Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱ ...

 

 

i

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) ցանկանում է օգտվել Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագրի օգնությունից (այսուհետ` Համաշխարհային պարենի ծրագիր), և

նկատի ունենալով, որ Համաշխարհային պարենի ծրագիրը` ընդառաջելով Կառավարության խնդրանքին, համաձայն է նման օգնություն ցուցաբերել,

Համաշխարհային պարենի ծրագիրը և Կառավարությունը, բարեկամական համագործակցության ոգով կնքում են սույն Համաձայնագիրը, որը բովանդակում է ընդհանուր պայմաններն ու ժամկետները, որոնց համաձայն նման օգնության Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է ցուցաբերել, իսկ Կառավարությունն օգտվել այդ օգնությունից` ըստ Համաշխարհային պարենի ծրագրի Ընդհանուր և ֆինանսական կարգավորումների և կանոնների:

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

1. Կառավարությունը կարող է դիմել Համաշխարհային պարենի ծրագրին պարենային օգնության խնդրանքով` տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի աջակցության կամ բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած պարենի արտակարգ կարիքները բավարարելու համար:

2. Կառավարությունն օգնության ցանկացած դիմում սովորաբար ներկայացնում է Համաշխարհային պարենի ծրագրի նշած ձևով` Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային պարենի ծրագրի ներկայացուցչի միջոցով:

3. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի անհրաժեշտ հնարավորություններ և համապատասխան տեղեկատվություն` Կառավարության օգնության դիմումը գնահատելու համար:

4. Ի հաստատումն օգնության դիմումի, Համաշխարհային պարենի ծրագիրը Կառավարությանը կտրամադրի նման օգնության համար մանրամասն Գործողությունների ծրագիր կամ Գրավոր համաձայնություն (Զարգացման ծրագրերի, Տևական օգնության ու վերականգնման գործողությունների կամ արտակարգ օգնության գործողությունների վերաբերյալ):

5. Գործողությունների յուրաքանչյուր ծրագիր կամ Գրավոր համաձայնություն կսահմանի այն պայմաններն ու ժամկետները, որոնց համաձայն Կառավարությունը և Համաշխարհային պարենի ծրագիրը` յուրաքանչյուրը իր պարտականությունների մասով, իրականացնելու են ծրագիրը: Սույն Հիմնական համաձայնագրի հիման վրա կնքվող Գործողությունների ցանկացած ծրագիր կամ Գրավոր համաձայնություն կարգավորվում է սույն Հիմնական համաձայնագրի դրույթներով:

6. Նման համաձայնությունները (Գործողությունների ծրագրեր և Գրավոր համաձայնություններ) կերաշխավորեն ծրագրի և ծրագրային գործողությունների բոլոր փուլերը վերահսկելու ՀՊԾ-ի իրավունքը, սկսած ապրանքները երկիր հասցնելուց մինչև դրանց վերջնական օգտագործումը: Կառավարության կողմից սույն Հիմնական համաձայնագրով կամ դրա հիման վրա կնքված որևէ այլ համաձայնագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու դեպքում, Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է կասեցնել կամ դադարեցնել օգնության տրամադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՏԵՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Զարգացման ծրագրերի և արտակարգ օգնության գործողությունների իրականացման համար առաջին հերթին պատասխանատու է Կառավարությունը կամ այլ` փոխադարձ համաձայնությամբ որոշված գործակալություն, որի մասին նշված է Գործողությունների ծրագրում կամ Գրավոր համաձայնության մեջ, ըստ որի կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ցանկացած Զարգացման ծրագիր, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողություն:

2. Համաշխարհային պարենի ծրագիրը մուտքի նավահանգստից, սահմանային կայանից կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադարձաբար համաձայնեցված երկրորդական առաքման վայրերից ապրանքները առաքում է անվճար և վերահսկում ու խորհրդատվական օժանդակություն է տրամադրում ցանկացած զարգացման ծրագիր, տևական օգնություն ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողություն իրականացնելիս:

3. Յուրաքանչյուր նախագծի դեպքում, համաձայնեցնելով Համաշխարհային պարենի ծրագրի հետ, Կառավարությունը կնշանակի ծրագրի իրականացման համար պատասխանատու գործակալություն կամ գործակալություններ, ներառյալ` միջազգային կամ ազգային ոչ կառավարական կազմակերպություններ, տեղական մարմիններ և այլն: Եթե երկրում իրականացվում է պարենային օգնության մեկից ավելի նախագիծ, Կառավարությունը կնշանակի կենտրոնական համակարգող գործակալություն` սննդամատակարարումը, ինչպես Համաշխարհային պարենի ծրագրի և իրականացվող ծրագրերի, այնպես էլ այդ իրականացվող ծրագրերի միջև կարգավորելու համար:

4. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի պայմաններ զարգացման նախագծերի, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողությունների կատարման բոլոր փուլերի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

5. Կառավարությունը կապահովի երկրի տարածքում ՀՊԾ-ի տրամադրած բոլոր պարենային ու ոչ պարենային ապրանքատեսակների անվտանգ տեղաշարժը:

6. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը կապահովի, որ Համաշխարհային պարենի ծրագրի տրամադրած ապրանքատեսակները բարձվեն, տեղափոխվեն, պահեստավորվեն ու բաշխվեն պատշաճ հոգածությամբ ու արդյունավետությամբ և որ ապրանքները օգտագործվեն Կողմերի միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: Այն դեպքում, երբ դրանք այդ կերպ չեն օգտագործվում, Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է Կառավարությունից պահանջել վերադարձնել ապրանքները:

7. Սույն Համաձայնագրով կամ դրա հիման վրա կնքված որևէ այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններից որևէ մեկը Կառավարության կողմից չկատարելու դեպքում, Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է կասեցնել կամ դադարեցնել օգնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Այն դեպքում, երբ ծրագրի իրականացման համար Կառավարությունն օգնություն է ստանում նաև այլ աղբյուրից, Կողմերը միմյանց հետ խորհրդակցում են Համաշխարհային պարենի ծրագրից և այլ աղբյուրից ստացած օգնությունն արդյունավետ կերպով համակարգելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ, ՏԵՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը Համաշխարհային պարենի ծրագրին տրամադրում են այնպիսի փաստաթղթեր, հաշիվներ, գրառումներ, հաշվետվություններ, զեկույցներ և այլ տեղեկատվություն, որ Համաշխարհային պարենի ծրագրին կարող են անհրաժեշտ լինել որևէ զարգացման ծրագրի, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողության իրականացման կամ այդպիսի ծրագրի իրագործելիության և շարունակման հնարավորությունների, կամ սույն Համաձայնագրով, կամ դրա հիման վրա կնքված այլ համաձայնագրով Կառավարության ստանձնած որևէ պարտավորության իրականացման առնչությամբ:

2. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը Համաշխարհային պարենի ծրագրին պարբերաբար տեղեկացնում են յուրաքանչյուր զարգացման ծրագրի, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողության իրականացման առաջընթացի վերաբերյալ:

3. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը յուրաքանչյուր ծրագրի համար համաձայնեցված ժամանակահատվածներում և յուրաքանչյուր ծրագրի ավարտին Համաշխարհային պարենի ծրագրին տրամադրում են վերջինիս կողմից տրամադրված պարենային և ոչ պարենային ապրանքների օգտագործման վերաբերյալ արտաքին աուդիտորների ստուգած հաշիվները:

4. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունն աջակցում են Համաշխարհային պարենի ծրագրի կողմից ըստ համապատասխան Գործողությունների ծրագրի կամ Գրավոր համաձայնության ձեռնարկված ցանկացած ծրագրի գնահատմանը, այդ նպատակով վերջինիս տրամադրելով անհրաժեշտ ամբողջական փաստաթղթեր: Պատրաստված ցանկացած գնահատման հաշվետվությունը մեկնաբանության համար ներկայացվում է Կառավարությանը կամ նշանակված գործակալությանը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

1. Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել և պահել գրասենյակ: Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է Կառավարության համաձայնությամբ հիմնել նաև լրացուցիչ գրասենյակներ սույն Հիմնական համաձայնագրով նախատեսված ցանկացած գործողության կամ ծրագրի իրականացումը դյուրացնելու համար:

2. Համաշխարհային պարենի ծրագրի գրասենյակն իրականացնում է իր գործողությունները իր մանդատին և Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրի պահանջներին համապատասխան, ներառյալ` հարաբերությունների հաստատումն ու պահպանումը Համաշխարհային պարենի ծրագրի և երկրում գործող այլ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

1. Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է Հայաստանի Հանրապետությունում նշանակել այնպիսի պաշտոնյաներ կամ այլ աշխատակիցներ, որոնց Համաշխարհային պարենի ծրագիրը անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման ժամանակ:

2. Համաշխարհային պարենի ծրագիրը Կառավարությանը տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային պարենի ծրագրի աշխատանքներում միջազգային պաշտոնյաների և այլ աշխատակիցների նշանակման վերաբերյալ:

3. Տեղացի աշխատակիցների աշխատանքային պայմաններն ու ժամկետները սահմանվում են ըստ Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան որոշումների, կանոնակարգերի ու կանոնների:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Կառավարությունը կձեռնարկի ցանկացած միջոց, որ անհրաժեշտ կլինի ազատելու Համաշխարհային պարենի ծրագրի պաշտոնյաներին, գործուղված փորձագետներին և Համաշխարհային պարենի ծրագրի անունից ծառայություններ տրամադրող այլ անձանց իրավական այնպիսի կանոնակարգերից կամ պարտականություններից, որոնք կարող են խոչընդոտել սույն Համաձայնագրով իրականացվող գործողությունների կամ ծրագրերի աշխատանքները:

2. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կօգնի համապատասխան գրասենյակային տարածքներ գտնելու հարցում:

3. Փոխադարձ համաձայնությամբ, Կառավարությունը կվճարի Հայաստանի Հանրապետությունում ՀՊԾ-ի գործունեության իրականացման համար Համաշխարհային պարենի ծրագրի` որպես գրասենյակ զբաղեցրած շենքի ու մատուցված ծառայությունների համար նախատեսված ծախսերը ամբողջությամբ կամ մասնակիորեն:

4. Կառավարությունը կապահովի, որ Համաշխարհային պարենի ծրագրի որպես գրասենյակ զբաղեցրած շենքը մշտապես օգտվի կենցաղային սպասարկման ծառայություններից, և որ նման ծառայությունները տրամադրվեն պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված պայմաններով:

5. Հարկ եղած դեպքում, Կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի Համաշխարհային պարենի ծրագրի գրասենյակի շենքի, ունեցվածքի և աշխատողների անվտանգության ու պաշտպանության համար:

6. Հարկ եղած դեպքում, Կառավարությունը կօգնի Համաշխարհային պարենի ծրագրին հարմար բնակարան գտնել միջազգային աշխատակազմի և Համաշխարհային պարենի ծրագրի կողմից աշխատանքի ընդունված այլ անձանց համար:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Իր պաշտոնական հաղորդակցության ու հեռահաղորդակցության համար Համաշխարհային պարենի ծրագրին կցուցաբերվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, ինչ Կառավարության կողմից ցուցաբերվում է կառավարություններին, այդ թվում` դրանց դիվանագիտական ներկայացուցչություններին կամ այլ միջկառավարական և միջազգային կազմակերպություններին` փոստի, հեռագրի, գրավոր ու պատկերային տեսքով ազդանշանների փոխանցման, հեռախոսի, հաղորդալարով փոխանցման, ռադիոյով տեղեկատվության փոխանցման և հեռահաղորդակցության այլ միջոցների առաջնայնությունների, սակագների և գանձումների հարցով:

2. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի արտոնագրեր ու հաճախականություններ` իր գործառնական բաժինների հետ մշտական ռադիոհաղորդակցային կապ պահպանելու համար, անկախ դրանց գտնվելու վայրից:

3. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի հաղորդակցային բոլոր անհրաժեշտ սարքավորումները ներկրելու իրավունք առանց մաքսային ծառայության կողմից ուշացվելու, բռնագրավվելու կամ հարկման:

4. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի վերոհիշյալ սարքավորումներն իր գրասենյակներում և ավտոմեքենաներում տեղադրելու, օգտագործելու և ձեռքի հաղորդակցության սարքեր կրելու իրավունք:

5. Կառավարությունը կապահովի Համաշխարհային պարենի ծրագրի հաղորդակցության և գրագրության անձեռնմխելիությունը: Նույն անձեռնմխելիությունը առանց սահմանափակման վերաբերում է ՀՊԾ-ի տպագիր նյութերին, լուսանկարներին, սլայդներին, կինոժապավեններին և ձայներիզներին:

6. Համաշխարհային պարենի ծրագիրն իրավունք ունի գործածել կոդեր, առաքել և ստանալ փոստ և այլ նյութեր սուրհանդակի միջոցով կամ կնքված ծրարներով, որոնք կօգտվեն նույն արտոնություններից ու անձեռնմխելիությունից, ինչ դիվանագիտական սուրհանդակները կամ ծրարները:

7. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու արտոնագրերը սույն Համաձայնագրով նախատեսված մատակարարումների, սարքավորումների և այլ նյութերի ներկրման համար և կապահովի, որ այդ բոլոր մատակարարումները, սարքավորումները և այլ նյութերը ներկրվեն առանց ավելորդ ուշացումների կամ սահմանափակման:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրի պաշտոնյաներին ու խորհրդականներին և Համաշխարհային պարենի ծրագրի կողմից ծառայություններ մատուցող անձանց կտրամադրի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք տրամադրվում են Միավորված ազգերի կազմակերպության ու նրա Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներին ու խորհրդականներին և դրանց կողմից ծառայություններ մատուցող անձանց:

2. Համաշխարհային պարենի ծրագրում աշխատող տեղում վարձված աշխատակիցները օգտվում են անձեռնմխելիություններից իրավական գործողությունների հանդեպ իրենց պաշտոնական գործունեության ընթացքում կատարած գործողությունների առնչությամբ:

3. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրի, նրա միջոցների, ֆոնդերի, գույքի և նրա պաշտոնյաների ու խորհրդականների նկատմամբ կիրառում է Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի դրույթները:

