Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի գործադիր իշխանությունը, այսուհետ` Պայմանավորվող պետություններ,

ձգտելով տնտեսության մերձեցման հետագա խորացմանը, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և բարեխիղճ մրցակցության համար պայմանների սահմանմանը,

հետևելով միջազգային առևտրի համընդհանուր նորմերին և կանոններին,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակներով.

ա) «անուղղակի հարկեր» տերմինը նշանակում է ավելացված արժեքի հարկ և (կամ) ակցիզ (ակցիզային հարկ կամ գանձույթ),

բ) «նշանակման վայրի սկզբունք» տերմինը նշանակում է մի Պայմանավորվող պետության մաքսային տարածքից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման ժամանակ զրոյական դրույքաչափի կիրառում և մյուս Պայմանավորվող պետության մաքսային տարածք ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման ժամանակ հարկում` գործող դրույքաչափով ու ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) «զրոյական դրույքաչափ» տերմինը նշանակում է ավելացված արժեքի հարկով հարկում 0% դրույքաչափով, ինչը հավասարազոր է ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ ազատմանը,

դ) «իրավասու մարմիններ» տերմինը նշանակում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Վրաստանի ֆինանսների նախարարություն:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

1. Մի Պայմանավորվող պետությունն անուղղակի հարկերով չի հարկի անմիջականորեն մյուս Պայմանավորվող պետության տարածք արտահանվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները):

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթը ավելացված արժեքի հարկի նկատմամբ նշանակում է, մասնավորապես, նշանակման վայրի սկզբունքի կիրառում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

1. Մի Պայմանավորվող պետությունը անմիջականորեն մյուս Պայմանավորվող պետության տարածքից ներմուծվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) կհարկի անուղղակի հարկերով իր օրենսդրությանը համապատասխան: Այդպիսի հարկումը կարող է իրականացվել առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության մաքսային մարմինների կողմից` նրա մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ:

2. Ներմուծվող ապրանքների համար ակցիզը գանձվում է այդպիսի ապրանքների մաքսային արժեքից:

3. Ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկը գանձվում է այդպիսի ապրանքների մաքսային արժեքի և ակցիզների գումարից:

4. Աշխատանքների և ծառայությունների ներմուծման սահմանմանը վերաբերող ներքին օրենսդրության դրույթներից անկախ` Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է կիրառել աշխատանքների և ծառայությունների ներմուծման նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության կողմից կիրառվող սկզբունքները և մոտեցումները:

5. Մի Պայմանավորվող պետություն անմիջականորեն մյուս Պայմանավորվող պետությունից ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկման ժամանակ առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունը կկիրառի իր ներքին շուկայում արտադրված կամ իրացվող համանման ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար սահմանված հարկերի դրույքաչափերը, արտոնությունները և հաշվարկման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող պետությունները կձգտեն երրորդ երկրների հետ առևտրում հարկման հարցերի առումով միասնական մոտեցմանը: Իրավասու մարմինները կմշակեն սույն կետի գործողության կոնկրետ կարգը` հաշվի առնելով հարկային օրենսդրության պահպանման հարցերում համագործակցության և փոխադարձ օգնության բնագավառում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ բոլոր վեճերը և տարաձայնությունները Պայմանավորվող պետությունների միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և կկիրառվի.

դրա ուժի մեջ մտնելուց հետո առաքված ապրանքների նկատմամբ (ապրանքների առաքման ամսաթիվը կհամարվի դրանց բեռնման ամսաթիվը),

դրա ուժի մեջ մտնելուց հետո իրականացված կամ մատուցված աշխատանքների կամ ծառայությունների նկատմամբ (աշխատանքների իրականացման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվ կհամարվի այդպիսի աշխատանքները կամ ծառայությունները սկսելու ամսաթիվը):

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից կորցնում են իրենց ուժը երկու Պայմանավորվող պետությունների միջև կնքված այլ միջազգային համաձայնագրերում անուղղակի հարկերին վերաբերող դրույթները:

3. Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում և դրա գործողության ժամկետը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով, եթե Պայմանավորվող պետություններից որևէ մեկը համապատասխան ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Պայմանավորվող պետությանը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունիսի 7-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
26.09.1998
Համաձայնագիր