Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նկատի ունենալով մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի Կոնվենցիայի դրույթները,

ընդգծելով, որ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և տարանցումը վնաս է հասցնում ժողովուրդների մշակութային հարստությանը, որի պահպանմանը պարտավոր են աջակցել պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կձգտեն ուժեղացնել պայքարը Կողմերի պետությունների պետական սահմաններով մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման դեմ և ամրապնդել մաքսային համագործակցությունը այդ բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ազգային օրենսդրություններով նախատեսված դեպքերում այդ պետություններից մշակութային արժեքները կարող են արտահանվել արտահանման թույլտվություններով:

Սույն Համաձայնագրով մշակութային արժեքներ հասկացությունը սահմանվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մշակութային արժեքների արտահանման թույլտվությունը տրվում է այն պետության` դրա համար լիազորված մարմինների կողմից, որի տարածքից իրականացվում է արտահանումը: Մշակութային արժեքների տեղափոխումն իրականացվում է արտահանման թույլտվության առկայության դեպքում:

Պայմանավորվող կողմերը փոխանակում են անհրաժեշտ քանակության թույլտվությունների ձևաթղթերի նմուշներ և կնիքների դրոշմվածքներ, որով դրանք հաստատվում են:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մշակութային արժեքները տեղափոխող ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչները պարտավոր են հայտարարել իրենց մոտ առկա այդպիսի արժեքների մասին և դրանք արտահանման թույլտվության հետ ներկայացնել մաքսային հսկողության համար:

Մշակութային արժեքների արտահանման թույլտվության բացակայության դեպքում վերջիններս պահվում են, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է այն Պայմանավորվող կողմը, որի պետության տարածքից այդ արժեքները արտահանվել են: Նման դեպքերում սահմանվում է մշակութային արժեքների արտահանման թույլտվություն ներկայացնելու համար ժամկետ, որը չի կարող գերազանցել երկու ամիսը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համաձայնեցին ապահովել`

- արտահանման թույլտվություններով չուղեկցվող հայտնաբերված մշակութային արժեքների հետ վերադարձնելը արտահանման պետություն,

- մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման մեջ բռնված անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքում այդ արժեքների հետ վերադարձնելը արտահանման պետություն կատարվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո,

- վերադարձվող մշակութային արժեքների հանձնման և ընդունման համար իրենց լիազորված ներկայացուցիչների նշանակում,

- տեղեկությունների փոխադարձաբար փոխանակում մշակութային արժեքների վերաբերյալ, որոնք, ըստ Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության, կարող են արտահանվել արտահանման թույլտվությամբ, ինչպես նաև արգելված են արտահանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից պահված մշակութային արժեքները անմիջականորեն հետ են վերադարձվում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան լիազորված ներկայացուցիչներին, և մշակութային արժեքների վերադարձման հետ կապված բոլոր պահանջները քննարկվում են այն պետության կողմից, որի տարածքից կատարվում է արտահանումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի կիրառման ուղղությամբ միմյանց ցուցաբերում են անհատույց փոխադարձ օգնություն, բացառությամբ մասնագետների այցելությունների /եթե Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է անհրաժեշտ/, մշակութային արժեքների պահպանման, ներմուծման կամ տարանցման պետությունից արտահանման պետություն փոխադրման կամ վերադարձման հետ կապված ծախսերի վճարման: Նշված ծախսերը հատուցում է արտահանման պետության մաքսային ծառայությունը:

2. Սույն Համաձայնագրին համապատասխան հետ վերադարձվող մշակութային արժեքները մաքսային կամ այլ վճարումներով չեն հարկվում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը պարբերաբար կխորհրդակցեն համագործակցության հարցերով և սույն Համաձայնագրի կատարման շրջանակներում կիրականացնեն փորձի փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև լուծվում են բանակցությունների միջոցով: Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում Համաձայնագրի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պայմանավորվող կողմերի միջև գրագրությունը կիրականացվի ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում Կողմերը փոխանակում են իրենց պետություններում մշակութային արժեքների տեղափոխման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պատճենները և հետագայում պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն այդ նորմատիվ իրավական ակտերի բոլոր փոփոխությունների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի պետությունների` միջազգային այլ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովող անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին, և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարվա համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման անհրաժեշտության դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 19-ից:

 

 

pin
Ղրղզստանի Հանրապետություն
Համաձայնագիր