Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի նախարարների կաբինետը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հիմնվելով իրավահավասար գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

նշանակություն տալով երկու պետությունների երկաթուղային տրանսպորտի համակարգմանը և համատեղ գործունեությանը,

ընդունելով ուղևորների և բեռների երկաթուղային փոխադրումների բացառիկ նշանակությունը ինչպես երկկողմ հաղորդակցությունում, այնպես էլ տարանցմամբ երրորդ երկրներ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը սերտորեն համագործակցում և համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները երկաթուղային տրանսպորտի բնագավառում, այն բազմակողմ միջազգային համաձայնագրերի շրջանակներում, որոնց մասնակից են նրանք:

2. Պայմանավորվող կողմերը համագործակցություն են իրականացնում և միմյանց ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության հետագա զարգացման նպատակով և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների կատարելագործման ուղղությամբ:

3. Պայմանավորվող կողմերը նպատակահարմար են գտնում աջակցել երկաթուղային տրանսպորտի բնագավառում կանոնավոր արտադրատեխնիկական, տնտեսական և գիտական համագործակցությանը:

4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր ներպետական օրենսդրության և գործող միջազգային կանոնների շրջանակներում անհրաժեշտ պայմաններ է ապահովում ուղևորների անարգել փոխադրման, բեռների, ուղեբեռի և փոստի փոխադրումների, շարժակազմի անցման համար ինչպես երկու պետությունների միջև, այնպես էլ տարանցմամբ` նրանց տարածքով երրորդ երկրներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

1. «Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններ»`

- հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը,

- ուկրաինական կողմից` ՈՒկրաինայի տրանսպորտի նախարարությունը:

2. «Պայմանավորվող կողմերի երկաթուղիներ»`

- հայկական կողմից` «Հայաստանի երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը,

- ուկրաինական կողմից` ՈՒկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը (ՈՒկռզալիզնիցյա):

3. «Պայմանավորվող կողմերի ծառայողական անձնակազմ»` Պայմանավորվող կողմերի երկաթուղիների իրավասու մարմինների աշխատողները, որոնք անմիջապես կատարում են սույն Համաձայնագրից բխող խնդիրները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին պահպանել երկաթուղային տրանսպորտում գործող` ուղևորների և բեռների փոխադրումների իրականացման կարգը երկաթուղային տրանսպորտի բնագավառի այն միջազգային պայմանագրերի համաձայն, որոնց մասնակից են նրանք:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը հանձնարարում են իրենց իրավասու մարմիններին և երկաթուղիներին իրենց իրավասության շրջանակներում կնքել համաձայնագրեր, որոնք կսահմանեն սույն Համաձայնագրի դրույթների իրագործման մանրամասն կարգ կոնկրետ պայմանների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ապահովել երկու պետությունների երկաթուղիներով տարանցիկ բեռների անարգել ընդունումն ու տեղաշարժը: Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունից ՈՒկրաինայի տարածքով տարանցմամբ և ՈՒկրաինայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից տարանցմամբ երրորդ երկրներ և հաշվարկների կարգը կարգավորվում են Պայմանավորվող կողմերի երկաթուղիների միջև երկկողմ համաձայնագրերով և երկաթուղային տրանսպորտի բնագավառի այն բազմակողմ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանք:

Տարանցիկ փոխադրումների հարցերի օպերատիվ լուծման համար մի Պայմանավորվող կողմի երկաթուղին կարող է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում բացել իր ներկայացուցչությունը` Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան:

2. Երկու պետությունների երկաթուղիների շահագործման տեխնիկական կանոնները, կարևորագույն կառույցների, սարքավորումների, շարժակազմերի պահպանման նորմերը և դրանց ներկայացվող պահանջները, փոխադրվող բեռների պահպանվածության ապահովման պայմանները, գնացքների երթևեկության կազմակերպման համակարգը և երկաթուղիների ազդանշանավորման սկզբունքները կարգավորվում են Պայմանավորվող կողմերի երկաթուղիների համաձայնեցրած նորմատիվ փաստաթղթերով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ են համարում իրականացնել համակարգված սակագնային քաղաքականություն երկու պետությունների երկաթուղիներում:

2. Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում սակագները և հաշվարկների կարգը սահմանվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների և երկաթուղիների միջև համաձայնագրերով և երկաթուղային տրանսպորտի բնագավառի այն բազմակողմ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանք:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերի երկաթուղիները ապահովում են միմյանց անհապաղ տեղեկացումը իրենց պետությունների տարածքներում երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցություն իրականացնելու համար խոչընդոտներ ծագելու մասին, ինչպես նաև այդ խոչընդոտները վերացնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը միմյանց աջակցություն են ցուցաբերում շարժակազմերի, սարքավորումների, մեխանիզմների, պահեստամասերի, գծի վերին կառույցի մասերի, նավթամթերքների և երկաթուղիների պահանջմունքների համար այլ նյութական ռեսուրսների փոխշահավետ պայմաններով փոխադարձ մատակարարումների ապահովման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները և Պայմանավորվող կողմերի երկաթուղիները փոխադարձ համաձայնությամբ կարող են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության տարածք ուղարկել անձնակազմ սույն Համաձայնագրից բխող խնդիրները կատարելու համար:

2. Պայմանավորվող կողմերի ծառայողական անձնակազմի կողմից սույն Համաձայնագրից բխող խնդիրները կատարելու համար պետական սահմանի հատումը իրականացվում է սահմանված անցման կետերում` Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը և երկաթուղային տրանսպորտի բնագավառի այն բազմակողմ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Պայմանավորվող կողմերը:

