Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐ ...

 

 

i

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ

 

Ներածություն

 

Նկատի ունենալով, որ Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը /ՅՈՒՆԻՍԵՖ/ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 57 /I/ բանաձևով հիմնվել է որպես ՄԱԿ-ի մարմին, և այդ ու դրան հաջորդող բանաձևերով նրա վրա դրվել է ֆինանսական օժանդակության, նյութական միջոցների, ուսուցման և խորհրդատվության միջոցով երեխաների կարիքների բավարարման պարտականություն թե՛ արտակարգ իրավիճակներում, թե՛ որպես երկարաժամկետ նպատակ, նրանց շարունակական կարիքները հոգալու, ինչպես նաև զարգացող երկրներում մոր ու մանկան առողջության, սննդի, ջրամատակարարման, հիմնական կրթության ու կանանց համար այլ օժանդակ բնագավառներում նրանց ծառայություններ մատուցելու պարտականություններ, նպատակ ունենալով, որտեղ անհրաժեշտ է, ամրապնդել երեխաների վերապրելու, զարգացման և պաշտպանության ծրագրերն այն երկրներում, որոնց հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է, և

նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցանկանում են սահմանել այն պայմաններն ու հանգամանքները, որոնց համաձայն ՄԱԿ-ի գործունեության և իր մանդատի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը պետք է համագործակցի հայկական ծրագրերում,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարեկամական համագործակցության ոգով կնքեցին սույն Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ տերմինները նշանակում են.

ա) «համապատասխան իշխանություններ» նշանակում է պետության օրենքին համապատասխան կենտրոնական, տեղական և այլ իրավասու իշխանություններ,

բ) «Կոնվենցիա» նշանակում է 1946 թվականի փետրվարի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Կոնվենցիա,

գ) «Առաքելության փորձագետներ» նշանակում է Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածների շրջանակներում գործող փորձագետներ,

դ) «Կառավարություն» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

ե) «շնորհավորական բացիկի գործառնություն» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում հիմնված կազմակերպական միավորը, որը պետք է հասարակության իրազեկությունը բարձրացնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար հասարակական օժանդակության և լրացուցիչ ֆինանսավորում ապահովի հիմնականում շնորհավորական բացիկների և այլ իրերի արտադրության և մարկետինգի միջոցով,

զ) «գրասենյակի ղեկավար» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համար պատասխանատու պաշտոնյա,

է) «երկիր» նշանակում է այն երկիրը, որտեղ գտնվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը կամ այն երկիրը, որը ծրագրային օգնություն է ստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի` որևէ այլ վայրում գտնվող գրասենյակից,

ը) «Կողմեր» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կառավարությունը,

թ) «ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք» նշանակում է անհատ կոնտրագենտներ, բայց ոչ պաշտոնյաներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ներգրավված են համագործակցության ծրագրերի իրականացման ծառայություններ մատուցելու համար,

ժ) «Համագործակցության ծրագիր» նշանակում է այն երկրի ծրագրերը, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է, ինչպես սահմանված է ներքոհիշյալ 3-րդ հոդվածով,

ժա) «ՅՈՒՆԻՍԵՖ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամ,

ժբ) «ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ» նշանակում է ցանկացած կազմակերպական միավոր, որի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ծրագրերում, այն կարող է ընդգրկել երկրի տարբեր մասերում հիմնված գրասենյակները,

ժգ) «ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի անձնակազմի բոլոր այն անդամները, որոնք աշխատում են համաձայն ՄԱԿ-ի Կադրային կանոնակարգի և հրահանգների, բացառությամբ ժամավճարով աշխատանքի վերցված տեղացիների, ինչպես սահմանված է Գլխավոր ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 7-ի 76 /I/ բանաձևով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1. Սույն Համաձայնագիրը բովանդակում է այն ընդհանուր պայմաններն ու հանգամանքները, որոնց համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ը պետք է համագործակցի երկրի ծրագրերում:

2. Երկրի ծրագրերում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը իրականացվում է ՄԱԿ-ի իրավասու մարմինների, այդ թվում նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի համապատասխան բանաձևերին, որոշումներին, հրահանգներին և կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համաձայնեցված համագործակցության ծրագրերը մասն են կազմում գործողությունների գլխավոր ծրագրի, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կառավարության և, եթե կան, այլ մասնակից կազմակերպությունների միջև:

