրության և Եվրոպայի անվտանգության համագործակցության խորհրդակցության այլ փաստաթղթերի` մշակույթին վերաբերող դրույթները, ինչպես նաև ԵԱՀԿ մասնակից պետությունների մշակութային ժառանգության Կրակովյան սիմպոզիումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կարևորում են մշակութային և գիտական հարաբերությունների հաստատումը անհատի նկատմամբ հարգանքի, խղճի և կրոնի ազատության հոգևոր և մշակութային արժեքների ճանաչման, Պայմանավորվող կողմերի օրենքների հարգման և պահպանման սկզբունքների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն պետական, հասարակական և մասնավոր հաստատությունների, կազմակերպությունների, ասոցիացիաների և անհատների բոլոր այն նախաձեռնությունները և համագործակցության ձևերը, որոնք կնպաստեն հայ-լեհական համատեղ կազմակերպությունների և հիմնադրամների ստեղծմանը, որոնք կծառայեն սույն Համաձայնագրի նպատակների իրականացմանը և երկու պետությունների ժողովուրդների մերձեցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը և փոխանակումը մշակույթի և արվեստի բնագավառներում և համապատասխան հնարավորություններ կստեղծեն այդ բնագավառներում գործող կազմակերպությունների և անհատների միջև համագործակցության համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ջանքեր կգործադրի իր երկրում մյուս Պայմանավորվող կողմի մշակութային ժառանգության և ժամանակակից մշակութային նվաճումների տարածման համար: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը, ելնելով փոխշահավետության սկզբունքից, կխրախուսեն մյուս Կողմի գեղարվեստական աշխատանքների տարածմանն ուղղված գործողությունները հետևյալ միջոցներով.

- ցուցահանդեսների և այլ մշակութային շնորհանդեսների փոխանակում,

- դերասանների և դերասանական խմբերի փոխանակում,

- գրական աշխատանքների թարգմանություն և հրապարակում,

- մյուս Պետության անհատների գեղարվեստական աշխատանքների ներկայացում թատրոններում, համերգասրահներում, ցուցահանդեսներում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյով,

- նոր մշակութային արժեքներ ստեղծող անհատների նախաձեռնություններ և նախագծեր,

- ազգային կինոյի փառատոնների և պաշտոնական պրեմիերաների կազմակերպում, ֆիլմերի, պատվիրակությունների և մասնագետների փոխանակում, համատեղ ներկայացումների իրականացում, ֆիլմադարանների համագործակցություն և գրական աշխատությունների փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն լեհերեն լեզվի և գրականության ուսուցումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում և հայոց լեզվի ու գրականության ուսուցումն ու տարածումը Լեհաստանի Հանրապետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կճանաչի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների և հաստատությունների, ինչպես նաև նրանց իրավահաջորդների հեղինակային և հարակից իրավունքները` անկախ նրանց աշխատանքների առաջին հրապարակման վայրից, և կպաշտպանի նրանց իրավունքները նույն պայմաններով, ինչ նախատեսված է Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ իրենց քաղաքացիների և ինստիտուտների համար: Ավելին, Կողմերը փոխադարձաբար կհարգեն իրենց քաղաքացիների և ինստիտուտների հեղինակային և հարակից իրավունքները` Եվրոպայի միության ընդունած ստանդարտների համաձայն: Մասնավորապես, պաշտպանության ստանդարտները, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան Բեռնի և Հռոմի Կոնվենցիաներով նախատեսված ստանդարտներն են:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն` ուղղված երկու Կողմերի ազգային մշակութային ժառանգության պահպանմանը և իրենց տարածքում գտնվող մյուս Պայմանավորվող կողմի համար պատմական հուշարձաններ հանդիսացող և մշակութային արժեք ներկայացնող առարկաների պահպանմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու Կողմերի հետազոտողների, հետազոտական հիմնարկների, գիտական ակադեմիաների և այլ գիտական կազմակերպությունների միջև: Պայմանավորվող կողմերը կապահովեն գիտական համագործակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները` հետևյալ եղանակներով.

- հետազոտողների փոխանակում,

- համատեղ հետազոտական աշխատանքների կատարում,

- համատեղ հետազոտական հիմնարկների ստեղծում,

- տեղեկության, հրատարակությունների և գիտական փաստաթղթերի փոխանակում,

- մատչելի դարձնել արխիվները, գրադարանները և փաստաթղթերի այլ աղբյուրները և հետազոտությունների արդյունքների հրապարակումը,

- համատեղ գիտական միջոցառումների (վեհաժողովներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, գիտարշավներ և այլն) կազմակերպում,

- միջգերատեսչական համաձայնագրերում նախատեսված համագործակցության այլ հատուկ ձևեր:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Հետազոտությունների արդյունքները և Պայմանավորվող կողմերի համատեղ ուժերով ձեռք բերված գիտական և տեխնիկական փաստաթղթերը չեն կարող փոխանցվել երրորդ կողմի և հրատարակվել առանց մյուս Կողմի համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Լեհաստանի Հանրապետության ազգային կրթության նախարարությունը անմիջական կապեր կհաստատեն երկու երկրների կրթության և բարձրագույն կրթության համակարգերը և մակարդակը բարձրացնելու համար:

Կողմերը կխրախուսեն կրթաթոշակ ստացողների, հետազոտողների, վերապատրաստման գործուղված անձանց և ուսանողների փոխանակումը` ելնելով վերոհիշյալ նախարարությունների կողմից համաձայնեցված սկզբունքներից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մինչև «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև միջնակարգ, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական դպրոցների ավարտական փաստաթղթերի վավերականության փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագրի կնքումը Կողմերը կկարգավորեն իրենց հարաբերությունները 1972թ. հունիսի 7-ի` «Միջնակարգ, միջնակարգ մասնագիտական դպրոցների, բարձրագույն դպրոցների ավարտական փաստաթղթերի, ինչպես նաև գիտական աստիճանների և կոչումների շնորհման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» Պրագայի Կոնվենցիայով, բացառությամբ բժշկական ակադեմիաների վկայականների և բժշկության բնագավառում գիտական աստիճանների և կոչումների:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը արխիվների ուսումնասիրման, մասնավորապես, նրանցից օգտվելու հնարավորության գործում, փորձի փոխանակումը, հրատարակությունների և միկրոֆիլմերի փոխանակումը` համաձայն իրենց ներքին օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը երիտասարդների փոխանակման բնագավառում` համաձայն առանձին համաձայնագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն անմիջական համագործակցության զարգացումը ռադիոյի, հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի բնագավառներում` համաձայն համապատասխան համաձայնագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության լրագրողների միությունների, խմբագրությունների և լրատվական գործակալությունների միջև համագործակցության զարգացումը և փոխանակումը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո գտնվող բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Պայմանավորվող կողմերը կամ նրանց իրավասու գործակալությունները և հաստատությունները կմշակեն սույն Համաձայնագրի կատարման ծրագրերը, որոնցում կնախատեսվեն իրականացման կազմակերպչական և ֆինանսական պայմանները, ինչպես նաև կմշակեն սույն Համաձայնագրի դրույթներից բխող այլ լրացուցիչ համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճերը Պայմանավորվող կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, որը կհավաստվի հուշագրերի փոխանակման միջոցով: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում վերջին հուշագրի ստացման օրը:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ուժի մեջ կմտնեն 19-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Վարշավա քաղաքում 1998 թվականի հունվարի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի նոյեմբերի 19-ից:

 

 

pin
Լեհաստանի Հանրապետություն
27.01.1998
Համաձայնագիր