Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի գործադիր իշխանությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա բարիդրացիական հարաբերությունների խորացմանը,

ցանկանալով գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև հարակից գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համար ստեղծել բարենպաստ պայմաններ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը պարտավորվում են իրականացնել 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ` ըստ տարածքային պատկանելության ելակետային գեոդեզիական, քարտեզագրական նյութերի և օդատիեզերահանութային նյութերի անհատույց փոխանակում (փոխանցում):

Տեղագրական քարտեզների և ռազմական նշանակություն ունեցող այլ տեղագրական նյութերի փոխանակումը (փոխանցումը) կատարվում է միայն Կողմերի պաշտպանության նախարարությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի Կողմերի համապատասխան կազմակերպությունների կողմից և կարող է կրել հետևյալ ձևերը.

տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարում,

քարտեզների, ատլասների և տպագրական արտադրանքի այլ տեսակների հրատարակման պոլիգրաֆիական ծառայություններ,

երկրատեղեկատվական համակարգերի, թվային և էլեկտրոնային քարտեզների բանկերի ստեղծման մեթոդաբանության մշակում,

վարչատարածքային բաժանում, աշխարհագրական օբյեկտների անվանումների փոփոխությունների, ճանապարհային ցանցերի զարգացման հետ կապված տեղեկությունների փոխանակում,

այլ գիտատեխնիկական և արտադրական ինֆորմացիայի փոխանակում, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համատեղ կատարում,

տեղագրագեոդեզիական, քարտեզագրական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների միջև աշխատանքի փորձի փոխանակում, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի մասնագետների ուսուցում և ստաժավորում:

Այսպիսի համագործակցության կոնկրետ նպատակները, խնդիրները և պայմանները կորոշվեն Կողմերի գեոդեզիական և քարտեզագրական ծառայություններ կատարող կազմակերպությունների կողմից` համաձայնեցվելով պետական կառավարման համապատասխան մարմինների հետ:

Համագործակցության ծրագրերի իրագործման նպատակով Կողմերը միջոցներ են ձեռնարկում քարտեզագրագեոդեզիական ծառայությունների միջև կնքված պայմանագրերի և Կողմերի` գործող ներքին օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ հումքի, սարքավորումների, հանդերձանքի և պատրաստի արտադրանքի` պետական սահմանով հնարավոր պարզեցված տեղափոխման համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված ձևերով համագործակցությունն իրականացնելիս, մասնավորապես` տեղեկության փոխանակման բնագավառում, Կողմերը, ելնելով գործող ներքին օրենսդրությունից, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունից, փոխադարձաբար հաշվի կառնեն պետական անվտանգության շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը ձեռնպահ կմնան հրատարակվող քարտեզներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների դիրքի որևէ փոփոխություն մտցնելուց` մինչ այդ հարցով համապատասխան երկկողմանի պայմանագրերի կնքումը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի իրագործման համատեղ գործունեության համակարգման, ինչպես նաև համագործակցության կոնկրետ պայմանների մշակման և համաձայնեցման նպատակով Կողմերը նշանակում են Կողմերի պաշտոնական ներկայացուցիչների լիազորություններով օժտված փորձագետներ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր հարցերը Կողմերը կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է դրա գործողությունը դադարեցնելու մասին Կողմերից մեկի ծանուցումը ստանալուց վեց ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրության և երկրի հեռահար զոնդավորման բնագավառում համագործակցության մասին 1993 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված Համաձայնագրի գործողությունը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունիսի 7-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
26.10.1998
Համաձայնագիր