2. Գործողությունների գլխավոր ծրագիրը կներառի համագործակցության ծրագրերի մանրամասները` սահմանելով իրականացվելիք գործունեության նպատակները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կառավարության և մասնակից կազմակերպությունների պարտավորությունները և համագործակցության ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ մոտավոր ֆինանսական ռեսուրսները:

3. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձանց, առաքելությունների փորձագետներին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց կթույլատրի հետևել և վերահսկել համագործակցության ծրագրերի բոլոր փուլերն ու բնագավառները:

4. Կառավարությունը գործողությունների գլխավոր ծրագրի իրականացմանը վերաբերող այնպիսի վիճակագրական արձանագրություններ կվարի, ինչպիսիք Կողմերը կարող են անհրաժեշտ համարել, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդրանքի դեպքում նրան կտրամադրի ցանկացած այդպիսի արձանագրություն:

5. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կհամագործակցի` ապահովելու այն համապատասխան միջոցները, որոնք անհրաժեշտ են հասարակությանը համարժեք կերպով տեղեկացնելու սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող համագործակցության ծրագրերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է երկրում հիմնել գրասենյակ և ապահովել վերջինիս գործունեությունը, ինչպես Կողմերն այդ անհրաժեշտ կհամարեն համագործակցության ծրագրերի իրականացումը դյուրացնելու համար:

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է, Կառավարության համաձայնությամբ, երկրում հիմնել տարածաշրջանային /տարածքային գրասենյակ և ապահովել վերջինիս գործունեությունը` տարածաշրջանի/տարածքի այլ երկրներին ծրագրային օգնություն տրամադրելու նպատակով:

3. Եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկրում գրասենյակ չունի, ապա Կառավարության համաձայնությամբ, սույն Համաձայնագրով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կառավարության միջև համաձայնեցված համագործակցության ծրագրերին համապատասխան օժանդակություն կարող է ցուցաբերվել մեկ այլ երկրում հիմնված` ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային/ տարածքային գրասենյակի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

1. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին, փոխադարձ համաձայնության և հնարավորության դեպքում, կապահովի.

ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համար համապատասխան շինություն, առանձին կամ ՄԱԿ-ի համակարգի այլ կազմակերպությունների հետ մեկտեղ,

բ) պաշտոնական նպատակներով փոստային առաքումների և հեռախոսային հաղորդակցության ծախսերի հատուցում,

գ) տեղական ծառայությունների, ինչպիսիք են սարքավորումների, կենցաղային հարմարությունների և գրասենյակի տարածքի պահպանման ծառայությունները, արժեքի վճարում,

դ) ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձանց, առաքելությունների փորձագետների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց փոխադրում երկրում նրանց պաշտոնական գործառույթների իրականացման ժամանակ:

2. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նաև կաջակցի.

ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ի` արտասահմանից աշխատանքի հրավիրված պաշտոնատար անձանց, առաքելության փորձագետների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց հարմար բնակարանային պայմաններ գտնելու և/կամ տրամադրելու գործում,

բ) ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տարածքում կենցաղային հարմարությունների տեղակայման և ապահովման գործում, ինչպիսիք են ջրամատակարարումը, էլեկտրականությունը, կոյուղին, հակահրդեհային պաշտպանությունը և այլ ծառայությունները:

3. Եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկրում գրասենյակ չունի, Կառավարությունը պարտավորվում է երկկողմ համաձայնեցված չափով իր մասնակցությունն ապահովել որևէ այլ տեղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային/տարածքային այն գրասենյակի պահպանության համար կատարվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծախսերին, որից օժանդակություն է տրամադրվում երկրում համագործակցության ծրագրերին` նկատի ունենալով բնեղենով ներդնումը, եթե այդպիսին առկա է:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Համագործակցության ծրագրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը կարող է լինել ֆինանսական և այլ օժանդակության ձևով: Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության ծրագրերի համար նախատեսված միջոցները, սարքավորումները և այլ օժանդակությունը երկիր հասնելուն պես կտրամադրվեն Կառավարությանը, եթե գործողությունների գլխավոր ծրագրով այլ բան նախատեսված չէ:

