Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի նախարարների կաբինետը, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական արմատների վրա, հաշվի առնելով հայ-ուկրաինական ավանդական կապերը,

գիտակցելով փոխադարձ շահագրգռվածությունը իրավահավասար համագործակցության մեջ և ձգտելով աջակցել ու զարգացնել փոխշահավետ համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում,

ընդունելով իրենց փոխհարաբերություններում և հանրակրթական քաղաքականության մեջ համամարդկային արժեքների առաջնայնությունը,

դիտարկելով կրթության և գիտության պետական համակարգերը որպես ամբողջական համակարգեր, որոնք նպաստում են երկու պետությունների քաղաքացիների լիարժեք զարգացմանը` անկախ էթնիկական պատկանելությունից, քաղաքական և կրոնական հայացքներից և համոզմունքներից,

արտահայտելով պատրաստակամություն գիտական, կազմակերպամեթոդական և տեղեկատվական համագործակցությանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, պետություններից յուրաքանչյուրում գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն, կզարգացնեն և կաջակցեն համագործակցությանը երկու պետությունների համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների միջև կրթության բնագավառում` իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն իրենց ջանքերը կկենտրոնացնեն համագործակցության հետևյալ ուղղությունների վրա`

- փորձի փոխանակում կրթության, ներառյալ բարձրագույնը և հետբուհականը, բնագավառում զարգացման, կառավարման և պլանավորման կարևորագույն ուղղություններով,

- մասնագետների պատրաստում` այն մասնագիտություններով ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և ստաժորների համարժեք փոխանակման հիման վրա, որոնք առաջնային են Կողմերից յուրաքանչյուրի համար,

- գիտամանկավարժական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

- համատեղ գիտական հետազոտությունների անցկացում հումանիտար, բնական, տեխնիկական, մանկավարժական գիտությունների այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և հատկապես վերաբերում են երկու ժողովուրդների պատմական անցյալին,

- կրթության զարգացման սկզբունքային հարցերով համաձայնեցված դիրքորոշումների մշակում,

- կրթական համակարգերի ստեղծագործական և մտավոր ներուժի արդյունավետ օգտագործում,

- կառավարման և գիտամանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացում,

- ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության համալսարաններում` ուկրաիներենի և ՈՒկրաինայի համալսարաններում` հայերենի ուսումնասիրության ապահովում,

- պատմության, աշխարհագրության և գրականության ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակության համեմատություն,

- համագործակցության ընդլայնում մասնագետների, դասագրքերի և ուսումնական փաստաթղթերի պատրաստման բնագավառում` Հայաստանի Հանրապետության էթնիկ ուկրաինացի քաղաքացիների և ուկրաինայի էթնիկ հայ քաղաքացիների համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը երաշխավորում են երկու պետություններում մինչև 1992 թվականի հունվարի 1-ը տրված պետական նմուշի կրթության մասին փաստաթղթերի անժամկետ ճանաչումը իրենց տարածքներում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը պայմանավորվում են կատարել անհրաժեշտ աշխատանք երկու պետությունների ուսումնական հաստատությունների կողմից 1992 թվականի հունվարի 1-ից հետո տրված կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կօժանդակեն հայոց լեզվի, գրականության, պատմության և աշխարհագրության ուսումնասիրությանը ՈՒկրաինայում և ուկրաիներեն լեզվի, գրականության, պատմության և աշխարհագրության ուսումնասիրությանը Հայաստանի Հանրապետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը ամեն տարի կօժանդակեն ամառային լեզվական դասընթացների անցկացմանը, որոնք, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության համալսարանների և ՈՒկրաինայի համալսարանների կողմից ոչ տարադրամային համարժեք փոխանակման հիման վրա կամ ուղարկող Կողմի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կարող են սահմանել Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի քաղաքացիների ուսման ընդունելության քվոտաներ, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատություններ: ՈՒսման վարձավճարը կիրականացվի ուղարկող Կողմի հաշվին: Ընտրության, ընդունելության և ֆինանսավորման կարգը սահմանվում է ամենամյա առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերից յուրաքանչյուրը չի առարկում մյուս Կողմի քաղաքացիների անհատական ընդունելությանը իր ուսումնական հաստատություններ մրցութային հիմունքներով` համաձայն ընդունելության գործող կանոնների, փոխհատուցման սկզբունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը կձգտեն ընդլայնել գիտնականների համատեղ մասնակցությունը կրթության բնագավառի միջազգային ծրագրերում և նախագծերում, սեմինարներում, կոնֆերանսներում, դասախոսություններ կարդալու և հումանիտար գիտությունների բնագավառի այլ միջոցառումներում, մասնավորապես, հայոց լեզվի և գրականության, ուկրաիներեն լեզվի և գրականության, ինչպես նաև երկու պետությունների պատմության և աշխարհագրության բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 9/1

