Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ Հ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող Կողմեր,

հասկանալով իրենց մաքսային օրենսդրության կիրառման ու կենսագործման հարցերում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով ներմուծման և արտահանման դեպքում գանձվող մաքսային տուրքերի, այլ հարկերի, մուծումների կամ վճարների ճիշտ գանձման, ինչպես նաև արգելման, սահմանափակման և հսկողության միջոցառումների պատշաճ ապահովման կարևորությունը,

գիտակցելով, որ մաքսային օրենսդրության իրավախախտումները վնաս են հասցնում իրենց տնտեսական, առևտրային, ֆիսկալ, սոցիալական և մշակութային շահերին,

հաշվի առնելով Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) համապատասխան փաստաթղթերը, մասնավորապես 1953 թ. դեկտեմբերի 5-ի Փոխադարձ վարչական օգնության վերաբերյալ հանձնարարականը,

համոզված լինելով, որ մաքսային իրավախախտումների դեմ ուղղված գործողությունն ավելի արդյունավետ կլինի երկու Պայմանավորվող Կողմերի` պարզ իրավական դրույթների վրա դրված սերտ համագործակցության դեպքում,

հաշվի առնելով առանձնահատուկ ապրանքների արգելման, սահմանափակման և հսկողության հատուկ միջոցառումներ պարունակող միջազգային այն կոնվենցիաները, որոնց անդամներ են հանդիսանում Պայմանավորվող Կողմերը,

հաշվի առնելով նաև 1961 թ. մարտի 30-ի «Թմրադեղերի մասին» միասնական կոնվենցիայի դրույթները և Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ ընդունված 1971 թ. փետրվարի 21-ի «Հոգեներգործող նյութերի մասին» կոնվենցիան, ինչպես նաև 1988 թ. դեկտեմբերի 19-ի «Թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի փոխադրման դեմ» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ I
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

- «մաքսային ծառայություն» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի համար նշանակում է`

- Հայաստանի Հանրապետության կառավարության համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե,

- Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համար` Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայություն,

- «մաքսային օրենսդրություն» տերմինը նշանակում է` երկու Պայմանավորվող Կողմերի պետություններում գործող` բոլոր օրենսդրական և կարգավորիչ դրույթները, որոնք կարգավորում են ապրանքների ներմուծումը, արտահանումն ու տարանցումը և վճարման միջոցները` կապված մաքսային տուրքերի, հարկերի և այլ վճարների հետ, ինչպես նաև ցանկացած մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպումը, ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցառումները,

- «մաքսային իրավախախտումներ» տերմինը նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ,

- «անձ» տերմինը նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

- «անձնական տվյալներ» տերմինը նշանակում է` ինքնությունը հաստատած կամ հաստատվող անձին վերաբերող տվյալներ,

- «տեղեկատվություն» տերմինը նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց վավերացված կամ հաստատված պատճեններ կամ այլ հաղորդակցումներ,

- «հետախուզական տվյալներ» տերմինը նշանակում է` տեղեկատվություն, որը մշակվել և/կամ վերլուծվել է մաքսային իրավախախտումների առկայությունը նշելու համար,

- «հայցող ծառայություն» տերմինը նշանակում է` մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով օժանդակություն է խնդրում,

- «հայցվող ծառայություն» տերմինը նշանակում է` մաքսային ծառայություն, որից մաքսային գործերով օժանդակություն է հայցվում,

- «թմրադեղեր» տերմինը նշանակում է` 1961 թ. «Թմրադեղերի մասին» միասնական կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով հանդերձ, I և II ցանկերում ընդգրկված բնական կամ սինթետիկ որևէ նյութ,

- «հոգեներգործող նյութեր» տերմինը նշանակում է` 1971 թ. «Հոգեներգործող նյութերի մասին» կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով հանդերձ, I, II, III և IV ցանկերում ընդգրկված` բնական կամ սինթետիկ որևէ նյութ,

- «սկզբնանյութեր» տերմինը նշանակում է` 1988 թ. «Թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի փոխադրման դեմ» կոնվենցիայի I և II ցանկերում ընդգրկված` թմրադեղերի և հոգեներգործող նյութերի արտադրության ժամանակ հսկողության տակ օգտագործվող քիմիական նյութեր,