2. Համագործակցության ծրագրերի համար նախատեսված միջոցների, սարքավորումների և այլ նյութերի վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է այնպիսի նշաններ անել, ինչպիսիք անհրաժեշտ է համարում` ցույց տալու համար, որ դրանք տրամադրված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:

3. Սույն Համաձայնագրի համաձայն միջոցներ, սարքավորումներ և այլ նյութեր ներմուծելու համար Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կշնորհի բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու արտոնագրերը: Նա պատասխանատու է և պետք է վճարի բոլոր այն ծախսերը, որոնք կապված են երկրում ստացված այդ միջոցների, սարքավորումների և այլ նյութերի մաքսային ձևակերպման, ընդունման, բեռնաթափման, պահեստավորման, ապահովագրման, փոխադրման և բաշխման հետ:

4. Արժանին մատուցելով միջազգային մրցութային սակարկության սկզբունքներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորին չափով առավելություն կտա միջոցների, սարքավորումների և այլ նյութերի տեղական ձեռքբերմանը` դրանց որակը, գները և առաքման պայմանները ՅՈՒՆԻՍԵՖ-ի պահանջները բավարարելու դեպքում:

5. Կառավարությունը ջանքեր կգործադրի և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի` ապահովելու, որ համագործակցության ծրագրերի համար նախատեսված միջոցները, սարքավորումները և այլ նյութերը, ինչպես նաև ֆինանսական և այլ օժանդակությունը օգտագործվեն գործողությունների Գլխավոր ծրագրում նշված նպատակներին համապատասխան և անաչառ ու արդյունավետ եղանակով` բացառելով սեռի, ռասայի, դավանանքի, ազգության կամ քաղաքական հայացքների վրա հիմնված որևէ խտրականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված միջոցները, սարքավորումները և այլ նյութերը ստացողից չի պահանջվի որևէ վճար, եթե այդպիսին սահմանված չէ համապատասխան գործողությունների Գլխավոր ծրագրում, իսկ սահմանվելու դեպքում` միայն նախատեսված չափով:

6. Գործողությունների Գլխավոր ծրագրին համապատասխան իրականացվող համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցների, սարքավորումների և այլ նյութերի վրա չեն կարող դրվել ուղիղ հարկեր, ավելացված արժեքի հարկ, վարձավճարներ, գանձումներ կամ տուրքեր: Համագործակցության ծրագրերի համար տեղում գնված միջոցների կամ սարքավորումների դեպքում Կառավարությունը, Կոնվենցիայի 8-րդ բաժնի համաձայն, համապատասխան վարչական ակտերով կլուծի գնի մաս կազմող ակցիզային հարկի կամ տուրքի գումարը վերադարձնելու կամ դրանք վճարելուց ազատելու հարցը:

7. ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդրանքով Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կվերադարձնի այն դրամական և այլ միջոցները, սարքավորումներն ու այլ նյութերը, որոնք համագործակցության ծրագրերով չեն օգտագործվել:

8. Կառավարությունը սույն Համաձայնագրով նախատեսված միջոցների, սարքավորումների և այլ նյութերի վերաբերյալ կկազմի ճշգրիտ հաշիվներ, արձանագրություններ և փաստաթղթեր: Կողմերը համաձայնություն ձեռք կբերեն հաշիվների, արձանագրությունների և փաստաթղթերի ձևի ու բովանդակության վերաբերյալ: Միջոցների, սարքավորումների և այլ նյութերի բաշխման և դրամական միջոցների ծախսման վերաբերյալ համապատասխան հաշիվները, արձանագրությունները և փաստաթղթերը պետք է մատչելի լինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից լիազորված պաշտոնատար անձանց համար:

9. Կառավարությունը, որքան հնարավոր է արագ, սակայն ամեն դեպքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին համագործակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաղորդումներ և Կառավարության կողմից սահմանված կարգով քննության ենթարկված և հաստատված ֆինանսական հաշվետվություններ է ներկայացնում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

1. Կողմերը համաձայնում են համագործակցել և տեղեկություններ փոխանակել սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող գործունեության արդյունքում կատարված ցանկացած գյուտերի, հայտնագործությունների կամ աշխատանքների վերաբերյալ` նպատակ ունենալով ապահովել գործող օրենքների սահմաններում Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից դրանց առավել արդյունավետ և նպատակային օգտագործումն ու գործառնությունը:

