Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը` իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա,

ղեկավարվելով 1994 թվականի ապրիլի 15-ի` «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրով,

վճռականություն հայտնելով աջակցելու համաշխարհային առևտրի ներդաշնակ զարգացմանն ու աճին, դրա զարգացման ճանապարհին խոչընդոտների վերացմանը,

ձգտելով ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի արդյունավետ գործունեությունը նախատեսող միասնական տնտեսական գոտու ձևավորմանը,

հաստատելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հավատարմությունն Առևտրի և սակագների Գլխավոր համաձայնագրի /ԱՍԳՀ/ ու Առևտրի համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ սկզբունքներին,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, ինչպես նաև տուրքերին համարժեք ներգործություն ունեցող հարկեր և գանձումներ, քանակային սահմանափակումներ ներմուծվող և/կամ արտահանվող այն ապրանքների վրա, որոնք ծագել են մեկ Կողմի պետությունում և նախատեսված են մյուս Կողմի մաքսային տարածքի համար: Բացառությունները տվյալ առևտրական ռեժիմից ապրանքների համաձայնեցված անվանացանկով, ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին Արձանագրությամբ:

2. Համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, Կողմերը, համաձայնության դեպքում, կմշակեն և կհամաձայնեցնեն ազատ առևտրի ռեժիմից հանումների ընդհանուր ցանկը:

3. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում Կողմերի պետություններում ծագած ապրանքների տակ հասկացվում են 1993 թ. սեպտեմբերի 24-ի` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ընդունված ապրանքների ծագման երկրի սահմանման Կանոններին համապատասխանող ապրանքները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը`

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ որևէ հատուկ սահմանափակումներ կամ պահանջներ չեն մտցնի, որոնք նույնանման իրադրության մեջ չեն կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած ապրանքների նկատմամբ,

մյուս Կողմի պետության տարածքում ծագած ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ չեն կիրառի այլ կանոններ, քան կիրառվում են համանման դեպքերում սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձ առևտրում, Կողմերը ձեռնպահ կմնան ապրանքների արտահանումը և/կամ ներմուծումը սահմանափակող միջոցառումների կիրառումից: Կողմերը կարող են միակողմանիորեն արտահանման և/կամ ներմուծման վրա սահմանափակող միջոցներ սահմանել, բայց միայն խիստ որոշակի ժամկետով: Տվյալ միջոցները կարող են մտցվել արտահանման և/կամ ներմուծման վրա քանակական սահմանափակումների ձևով կամ հատուկ տուրքերի, հակադեմփինգային և փոխհատուցման տուրքերի ձևով:

Նշված միջոցները պետք է ունենան բացառիկ բնույթ և կարող են կիրառվել միայն հետևյալ դեպքերում`

- ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ դեֆիցիտի (մինչև շուկայում դրության կայունացումը),

- վճարային հաշվեկշռի խիստ դեֆիցիտի դեպքում (մինչև վճարային հաշվեկշռի հետ կապված դրության կայունացումը),

- եթե ապրանքների ներմուծումը կատարվում է Կողմերից որևէ մեկի պետության տարածք այնպիսի աճող քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, երբ այն սպառնում է վնաս հասցնել նմանատիպ կամ անմիջական մրցակցող ապրանքներ հայրենական արտադրողներին,

- սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված միջոցների իրականացման դեպքում:

Սույն Համաձայնագրի նպատակների համար վնասի տակ հասկացվում է տնտեսության ճյուղին զգալի վնասը կամ այդ վնասի սպառնալիքը, ինչպես նաև ճյուղի ստեղծման կամ զարգացման լուրջ խոչընդոտը:

