Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

01.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.02.2001  -ից մինչեւ   01.01.2007  -ը:
 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ամրապնդել երկկողմ համագործակցությունը բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում,

նպատակ ունենալով ապահովել երկու պետությունների տարածքների պաշտպանությունը որոշ բույսերի հիվանդություններից, վնասատուներից և մոլախոտերից (այսուհետ` կարանտինային օրգանիզմներ) և սահմանափակել դրանց կողմից պատճառվող վնասները, ինչպես նաև դյուրացնել բույսերի և բուսական ծագման արտադրանքի փոխադարձ առևտուրը և փոխանակումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ տերմինները նշանակում են`

- բույսեր - կենդանի բույսեր և դրանց կենդանի մասեր, ներառյալ սերմերը (Հավելված 1),

- բուսական արտադրանք - չվերամշակված բուսական ծագման արտադրանք, (ներառյալ սերմերը, որոնք սահմանված չեն որպես բույսեր), ինչպես նաև վերամշակված արտադրանք, որոնք ձևափոխվելու դեպքում կարող են վնասակար օրգանիզմների տարածման վտանգ ներկայացնել,

- օբյեկտներ - նյութեր, որոնք բուսական ծագման չեն, սակայն ընդունակ են իրենց մեջ կարանտինային օրգանիզմներ կրել և տարածել,

- ֆիտոսանիտարական հսկողություն - գործունեություն, որն իրականացվում է բույսերը, բուսական արտադրանքը, օբյեկտները և տրանսպորտային միջոցները կարանտինային օրգանիզմներից զերծ պահելու համար,

- կարանտինային օրգանիզմներ - Պայմանավորվող կողմերի կանոններում սահմանված ազգային էկոնոմիկայի համար պոտենցիալ կարևորություն ներկայացնող վնասակար օրգանիզմներ, որոնք դեռևս գոյություն չունեն կամ եթե գոյություն ունեն, ապա տարածված չեն և ենթակա են հսկողության:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի հիման վրա իրականացվող հատուկ համագործակցությունը կատարվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետությունում գործող կիրառելի կանոնների և կարանտին օրգանիզմների ցուցակի համաձայն (Հավելված 2):

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները` մի Պայմանավորվող կողմի տարածքից դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածքը կարանտինային օրգանիզմների անցումը կանխելու համար:

2-րդ Հավելվածում նշված կարանտինային օրգանիզմների ցուցակը սույն Համաձայնագրի մասն է կազմում:

Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխել կամ լրացնել կարանտինային օրգանիզմների ցուցակը:

Կարանտինային օրգանիզմների ցուցակներում կատարված փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին դիվանագիտական ուղիներով կհաղորդվի մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Երկու Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համատեղ կուսումնասիրեն և կստուգեն բերքը, անտառները, չհերկված տարածքները, հումքը և բուսական արտադրանքը` տեղափոխման և պահպանման ընթացքում, գյուղատնտեսության և անտառապահության համար վտանգավոր կարանտինային օրգանիզմների վարակի օջախների հայտնաբերման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կարանտինային օրգանիզմների մուտքը և տարածումը կանխելու նպատակով, բույսերի կամ բուսական արտադրանքի ցանկացած արտահանում պետք է կատարվի Պայմանավորվող կողմի` այդ նպատակով նշանակված մարմնի կողմից տրված «ֆիտոսանիտարական սերտիֆիկատի» միջոցով` կազմված համաձայն սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածում ներկայացված մոդելի:

Ֆիտոսանիտարական սերտիֆիկատը պետք է հաստատի, որ.

- տրանսպորտի համատեղելիությունը ներմուծող երկրի ֆիտոսանիտարական գործող կանոնների հետ,

- արտահանվող բույսերը և բուսական ծագման արտադրանքը զերծ են սույն Համաձայնագրի Հավելվածում նշված կարանտինային օրգանիզմներից կամ այլ պաթոգեն հարուցիչներից, վնասատուներից կամ մոլախոտերից, որոնք բնորոշված են լրացուցիչ դրույթներում,

- այդ բույսերի և բուսական արտադրանքի ծագման վայրը,

- վերամշակումը, որին ենթարկվել է արտադրանքը, կամ այլ լրացուցիչ տվյալներ, որոնք պահանջվում են ներկրողների կողմից:

Վերաարտահանման ենթակա բուսական արտադրանքի համար անհրաժեշտ է նշել վերջինիս ծագման երկիրը:

Փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են այն ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա են այլ Պայմանավորվող կողմի պետության տարածքում ֆիտոսանիտարական տեսչության վերահսկմանը, պետք է հիմնովին մաքրվեն և անհրաժեշտության դեպքում ախտահանվեն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Բույսերը, բուսական արտադրանքը, օբյեկտները, փաթեթները և տրանսպորտի միջոցները, որոնցով նրանք առաքվելու են, ենթակա են ֆիտոսանիտարական վերահսկման` Պայմանավորվող կողմերի համապատասխան կանոնների և կանոնակարգումների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ֆիտոսանիտարական սերտիֆիկատը չի բացառում ներմուծող երկրի կողմից ֆիտոսանիտարական տեսչության իրականացման իրավական պարտավորությունը և անհրաժեշտ համարվող միջոցների կիրառումը (մուտքի մերժում, ախտահանում, միջատների վերահսկում, ոչնչացում և այլն):

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ֆիտոսանիտարական կանոններին հակառակ կարանտինային օրգանիզմների և փաստերի հայտնաբերման դեպքում, ներկրող երկրի իրավասու մարմինը անմիջապես պետք է հայտնի այդ մասին արտահանող երկրի իրավասու մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կարանտինային օրգանիզմների կամ տնտեսական տեսակետից վտանգավոր վնասատուների ներմուծումը կանխելու նպատակով Պայմանավորվող կողմերը իրավունք ունեն.