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության ծրագրերի իրականացման արդյունքում առաջացած և սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած գյուտերին, հայտնագործություններին կամ աշխատանքներին վերաբերող արտոնագրային իրավունքները, հեղինակային իրավունքները և մտավոր սեփականության նման այլ իրավունքներ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է անվճար տրամադրել այն Կառավարությունների կողմից ծրագրերում օգտագործմանն ու գործածությանը, որոնց հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոնվենցիան, համապատասխան փոփոխություններով, կիրառելի է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, նրա գրասենյակի, գույքի, ֆինանսական և հիմնական միջոցների, պաշտոնատար անձանց և առաքելության փորձագետների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նրա գույքը, ֆինանսական և հիմնական միջոցները, որտեղ և ում ձեռքում էլ գտնվեն, անձեռնմխելիություն ունեն ցանկացած իրավական գործընթացից, բացառությամբ այն կոնկրետ դեպքերի, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դրանք հստակ կերպով հրաժարվել է իր անձեռնմխելիությունից: Սակայն հասկանալի է, որ անձեռնմխելիությունը չի տարածվում դատական որևէ տեսակի ակտի ի կատար ածման վրա:

2. ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տարածքն անձեռնմխելի է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույքը և հիմնական միջոցները, որտեղ և ում ձեռքում էլ գտնվեն, չեն կարող ենթարկվել խուզարկության, հանձնման, բռնագրավման, սեփականազրկման կամ որևէ այլ տեսակի միջամտության, լինի դա գործադիր, վարչական, դատական, թե օրենսդիր գործողության միջոցով:

բ) Համապատասխան իշխանությունները գրասենյակի տարածք չեն մտնի ցանկացած պաշտոնական պարտականություն կատարելու, բացառությամբ այն դեպքի, երբ կա գրասենյակի ղեկավարի հստակ արտահայտված համաձայնությունը և այն էլ` նրա կողմից համաձայնեցված պայմաններով:

3. Համապատասխան իշխանություններն անհրաժեշտ ջանասիրություն կցուցաբերեն` ապահովելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի անվտանգությունն ու պահպանությունը և կանխելու գրասենյակի տարածք որևէ անձի կամ անձանց խմբի չնախատեսված մուտքը, կամ ապահովեն, որ գրասենյակի անմիջական մերձակայքում անկարգությունները չխախտեն գրասենյակի հանգստությունը:

4. ՅՈՒՆԻՍԵՖ-ի արխիվները և ընդհանրապես նրան պատկանող փաստաթղթերը, որտեղ և ում ձեռքին էլ գտնվեն, անձեռնմխելի են:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ

 

1. Առանց ֆինանսական հսկողության, որևէ տեսակի կանոնների սահմանափակման կամ վճարումների հետաձգման ենթարկվելու`

ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է ունենալ և օգտագործել ցանկացած տեսակի դրամական միջոցներ, ոսկի կամ շրջանառու միջոցներ, կարող է ունենալ ցանկացած արժույթով հաշիվներ ու դրանցով գործառնություններ կատարել և իր ունեցած ցանկացած արժույթ փոխանակել ցանկացած այլ արժույթով:

բ) ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազատ է իր դրամական միջոցները, ոսկին կամ արժույթը փոխանցելու մի երկրից մյուսը, կամ մի երկրի սահմաններում, ՄԱԿ-ի համակարգի այլ կազմակերպությունների կամ մարմինների:

գ) ՅՈՒՆԻՍԵՖ-ին` նրա ֆինանսական գործունեության համար հնարավորություն կընձեռվի օգտվել ամենանպաստավոր օրինական փոխանակման կուրսից:

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նրա հիմնական միջոցները, եկամուտները և այլ գույքը`

ա) ազատված են բոլոր տեսակի ուղիղ հարկերից, ավելացված արժեքի հարկից, վճարներից, գանձումներից կամ տուրքերից, սակայն հասկանալի է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի պահանջի ազատում այնպիսի հարկերից, որոնք ըստ էության այլ բան չեն, քան Կառավարության կողմից կամ, Կառավարության որոշումների համաձայն, որևէ կորպորացիայի կողմից մատուցված կենցաղային ծառայությունների համար հաստատագրված վճարներ, որոնք մատուցված այնպիսի ծառայությունների քանակին համապատասխան վճարներ են, որ հնարավոր է կոնկրետ սահմանել, նկարագրել և թվարկել,