- «վերահսկելի մատակարարում» տերմինը նշանակում է` մեկ կամ մի քանի երկրների տարածքներից արտահանվող, տարածքներով անցնող կամ տարածքներ ներմուծվող, այդ երկրների իրավասու մարմինների իրազեկ լինելու պայմաններում ապօրինի առաքվող կամ ապօրինի առաքման մեջ կասկածվող թմրադեղերի, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի նկատմամբ, ինչպես նաև օրինազանցությունների մեջ կասկածվող անձանց հայտնաբերման նպատակով կիրառվող մեթոդներ:

 

ԳԼՈՒԽ II
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Համաձայնագրով սահմանված պայմաններում Պայմանավորվող Կողմերը իրենց մաքսային ծառայությունների միջոցով միմյանց կցուցաբերեն վարչական օգնություն` մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության և դրանց դեմ պայքարի նպատակով:

2. Սույն Համաձայնագիրը նախատեսված է միմիայն Պայմանավորվող Կողմերի միջև փոխադարձ վարչական օգնություն ցուցաբերելու համար: Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է իրավունք ընձեռեն որևէ մասնավոր անձի վերաբերյալ հավաքելու, թաքցնելու կամ մերժել ցանկացած փաստ կամ` խոչընդոտելու հարցման կատարմանը:

 

ԳԼՈՒԽ III
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն տեղեկատվություն և հետախուզական տվյալ, որը կարող է օգնել` ապահովելու մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումը և մաքսային իրավախախտումների կանխարգելումը, հետաքննումը ու դրանց դեմ պայքարը:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը ցուցաբերվում է հայցվող ծառայության պետության գործող օրենսդրության և հարցվող մաքսային ծառայության իրավասության և հնարավորությունների սահմաններում: Անհրաժեշտության դեպքում մաքսային ծառայությունը կարող է ձեռնարկել միջոցներ, որպեսզի օգնությունը ցուցաբերվի այլ իրավասու մարմնի կողմից` համաձայն հայցվող Պայմանավորվող Կողմի պետության գործող օրենսդրության:

 

ԳԼՈՒԽ IV
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն ամբողջ այն տեղեկատվությունը, որը կարող է օգնել հետևյալ հանգամանքները պարզաբանելուն.

ա) մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսային տուրքերի, այլ հարկերի, մուծումների ու վճարների հավաքագրումը և, մասնավորապես, տեղեկատվությունը, որը կարող է օգնել մաքսային նպատակներով բեռների արժեքների գնահատմանն ու դրանց սակագնային դասակարգման հաստատմանը,

բ) ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրագործում,

գ) Պայմանավորվող Կողմերից մեկի կամ երկուսի կողմից կնքված համաձայնագրերով չկարգավորվող` ազգային կանոնների կիրառում,

դ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և ատոմային նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրին և հասարակության առողջությանը վտանգ ներկայացնող այլ նյութերի ապօրինի փոխադրում,

ե) պատմական, մշակութային կամ հնագիտական նշանակալի արժեք ներկայացնող արվեստի գործերի փոխադրում,

զ) մաքսային տուրքերի և հարկերի բարձր դրույքաչափերով հարկման ենթակա ապրանքների փոխադրում,

է) մաքսային ոլորտին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն:

2. Եթե հայցվող ծառայությունը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա նա փնտրում է այդ տեղեկատվությունը` հայցվող ծառայության պետության գործող օրենսդրության համաձայն:

3. Հայցվող ծառայությունը փնտրում է տեղեկատվությունը այնպես, ինչպես որ այն կիրականացներ իր համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հարցման դեպքում մաքսային ծառայությունները միմյանց տրամադրում են հետևյալ տեղեկատվությունը.

ա) արդյոք հայցող ծառայության պետության մաքսային տարածք ներմուծված ապրանքները օրինակա՞ն են արտահանվել հայցվող ծառայության պետության մաքսային տարածքից,

բ) արդյոք հայցող ծառայության պետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները օրինակա՞ն են ներմուծվել հայցվող ծառայության պետության մաքսային տարածք, ինչպես նաև համապատասխան տեղեկատվություն` հարցման հետ առնչություն ունեցող ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ կիրառված մաքսային ընթացակարգերի վերաբերյալ,

գ) արդյոք յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները պատշա՞ճ կերպով են տարանցվել,

դ) արդյոք Պայմանավորվող Կողմերից մեկի պետության մաքսային տարածքից արտոնությունների կիրառմամբ արտահանված ապրանքները պատշա՞ճ կերպով են ներմուծվել մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածք:

