Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իտալիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ապահովել բարենպաստ պայմաններ երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար, հատկապես մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումների նկատմամբ, և

գիտակցելով, որ միջազգային համաձայնագրերի հիման վրա այդպիսի ներդրումների խրախուսումը և փոխադարձաբար պաշտպանությունը կխթանի համատեղ գործունեությանը, որը և կնպաստի երկու պետությունների բարգավաճմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրում» տերմինը նշանակում է սեփականության ցանկացած ձև, որը ներդրված է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո մի Պայմանավորվող կողմի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, եթե այդ ներդրումը կատարվել է վերջինիս օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, և կներառի, մասնավորապես, բայց ոչ բացառապես`

ա) շարժական և անշարժ գույք, «in rem» իրավունքը, ինչպես նաև այլ գույքային իրավունքներ, որոնցից են պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, գրավը և հիպոթեքը,

բ) բաժնետոմսեր, պարտքի հանձնառություններ, արժեթղթեր կամ ընկերություններում մասնակցության այլ ձևեր և ցանկացած այլ վարկային միջոցներ, ինչպես նաև պետական ապահովագրեր,

գ) դրամական պահանջներ կամ ներդրումներին վերաբերող տնտեսական արժեք ունեցող գործողություններ, ինչպես նաև կրկնակի ներդրումների հետ կապված եկամուտներ և կապիտալից ստացված եկամուտներ,

դ) հեղինակային իրավունքներ, առևտրական ապրանքանիշեր, արտոնագրեր, արդյունաբերական ձևավորում և այլ մտավոր ու արդյունաբերական սեփականության իրավունքներ, «նոու-հաու», առևտրական գաղտնիքներ, առևտրական անուններ և բարի համբավ,

ե) ցանկացած տնտեսական իրավունք, որը բխում է օրենքից կամ պայմանագրից, ցանկացած արտոնություն և կոնցեսիայի իրավունք, որոնք տրամադրված են տնտեսական գործունեության ոլորտում առկա դրույթների համաձայն, ներառյալ բնական պաշարների հետախուզման, արդյունահանման և շահագործման իրավունքը,

զ) սկզբնական ներդրումների արժեքի ցանկացած ավելացում: Ներդրումների ձևերին վերաբերող որևէ փոփոխություն չի ենթադրում դրանց բուն էության փոփոխությունը:

2. «Ներդրող» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ուղղակի կամ իր ներկայացուցիչների միջոցով ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

3. «Ֆիզիկական անձ» տերմինը Պայմանավորվող կողմերի համար նշանակում է ցանկացած ֆիզիկական անձ, որը, տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան, հանդիսանում է վերջինիս քաղաքացի:

4. «Իրավաբանական անձ» տերմինը Պայմանավորվող կողմերի համար նշանակում է ցանկացած կազմակերպություն, որը հիմնադրվել կամ այլ կերպ կազմավորվել է Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության համաձայն, ունի իր գլխավոր ներկայացուցչությունը Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և ճանաչված է վերջինիս կողմից:

5. «Եկամուտ» տերմինը նշանակում է դրամական եկամուտներ, որոնք ստացվել են ներդրումների շնորհիվ և մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում են եկամուտներ, շահույթ, կապիտալից ստացված եկամուտներ, շահաբաժին, տոկոսաբաժին, հոնորարներ և վճարումների ցանկացած այլ ձևեր` դրամով և բնեղենով:

6. «Տարածք» տերմինը նշանակում է, բացի ցամաքային սահմանների շրջանակներում ընդգրկված գոտիներից, նաև «ծովային գոտիներ»: Վերջինս ներառում է ծովային և ծովի հատակի գոտիները, որոնց նկատմամբ Պայմանավորվող կողմերը իրականացնում են ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ կամ իրավասություններ միջազգային իրավունքին համապատասխան:

7. «Ներդրումների մասին համաձայնագիր» նշանակում է ներդրումներին վերաբերող մի Պայմանավորվող կողմի (կամ նրա լիազոր գործակալությունների կամ ներկայացուցչությունների) և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև համաձայնագիր:

8. «Մուտքի իրավունքը» մի Պայմանավորվող կողմի ներդրողին շնորհված իրավունքն է` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, կխրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` իր տարածքում ներդրումներ կատարելու համար:

2. Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողները պետք է, մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, վերջինիս տարածքում ներդրումներին առնչվող գործունեություն իրականացնելու իրավունք ունենան, որը պետք է ոչ պակաս բարենպաստ լինի, քան այն, որը շնորհվում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կապահովի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ արդարացի և իրավահավասար վերաբերմունք:

Պայմանավորվող կողմերը կապահովեն, որ իրենց տարածքում մյուս Պայմանավորվող կողմի կատարած ներդրողների ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, ձևափոխման, տիրապետման կամ բաշխման, ինչպես նաև իրավաբանական անձանց, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնցում կատարվել են այդ ներդրումները, չկիրառվեն անարդար կամ խտրական միջոցներ:

4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը և յուրաքանչյուր առանձին ներդրողի նկատմամբ իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան, իր տարածքում կստեղծի և կապահովի բարենպաստ տնտեսական և իրավական պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները խրախուսելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՌԵԺԻՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի սահմաններում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների և դրանց հետ կապված եկամուտների նկատմամբ կկիրառի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական ներդրողների կամ երրորդ պետությունների ներդրողների ներդրումներին և դրանց հետ կապված եկամուտներին տրամադրված ռեժիմն է:

2. Եթե այն միջազգային պարտավորությունները, որոնք գործում են կամ ապագայում կգործեն, ներառում են ընդհանուր կամ հատուկ կանոններ, որոնք իրավունք են տալիս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ կիրառել առավել բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա կգործեն վերոհիշյալ կանոնները:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք մի Պայմանավորվող կողմը կարող է տրամադրել երրորդ երկրների ներդրողներին, որոնք անդամակցում են մաքսային կամ տնտեսական միությանը, ընդհանուր շուկային, ազատ առևտրի գոտուն, ռեգիոնալ կամ ենթատարածաշրջանային համաձայնագրին, միջազգային բազմակողմ տնտեսական համաձայնագրին կամ այն համաձայնագրերին, որոնք նախատեսում են երկակի հարկումից խուսափում կամ սահմանամերձ առևտրի հեշտացում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ

 

Եթե մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասվում կամ կորչում են վերջինիս տարածքում ծագած պատերազմի կամ այլ զինված հակամարտության, ծայրահեղ իրավիճակների, քաղաքացիական կամ այլ նմանատիպ իրադարձությունների հետևանքով, ապա այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում կատարված են ներդրումները, հասցված վնասներին համապատասխան փոխհատուցում է` անկախ նրանից` վնասը կառավարությունն է պատճառել, թե ոչ:

Փոխհատուցումները պետք է լինեն ազատ փոխանցելի և կատարվեն առանց ուշացման: Բոլոր դեպքերում մի Պայմանավորվող կողմի ներդրողներին կտրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ որևէ երրորդ երկրի ներդրողներին տրամադրված ռեժիմն է:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՕՏԱՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է «de jure» կամ «de facto» օտարվեն կամ ենթարկվեն այնպիսի միջոցառումների, որոնք կունենան ազգայնացման կամ բռնագրավմանը հավասարազոր ազդեցություն /այսուհետ` օտարում/ բացի այն դեպքերից, երբ դա կատարվում է հասարակական նպատակների համար կամ ազգային շահերից ելնելով:

Օտարումը պետք է կատարվի օրենքի համաձայն, ոչ խտրական սկզբունքով, արագ, արդյունավետ և համապատասխան փոխհատուցմամբ:

Նման փոխհատուցումը պետք է հաշվարկվի օտարված ներդրման շուկայական արժեքին համապատասխան` օտարում կատարելու որոշման մասին հայտարարելուց անմիջապես առաջ:

Վերոհիշյալ փոխհատուցումը պետք է իրականացվի օտարման մասին որոշումը հայտարարելուց անմիջապես առաջ գործող արժութային ընթացագնով:

Փոխհատուցումը պետք է ներառի տոկոսադրույք, որը հաշվարկված կլինի ԼԻԲՕՐ-ի հիման վրա օտարման պահից մինչև վճարման օրը, պետք է կատարվի առանց ուշացման և, բոլոր դեպքերում, երեք ամսվա ընթացքում, պետք է լինի արդյունավետ իրականացվող, ազատ փոխանցելի և վճարվի ազատ փոխարկելի տարադրամով:

2. Պայմանավորվող կողմերի միջև ներդրողի փոխհատուցման գումարի վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում վերջինս որպես հիմք պետք է ընդունի այն չափանիշները, որոնք սահմանված են ներդրումներին վերաբերող փաստաթղթերում:

3. Սույն հոդվածի դրույթները գործում են նաև այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմը օտարում է այն ընկերության միջոցները, որը միավորվել կամ հաստատվել է վերջինիս օրենքի համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները ունեն իրենց բաժնետոմսերը:

Այն դեպքում, երբ օտարման օբյեկտը Հայաստանի և Իտալիայի ներդրողների կողմից համատեղ հիմնված իրավաբանական անձ է, ապա ներդրման շրջանառության ընթացքում ներդրողի փայաբաժնի ավելացումը կլինի ոչ պակաս, քան կապիտալի ավելացումից, վերագնահատումից, չբաշխված շահույթից և պահուստային ֆոնդերից ավելացված սկզբնական արժեքն է, և կկրճատվի կապիտալի նվազեցման և կորուստների չափով:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողը, տեղեկանալով, որ իր ներդրումները ամբողջությամբ կամ մասամբ ենթակա են օտարման, իրավունք կունենա դիմելու մյուս Պայմանավորվող կողմի իրավասու դատական կամ վարչական մարմիններին` պարզաբանելու համար, թե ինչքանով են ձեռնարկված միջոցները համապատասխանում տեղի ունեցած դեպքին, և, եթե դա այդպես է, ապա ինչքանով է նախատեսված փոխհատուցումը համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նաև այլ համապատասխան հարցերը լուծելու համար:

5. Փոխհատուցումը կարող է վճարվել այն տարադրամով, որով կատարվել է ներդրումը օտարերկրյա ներդրողի կողմից, եթե այդ տարադրամը ազատ փոխարկելի է, կամ ներդրողին հարմար այլ տարադրամով:

Փոխհատուցումը պետք է լինի ազատ փոխանցելի:

6. Սույն հոդվածի դրույթները վերաբերում են ինչպես ներդրումից առաջացած եկամուտներին, այնպես էլ դրա վերացման հետ կապված միջոցառումներին:

7. Եթե սեփականության օտարման հետևանքով ամբողջ գույքը կամ դրա մի մասը չի իրացվել, ապա սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի նորից գնել այն շուկայական գներով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԸ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին վերաբերող գումարների արտահանումը, առանց չպատճառաբանված ուշացման, ցանկացած փոխարկելի տարադրամով: Նման փոխանցումները մասնավորապես, բայց ոչ բացառապես կներառեն`

ա) կապիտալ և ավելացված կապիտալ, ներառյալ ներդրումների աճին և պահպանմանը ուղղված կրկնակի ներդրումների հետ կապված եկամուտները,

բ) մաքուր եկամուտ, շահաբաժին, հոնորարներ, վճարներ, շահույթ և այլ եկամուտներ,

գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ ամբողջական կամ մասնակի լուծարումից առաջացած եկամուտներ,

դ) մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներին վճարվող վարձատրություն և վճարումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` ներդրումների հետ կապված աշխատանքի և ծառայությունների կատարման համար գործող օրենսդրությամբ նախատեսվող գումարներով և միջոցներով:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար կստեղծի համապատասխան պայմաններ` ներդրումների հետ կապված փոխառությունների հատուցման դրամական միջոցների և տոկոսների հետ կապված վճարների փոխանցման համար, առանց չհիմնավորված ուշացման, ցանկացած փոխարկելի տարադրամով:

3. Չսահմանափակելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի գործողության շրջանակները, Պայմանավորվող կողմերը սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված փոխանցումների նկատմամբ կկիրառեն նույն բարենպաստ ռեժիմը, որը տարածվում է երրորդ պետությունների ներդրողների ներդրումների նկատմամբ այն դեպքում, եթե վերջինս առավել բարենպաստ է:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

 

Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա նշանակած հաստատությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իր որևէ ներդրողի կատարած ներդրման առնչությամբ երաշխավորել է ապահովագրություն ոչ առևտրային ռիսկի դիմաց և այդ երաշխիքներին համապատասխան կատարում է վճարում, ապա մյուս Պայմանավորվող կողմը կճանաչի ներդրողի իրավունքի փոխանցումը առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած հաստատությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՓՈԽԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներում հիշատակված միջոցների փոխանցումները պետք է կատարվեն առանց չհիմնավորված ուշացումների, ազատ փոխարկելի տարադրամով և, բոլոր դեպքերում, վեց ամսվա ընթացքում` սկսած այն պահից, երբ կատարված են բոլոր հարկային պարտավորությունները:

Բոլոր փոխանցումները պետք է իրականացվեն այն պահին սահմանված արժութային ընթացագնին համապատասխան, երբ ներդրողը կհայտնի իր ցանկությունը փոխանցում կատարելու մասին, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված դրույթների, որոնք առնչվում են 5-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված տարադրամի գործող ընթացագնին վերաբերող միջոցառումներին:

2. Նախորդ կետում նշված հարկային պարտավորությունները համարվում են կատարված այն դեպքում, եթե ներդրողը կատարում է այն Պայմանավորվող կողմի օրենքով նախատեսված ընթացակարգերը, որի տարածքում կատարվել է ներդրումը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև կատարած ներդրումների առնչությամբ ծագած որևէ վեճ, ներառյալ փոխհատուցման գումարներին վերաբերող վեճերը, հնարավորության սահմաններում կկարգավորվեն բարեկամաբար:

2. Այն դեպքում, երբ ներդրողը և Պայմանավորվող կողմերից մեկը ներդրումների մասին համաձայնագրի վերաբերյալ վերապահում է կատարում, ապա կիրառվում է այդպիսի ներդրումներին վերաբերող համաձայնագրում նախատեսված ընթացակարգը:

3. Եթե այդպիսի վեճը գրավոր ծանուցման պահից 6 ամսվա ընթացքում չլուծվի բարեկամաբար, ապա ներդրողի ընտրությամբ այն կարող է ներկայացվել`

ա) Պայմանավորվող կողմերի տարածքային դատարան,

բ) «ad hoc» միջնորդ դատարան` ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի /UNCITRAL/ հաշտեցման մասին կանոնների համաձայն: Ընդունող Կողմը պարտավոր է ընդունել միջնորդ դատարանի որոշումը,

գ) ներդրումների վերաբերյալ վեճերի լուծման Միջազգային կենտրոն, որը հիմնված է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի Վաշինգտոնի կոնվենցիայի համաձայն, եթե երկու Պայմանավորվող կողմերը միացել են կամ կմիանան այդ կոնվենցիային:

4. Պայմանավորվող կողմերը կխուսափեն դիվանագիտական ուղիներով արբիտրաժային կամ դատական ընթացակարգերին վերաբերող որևէ հարցի շուրջ բանակցելուց, եթե Պայմանավորվող կողմերից մեկը չի կատարել միջնորդ դատարանի կամ տարածքային դատարանի որոշումները դրանցով սահմանված ժամկետներում կամ տվյալ գործին վերաբերող միջազգային կամ ներքին օրենքներով սահմանված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների կիրառմանը կամ մեկնաբանմանը վերաբերող որևէ վեճ հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի դիվանագիտական ուղիներով:

2. Եթե վեճը չի կարգավորվում Պայմանավորվող կողմերից մեկի` մյուսին գրավոր ծանուցելուց վեց ամսվա ընթացքում, ապա, Պայմանավորվող կողմերից մեկի դիմումի համաձայն, այն կհանձնվի սույն հոդվածով նախատեսված «ad hoc» միջնորդ դատարանի քննարկմանը:

3. Միջնորդ դատարանը կկազմվի հետևյալ ձևով.

