Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով Համաշխարհային զբոսաշրջության վերաբերյալ Մանիլայի հռչակագրի /1980թ./ դրույթները և զբոսաշրջության վերաբերյալ Հաագայի հռչակագրի /1989թ./ կարևոր սկզբունքները,

ելնելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ցանկությունից, ինչպես նաև նպաստելով Լիբանանի և Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ավելի լավ ծանոթանալուն,

գիտակցելով զբոսաշրջության կարևորությունը որպես փոխըմբռնման ամրապնդման, բարի կամքի արտահայտման և երկու ազգերի միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդող գործոն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրի և իրենց ազգային օրենսդրության ու կանոնակարգերի համաձայն, կխրախուսեն զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը փոխշահավետության և իրավահավասարության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու Կողմերը կխրախուսեն համագործակցության զարգացումը հայկական և լիբանանյան զբոսաշրջության ասոցիացիաների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և ընկերությունների միջև:

Նրանք կխթանեն երկու երկրների զբոսաշրջության բնագավառում կապիտալ ներդրումները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը ջանքեր կգործադրեն` պարզեցնելու երկու երկրներում զբոսաշրջիկների փոխանակման ժամանակ մաքսային և այլ ընթացակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, հատուկ մասնագիտացված խմբերի փոխանակմանը` զբոսաշրջության բնագավառում կայացած սպորտային իրադարձությունների, երաժշտական և թատերական փառատոնների, ինչպես նաև ցուցահանդեսների, գիտաժողովների և վեհաժողովների անցկացման վրա ուշադրություն կենտրոնացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կխրախուսեն և կաջակցեն զբոսաշրջության բնագավառում վիճակագրական տեղեկության փոխանակմանը, որը կվերաբերի.

- իրենց երկրներում զբոսաշրջային գործունեությունը կարգավորող օրենսդրությանը,

- բնամշակութային վայրերի` որպես զբոսաշրջային գրավչությունների պահպանումը և պաշտպանությունը կարգավորող ազգային օրենսդրության ապահովմանը,

- իրենց երկրներում զբոսաշրջային վայրերին,

- հյուրանոցային կառավարմանը և այլ զբոսաշրջային ենթակառուցվածքներին,

- ծանոթագրություններին և գովազդային նյութերին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կջանան իրենց առկա ռեսուրսների շրջանակներում ապահովել զբոսաշրջության բնագավառում արհեստավարժ աշխատակազմի պատրաստումը, խրախուսել փորձագետների և լրագրողների փոխանակումը, խթանել հայկական և լիբանանյան զբոսաշրջային հետազոտություններ կազմակերպող կազմակերպությունների միջև բազմակողմ կապերը և համատեղ գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կհամակարգեն իրենց ազգային զբոսաշրջային վարչական մարմինների համագործակցությունը` Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (ՀԶԿ) և այլ միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը մյուս Կողմի տարածքում կարող են բացել պաշտոնական զբոսաշրջային գրասենյակներ:

Այդ ներկայացուցչությունների հիմնադրումը և դրանց գործունեությունը կհամաձայնեցվի երկու երկրների պետական վարչական մարմինների հետ և կենթարկվի Կողմերի օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կձևավորվի համատեղ հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի պարտականությունների մեջ կմտնի կատարել ուսումնասիրություններ և ձեռնարկել միջոցներ, որոնք կնպաստեն վերոհիշյալ նպատակների իրականացմանը:

Վերը նշված հանձնաժողովը պետք է նախագահեն երկու երկրների պատվիրակությունները, որոնք զբոսաշրջության պաշտոնական մարմնի կամ դրան փոխարինող մարմնի պատասխանատուներն են:

Հանձնաժողովը ապահովում է երկու երկրների բոլոր համապատասխան վարչակազմերի ներկայացուցիչների օժանդակությունը, եթե նիստի օրակարգում ընդգրկված նյութերը պահանջում են նման օժանդակություն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Հանձնաժողովի հանդիպումը կկայանա առնվազն երկու տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել համաձայնեցված արտակարգ հանդիպումներ երկու ազգային պատվիրակությունների նախագահների միջև:

Հանձնաժողովի հանդիպումները կկայանան հաջորդաբար երկու երկրներում` ազգային պատվիրակությունների նախագահների համաձայնությամբ նշանակված օրը:

Հանձնաժողովի նիստը կնախագահի այն երկրի պատվիրակության նախագահը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը:

Քարտուղարի պարտականությունները, ինչպես նաև հանդիպման հետ կապված ծախսերը կստանձնի այն երկրի պատվիրակությունը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հանձնաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է կամ երկու նախագահների կողմից հաստատված ցանկացած այլ լեզու:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Հանձնաժողովը կհաստատի իր գործունեության ծրագիրն ու հարցերի դասակարգումն ըստ նախապատվության և կձեռնարկի քայլեր, որոնք կկիրառվեն երկու երկրների իրավասու մարմինների հաստատումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Երկու ազգային պատվիրակությունների նախագահները կհետևեն ընդունված քայլերի կատարմանը, որպեսզի պատշաճորեն կիրառվեն Հանձնաժողովի որոշումներն ու բանաձևերը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվող բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի վերջին ծանուցման ստացման օրվանից:

Սույն Համաձայնագիրը գործում է մեկ տարի ժամկետով և կերկարաձգվի հետագա տարիների համար, քանի դեռ Կողմերից որևէ մեկը գրավոր չի հայտնել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան Համաձայնագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է խոչընդոտի այն ծրագրերի ու նախագծերի իրականացմանը, որոնք նախատեսված են Համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերով, քանի դեռ Կողմերը այլ բան չեն նախատեսել:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալիս անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
16.09.1998
Համաձայնագիր