Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի նախարարների կաբինետը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ձգտումով,

հաշվի առնելով միջպետական կառավարական կապի պահպանման և զարգացման գործում Կողմերի շահագրգռվածությունը,

հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև կնքված պայմանագրերը և համաձայնագրերը,

ելնելով այն հարաբերությունների հստակ կանոնակարգման հրատապությունից, որոնց հիմքերն են փոխադարձ վստահությունը և հարգանքը միմյանց նկատմամբ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.

«իրավասու մարմիններ»` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը և ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը,

«կառավարական կապ»` ծածկագրված հեռախոսային և փաստաթղթային կապ,

«միջպետական կառավարական կապ»` Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կառավարական կապի բաժանորդների միջև տեղեկատվության փոխանակման համար նախատեսված կառավարական կապի համակարգ,

«ծածկագրման միջոցներ»` ձեռքի ծածկագրեր, ծածկագրման և գաղտնագրման սարքավորում, գաղտնի պահեստային գույք և դրանց պատկանելիություններ, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթեր, ծածկագրման բանալիներ և դրանց պատրաստման սարքավորումներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն ապահովում և կատարելագործում են մշտապես գործող միջպետական կառավարական կապը:

Կողմերից յուրաքանչյուրը հավասար իրավունքներ ունի մյուս Կողմի շահերը շոշափող միջպետական կառավարական կապի կազմակերպման, տեխնիկական շահագործման և անվտանգության ապահովման հարցերը լուծելիս:

Միջպետական կառավարական կապի կազմակերպման, տեխնիկական շահագործման, անվտանգության ապահովման և անխափան գործման հարցերը լուծվում են իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերից յուրաքանչյուրն իր պետության տարածքում կառավարական կապ է տրամադրում մյուս Կողմի պետության պաշտոնատար անձանց իր տարածքում գործող կարգին համապատասխան, եթե Կողմերի մյուս միջազգային համաձայնագրերով և պայմանագրերով այլ պայմաններ չեն վերապահվում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մի Կողմի պետության պաշտոնատար անձանց` մյուս Կողմի պետության տարածքում ժամանակավոր գտնվելիս, կառավարական կապը տրամադրվում է իրավասու մարմինների կողմից սահմանված ծավալով և կարգով: Դրա համար անհրաժեշտ կապի ալիքների և բաժանորդային գծերի կազմակերպումը, ինչպես նաև կառավարական կապի միջոցների տեղադրումն իրականացվում է շահագրգիռ Կողմի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Իր պետության սահմաններում միջպետական կառավարական կապի կազմակերպման, գործողության մեջ մտցնելու, տեխնիկական շահագործման և հետագա կատարելագործման հետ կապված ծախսերը Կողմերից յուրաքանչյուրը վճարում է ինքնուրույն:

Երրորդ պետությունների տարածքով անցնող կապուղու վարձակալության ծախսերը բաժանվում են հավասարաչափ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը փոխշահավետ պայմանների հիման վրա իրավասու մարմիններին հանձնարարում են`

միջպետական կառավարական կապի, ինչպես նաև կառավարական կապի ազգային ցանցերի համար նոր համակարգերի և միջոցների մշակման և արտադրության բնագավառում իրավասու մարմինների միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով որոշված կարգին համապատասխան անցկացնել գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական աշխատանքներ,

փոխգործակցել կառավարական կապի միջոցների արտադրության բնագավառում,

փոխգործակցել գաղտնագրային պաշտպանության և տեխնիկական կապուղիներից տեղեկատվության արտահոսքի պաշտպանության բնագավառի հարցերի լուծման գործում,

իրականացնել իրավասու մարմինների կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը,

իրականացնում են փոխգործակցություն Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կառավարական կապի ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսային համատեղելիության ապահովման նպատակով իր պետության տարածքում նրա կողմից տրամադրված հաճախության սպեկտրի օգտագործման հարցերով:

Թվարկված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է իրավասու մարմինների կողմից համաձայնեցված առանձին փաստաթղթերով սահմանված կարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կառավարական կապի միջպետական և ազգային ցանցերի շահագործման ու կազմակերպման համար անհրաժեշտ ծածկագրման միջոցների, տեխնիկայի և կապի միջոցների, համալրման արտադրանքի և պահեստամասերի համաձայնեցված ծավալներով փոխադարձ մատակարարումները, ինչպես նաև` նշված սարքավորումների վերանորոգման և հատուկ նշանակության ծառայությունների տրամադրման կազմակերպումն իրականացվում են կնքված պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա` երկու պետությունների օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը հանձնարարում են իրավասու մարմինների, փոխհամաձայնեցված պայմանների հիման վրա, իրենց զինվորական ներկայացուցչությունների միջոցով, համապատասխան ձեռնարկություններում իրականացնել ծածկագրման միջոցների, տեխնիկայի և կապի միջոցների, լրակազմող արտադրանքի և պահեստամասերի մշակման, պատրաստման, մատակարարման և շահագործման զինվորական հսկողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը սահմանում են, որ սույն Համաձայնագրից բխող հարցերի իրականացման գործում իրավասու մարմինների փոխգործակցության ընթացքում ռուսերենը հանդիսանում է աշխատանքային լեզու:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է տասը տարի ժամկետով և գործողության մեջ է մտնում Կողմերի կողմից այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ճանապարհով ստանալու օրվանից:

Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա տասնամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից յուրաքանչյուրը, Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ չի հայտնի Համաձայնագրի գործողությունն ավարտելու իր ցանկության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, իր մտադրության մասին դիվանագիտական ճանապարհներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք կձևակերպվեն կից արձանագրություններով:

Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի առաջացման դեպքում, Կողմերի իրավասու մարմինները դրանք կլուծեն բանակցությունների (խորհրդակցությունների) ճանապարհով:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի հոկտեմբերի 5-ին երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հոկտեմբերի 28-ին:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
05.10.1999
Համաձայնագիր