Սույն հոդվածին համապատասխան, միջոցների ընտրման ժամանակ նախապատվությունը կտրվի այն միջոցներին, որոնք նվազագույն բացասական ազդեցություն ունեն սույն Համաձայնագրի նպատակների իրականացման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում բոլոր հաշվարկներն ու վճարումները պետք է իրականացվեն համաձայն Կողմերի լիազորված բանկերի միջև կնքված համաձայնագրի:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համաձայնեցին թույլ չտալ այն ապրանքների վերաարտահանումը, որոնց արտահանման նկատմամբ Կողմը, որի պետության ծագում ունեն այդ ապրանքները, կիրառվում են քվոտավորման և լիցենզավորման միջոցներ:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների վերաարտահանումը կարող է իրականացվել միայն գրավոր թույլտվության առկայության դեպքում, որը տրվում է ապրանքի ծագման Կողմի պետության լիազորված մարմնի կողմից: Պետությունը, որի տարածքում արտադրվել են այդ ապրանքները, դրանց չհամաձայնեցված վերաարտահանման դեպքում, իրավասու է պահանջել կրած վնասի փոխհատուցում: Սույն դրույթը չպահպանելու դեպքում Կողմը, որի պետության շահերը խախտված են, իրավասու է չհամաձայնեցված վերաարտահանում թույլ տված մյուս Կողմի պետության տարածք այդ ապրանքների արտահանման նկատմամբ միակողմանիորեն մտցնել կարգավորող միջոցներ:

Վերաարտահանման տակ հասկացվում է մի Կողմի պետության տարածքում ծագած ապրանքը երրորդ երկիր արտահանման նպատակով մյուս Կողմից իր պետության մաքսային տարածքից դուրս բերելը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կանոնավորապես տեղեկություն կփոխանակեն տնտեսական գործունեության հետ կապված օրենքների և այլ նորմատիվային ակտերի մասին, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկման, բանկային ու ապահովագրական գործունեության և այլ ֆինանսական ծառայությունների, տրանսպորտային ու մաքսային հարցերի վերաբերյալ, ներառյալ Կողմերի պետություններին վերաբերող մաքսային վիճակագրությունը:

Կողմերը միմյանց անհապաղ կտեղեկացնեն ազգային օրենսդրությունում կատարված այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա:

Սույն Համաձայնագրի կատարման կամ համակարգման համար Կողմերի պետությունների պատասխանատու համապատասխան մարմինները կհամաձայնեցնեն այդպիսի տեղեկատվության փոխանակման կարգը: Սույն հոդվածի դրույթները չեն պարտադրի ցանկացած Կողմի պետության իրավասու մարմիններին`

ներկայացնել տեղեկատվություն, որը չի կարելի ստանալ, ելնելով Կողմերից մեկի օրենսդրությունից կամ սովորական վարչական պրակտիկայի ընթացքում,

ներկայացնել տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրական, ձեռներեցական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, ինչպես նաև Կողմերի պետությունների շահերին հակասող այլ տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են համարում անբարեխիղճ գործարար պրակտիկան և պարտավորվում են թույլ չտալ և վերացնել դրա հետևյալ մեթոդները`

ձեռնարկությունների միջև պայմանագրերը, ձեռնարկությունների միավորումների կողմից ընդունված որոշումները և գործարար պրակտիկայի ընդհանուր մեթոդները, որոնք նպատակ են հետապնդում Կողմերի պետություններում խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար անհրաժեշտ պայմանները,

գործողություններ, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերակայելի դիրքը` սահմանափակելով մրցակցությունը Կողմերի պետությունների ամբողջ տարածքում կամ դրա զգալի մասում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկկողմ տնտեսական հարաբերությունների իրականացման ժամանակ վիճակագրական տեղեկատվության փոխանակման և մաքսային ընթացակարգերի անցկացման համար Կողմերը համաձայնեցին օգտագործել Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՊՀ ԱՏԳԱԱ), որը հիմնված է Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների ծածկագրման և նկարագրման ներդաշնակեցված համակարգի բազայի վրա: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, Կողմերը սեփական կարիքների համար կիրականացնեն ապրանքային անվանացանկի հետագա զարգացում` գերազանցելով ինը նիշը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը համաձայն են այն բանում, որ ազատ տարանցման փոխադրումների սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի բաժանման ու կոոպերացման միջազգային համակարգին դրանց միացման գործընթացի էական տարրը:

Այդ կապակցությամբ Կողմերից յուրաքանչյուրը կապահովի մյուս Կողմի պետության և/կամ երրորդ երկրի տարածքից իր երկրի տարածքով մյուս Կողմի պետության, կամ ցանկացած երրորդ պետության համար նախատեսված ապրանքների տարանցումը, կտրամադրի արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին, տարանցման ապահովման համար անհրաժեշտ առկա միջոցները և ծառայությունները` այդ միջոցները և ծառայությունները սեփական արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին, կամ ցանկացած երրորդ երկրի արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին տրամադրման պայմաններից ոչ վատ պայմաններով: Կողմերի պետությունների տարածքով բեռների փոխադրման կարգն ու պայմանները կարգավորվում են փոխադրումների միջազգային կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտի Կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` ձեռնարկել միջազգային պրակտիկայում ընդունված միջոցներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային պայմանագրերի, որոնց մասնակից է համարվում կամ ձգտում է համարվել այդ Կողմը, կատարման համար, եթե դրանք վերաբերում են`

մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, շրջակա միջավայրի կենդանիների և բույսերի պահպանմանը,

հասարակական բարոյականության և կարգի պաշտպանությանը,

ազգային անվտանգության ապահովմանը,

զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,

պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,

զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը ուղղված միջազգային ջանքերի աջակցմանը,

միջուկային արդյունաբերության օգտագործող նյութերի և սարքավորումների արտահանմանը և ներմուծմանը,

ոսկու, արծաթի կամ այլ թանկարժեք մետաղների և քարերի առևտրին,

չվերականգնվող բնական պաշարների պահպանմանը,

արտադրանքի արտահանման սահմանափակմանը, երբ պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում այդ արտադրանքի ներքին գինը ցածր է համաշխարհային գնից,

արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությունը,

ազգային հարստություն համարվող գեղարվեստական, հնէաբանական և պատմական արժեքների պահպանմանը,

պատերազմի ժամանակ կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ պայմաններում ձեռնարկվող միջոցներին,

միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա պարտավորությունների կատարմանն ուղղված գործողություններին:

Սույն հոդվածին համապատասխան, միջոցներ մտցնելու մտադրություն ունեցող Կողմը պետք է վաղօրոք, մինչ այդ միջոցների կիրառումը (բացառությամբ արտակարգ բնույթի դեպքերի), տրամադրի մյուս Կողմին ամբողջական տեղեկատվություն վերոհիշյալ սահմանափակումների մտցման ձևերի և ենթադրվող ժամկետների մասին, որից հետո նշանակվում են խորհրդակցություններ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Երրորդ երկրների նկատմամբ արտահանման վերահսկման համաձայնեցված քաղաքականության վարման նպատակով Կողմերը պարբերաբար կանցկացնեն խորհրդակցություններ և կկիրառվեն փոխհամաձայնեցված միջոցներ արտահանման վերահսկման արդյունավետ համակարգի ստեղծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտի Կողմերից յուրաքանչյուրին` հաստատելու հարաբերություններ երրորդ երկրների հետ և կատարելու որևէ այլ միջազգային համաձայնագրով, որի մասնակից է հանդիսանում կամ կարող է հանդիսանալ այդ Կողմը, ստանձնած պարտականությունները, պայմանով որ այդ հարաբերություններն ու պարտավորությունները չեն հակասում սույն Համաձայնագրի դրույթներին և նպատակներին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:

Փոխադարձ առևտրի մեջ Կողմերը կձգտեն խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով Կողմերը համաձայնեցին ստեղծել հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Անհրաժեշտության դեպքում, սույն Համաձայնագրում, երկու Կողմերի համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման օրվանից և իր ուժը կկորցնի նրա գործողության դադարեցման մտադրության մասին Կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի դրույթների գործողությունը դադարեցնելուց հետո, դրա դրույթները կկիրառվեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել հինգ տարուց ոչ ավել ժամանակահատվածում:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հունվարի 18-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի վերաբերյալ տարաձայնությունների առաջացման դեպքում Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 28-ից:

 

 

pin
Բելոռուսի Հանրապետություն
18.01.2000
Համաձայնագիր