Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը և ՈՒկրաինայի մշակույթի և արվեստի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով խորացնել և կատարելագործել համագործակցությունը մշակույթի և արվեստի բնագավառում, ինչը կնպաստի փոխադարձաբար հարստացմանը, ստեղծագործական ներուժի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի մշակույթի հետագա զարգացմանը,

երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և հետագա փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով,

ելնելով 1996 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթների սկզբունքներից,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն երկու երկրների մշակույթի և արվեստի հիմնարկների միջև` Հայաստանի և ՈՒկրաինայի ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման և զարգացման նպատակով:

Այդ նպատակով նրանք կնպաստեն`

Հայաստանում և ՈՒկրաինայում տոների, մրցույթների, մշակույթի փառատոնների, մշակութահասարակական համալիր միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը,

մասնագիտական և ինքնագործ գեղարվեստական ստեղծագործական կոլեկտիվների և մենակատարների փոխանակմանը,

գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակմանը,

գիտաժողովներին, կոնֆերանսներին, սեմինարներին, այլ մշակութային միջոցառումներին մշակույթի և արվեստի ներկայացուցիչների փոխադարձաբար մասնակցությանը,

մշակութային հուշարձանների և գեղարվեստական արժեքների պահպանման, հետազոտման, վերականգնման և օգտագործման բնագավառում փորձի փոխանակմանը,

Կողմերի միջև մշակութային հարաբերությունները խորացնող համագործակցության այլ ձևերին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի մշակույթի և արվեստի հիմնարկների` թատրոնների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների, մշակութային հուշարձանների և գեղարվեստական արժեքների պահպանության և վերականգնման հաստատությունների, համերգային կազմակերպությունների և ժողովրդական ստեղծագործության հաստատությունների միջև անմիջական համագործակցությանը: Այդ համագործակցությունը կիրականացվի գործընկերների միջև առանձին և անմիջական պայմանագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ելնելով միջազգային իրավունքի նորմերից և Հայաստանի Հանրապետության ու ՈՒկրաինայի գործող օրենսդրությունից` Կողմերը պատրաստ են ձեռնարկել համատեղ միջոցներ, որոնք կկանխեն մշակութային արժեքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը, փոխադարձաբար սույն հարցերով կտեղեկացնեն միմյանց ու կկատարեն փորձի փոխանակում սույն հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի գործնական իրականացման նպատակով Կողմերը կարող են ստորագրել և իրականացնել մշակույթի բնագավառում համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է ստորագրվեն Կողմերի լիազորված ներկայացուցիչների կողմից: Փոխադարձ գրավոր պայմանավորվածության հիման վրա այսպիսի ծրագրերը կարող են լրացվել, կոնկրետացվել կամ փոփոխվել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, ղեկավարվելով իրենց երկրների գործող օրենսդրությամբ, կաջակցեն իրենց տարածքներում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի պահպանման, կրոնական և հոգևոր կարիքների համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կապահովեն ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության հետ կապված մշակութային արժեքների, հուշարձանների և մշակութային օբյեկտների իրավաբանական, նյութական և այլ պաշտպանությունը, կաջակցեն դրանց պահպանմանը, վերականգնմանը և հաշվառմանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կաջակցեն գեղարվեստական կրթության բնագավառում բազմակողմ համագործակցությանը, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը պայմանավորվեցին, որ մշակութային համագործակցության իրականացման ընթացքում ֆինանսական պայմանները կկարգավորվեն ու կհաստատվեն համագործակցության ծրագրին համապատասխան:

Գեղարվեստական կոլեկտիվների և ցուցահանդեսների փոխանակումը կարող է իրականացվել ինչպես անվճար, այնպես էլ առևտրային հիմքերով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը բազմակողմանիորեն կզարգացնեն համագործակցությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում` աջակցելով.

- կինոնկարների համատեղ արտադրության կազմակերպմանը,

- երկու երկրների ազգային կինոարվեստի տարածմանը` առևտրային կամ ոչ առևտրային հիմունքներով ֆիլմերի փոխանակմամբ,

- կինոարվեստի գործիչների հանդիպումների կազմակերպմանը,

- երկու երկրներում առաջնախաղ ցուցադրումների և կինոշաբաթների կազմակերպմանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ճանապարհով մյուս Կողմին չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո Կողմերի մշակույթի և արվեստի հիմնարկների միջև կնքված պայմանագրերը մնում են ուժի մեջ մինչև այդ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների լրիվ կատարումը:

 

Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում առաջնությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի օգոստոսի 28-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
07.12.1999
Համաձայնագիր