- սահմանափակել բույսերի և բուսական արտադրանքի ներկրումը կամ պահանջել հատուկ պայմաններ դրանց ներկրման համար,

- արգելել բույսերի կամ բուսական արտադրանքի ներկրումը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը արգելում են հողի ներկրումը (բացառությամբ տորֆի), ինչպես նաև խոտի, ծղոտի, մամռային կեղևի կամ կարանտինային օրգանիզմներով վարակման ենթակա այլ նյութերի օգտագործումը` որպես փաթեթավորման նյութ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Երկու երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին և նրանց անձնակազմերին հասցեագրված բույսերի և բուսական արտադրանքի փոխանակումը պետք է համապատասխանի սույն Համաձայնագրի ֆիտոսանիտարական պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը կապահովեն ֆիտոսանիտարական հսկողությունը սահմանային կետերում (մայրուղիներ, երկաթգիծ, ծովային և օդային ուղիներ), որոնք ստեղծված են բույսերի կամ բուսական ծագման արտադրանքի ներկրման, արտահանման կամ տարանցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերը, ընդունելով գիտական բնագավառում համագործակցության առավելությունները և, հնարավորության դեպքում, բույսերի պաշտպանության մեթոդների և միջոցների միասնականացման պատշաճ առիթները, կխրախուսեն համագործակցությունը հետևյալ միջոցներով.

- տեղեկության փոխանակում անտառների և մշակաբույսերի ֆիտոսանիտարական վիճակի, հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների և ստացված արդյունքների մասին,

- ֆիտոսանիտարական կարանտինի և բույսերի պաշտպանության վերաբերյալ օրենքների, կանոնների և մասնագիտական գրականության փոխանակում, որը կնպաստի այս բնագավառում երկու երկրների մասնագետների ավելի խորը գիտելիքների ձեռքբերմանը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Պայմանավորվող կողմերը կարող են միմյանց տրամադրել տեղեկություն կարանտինային օրգանիզմների հայտնաբերման և տարածման վերաբերյալ` նշելով, որ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող ստացված տեղեկությունը տրամադրել երրորդ երկրի:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերը կազմակերպում են փոխադարձ խորհրդակցություններ` սույն Համաձայնագրում նշված խնդիրները լուծելու համար:

Խորհրդակցությունների անցկացման ժամանակը, վայրը և օրակարգը, ինչպես նաև ծախսերի ծածկման եղանակները յուրաքանչյուր անգամ կորոշեն Պայմանավորվող կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Բույսերի և բուսական արտադրանքի առևտուրը դյուրացնելու նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայն են արտահանող Պայմանավորվող կողմի պետության տարածքում համատեղ իրականացնել ֆիտոսանիտարական հսկողություն այն Պայմանավորվող կողմի կանոնների կիրառմամբ, որի տարածք են առաքվում բույսերը և բուսական արտադրանքը:

Համատեղ ֆիտոսանիտարական հսկողության պայմանները, վայրը և ամսաթվերը պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման հետ կապված վիճելի հարցերի դեպքում երկու Պայմանավորվող կողմերը դրանք կլուծեն ուղղակի կապերի կամ այլ ընդունելի եղանակներով: Եթե այս ճանապարհով համաձայնության հնարավոր չլինի հասնել, վեճերը կլուծվեն դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Պայմանավորվող կողմերի համակարգող և պատասխանատու իրավասու մարմիններն են.

Հայկական կողմից` գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը,

Ռումինական կողմից` գյուղատնտեսության և պարենի նախարարությունը:

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ուղղակի կապի մեջ կլինեն և կարող են համաձայնագրեր ստորագրել այդ նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն հակասում Պայմանավորվող կողմերի այն պարտավորություններին, որոնք բխում են այլ երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկրորդ ծանուցման վաթսուներորդ օրը, որով Պայմանավորվող կողմերը ծանուցում են միմյանց իրենց ներպետական օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարվա համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը առնվազն վեց ամիս առաջ չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին այն չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 2000 թվականի ապրիլի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր օրինակներն էլ հավասարազոր են:

Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի

Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և

ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին

կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու մասին

 

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 2000 թ. ապրիլի 5-ին Բուխարեստում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին» կոնվենցիայի գործողությունը:

 

 

pin
Ռումինիա
05.04.2000
Կոնվենցիա