 

Կողմերը կփոխանակեն տեղեկություն միջազգային համագործակցության բնագավառում, որը կարող է հետաքրքրել մյուս Կողմին, նպաստել միջազգային ծրագրերի և նախագծերի մշակման և իրականացման մեջ համատեղ մասնակցության համար մասնագետների խմբերի ստեղծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9/2

 

Կողմերը կզարգացնեն ուսումնամեթոդական և գիտական փորձի և նյութերի փոխանակումը, կակտիվացնեն համագործակցությունը կրթության որակի բարձրացման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 9/3

 

Կողմերը կաջակցեն երկու Կողմերի բոլոր մակարդակներով կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի զարգացմանը, գիտության և կրթության ներկայացուցիչների միջև անձնական կապերի ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կաջակցեն մասնագետների փոխանակմանը բարձրագույն ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի համար` հումանիտար, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը կաջակցեն միջնակարգ հանրակրթական դպրոցների, մասնագիտական տեխնիկական ուսումնարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը հետևյալ ուղղություններով`

մանկավարժական գործունեության ոլորտում փորձի փոխանակում,

ուսումնական ձեռնարկների և ծրագրերի, ուսումնական գործընթացի կոմպյուտերիզացման ծրագրերի մշակման բնագավառում փորձի փոխանակում,

գիտական տեղեկատվության փոխանակում,

միասնական ուսումնական ծրագրերի մշակում,

սպորտային պատվիրակությունների և գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվների փոխանակում,

ստեղծագործական մրցույթների և առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացքում շփումների ընդլայնում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական աշխատանքների համատեղ կատարում:

Սույն հոդվածի շրջանակներում փոխանակումը կիրականացվի պայմանագրային հիմունքներով, իսկ դրա ծավալները կհաստատվեն համագործակցող հաստատությունների ղեկավարների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 11/1

 

Կողմերը կնպաստեն ուսումնական ծրագրերի մշակմանը և ուսումնական հաստատությունների ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ժողովածուների նորացման ապահովմանը: Այս նպատակով, ըստ անհրաժեշտության, հավասարության սկզբունքով կարող են ստեղծվել ժամանակավոր գիտամանկավարժական կոլեկտիվներ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը կաջակցեն ազգությամբ հայ ՈՒկրաինայի քաղաքացիների և ազգությամբ ուկրաինացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթության բնագավառում իրավունքների ապահովմանը:

 

ՀՈԴՎԱԾ 12/1

 

Կողմերը կապահովեն իրենց պետությունների տարածքներում բնակվող հայ և ուկրաինական համայնքների հանրակրթական պահանջների բավարարումը:

Կողմերից յուրաքանչյուրը, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, երաշխավորում է իր պետության տարածքում մշտապես բնակվող մյուս պետության քաղաքացիներին իր քաղաքացիների հետ հավասար կրթության իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ՈՒկրաինական կողմը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարձրագույն կրթություն ստանալու և ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի միջոցով որակավորման բարձրացման համար` փոխհատուցման հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերն ամեն տարի կփոխանակեն պատվիրակություններ կապերի ամրապնդման, աշխատանքային փորձի փոխանակման, համագործակցության հետագա զարգացման հարցերի քննարկման, ինչպես նաև սույն Համաձայնագրի կատարման և ամենամյա արձանագրության (որում կհստակեցվեն համագործակցության տարբեր ձևերով համարժեք փոխանակման քվոտաները, ուսումնառության ու ստաժավորման ֆինանսական և այլ պայմանները) պատրաստման հետ կապված խորհրդակցությունների անցկացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 14/1

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով կմշակվեն և կստորագրվեն երկու Կողմերի համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխանակումների և համագործակցության աշխատանքային պլանների երկկողմ ծրագրեր:

Փոխադարձ համաձայնությամբ` Կողմերը կարող են ստեղծել խառը հանձնաժողով սույն Համաձայնագրի իրագործման, Կողմերի արդյունավետ փոխգործակցությանն ուղղված հանձնարարականների պատրաստման համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնության դեպքում:

Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման կապակցությամբ տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերը ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձ ծանուցման օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում:

Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի ոչ մի փոփոխություն կամ դրա գործողության դադարեցումը չեն ազդի դրա գործողության ընթացքում սկսված և նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու կամ Համաձայնագրի գործողության դադարեցման պահին չավարտված նախագծերի իրականացման վրա:

 

Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
23.12.1999
Համաձայնագիր