Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

առաջնորդվելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման ցանկությամբ,

համոզված լինելով, որ համագործակցությունը կրթության, մշակույթի և գիտության բնագավառներում, ինչպես նաև այլ համապատասխան ոլորտներում կոչված է նպաստելու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը, ելնելով իրենց փոխադարձ շահերից, կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների միջև արվեստի, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում և կնպաստեն կազմակերպությունների, հաստատությունների և անհատների միջև կապերի հաստատմանը:

2. Պայմանավորվող կողմերը կխրախուսեն իրենց երկրների իրավասու մարմինների և հաստատությունների համագործակցությունը, որը ներառում է.

ա) ցուցահանդեսների և մշակութային, կրթական ու վավերագրական բնույթ կրող այլ ցուցադրումների փոխանակումներ,

բ) թատերական խմբերի և անհատ կատարողների ներկայացումներ,

գ) համագործակցություն համատեղ կոնֆերանսների, համաժողովների և դասընթացների կազմակերպման գործում,

դ) կրթաթոշակների փոխանակումներ` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար,

ե) արխիվներ, գրադարաններ, թանգարաններ փոխայցելություններ,

զ) համալսարանների, վերապատրաստական հաստատությունների և կրթական հաստատությունների կողմից հրատարակված գիտական աշխատությունների, գրքերի, գրքույկների, վիճակագրության և այլ տեղեկատվության փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն փոխշահավետ հետազոտական աշխատանքները գիտության և տեխնիկայի բնագավառներում` ներառյալ երկու երկրների գիտական և հետազոտական ինստիտուտների միջև համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը երկկողմ համաձայնագրերի հիման վրա կխրախուսեն երկու երկրների լրատվական գործակալությունների, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության միջև համագործակցությունը, անմիջական կապերը թերթերի և ամսագրերի հրատարակիչների միջև, ինչպես նաև լրագրողների, թղթակիցների և հաղորդավարների փոխանակումները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կձգտեն ընդլայնել համագործակցությունը երկու երկրների պետական մարմինների միջև սպորտի բնագավառում: Այս համագործակցության մանրամասները կորոշվեն վերը նշված մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների և հաստատությունների միջև փոխանակումները և համագործակցությունը երիտասարդությանը վերաբերող բոլոր ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի գործնական իրականացման նպատակով Պայմանավորվող կողմերը պետք է հիմնեն համատեղ կիպրա-հայկական կոմիտե, որը հաջորդաբար նիստեր կգումարի երեք տարին մեկ` Երևանում և Նիկոզիայում: Հանդիպման ժամկետները կճշտվեն դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ գործընթացն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
11.09.1998
Համաձայնագիր