Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իսրայելի Պետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող Կողմեր,

ցանկանալով ամրապնդել տնտեսական համագործակցությունը երկկողմանի շահավետության հիման վրա, մտադրություն ունենալով ստեղծել բարենպաստ պայմաններ մի Պայմանավորվող Կողմի տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների կողմից ավելի մեծ կապիտալ ներդրումներ կատարելու համար,

ընդունելով, որ կապիտալ ներդրումների խրախուսումն ու փոխադարձ պաշտպանությունը, սույն Համաձայնագրի հիման վրա կխթանի անհատական գործունեության նախաձեռնությունը և կնպաստի երկու պետությունների բարգավաճմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում.

1. «Կապիտալ ներդրումներ» տերմինը կընդգրկի գույքի բոլոր տեսակները, որոնք տնտեսական գործունեության իրականացման նպատակով ներդրվում են Պայմանավորվող Կողմերի տարածքում` նրանցից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով: Կապիտալ ներդրումները ներառում են մասնավորապես, սակայն ոչ բացառապես`

ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև ցանկացած այլ գույքային իրավունքները,

բ) իրավունքներ, որոնք բխում են բաժնեմասերից, պարտատոմսերից և ընկերությունների շահույթներին մասնակցելու այլ ձևերից,

գ) դրամական միջոցների, բարի համբավի և տնտեսական արժեք ունեցող ցանկացած ակտիվի և գործունեության գծով պահանջների իրավունքները,

դ) ինտելեկտուալ սեփականությանը, տեխնիկական պրոցեսներին և նոուհաուներին վերաբերող իրավունքները,

ե) տնտեսական գործունեություն իրականացնելու համար տրվող կոնցեսիաները` օրենքի կամ պայմանագրի հիման վրա, ներառյալ բնական պաշարների հետազոտման, մշակման, արդյունահանման կամ օգտագործման կոնցեսիաներ:

2. Ներդրվող կամ վերաներդրվող կապիտալի ձևի փոփոխումը, այն Պայմանավորվող Կողմի օրենքների և որոշումների համաձայն, որի տարածքում կատարվել է կապիտալ ներդրումը, չի ազդում նրանց բնույթի վրա` որպես կապիտալ ներդրումներ, ըստ սույն Համաձայնագրի:

3. «Ներդրող» տերմինը ներառում է.

Իսրայելի Պետությունում արված կապիտալ ներդրումների առնչությամբ`

ա) ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և որոնք չեն հանդիսանում Իսրայելի Պետության քաղաքացիներ, կամ

բ) ընկերությունները, ներառյալ կորպորացիաները, ֆիրմաները կամ ասոցիացիաները, որոնք կազմվել կամ հիմնվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն վերահսկվում Իսրայելի Պետության քաղաքացիների կամ մշտական ռեզիդենտների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում կատարված կապիտալ ներդրումների առնչությամբ`

ա) ֆիզիկական անձինք, որոնք Իսրայելի Պետության քաղաքացիներ են, և որոնք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կամ

բ) ընկերությունները, ներառյալ կորպորացիաները, ֆիրմաները կամ ասոցիացիաները, որոնք կազմվել կամ հիմնվել են Իսրայելի Պետության օրենսդրության համաձայն:

4. «Շահույթ» տերմինը ընդգրկում է ներդրումից ստացված գումարը, որը ներառում, բայց չի սահմանափակվում հետևյալով` շահաբաժիններ, շահույթ, ներդրման ամբողջական կամ մասնակի դադարեցումից ստացված գումարներ, տոկոս, կապիտալի աճից ստացված եկամուտներ, հեղինակային հոնորարներ կամ վճարումներ:

5. «Տարածք» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի առնչությամբ նշանակում է տվյալ Պայմանավորվող Կողմի տարածքը, ներառյալ տարածքային ջրերը, ինչպես նաև ցամաքային շելֆը և հատուկ տնտեսական գոտին, որտեղ տվյալ Պայմանավորվող Կողմը օգտվում է սուվերեն իրավունքներից կամ իրավասությունից` ներքին օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ իր տարածքում կխրախուսի և կստեղծի նպաստավոր պայմաններ մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների համար և իր օրենսդրությամբ տրվող իրավունքի համաձայն` իրագործելով լիազորություններ, կընդունի այդ ներդրումները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների համար կտրամադրվի արդար և անաչառ ռեժիմ և կհատկացվի լիակատար պաշտպանություն և ապահովություն մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում: Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է որևէ կերպ անհիմն կամ խտրական միջոցներով խանգարի իր տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողի ներդրումների ղեկավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ փոխանցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄ

