Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 1997 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված Համաձայնագրի հիմնադրույթները,

առաջնորդվելով երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման ցանկությամբ,

ձգտելով զարգացնել և խորացնել համագործակցությունը միջնակարգ կրթության բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրին, ինչպես նաև իրենց երկրների ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` կնպաստեն երկու երկրների միջև միջնակարգ կրթության բնագավառում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն երկու երկրների միջնակարգ կրթական հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանը և զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն ուսուցիչների և ուսանողների փոխայցելությունները` միջնակարգ կրթության բնագավառում հաստատությունների փորձն ու նվաճումները միմյանց ծանոթացնելու նպատակով:

Փոխանակումների կոնկրետ ձևերն ու պայմանները համագործակցության ընթացքում կկարգավորվեն շահագրգիռ վարչությունների ու կազմակերպությունների միջև` համապատասխան համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կբանակցեն իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան տրված կրթական վկայականները փոխադարձաբար հավասարազոր ճանաչելու շուրջ և այդ նպատակով կստորագրեն համապատասխան համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն փոխհամագործակցությանը միջազգային կրթական կազմակերպությունների գործունեության շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Միմյանց մշակույթի, պատմության և գրականության փոխադարձ տարածման նպատակով Պայմանավորվող կողմերը կնպաստեն Լիբանանում արաբերեն հայագիտական դասագրքերի, Հայաստանում` հայերեն արաբագիտական դասագրքերի ստեղծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն մյուս երկրի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և ուսուցմանը իրենց ուսումնական հաստատություններում, կաջակցեն մասնագետների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն կրթական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և ուսանողների փոխանակմանը, երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը, համատեղ ուսանողական ֆորումների կազմակերպմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Պայմանավորվող կողմերը կմշակեն և կիրագործեն համապատասխան աշխատանքային ծրագրեր: Այդ ծրագրերը կարող են լինել ամենամյա կամ ընդգրկել ավելի տևական ժամկետ: Ծրագրերը կկիրառվեն Պայմանավորվող կողմերի լիազորված ներկայացուցիչների կողմից ստորագրվելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կստորագրվեն առանձին արձանագրությամբ: Արձանագրությունը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ` կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, կլուծվի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված` դրա ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգը ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձաբար ծանուցելու պահից և կգործի հինգ տարի ժամկետով:

Այն կարող է երկարաձգվել հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք նախաձեռնվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և արաբերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
16.09.1998
Համաձայնագիր