4. Կառավարությունը պատասխանատու կլինի այնպիսի հայցերի համար, որոնք որևէ երրորդ կողմ կարող է ներկայացնել ընդդեմ ՀՊԾ-ի կամ նրա պաշտոնական խորհրդականների կամ այլ անձանց, որոնք ծառայություններ են մատուցում ՀՊԾ-ի անունից սույն Համաձայնագրի շրջանակներում, և վերջիններիս զերծ կպահի սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործողություններից ծագած պահանջների կամ պարտավորությունների դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՊԾ-ն ու Կառավարությունը համաձայն են, որ այդպիսի պահանջները կամ պարտավորությունները բխում են այդ անձանց կողմից դրսևորված կոպիտ անփութության կամ միտումնավոր ու ոչ իրավական գործողության հետևանքով:

5. Սույն Հիմնական համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացման համար կատարվող մատակարարումները, օգտագործվող սարքավորումները և այլ նյութերը ենթակա չեն ուղղակի հարկերի, ավելացված արժեքի հարկի, վճարների, տուժանքների և տուրքերի գանձման:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

Համաշխարհային պարենի ծրագրի անձնակազմի արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են ի շահ Միավորված ազգերի կազմակերպության և Համաշխարհային պարենի ծրագրի, այլ ոչ թե շահագրգիռ անձանց անձնական շահի համար: Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենը կարող է ցանկացած դեպքում հրաժարվել անձեռնմխելիությունից, եթե իր կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և եթե անձեռնմխելիությունից զրկելը հնարավոր է կատարել` չվնասելով Միավորված ազգերի կազմակերպության և Համաշխարհային պարենի ծրագրի շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրից, Գործողությունների ծրագրից կամ Գրավոր համաձայնությունից բխող կամ Կառավարության և Համաշխարհային պարենի ծրագրի միջև դրանց շուրջ ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվում բանակցության միջոցով կամ կարգավորման այլ համաձայնեցված միջոցով, Կողմերից մեկի պահանջով ներկայացվում է միջնորդ դատարան: Դատավարությունը տեղի է ունենում ստացող երկրից դուրս, Կողմերի համաձայնությամբ` մեկ այլ վայրում: Յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկ միջնորդ դատավոր և մյուս Կողմին հայտնում է իր միջնորդ դատավորի անունը: Եթե միջնորդ դատավորները չեն կարողանում վճռի կայացման հարցում համաձայնության գալ, անմիջապես նշանակում են երրորդ միջնորդ դատավորին: Եթե դատավարության համար դիմելուց հետո երեսուն օրվա ընթացքում Կողմերից մեկը միջնորդ դատավոր չի նշանակում կամ, եթե նշանակված միջնորդ դատավորները համաձայնության չեն եկել վճռի կայացման և երրորդ միջնորդ դատավորի նշանակման հարցում, Կողմերից յուրաքանչյուրը` ըստ գործի ընթացքի, միջնորդ դատավոր կամ երրորդ միջնորդ դատավոր նշանակելու խնդրանքով կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին: Միջնորդ դատավարության ծախսերը կրում են Կողմերը, որոնց չափը սահմանվում է միջնորդ դատավարության կայացրած վճռով: Կողմերը միջնորդ դատավարության վճիռն ընդունում են որպես վեճի վերաբերյալ կայացած վերջնական վճիռ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել այն ստորագրած Կողմերի գրավոր համաձայնությամբ: Այդ փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որը ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

2. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Կողմերից որևէ մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին մյուսի Կողմին գրավոր ծանուցելու օրվանից վեց ամիս հետո: Չնայած դադարեցման վերաբերյալ նման ծանուցման, սույն Համաձայնագիրը կարող է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չեն կատարվել կամ ավարտվել սույն Հիմնական համաձայնագրի հիման վրա կնքված Գործողությունների ծրագրերը կամ Գրավոր համաձայնությունները:

3. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով Կառավարության ստանձնած պարտավորությունները կշարունակեն սույն հոդվածի 2-րդ կետով այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի սույն Համաձայնագրով Համաշխարհային պարենի ծրագրի միջոցները, ֆոնդերն ու գույքը հետ ընդունելու, ինչպես նաև Համաշխարհային պարենի ծրագրի կողմից ծառայություններ մատուցող անձանց կանոնավոր հետկանչի համար:

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից Համաշխարհային պարենի ծրագրին միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցելու պահից:

 

Ի վկայություն վերոհիշյալի, ներքոստորագրյալները, լինելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագրի կողմից պատշաճորեն լիազորված, Կողմերի անունից ստորագրեցին սույն Համաձայնագիրը` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հունիսի 9-ին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

 

pin
ՄԱԿ
09.06.2000
Համաձայնագիր