Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

գիտակցելով, որ իրենց երկրների միջև առևտրի զարգացման համար կարևոր դեր են խաղում բեռների միջազգային փոխադրումները,

գիտակցելով, որ բնապահպանության, միջին և երկար հեռավորության փոխադրումներ կատարելու տնտեսական արդյունավետության, էներգիայի ծախսի կրճատումների, փոխադրումների անվտանգության և ճանապարհային տրանսպորտի ենթակառուցվածքի սահմանափակ հնարավորությունների պատճառով անհրաժեշտ է հիմնել ժամանակակից առաքող համակարգ, որպեսզի ստեղծվի ավտոճանապարհային տրանսպորտի այլընտրանք, որն ընդունելի է թե՛ տնտեսական և թե՛ բնապահպանության տեսանկյունից,

համոզված լինելով, որ բեռների համակցված փոխադրումները առաջարկում են բեռների միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի լուծման մեծ հնարավորություն,

համաձայնեցին միջազգային համակցված փոխադրումների հետևյալ պայմանների մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն համակցված փոխադրումների նկատմամբ, որի ընթացքում.

1. Տրանսպորտային միջոցը շահագործվում է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային և ծովային երթուղիներով, և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխադրումները կատարվում են Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներով:

2. Տրանսպորտային միջոցն իրականացնում է փոխադրումներ Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի տարածքից դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարանցիկ փոխադրումներ կատարում Պայմանավորվող կողմերից մեկի երկրի տարածքով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1) «բեռների ինտերմոդալ փոխադրում» տերմինը նշանակում է բեռների փոխադրում միևնույն բեռնատար միավորով` վագոնով կամ փոխադրամիջոցով, որը հաջորդաբար իրականացվում է տարբեր տրանսպորտային միջոցներով` վերջիններիս փոփոխման դեպքում առանց բեռների վերադասավորման,

2) «բեռների միջազգային համակցված փոխադրում» տերմինը նշանակում է բեռների ինտերմոդալ փոխադրում, որը կատարվում է հիմնականում երկաթուղով կամ ներքին ջրային ուղով, իսկ փոխադրման սկզբնական և վերջնական հնարավորին չափ կարճ հատվածը` ավտոճանապարհով,

3) «ավտոտրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է մեխանիկական շարժիչով ավտոմոբիլային տրանսպորտի ցանկացած տարատեսակ, որը ստեղծված է ու շահագործվում է բեռների փոխադրման համար և գրանցված է երկու երկրներից մեկի տարածքում: Ավտոտրանսպորտային միջոց է համարվում նաև բեռնատարից, քարշակից և կցասայլից կամ կիսակցասայլից կազմված ամբողջությունը, ընդ որում բեռնատարը և քարշակը պետք է գրանցված լինեն Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում,

4) «տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է տրանսպորտային սարքավորում, որը կարող է լինել ավտոտրանսպորտային փոխադրամիջոց, առանց քարշակի կցասայլ կամ կիսակցասայլ, ինչպես նաև ինտերմոդալ տրանսպորտային միջոցներ,

5) «ինտերմոդալ տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է յուրաքանչյուր բեռնարկղ, վագոն, փոխարինվող թափք, որոնք կարող են օգտագործվել ինտերմոդալ փոխադրումների համար,

6) «փոխադրում դեպի ինտերմոդալ բեռնահամալիր/կամ ինտերմոդալ բեռնահամալիրից» տերմինը նշանակում է տրանսպորտային միավորի փոխադրում սահմանային անցման կետից կամ բեռնման և բեռնաթափման կետից մինչև ինտերմոդալ բեռնահամալիր կամ ինտերմոդալ բեռնահամալիրից մինչև բեռնման և բեռնաթափման կետ կամ սահմանային անցման կետ,

7) «ինտերմոդալ բեռնահամալիր» տերմինը նշանակում է երկաթգծի կայարանի կամ ներքին ջրային կամ ծովային նավահանգիստների այն վայրը, որտեղ տեղի է ունենում մոդալ փոփոխությունը,