Պայմանավորվող կողմերից մեկի միջնորդ դատարանի քննարկմանը վեճը հանձնելու վերաբերյալ դիմումի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի դատարանի մեկ անդամ: Այնուհետև այդ երկու անդամները պետք է ընտրեն որևէ երրորդ պետության քաղաքացու` որպես միջնորդ դատարանի նախագահի: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու անդամների նշանակումից հետո երեք ամսվա ընթացքում:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու համար: Եթե վերոհիշյալ դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է կամ որևէ պատճառով չի կարող կատարել այդ նշանակումները, ապա կհրավիրվի դատարանի փոխնախագահը` այդ նշանակումները կատարելու համար: Եթե դատարանի փոխնախագահը նույնպես Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է կամ որևէ պատճառով չի կարող կատարել այդ նշանակումները, ապա կհրավիրվի Միջազգային դատարանի ավագ անդամը, որը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի չէ:

5. Միջնորդ դատարանը իր որոշումները կկայացնի ձայների մեծամասնությամբ, որոնք պարտադիր կլինեն երկու Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կհատուցի միջնորդ դատարանի իր անդամի և դատավարության ընթացքում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի հետ կապված և մնացած այլ ծախսերը հավասարապես կբաժանվեն երկու Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանն ինքը կորոշի իր ընթացակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

1. Եթե որևէ հարց կարգավորվում է միաժամանակ սույն Համաձայնագրի, Պայմանավորվող կողմերի ստորագրած այլ միջազգային համաձայնագրերի կամ ընդհանուր միջազգային իրավունքի դրույթներով, ապա Պայմանավորվող կողմերի և դրանց ներդրողների նկատմամբ կկիրառվեն առավել բարենպաստ դրույթները:

2. Եթե մի Պայմանավորվող կողմի վերաբերմունքը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, իր օրենսդրության, այլ դրույթների, հատուկ պայմանագրի, ներդրումների հետ կապված լիազորությունների կամ համաձայնագրի համաձայն, առավել բարենպաստ է, քան սույն Համաձայնագրով նախատեսվածը, ապա կկիրառվի առավել բարենպաստ ռեժիմը:

Եթե ներդրումներ կատարելուց հետո այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունում, որի տարածքում կատարվել է ներդրումը, տեղի է ունեցել ներդրումների պաշտպանությանը վերաբերող պայմանների փոփոխություն, ապա նախկին օրենսդրությամբ նախատեսված ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթները չեն գործի:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի միմյանց ծանուցման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթները կարող են փոփոխվել Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ: Այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն դրանց ուժի մեջ մտնելու համար նախատեսված համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրը կգործի 12-րդ հոդվածով նախատեսված ծանուցման օրվանից տասը տարվա ընթացքում և ուժի մեջ կմնա յուրաքանչյուր հաջորդ հինգ տարիների համար, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ գրավոր ծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նախքան Համաձայնագրի դադարեցումը 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված ներդրումների նկատմամբ 1-11-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան, սույն Համաձայնագրի գործողության ժամկետը դադարեցնելու օրվանից սկսած, առաջիկա հինգ տարիների ընթացքում:

 

Կատարված է Հռոմ քաղաքում 1998 թվականի հուլիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Արձանագրություն

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին Համաձայնագրի` Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հետևյալ կետերի շուրջ, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

1. Ներդրումների հետ կապված գործունեություն

 

Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև ներդրումների հետ առնչվող ցանկացած գործունեության նկատմամբ:

Այդ գործունեությունը կներառի, մասնավորապես, բայց ոչ բացառապես, տնտեսական գործունեություն ծավալելու համար ընկերությունների, բաժանմունքների, գործակալությունների, գրասենյակների, գործարանների և այլ հաստատությունների կազմակերպումը, հսկողությունը, կառավարումը, օժանդակությունը և լուծարումը, պայմանագրերի նախապատրաստումը և կատարումը, սեփականության բոլոր ձևերի, ներառյալ մտավոր սեփականության ձեռքբերումը, օգտագործումը, պաշտպանությունը և սեփականությունից զրկումը, ֆոնդերի փոխառումը, բաժնետոմսերի և այլ արժեթղթերի գնումը, ձևակերպումը և վաճառքը, տարադրամի գնումը ապրանքների ներմուծման համար:

 

2. 2-րդ հոդվածի վերաբերյալ

 

ա) Պայմանավորվող կողմը /կամ նրա գործակալությունները, կամ ներկայացուցչությունները/ կարող են վերապահում կատարել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, որոնք, ազգային շահերից ելնելով, ներդրումներ են կատարում մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում, կամ ներդրումների մասին համաձայնագրի նկատմամբ, որը կկարգավորի ներդրումների հետ կապված իրավահարաբերությունները:

բ) Պայմանավորվող կողմերը չեն ներկայացնի ներդրումների ստեղծմանը, ընդլայնմանը կամ երկարաձգմանը վերաբերող որևէ պայման, որը ենթադրում է ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի վաճառքի որևէ սահմանափակում, տեղում ապրանքների ձեռքբերում կամ այլ նման պայմաններ:

գ) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնախատեսի արդյունավետ միջոցներ` ներդրումների և ներդրումների վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ պահանջների պաշտպանության և իրավունքների իրականացման համար:

դ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիները, որոնք ներդրումներին վերաբերող աշխատանք են կատարում, սույն Համաձայնագրի համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, պետք է, ընդունող Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն, ունենան համարժեք աշխատանքային պայմանների իրավունք իրենց մասնագիտական գործունեության իրականացման համար:

ե) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն, իր օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, կկարգավորի իր տարածք մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքի, այնտեղ մնալու, աշխատելու և տեղաշարժվելու հետ կապված խնդիրները, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, ներդրումներին վերաբերող գործունեություն են իրականացնում:

զ) Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության և կանոնակարգերի համաձայն հիմնադրված իրավաբանական անձանց սեփականատեր հանդիսացող կամ հսկողություն իրականացնող մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, անկախ իրենց ազգային պատկանելիությունից, կարող են այնտեղ զբաղեցնել բարձր վարչական պաշտոններ` համաձայն ընդունող Պայմանավորվող կողմի օրենսդրության:

 

3. 3-րդ հոդվածի վերաբերյալ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում բոլոր այն գործողություններին, որոնք կապված են հումքի, մշակված նյութերի, էներգիայի, վառելիքի և արտադրության միջոցների ձեռքբերման, վաճառքի և փոխադրման հետ, ինչպես նաև դրանց հետ կապված և սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումներին առնչվող ցանկացած այլ գործողություններին պետք է տրամադրվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, որը տրամադրվել է երրորդ պետությունների ներդրողների կողմից ձեռնարկված նման գործողություններին և նախաձեռնություններին:

 

4. 5-րդ հոդվածի վերաբերյալ

 

Ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների նկատմամբ և էական վնաս է հասցնում ներդրումներին վերաբերող ֆինանսական աղբյուրներին, ներդրումների արժեքին, ինչպես նաև այլ միջոցառումները, որոնք ունեն հավասարազոր ազդեցություն, կդիտվեն որպես 5-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված միջոցառումներից մեկը:

 

5. 9-րդ հոդվածի վերաբերյալ

 

9-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` արբիտրաժային դատավարությունը կկատարվի ՄԱԿ-ի Միջազգային առևտրական իրավունքի հանձնաժողովի հաշտեցման /UNCITRAL/ մասին չափանիշների, ինչպես նաև հետևյալ դրույթներին համապատասխան`

ա) միջնորդ դատարանը պետք է կազմված լինի երեք դատավորից.

այն դեպքում, եթե նրանք Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չեն, ապա պետք է լինեն այն պետությունների քաղաքացիներ, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն Պայմանավորվող կողմերը:

Անհրաժեշտության դեպքում դատավորների նշանակումը, UNCITRAL-ի կանոններին համապատասխան, կատարվում է Ստոկհոլմի պալատի Արբիտրաժային ինստիտուտի նախագահի կողմից` նրա իրավասությունների շրջանակներում: Դատավարությունը տեղի կունենա Ստոկհոլմում, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն չլինի:

բ) Իր որոշումը կայացնելիս ամեն անգամ միջնորդ դատարանը կղեկավարվի նաև սույն Համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքներով:

Միջնորդ դատարանի կայացրած որոշումների ճանաչումը և կատարումը Պայմանավորվող կողմերի տարածքում ապահովվում է այդ Կողմերի ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև այն միջազգային կոնվենցիաների համաձայն, որոնց անդամակցում են Պայմանավորվող կողմերը:

 

Կատարված է Հռոմ քաղաքում 1998 թ. հուլիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 12-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
23.07.1998
Համաձայնագիր