 

1. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է իր տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների կամ շահույթների համար տրամադրի ավելի պակաս նպաստավոր ռեժիմ, քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողների կամ որևէ երրորդ պետության ներդրողների` ներդրումների կամ շահույթների համար:

2. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը իր տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների համար իրենց ներդրումների ղեկավարման, պահպանման, օգտագործման, տնօրինման կամ փոխանցելու հետ կապված, չպետք է տրամադրի պակաս նպաստավոր ռեժիմ, քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ այլ երրորդ պետության ներդրումներին:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Մի Պայմանավորվող Կողմի ներդրողներին, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում վնաս են կրել պատերազմի կամ այլ զինված կոնֆլիկտի, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, ապստամբության, հասարակական կարգի խախտումների կամ այլ նմանատիպ գործողությունների պատճառով, վերջինս պետք է տրամադրի այնպիսի ռեժիմ` վերականգնման, փոխհատուցման, ապահովագրման կամ այլ տիպի կարգավորման առնչությամբ, որը կլինի ոչ պակաս նպաստավոր քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին: Ստացվող վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:

2. Չհակասելով սույն Հոդվածի 1-ին կետին, մի Պայմանավորվող Կողմի ներդրողները, որոնք այդ կետում նշված որևէ իրադրության ժամանակ վնաս են կրում մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում հետևյալ պատճառներով`

ա) այդ Պայմանավորվող Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի օտարման, կամ

բ) այդ Պայմանավորվող Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի ոչնչացման, որը չի կատարվել մարտական գործողությունների պատճառով կամ իրադրության անհրաժեշտությամբ, այդ ներդրողները կստանան համապատասխան փոխհատուցում: Ստացվող փոխհատուցումը պետք է լինի ազատ փոխանցելի:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՕՏԱՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող ցանկացած Կողմի յուրաքանչյուր ներդրողի ներդրումները չեն կարող օտարվել կամ ենթարկվել այնպիսի միջոցառումների, որոնք համարժեք են օտարման մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում, բացառությամբ դեպքերի, երբ դա բխում է այդ Պայմանավորվող Կողմի հասարակական շահերից և կատարվում է Պայմանավորվող Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով: Գործողությունների իրականացումը այդպիսի դեպքերում պետք է պահպանի արագ անխտրականության սկզբունքը, և օտարումը պետք է ուղեկցվի նախնական, արդյունավետ և համարժեք փոխհատուցմամբ: Նման փոխհատուցումը պետք է հավասար լինի օտարված ներդրման շուկայական արժեքին, ինչպիսին այն եղել է անմիջապես նախքան օտարումը, կամ նախքան հասարակության կողմից օտարման մասին իրազեկ դառնալը և, դրանցից որն էլ ավելի վաղ կատարված լինի, պետք է ներառի ապահոված տոկոսադրույքը, որը սահմանված է նախքան վճարումը գոյություն ունեցող օրենքով և պետք է իրագործվի առանց ուշացման, լինի արդյունավետ իրագործելի և ազատ փոխանցելի: Տուժած ներդրողները պետք է իրավունք ունենան օտարումն իրականացնող Պայմանավորվող Կողմի օրենսդրության համաձայն, այդ Կողմի իրավաբանական կամ այլ անկախ իշխանության միջոցով վերանայելու իրենց կամ մյուս Կողմի գործը և գնահատելու իրենց կամ մյուս Կողմի ներդրումները` սույն պարբերության մեջ արծարծված սկզբունքների համաձայն:

2. Եթե Պայմանավորվող Կողմը, համաձայն 1 Հոդվածի 3-րդ դրույթի, որը կազմում է Կողմերի տարածքում գործող օրենքի բաղկացուցիչ մասը կամ հիմնված է այդ օրենքի վրա, օտարում է ընկերության գույքը և որում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրումներն ունեն շահաբաժիններ կամ այլ սեփականատիրական իրավունքներ, ապա Պայմանավորվող Կողմը պետք է երաշխավորի, որ սույն Հոդվածի 1 պարբերության դրույթները կիրառված են անհրաժեշտ այնպիսի չափով, որպեսզի իրենց ներդրումների առնչությամբ ապահովեն արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցում մյուս Պայմանավորվող Կողմի այնպիսի ներդրողների համար, ովքեր հանդիսանում են այդպիսի փայաբաժինների կամ այլ սեփականատիրական իրավունքների սեփականատերեր:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹԻ ՌԵՊԱՏՐԻԱՑԻԱ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ, ներդրումների առնչությամբ, կերաշխավորի մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների բոլոր իրավունքները և շահերը, որոնք առնչվում են իրենց ներդրումների և հասույթների անսահմանափակ փոխանցմանը, որոնք ուժի մեջ են եղել այն օրը, երբ կատարվել է ընթացիկ ներդրումը, պայմանով, սակայն, որ ներդրողը կատարել է իր բոլոր ֆիսկալ պարտավորությունները և ենթարկվել փոխանցման կանոնակարգի բոլոր կանոններին: Փոխանցումները պետք է իրականացվեն առանց ուշացման, այն փոխարկելի տարադրամով, որով կապիտալը սկզբնապես եղել է ներդրված, կամ ցանկացած այլ փոխադրելի տարադրամով, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ներդրողի և առնչվող Պայմանավորվող Կողմի միջև: Եթե ներդրողը մեկ այլ որոշում չի կայացրել, փոխանցումները պետք է իրականացվեն համաձայն տվյալ օրվա փոխանակման կուրսի` համաձայն գործող փոխանակման կարգի:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Կողմի փոխարկման կանոնակարգերը ենթարկվում են փոփոխման, ապա Պայմանավորվող Կողմը երաշխավորում է, որ այդպիսի փոփոխությունները բացասական կերպով չեն անդրադառնա այն ներդրումների վրա, որոնք արդեն կատարվել են այդ Պայմանավորվող Կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթները, որոնք վերաբերում են այնպիսի պայմանների առաջադրելուն, որոնք պակաս բարենպաստ չեն քան այնպիսիք, որոնք տրվում են Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի կամ ցանկացած այլ երրորդ երկրի ներդրողներին, չպետք է մեկնաբանվեն այնպես, որ պարտավորեցնեն մի Պայմանավորվող Կողմին մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողին տրամադրել ցանկացած այդպիսի պայմաններից բխող առավելություն, նախապատվություն կամ արտոնություն, որոնք բխում են`

ա) որևէ միջազգային համաձայնագրից կամ պայմանագրից, որն ամբողջությամբ կամ հիմնականում վերաբերում է հարկմանը կամ որևէ ներքին օրենսդրության, որն ամբողջությամբ կամ հիմնականում վերաբերում է հարկմանը,

բ) որևէ գոյություն ունեցող կամ ապագա մաքսային միությանը, ազատ առևտրի գոտում վերաբերող համաձայնագրից կամ նմանատիպ միջազգային համաձայնագրից, որի մասնակից է կամ կարող է դառնալ մասնակից Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը,

գ) «ներդրում» (հոդված 1,1-ին կետ) և «վերաներդրում» (հոդված 1, 2-րդ կետ) տերմինների սահմանումները և հոդված 6-ի դրույթները ընդունվել են Իսրայելի պետության կողմից նախքան 1992 թ. հունվարի 1-ը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԴԻՄԵԼԸ

 

1. Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա Կոնվենցիայի անդամ, Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է դիմել ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման Միջազգային Կենտրոն` ներդրման հետ կապված վեճերը լուծելու համար (այսուհետ` «Կենտրոն») հաշտեցման կամ միջնորդության միջոցով` համաձայն Պետությունների և այլ Պետությունների քաղաքացիների միջև ներդրման հետ կապված վեճերը լուծելու վերաբերյալ Կոնվենցիայի, որը բաց է ստորագրման համար 1965 թ. մարտի 18-ից Վաշինգտոնում (այսուհետ` «Կոնվենցիա») կարգավորելու որևէ իրավական վեճ, որը կծագի այդ Պայմանավորվող Կողմի և մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացու կամ ընկերության միջև` առաջինի տարածքում վերջինիս կատարած ներդրումների կապակցությամբ:

2. Այն ընկերությունը, որը միավորված կամ ստեղծված է ըստ Պայմանավորվող Կողմի տարածքում գործող օրենքի և որի բաժնետոմսերի մեծամասնության սեփականատեր են հանդիսանում մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիները կամ ընկերությունները, նախքան նման վեճի առաջացումը, Կոնվենցիայի Հոդված 25(2) (բ)-ի համաձայն, պետք է դիտվեն որպես մյուս Պայմանավորվող Կողմի ընկերություններ` Կոնվենցիայի դրույթները կատարելու համար:

3. Եթե ծագում է նման որևէ վեճ, որը հնարավոր չէ լուծել բարեկամաբար կամ այլ կերպ` վեճի առկայության մասին գրավոր ծանուցում ներկայացնելուց հետո երեք (3) ամսվա ընթացքում, ապա այն ներդրողը, որը վնաս է կրել, կարող է հաշտեցման կամ միջնորդության գործ հարուցել` հայցն ուղղելով Կենտրոնի Գլխավոր քարտուղարին, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի Հոդված 28-ով կամ 36-ով: Վիճաբանության կողմ հանդիսացող Պայմանավորվող Կողմը գործի վարույթի որևէ փուլում չպետք է առաջ քաշի որպես առարկություն այն փաստը, որ վիճաբանության մյուս կողմ հանդիսացող ներդրողը` ի կատարումն ապահովագրական պայմանագրի փոխհատուցում է ստացել իր վնասների (ամբողջությամբ կամ մասնակի) դիմաց:

4. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է դիվանագիտական ուղիներով շարունակի վեճը ուղղված Կենտրոնին, քանի դեռ.

ա) Կենտրոնի Գլխավոր քարտուղարը կամ հաշտարար հանձնաժողովը կամ միջնորդ դատարանը` ստեղծված նրանց կողմից, չորոշի, որ այդ վեճը Կենտրոնի իրավասության սահմաններից դուրս է, կամ

բ) մյուս Պայմանավորվող Կողմին չհաջողվի հաշտվել կամ ենթարկվել միջնորդ դատարանի կողմից կայացված վճռին:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության` Կոնվենցիայի անդամ դառնալը, մի Պայմանավորվող Կողմի և մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողի միջև ծագած որևէ վեճ, որը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով կամ այլ կերպ բողոքի մասին գրավոր ծանուցագիրը ստանալուց հետո վեց (6) ամսվա ընթացքում, ապա այն պահանջի դեպքում պետք է ներկայացվի ad hoc միջնորդ դատարանին: Միջնորդ դատարանը պետք է հաստատվի և գործի համաձայն 9-րդ հոդվածում (3-5-րդ կետեր) սահմանված կարգի:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող Կողմերի միջև ծագող վեճերը, հնարավորության դեպքում, պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով, որը, Պայմանավորվող Կողմերի յուրաքանչյուրի ցանկության դեպքում, կարող է ընդգրկել երկկողմ հանձնաժողովին ուղղված դիմում` շարադրված երկու Պայմանավորվող Կողմերի ներկայացուցիչների կողմից:

2. Եթե Պայմանավորվող Կողմերի միջև ծագած վեճը հնարավոր չէ այս եղանակով լուծել, վեճի մասին ծանուցումից հետո վեց (6) ամսվա ընթացքում, այն, Պայմանավորվող Կողմերից որևիցէ մեկի պահանջով, պետք է ներկայացվի միջնորդ դատարանին:

3. Նման միջնորդ դատարան պետք է ստեղծվի յուրաքանչյուր առանձին դեպքի համար հետևյալ ձևով. միջնորդության հայցը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը պետք է նշանակի դատարանի մեկ անդամ: Այս երկու անդամներն այնուհետև պետք է ընտրեն մի երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող Կողմերի հավանությամբ, կնշանակվի դատարանի նախագահ: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու անդամների նշանակման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:

4. Եթե անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում սույն Հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետներում, ապա Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Փարիզի Առևտրի Միջազգային Պալատի (այսուհետ` «ԱՄՊ» «ICC») Միջնորդ դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահը որևէ Պայմանավորվող Կողմի քաղաքացի է կամ որևէ այլ հանգամանք խանգարում է կատարել նշված ֆունկցիան, ապա անհրաժեշտ նշանակումները կատարելու համար պետք է հրավիրել փոխնախագահին, որը Պայմանավորվող Կողմերից ոչ մեկի քաղաքացի չէ:

5. Միջնորդ դատարանը վճիռը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդ վճիռը պարտադիր է երկու Պայմանավորվող Կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ կրում է դատարանում իր անդամի և միջնորդ դատավարության իր ներկայացուցչության ծախսերը: Նախագահի և մնացած ծախսերը հավասար չափերով կրում են Պայմանավորվող Կողմերը: Դատարանը սահմանում է իր սեփական ընթացակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

 

1. Եթե մի Պայմանավորվող Կողմ կամ նրա նշանակված մարմինը (այսուհետ` «Առաջին Պայմանավորվող Կողմ») փոխհատուցման վճարումներ է կատարում մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կապիտալ ներդրման առնչությամբ (այսուհետ` «Երկրորդ Պայմանավորվող Կողմ»), ապա Երկրորդ Պայմանավորվող Կողմը պետք է ընդունի.

ա) փոխհատուցվող Կողմի բոլոր իրավունքների և հայցերի փոխանցումը առաջին Պայմանավորվող Կողմին` օրենքով կամ իրավական ակտով, և

բ) որ առաջին Պայմանավորվող Կողմն իրավունք ունի գործածել այդ իրավունքները և կիրառել այդ հայցերը սուբրոգացիայի միջոցով, նույն չափով, որքան և փոխհատուցվող Կողմը և ստանձնել կապիտալ ներդրումների հետ կապված պարտավորությունները:

2. Առաջին Պայմանավորվող Կողմը բոլոր հանգամանքներում կոչված է ճանաչելու.

ա) նույն ռեժիմը` փոխանցման միջոցով ձեռք բերված իրավունքների, հայցերի և պարտավորությունների նկատմամբ, և

բ) այդ իրավունքների և հայցերի համաձայն ստացված ցանկացած վճարում, որը սույն Համաձայնագրով նախատեսված կարգով փոխհատուցող Կողմը լիազորված է ստանալու` կապված կապիտալ ներդրումների և շահույթի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Եթե այս կամ այն Պայմանավորվող Կողմի օրենքների դրույթները կամ միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները, որոնք առկա են կամ հետագայում կհաստատվեն Պայմանավորվող Կողմերի միջև որպես լրացում սույն Համաձայնագրին, պարունակում են ընդհանուր կամ հատուկ կանոններ, որոնք մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողի ներդրումներին տրամադրում են ավելի նպաստավոր ռեժիմ, քան այն, որ նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա այսպիսի կանոնները կգերակայեն սույն Համաձայնագրին ավելի նպաստավորության չափով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Սույն Համաձայնագրի դրույթները վերաբերում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից առաջ արված ներդրումներին:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցագրի ստացման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 10 (տասը) տարի ժամկետով: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա ևս 12 ամիս այն օրվանից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը մյուս Պայմանավորվող Կողմին գրավոր կծանուցի Համաձայնագրի դադարեցման իր մտադրության մասին: Այն կապիտալ ներդրումների դեպքում, որոնք կատարված են եղել, սույն Համաձայնագրի ուժի մեջ լինելու ընթացքում, նրա դրույթներն այդ կապիտալ ներդրումների առնչությամբ շարունակում են գործել ևս 10 տարի Համաձայնագրի ավարտից հետո` առանց միջազգային ընդհանուր կանոնների խախտման:

Ի վկայումն վերոշարադրյալի` իրենց կառավարությունների կողմից համապատասխան լիազորություններով օժտված, ներքոստորագրյալները ստորագրել են սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երուսաղեմ քաղաքում 2000 թվականի հունվարի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, եբրայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
19.01.2000
Համաձայնագիր