Պայմանավորվող Կողմերը համաձայն են ցանկացած մաքսային վերահսկողական միջոցառման դեպքում տրամադրել տեղեկատվություն վերահսկման ենթակա ապրանքների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հայցվող ծառայությունը կտրամադրի տեղեկատվություն և հետախուզական տվյալներ ու կպահպանի հատուկ հսկողություն`

ա) հայցող ծառայությանը հայտնի մաքսային իրավախախտում կատարելու մեջ հայտնի կամ դրանում կասկածվող անձանց նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր մուտք են գործում հայցվող ծառայության պետության մաքսային տարածք և դուրս են գալիս այնտեղից,

բ) ապրանքների ապօրինի փոխադրման համար օգտագործվող նոր միջոցների և մեթոդների նկատմամբ,

գ) հայցող ծառայության կողմից ծանուցված` տեղափոխվող կամ պահեստավորված ապրանքների նկատմամբ, որոնք կասկածվում են հայցող ծառայության պետության մաքսային տարածքի ուղղությամբ ապօրինի տեղափոխման մեջ,

դ) փոխադրամիջոցների և բեռնարկղերի նկատմամբ, որոնք հայցող ծառայության կողմից կասկածվում են մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքում մաքսային իրավախախտումների իրականացման ժամանակ օգտագործման մեջ,

ե) շինությունների նկատմամբ, որոնք օգտագործվում են կամ հայցող ծառայության կողմից կասկածվում են մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքում մաքսային իրավախախտումներ իրականացնելու մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող Կողմերից մեկի մաքսային ծառայությունը իր սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությանը կտրամադրի հաշվետվություններ, վկայությունների գրանցումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջական տեղեկատվություն և հետախուզական տվյալներ` կատարված կամ նախատեսվող գործարքների վերաբերյալ, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մաքսային իրավախախտում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Միայն այն դեպքերում, երբ հաստատված կամ վավերացված պատճենները բավարար չեն, պետք է պահանջվեն տեղեկատվության և հետախուզական տվյալներ պարունակող փաստաթղթերի բնօրինակ պատճենները, որոնք պետք է վերադարձվեն հնարավորին չափ արագ: Դրա հետ կապված` հայցվող ծառայության կամ երրորդ կողմերի իրավունքները մնում են անփոփոխ:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակվող ցանկացած տեղեկատվություն և հետախուզական տվյալ պետք է ուղեկցվի մեկնաբանմանը կամ օգտագործմանը համապատասխանող ամբողջական տեղեկատվությամբ:

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում մի Պայմանավորվող Կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն և հետախուզական տվյալ չի կարող փոխանցվել երրորդ կողմի` առանց մյուս Պայմանավորվող Կողմի համաձայնության:

 

ԳԼՈՒԽ V
ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Պայմանավորվող Կողմերը, ելնելով իրենց ազգային օրենսդրության պահանջներից, իրենց հնարավորությունների սահմաններում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` միջազգային մակարդակով վերահսկելի մատակարարմանը համապատասխանող օգտագործումը թույլատրելու համար, փոխադարձ ընդունված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա, թմրադեղերի, հոգեներգործող նյութերի կամ դրանց փոխարինող սկզբնանյութերի ապօրինի տեղափոխման մեջ ներգրավված անձանց ինքնությունը որոշելու, ինչպես նաև նրանց դեմ իրավական գործողություններ ձեռնարկելու նպատակով:

2. Վերահսկելի մատակարարման օգտագործման մասին որոշումը կայացվում է «դեպքից դեպք» հիմքով: Անհրաժեշտության դեպքում և պայմանով, որ այն համապատասխանում է Պայմանավորվող Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը, կարող են հաշվի առնվել ֆինանսական պայմանավորվածությունները ու ձեռք բերված համաձայնությունները:

3. Ապօրինի փոխադրումը, որի վերահսկելի մատակարարումը համաձայնեցված է, իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ կարող է կանգնեցվել և կարող է թույլատրվել շարունակելու ընթացքը` ձեռք չտված կամ փոփոխված վիճակում, ամբողջությամբ կամ մասամբ փոխարինված թմրադեղերով, հոգեներգործող նյութերով կամ դրանց փոխարինող սկզբնանյութերով:

 

ԳԼՈՒԽ VI
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Եթե մի Պայմանավորվող Կողմի դատական կամ մաքսային մարմինները ներկայացնում են պահանջ` կապված իրենց մաքսային օրենսդրության դեմ կատարված իրավախախտումների հետ, ապա մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր պաշտոնատար անձանց` հանդես գալու որպես փորձագետներ այդ դատական կամ մաքսային մարմիններում:

2. Այդպիսի պաշտոնատար անձինք տալիս են իրենց պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված փաստերի մասին վկայություն:

3. Ներկայանալու մասին պահանջում պետք է հստակ նշվի, թե որ դեպքի համար և ինչ լիազորություններով պաշտոնատար անձը պետք է ներկայանա:

4. Մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց` որպես փորձագետներ ներկայանալու մասին պահանջը պետք է կատարվի` համաձայն Պայմանավորվող Կողմերի պետություններում գործող օրենսդրությունների և այն միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների, որոնց կողմեր են հանդիսանում Պայմանավորվող Կողմերը:

5. Հայցող ծառայությունը պետք է ձեռք առնի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր տարածքում գտնվելու ընթացքում պաշտոնատար անձանց սեփական անվտանգության ամբողջական պաշտպանության և ցուցմունքների գաղտնիության համար:

 

ԳԼՈՒԽ VII
ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը կցուցաբերվի անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնության մասին հարցումները ներկայացվում են գրավոր և ուղեկցվում են անհրաժեշտ համարվող փաստաթղթերով: Ելնելով անհրաժեշտությունից` հարցումները կարող են կատարվել բանավոր: Այդպիսի հարցումներն անմիջապես պետք է հաստատվեն գրավոր ձևով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված հարցումները պետք է ներառեն հետևյալ մանրամասները.

ա) հայցող մաքսային ծառայությունը,

բ) հարցման առարկան ու պատճառը,

գ) գործի համառոտ նկարագիրը, իրավական տարրերն ու վարույթի էությունը,

դ) եթե հայտնի է, ապա` գործին առնչություն ունեցող կողմերի անվանումներն ու հասցեները:

4. Սույն Համաձայնագրով նախատեսվող տեղեկատվությունը և հետախուզական տվյալները կփոխանցվեն այն պաշտոնատար անձանց, ովքեր այդ նպատակով հատուկ նշանակվել են յուրաքանչյուր մաքսային ծառայության կողմից: Նշանակված պաշտոնատար անձանց ցանկը կտրամադրվի մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությանը:

5. Հաղորդագրությունը Պայմանավորվող Կողմերի միջև կիրականացվի անգլերեն:

 

ԳԼՈՒԽ VIII
ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Եթե հայցվող ծառայությունը չունի պահանջվող տեղեկատվություն, ապա նա պետք է գործի իր օրենսդրության դրույթներին համապատասխան.

ա) կամ սկսի քննություն, որպեսզի ստանա նշված տեղեկատվությունը, կամ

բ) հարցումն անմիջականորեն փոխանցի համապատասխան իրավասու մարմնին, կամ

գ) հայտնի գործի հետ առնչություն ունեցող համապատասխան մարմինների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարվող ցանկացած քննություն կարող է ներառել գործի հետ առնչություն ունեցող անձի կամ փորձագետի գրավոր հայտարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Գրավոր հարցման հիման վրա հայցող մաքսային ծառայության կողմից նշանակված հատուկ պաշտոնատար անձինք, հայցվող ծառայության թույլտվությամբ և գործող օրենսդրությանը համապատասխան, մաքսային իրավախախտումների հետաքննության նպատակով կարող են.

ա) հայցվող ծառայության գրասենյակներում տեղեկանալ փաստաթղթերի, գրանցամատյանների ու գործին վերաբերող այլ համապատասխան տվյալների մասին` մաքսային իրավախախտումների հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստանալու համար,

բ) ստանալ փաստաթղթերի, գրանցամատյանների և մաքսային իրավախախտումների հետ կապված այլ համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները,

գ) ներկա գտնվել հայցող ծառայության կողմից մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքում կատարվող և հայցող ծառայությանը վերաբերող քննության ժամանակ:

2. Երբ հայցող ծառայությունների պաշտոնատար անձինք գտնվում են մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված դեպքերում, նրանք ցանկացած ժամանակ պետք է կարողանան ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնական լիազորությունների կապակցությամբ:

3. Գտնվելու ընթացքում նրանց կտրամադրվի նույն պաշտպանվածությունը, ինչ որ մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայողներին` այնտեղ գործող օրենքներին համապատասխան, և նրանք պատասխանատու կլինեն ցանկացած իրավախախտման համար, որը նրանք կկատարեն:

 