3. Պայմանավորվող կողմերից մեկի ծառայողական անձնակազմը`

ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարում է իր պարտականությունները միջազգային իրավունքի նորմերին, Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը և ծառայությունների համաձայնեցրած հրահանգներին համապատասխան,

բ) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս և գտնվելու ընթացքում պարտավոր է պահպանել այնտեղ գործող իրավական նորմերը,

գ) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս իրավունք ունի կրել իր պետության համազգեստը և տարբերանշանները:

4. Մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները և երկաթուղիները պատասխանատու են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում իրենց ծառայողական անձնակազմի աշխատանքի համար և իրականացնում են հսկողություն դրա գործունեության նկատմամբ:

5. Պայմանավորվող կողմերի երկաթուղիների ծառայողական անձնակազմը փոխադարձ շփումներում օգտագործում է հայերեն և ուկրաիներեն լեզուները կամ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից համաձայնեցված միջազգային շփումներում ընդունված լեզուն: Պայմանավորվող կողմերը ձգտում են, որ ծառայողական անձնակազմը իմանա երկու պետությունների պետական լեզուները:

6. Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ չափով անհատույց առաջին բուժօգնություն են ցուցաբերում մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող և ծառայողական պարտականություններ կատարող մյուս Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր պետության տարածքում, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ապահովում է մյուս Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմի անվտանգությունը, բացառապես արտադրական և տեխնիկական կարիքների համար օգտագործվող գույքի պահպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Եթե ուրիշ համաձայնագրերում այլ բան նախատեսված չէ, Պայմանավորվող կողմերը նյութական պատասխանատվությունը որոշելիս ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով.

1. Վնասը, որը պատճառվել է մի Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմին երկաթուղային տրանսպորտում դժբախտ դեպքի արդյունքում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, հատուցում է, իր պետության օրենքներով, այն երկաթուղին, որը ներկայացնում է, և որի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել տուժած աշխատողը:

2. Պատասխանատվությունը վնասի համար, որը պատճառվել է մի Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմին մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում երկաթուղային տրանսպորտում ոչ իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում, կրում է, իր պետության օրենքներով, այն Պայմանավորվող կողմի երկաթուղին, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

3. Պատասխանատվությունը վնասի համար, որը պատճառվել է ուղևորին փոխադրման ընթացքում տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում, կրում է, ըստ իր պետության օրենքների, այն Պայմանավորվող կողմի երկաթուղին, որի պետության տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը, եթե չի պարզվել, որ վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

4. Պատասխանատվությունը վնասի համար, որը պատճառվել է բեռի տիրոջը բեռը սահմանված կարգով ընդունելուց հետո չպահպանելու արդյունքում` մինչև ստացողի կողմից այն ստանալու պահը, կրում է այն Պայմանավորվող կողմի երկաթուղին, որի տարածքում բեռը չի պահպանվել:

5. Մի Պայմանավորվող կողմի երկաթուղին պատասխանատվություն է կրում մյուս Պայմանավորվող կողմի երկաթուղու հանդեպ այն վնասների համար, որոնք իր ծառայողական անձնակազմի մեղավորության, ինչպես նաև շարժակազմերի, երկաթգծային կառույցների, սարքերի և այլ տեխնիկական միջոցների ոչ ճիշտ պահպանման և օգտագործման, սահմանված կանոնակարգերի և փոխադրման գործընթացի կանոնների խախտման հետևանք են:

6. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի երկաթուղին պատասխանատվություն է կրում հասցված վնասի` իր մեղավորության աստիճանին համամասնորեն: Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել մեղավորին, երկու Պայմանավորվող կողմերի երկաթուղիները պատասխանատվություն են կրում հավասար չափերով:

7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի երկաթուղին մյուս Պայմանավորվող կողմի երկաթուղու նկատմամբ ունի ռեգրեսի (հետադարձ հայցի) իրավունք, եթե նա ստիպված է եղել դատական մարմինների որոշումների հիման վրա կամ կամավոր հատուցել վերջինիս մեղքով պատճառված վնասը:

8. Անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով առաջացած վնասը հատուցման ենթակա չէ:

9. Վնասի հատուցման կարգը Պայմանավորվող կողմերի երկաթուղիների միջև որոշվում է համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը համագործակցում են երկաթուղային տրանսպորտի ինժեներների, տեխնիկների պատրաստման բնագավառում և երկու պետությունների տարածքում ճանաչում են Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի ուսումնական հաստատություններն ավարտելու մասին տրված որակավորման փաստաթղթերի հավասար իրավաբանական ուժը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ ծագող վիճելի հարցերի լուծման համար Պայմանավորվող կողմերը իրենց իրավասու մարմինների հավասար թվով ներկայացուցիչներից ստեղծում են Խառը հանձնաժողով:

2. Վիճելի հարցերի լուծման համար Խառը հանձնաժողովի ուղղակի բանակցությունների և խորհրդակցությունների անարդյունավետության դեպքում Պայմանավորվող կողմերը դրանք կլուծեն Պայմանավորվող կողմերի համար ընդունելի այլ միջոցներով:

3. Պայմանավորվող կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից երեսուն օր հետո:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով ծանուցելով:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում այն բոլոր պարտավորությունների և կոնտրակտների վրա, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել սույն Համաձայնագրի գործողության ընթացքում:

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի կնքած այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները:

 

Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություններ առաջանալիս նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
24.12.1999
Համաձայնագիր