Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

նկատի ունենալով երկու երկրներում շուկայական հարաբերությունների հիմքի վրա ընթացող տնտեսական բարեփոխումների պայմաններում ագրոարդյունաբերական համալիրում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու և խորացնելու ձգտումը,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պատմականորեն ձևավորված տնտեսական և գիտատեխնիկական կապերը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 28-ի Պայմանագրով, ինչպես նաև ԱՊՀ երկրների կառավարությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրին վերաբերող հարցերի միջպետական փոխհարաբերությունների մասին 1993 թվականի մարտի 29-ի Համաձայնագրով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն վստահության, հավասարության և փոխշահավետության հիման վրա` համաձայն Կողմերի պետությունների ներքին օրենսդրության:

Կողմերը կխրախուսեն պետական և սեփականության այլ ձևերի ու ենթակայության կազմակերպությունների միջև ուղղակի կապերի զարգացումը, բոլոր մակարդակներով անհրաժեշտ աջակցություն և օգնություն կցուցաբերեն փոխադարձ համագործակցության կոնկրետ մասնակիցներին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Փոխադարձ համագործակցությունը կիրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով.

1) բուսաբուծություն, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն,

2) անասնապահություն, այդ թվում` տոհմային գործ,

3) գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և ավտոմատացում, այդ թվում` երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում գյուղատնտեսական մեքենաների առանձին տեսակների յուրացում և ներդրում, տեխնիկական սպասարկումների կատարելագործում և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման բազայի զարգացում,

4) սննդի և վերամշակման ճյուղեր, այդ թվում` սննդամթերքի արտադրության և վերամշակման ձեռնարկությունների արդիականացում,

5) տնտեսվարման նոր ձևերի զարգացում, ֆերմերային տնտեսությունների, ասոցիացիաների և բաժնետիրական ընկերությունների կազմակերպում և կայացում,

6) ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում բարեփոխումների իրականացմանը և սեփականաշնորհմանը վերաբերող խորհրդակցություններ և աջակցություն,

7) գիտական հետազոտություններ:

Համագործակցությունը կիրականացվի նաև այլ փոխհամաձայնեցված ուղղություններով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կաջակցեն ագրոարդյունաբերական համալիրի համար գյուղատնտեսական մթերքների և նյութատեխնիկական պաշարների փոխադարձ ներկրումների ուղղությամբ երկու պետությունների ձեռնարկատիրական կառույցների միջև անմիջական կապերի իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում կարող են իրականացվել հետևյալ ձևերով.

1) գիտատեխնիկական և տնտեսական տեղեկատվության և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, գիտաժողովների, սեմինարների և ցուցահանդեսների անցկացում,

2) բուսաբուծության, անասնաբուծության և վերամշակման արդյունաբերությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,

3) սերմերի նմուշների, գյուղատնտեսական կենդանիների, տնկանյութի, մեքենաների և սարքավորումների փոխանակում` փորձարկումներ իրականացնելու համար,

4) գիտատեխնիկական և արտադրական կոոպերացիա, համատեղ ձեռնարկությունների, բաժնետիրական ընկերությունների ստեղծում, կոոպերացված արտադրությունների կազմակերպում, կոնկրետ գործընկերների միջև ուղղակի արտադրական կապեր,

5) մասնագետ-ստաժորների փոխանակում,

6) Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ համագործակցության այլ ձևեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սերմերի նմուշների, տեխնիկայի, կենդանիների և այլ արտադրանքի, ինչպես նաև հրապարակված տեղեկատվության փոխանակում կիրականացվի մտավոր սեփականության բնագավառում Կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի արդյունավետ իրականացման նպատակներով Կողմերը պարբերաբար կանցկացնեն հանդիպումներ, ղեկավարների և մասնագետների մակարդակով համագործակցության առաջնային ուղղությունները որոշելու, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խորհրդակցությունները համակարգելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից և կգործի անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այն դադարեցնելու իր մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցելուց վեց ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի սեպտեմբերի 11-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
26.11.1999
Համաձայնագիր