ԳԼՈՒԽ IX
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Այն դեպքերում, երբ սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող օգնությունը կարող է խախտել Պայմանավորվող Կողմի անկախությունը, անվտանգությունը, հասարակական կարգը կամ այլ կարևոր ազգային շահ կամ կարող է կապված լինել արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիքի բացահայտման հետ կամ կարող է չհամապատասխանել ազգային իրավական և վարչական դրույթներին, օգնությունը կարող է մերժվել:

2. Հայցվող ծառայության կողմից օգնությունը կարող է հետաձգվել, եթե այն խոչընդոտում է հետաքննության, հետապնդման կամ դատավարության իրականացմանը: Այդ դեպքում հայցվող ծառայությունը կխորհրդակցի հայցող ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարո՞ղ է ցուցաբերվել այնպիսի պայմաններով և հանգամանքներով, ինչպես կարող է պահանջել հայցվող ծառայությունը:

3. Եթե օգնությունը մերժվում կամ հետաձգվում է, ապա պետք է ներկայացվեն մերժման կամ հետաձգման պատճառները:

 

ԳԼՈՒԽ X
ԾԱԽՍԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Մաքսային ծառայությունը կհրաժարվի սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերի հատուցման բոլոր պահանջներից, բացառությամբ փորձագետների հետ կապված կատարված ծախսերից և վճարումներից, ինչպես նաև պետական պաշտոնատար անձ չհանդիսացող թարգմանիչներին և սղագրիչներին վճարվող գումարներից, որոնք վճարվում են հայցող ծառայության կողմից:

2. Եթե հարցման իրականացումը պահանջում է կամ կպահանջի մեծ չափերի և ոչ սովորական բնույթի ծախսեր, ապա Պայմանավորվող Կողմերը կխորհրդակցեն` որոշելու այն դրույթները և պայմանները, որոնց առկայության դեպքում հարցումը կիրականացվի, ինչպես նաև` ծախսերի կատարման ձևերը:

 

ԳԼՈՒԽ XI
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան` վարչական օգնության շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տվյալ կարող է օգտագործվել բացառապես սույն Համաձայնագրում նշված նպատակների համար և մաքսային ծառայությունների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տեղեկատվություն տրամադրող մաքսային ծառայությունները հատուկ հաստատել են, որ դրանք ենթակա են օգտագործման այլ նպատակների համար կամ այլ մարմինների կողմից:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տվյալ համարվում է գաղտնի և ենթակա է պաշտպանության նույն ձևով, ինչպես այդպիսի տեղեկատվությունը կամ հետախուզական տվյալը կպաշտպանվեր այն ստացող Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ XII
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունները կձեռնարկեն միջոցառումներ, որպեսզի մաքսային իրավախախտումների հետաքննության կամ դրանց դեմ պայքարի համար պատասխանատու իրենց պաշտոնատար անձինք միմյանց հետ պահպանեն անհատական և անմիջական կապեր:

2. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունները որոշում են չիրականացնել վարչական արարողակարգեր սույն Համաձայնագրի իրագործումը հեշտացնելու համար:

3. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունները կփորձեն փոխհամաձայնության գալով լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կատարման ժամանակ ծագող ցանկացած խնդիր կամ տարաձայնություն:

4. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունների միջև ծագող հակասությունները, որոնց վերացման համար ուղիներ չեն գտնվել, կկարգավորվեն դիվանագիտական ուղիներով:

 

ԳԼՈՒԽ XIII
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկրորդ ամսվա առաջին օրվանից, երբ Պայմանավորվող Կողմերը դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցեն միմյանց սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ սահմանադրական կամ ներքին պահանջների կատարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող Կողմերից մեկի կողմից դրա դադարեցվելը: Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` այն ուժի մեջ մտնելու պահից երեք տարի անց, օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով փոխանցելով դադարեցման մասին ծանուցումը:

2. Դադարեցման պահին կատարման ընթացքում գտնվող գործերը, այնուամենայնիվ, կավարտվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Պայմանավորվող Կողմերը պահանջի դեպքում կամ ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երրորդ տարվա վերջում կբանակցեն սույն Համաձայնագրի վերանայման նպատակով, եթե միմյանց չեն ծանուցում այդպիսի վերանայման անհրաժեշտության բացակայության մասին:

 

Ի վկայումն վերոնշյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թ. դեկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ժամանակ անհամապատասխանություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
27.12.2001
Համաձայնագիր