բ) ազատված են մաքսատուրքերից, ներմուծման և արտահանման նկատմամբ կիրառվող արգելքներից և սահմանափակումներից, երբ խոսքը վերաբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իր պաշտոնական օգտագործման համար ներմուծվող կամ արտահանվող ապրանքներին:

Հասկանալի է, սակայն, որ այդպիսի բացառություններով ներմուծված իրերը չեն վաճառվի այն երկրում, ուր դրանք ներմուծվել են, բացառությամբ Կառավարության հետ համաձայնեցված պայմանների,

գ) ազատված են մաքսատուրքերից, ներմուծման և արտահանման նկատմամբ կիրառվող արգելքներից և սահմանափակումներից, երբ խոսքը վերաբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրատարակություններին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՑԻԿՆԵՐ ԵՎ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կամ այն ազգային մարմինների կողմից, որոնց ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատշաճ կերպով լիազորել է գործելու իր անունից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհավորական բացիկներ գործառնության հաստատված նպատակների և խնդիրների համար ներմուծված կամ արտահանված ցանկացած նյութեր ազատվում են բոլոր տեսակի մաքսային տուրքերից, արգելքներից և սահմանափակումներից, իսկ այդ նյութերի` հօգուտ ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացվող վաճառքն ազատվում է բոլոր պետական և տեղական հարկերից:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ

 

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք.

ա) իրավական հետաքննության անձեռնմխելիություն ունեն իրենց պաշտոնական դիրքերից ասված կամ գրված խոսքերի և կատարված արարքների համար: Այդ անձեռնմխելիությունը պահպանվում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ում նրանց աշխատանքի ավարտից հետո,

բ) ազատվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նրանց վճարվող աշխատավարձերի և վարձատրության հարկումից,

գ) ազատվում են ազգային ծառայության պարտավորությունից,

դ) իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող հարազատների հետ միասին ազատվում են ներգաղթից և ենթակա չեն օտարերկրացիների գրանցման սահմանափակումներին,

ե) արժույթի փոխանակման հարմարությունների հարցերում այնպիսի արտոնություններ ունեն, ինչպիսին երկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների` պաշտոններով իրենց հետ համեմատելի աշխատակիցները,

զ) միջազգային ճգնաժամերի ժամանակ, իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող հարազատների հետ միասին ունեն իրենց երկրներ վերադառնալու այնպիսի հնարավորություններ, ինչպիսին ունեն դիվանագիտական պատվիրակները,

է) Ընդունող երկրում իրենց պաշտոնը առաջին անգամ ստանձնելիս իրենց կահույքը, անձնական իրերը և տնային բոլոր առարկաները առանց տուրքերի ներմուծելու իրավունք ունեն:

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավարը և այլ ավագ պաշտոնյաներ, ըստ Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համաձայնության, կունենան այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, ինչպիսին Կառավարությունը շնորհել է դիվանագիտական ներկայացուցչությունների` համապատասխան աստիճան ունեցող այլ անդամների: Այս նպատակով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավարի անունը կարող է ընդգրկվել դիվանագիտական անձնակազմի ցուցակում:

3. ՅՈՒՆԻՍԵՖ-ի այն աշխատակիցները, որոնք աշխատանքի են հրավիրվել արտասահմանյան տարբեր երկրներից, ունեն դիվանագիտական ներկայացուցչությունների` աստիճանով իրենց համապատասխան աշխատակիցների համար կիրառելի հետևյալ հնարավորությունները.

ա) Կառավարության գործող որոշումների համաձայն, առանց մաքսային և ակցիզային տուրքերի, իրենց անհատական սպառման համար նախատեսված, սահմանափակ քանակության որոշակի առարկաներ ներմուծելու իրավունք,

բ) առանց մաքսային և ակցիզային տուրքերի, ներառյալ ավելացված արժեքի հարկը, Կառավարության գործող որոշումների համաձայն, ավտոմոբիլային փոխադրամիջոց ներմուծելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

 

1. Հանձնակատար փորձագետներին շնորհվում են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ մասերում սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:

2. Հանձնակատար փորձագետներին, Կողմերի համաձայնությամբ, կարող են շնորհվել լրացուցիչ արտոնություններ, անձեռնմխելիություն և հնարավորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք.

ա) ունեն իրավական գործընթացի անձեռնմխելիություն` իրենց պաշտոնական իրավասության շրջանակներում ասված կամ գրված խոսքերի և կատարված արարքների համար: Այդ անձեռնմխելիությունը պահպանվում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ում նրանց աշխատանքի ավարտից հետո,

բ) միջազգային ճգնաժամերի ժամանակ, իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող հարազատների հետ միասին ունեն իրենց երկրներ վերադառնալու այնպիսի հնարավորություններ, ինչպիսին ունեն դիվանագիտական պատվիրակները:

2. Որպեսզի ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց հնարավորություն տրվի իրենց գործողություններն իրականացնել անկախ և արդյունավետ կերպով, այդ անձանց կարող են տրվել վերոհիշյալ 13-րդ հոդվածով նախատեսված, Կողմերի համաձայնությամբ, այլ արտոնություններ, անձեռնմխելիություն և հնարավորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք, առաքելության փորձագետները և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք իրավունք ունեն.

ա) արագ և անվճար մուտքի արտոնագրերի և, որտեղ որ պահանջվում է, արտոնագրերի կամ թույլտվությունների ստացման,

բ) համագործակցության ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ առանց խոչընդոտների երկիր մտնելու կամ երկրից դուրս գալու և երկրի ներսում այցելելու այն վայրերը, որտեղ իրականացվում է համագործակցության գործունեություն:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԺԱՄԱՎՃԱՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ

 

Ժամավճարով աշխատանքի վարձված տեղական կադրերի աշխատանքի պայմանները և ժամկետները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերին, որոշումներին, կանոնակարգերին և ՄԱԿ-ի իրավասու մարմինների, այդ թվում նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրենքներին և քաղաքականությանը: Աշխատանքի վարձված տեղական աշխատակիցներին տրվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար իրականացվող իրենց գործառույթների անարգել կատարման անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Իր պաշտոնական հաղորդակցությունների համար, այնպիսի հարցերում, ինչպիսիք են փոստի, հեռագրի, հեռատպիչի, ֆաքսիմիլային, հեռախոսային կամ այլ կապի հաստատումը, շահագործումը, դրանց գործածության առաջնահերթությունը, սակագները և վճարները, ինչպես նաև մամուլին և ռադիոյին տեղեկություն տրամադրելու արժեքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին կցուցաբերվի ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, քան այն, որ Կառավարության կողմից ցուցաբերվում է ցանկացած դիվանագիտական առաքելության (կամ միջկառավարական կազմակերպության):

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական գրագրությունը կամ որևէ այլ հաղորդակցություն չի ենթարկվի գրաքննության: Այդպիսի անձեռնմխելիությունը տարածվում է տպագիր նյութերի, լուսանկարային և էլեկտրոնային տվյալների հաղորդակցության, ինչպես նաև հաղորդակցության ցանկացած այլ ձևերի վրա` ըստ Կողմերի համաձայնության: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրավունք ունի կոդեր գործածել և թղթակցություն ուղարկել ու ստանալ կամ սուրհանդակի կամ կնքված պարկերի միջոցով, որոնք անձեռնմխելի են և գրաքննության ենթակա չեն:

3. ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրավունք ունի իր գրասենյակների միջև, երկրի ներսում և նրանից դուրս և, մասնավորապես, Նյու Յորքում տեղակայված ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանի հետ ՄԱԿ-ի` գրանցված և Կառավարության կողմից տրամադրված հաճախականության ալիքներով օգտագործել ռադիոհաղորդակցության և հեռախոսահաղորդակցության այլ սարքավորումներ:

4. Իր սեփական պաշտոնական հաղորդակցությունը հիմնելիս և դրա գործողության ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրավունք ունի օգտվելու Միջազգային հեռահաղորդակցության Կոնվենցիայից (Նայրոբի, 1982) և դրան` որպես հավելված կցված կանոններով սահմանված առավելություններից:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ թույլտվություններ և արտոնագրեր կտա և անտեղի սահմանափակումների չի պարտադրի սույն Համաձայնագրի ծրագրային գործունեության համար պահանջվող քաղաքացիական ինքնաթիռների և այլ քաղաքացիական նավերի ձեռքբերման կամ գնման և պահելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼԸ

 

Սույն Համաձայնագրի համաձայն տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը տրվում են ի շահ Միավորված ազգերի կազմակերպության և ոչ թե դրանք ստացող անձանց մասնավոր շահի համար: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն իրավունք ունի և պարտավոր է անձեռնմխելիությունից զրկել 13-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածներում նշված ցանկացած անհատի այնպիսի դեպքերում, երբ նրա կարծիքով, այդ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատությանը և կարելի է դրանից հրաժարվել առանց վնասելու ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԴԵՄ ՀԱՅՑԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսվող ծրագրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը իրականացվում է ի շահ Կառավարության և երկրի ժողովրդի և, այդ պատճառով, Կառավարությունն է կրում սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող գործողությունների ողջ ռիսկը:

2. Կառավարության պատասխանատվությունն է, մասնավորապես, գործ ունենալ սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող գործառնություններից բխող կամ ուղղակիորեն դրանց վերագրվող բոլոր հայցերի հետ, որ երրորդ կողմերը կարող են ներկայացնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյաների, առաքելության փորձագետների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից ծառայություններ մատուցող անձանց դեմ, և պետք է ապահովի դրանց անվնաս լինելը և երաշխավորի վնասի փոխհատուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնում են, որ որևէ մասնավոր հայց կամ պարտավորություն կոպիտ անփութության կամ միտումնավոր զանցանքի արդյունք է:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև, սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառությանը վերաբերող ցանկացած վեճ, որ չի լուծվում բանակցության կամ կարգավորման որևէ այլ համաձայնեցված եղանակով, որևէ Կողմի պահանջով ներկայացվում է արբիտրաժ: Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մի միջնորդ դատավոր, և այդ կերպ նշանակված երկու միջնորդ դատավորները նշանակում են երրորդին, որը կլինի նախագահ: Եթե արբիտրաժ նշանակելու խնդրանքից հետո երեսուն (30) օրվա ընթացքում Կողմերից մեկը կամ մյուսը միջնորդ դատավոր չի նշանակել, կամ եթե երկու միջնորդ դատավորների նշանակումից հետո տասնհինգ (15) օրվա ընթացքում երրորդ դատավորը չի նշանակվել, Կողմերից յուրաքանչյուրը դատավոր նշանակելու խնդրանքով կարող է դիմել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին: Արբիտրաժի ընթացակարգը սահմանում են միջնորդ դատավորները, որոնք էլ գնահատում են Կողմերի կրելիք արբիտրաժային ծախսերը: Արբիտրաժային վճիռը պետք է պարունակի պատճառաբանում, թե ինչի վրա է այն հիմնված և Կողմերը պետք է ընդունեն այն որպես վեճի վերջնական վճիռ:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից վավերագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական հաստատումը ներկայացնող փաստաթղթի փոխանակման օրը:

2. Սույն Համաձայնագիրը գերակայում է և փոխարինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կառավարության միջև բոլոր նախկին հիմնական համաձայնագրերին, այդ թվում` դրանց լրացումներին:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՈՒՂՂՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն Կողմերի գրավոր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի Կողմերից որևէ մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին մյուսին գրավոր ծանուցելուց վեց ամիս հետո: Սակայն Համաձայնագիրը կարող է ուժի մեջ մնալ մի այնպիսի լրացուցիչ ժամանակահատվածում, որը կարող է անհրաժեշտ լինել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը համապատասխան կարգով դադարեցնելու և Կողմերի միջև որևէ վեճի լուծման համար:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով Կառավարության կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից պատշաճ կարգով նշանակված ներկայացուցիչ, Կողմերի անունից ստորագրեցին սույն Համաձայնագիրը` հայերեն և անգլերեն:

Մեկնաբանության համար և վեճի դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Ստորագրված է Երևան քաղաքում 1998 թվականի օգոստոսի 4-ին:

 

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 8-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
04.08.1998
Համաձայնագիր