8) «ուղեկցվող փոխադրում» տերմինը նշանակում է ամբողջական ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը տրանսպորտային այլ միջոցներով (ոչ ավտոճանապարհային), որն ուղեկցվում է ավտոտրանսպորտային միջոցի վարորդի ներկայությամբ,

9) «չուղեկցվող փոխադրում» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը տրանսպորտային այլ միջոցներով (ոչ ավտոճանապարհային), որը չի ուղեկցվում վարորդի ներկայությամբ,

10) «քվոտա» տերմինը նշանակում է ճանապարհային թույլտվությունների քանակ, առանց ճանապարհային հարկերի և սակագների վճարման, որը տրվում է համակցված փոխադրումների համար,

11) «Պայմանավորվող կողմերի պետության տարածք» նշանակում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքը և Ռումինիայի տարածքը,

12) «Համատեղ հանձնաժողով» տերմինը նշանակում է Համատեղ հանձնաժողով, որը ստեղծվում է սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմի պետության տարածքով տրանսպորտային միավորի փոխադրումը դեպի ինտերմոդալ բեռնահամալիր կամ ինտերմոդալ բեռնահամալիրից իրականացվում է միայն ավտոտրանսպորտային միջոցներով, որոնք գրանցված են այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում:

2. Ինտերմոդալ բեռնահամալիրները, որոնք կիրառվում են այսպիսի փոխադրումների համար, ընտրվում են Համատեղ հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՈՒՂԵԿՑՎՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերից որևիցե մեկի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային փոխադրամիջոցների երթևեկությունը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` սահմանային անցման/բեռնման և բեռնաթափման կետից և բեռնահամալիրների միջև, իրականացվում է առանց թույլտվության` որոշակի հեռավորության համար, որը որոշվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հեռավորությունը գերազանցում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանված հեռավորությունը, ապա փոխադրումը կիրականացվի հատուկ թույլտվության հիման վրա: Հատուկ թույլտվությունները կտրվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դրանց մեջ պետք է նշված լինեն համակցված փոխադրումների տեսակները` ճանապարհային սակագների վճարումներով կամ առանց այդ վճարումների, և որը պետք է վավերական լինի միայն այդպիսի փոխադրումների համար:

3. ՈՒղեկցվող փոխադրումների համար սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվությունների քվոտաները /տեսակը և քանակը/ կհամաձայնեցվեն Համատեղ հանձնաժողովի կողմից` փոխադարձության հիման վրա:

4. Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցված թույլտվությունների քվոտաները կորոշվեն եռամսյակը մեկ: Յուրաքանչյուր փոփոխություն կընդունվի համաձայն Պայմանավորվող կողմերի փոխադրումների պահանջարկի:

5. Երկաթուղով իրականացվող ուղեկցվող փոխադրումների դեպքում /RO-LA/ այդպիսի փոխադրումներ իրականացնող գնացքները կդիտվեն որպես միջազգային կարգի ուղևորատար գնացքներ: Նշված գնացքների կանգառները Պայմանավորվող կողմերի սահմանային անցման կետերում 30 րոպեից ավել չեն տևի:

6. Գնացքների վրա բարձվող ավտոտրանսպորտային միջոցները կկնքեն բեռների բարձման կայարանների իրավասու մարմինները: Այն վարորդները, որոնք ուղեկցվող փոխադրումների ընթացքում ուղեկցում են ավտոտրանսպորտային միջոցները, կգտնվեն գնացքի ուղևորատար վագոններից մեկում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՈՒՄ

 

1. Բեռների համակցված միջազգային փոխադրումներ կատարելիս ավտոտրանսպորտային փոխադրամիջոցը, որը բեռնվում է գնացքի կամ նավի վրա, բացի գործող միջազգային կանոններով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերից, պետք է ունենա համակցված փոխադրումների համար թույլտվությունը, բացառությամբ 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի:

Թույլտվությունը պետք է տրվի իրավասու մարմինների պահանջով:

Այդ փաստաթղթի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը կհամարվի առանց թույլտվության, և դրա նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ:

Թույլտվությունները, որոնցում առկա է որևէ փոփոխություն կամ չթույլատրված ուղղում, կհամարվեն անվավեր: Այդպիսի թույլտվությունները կբռնագրավվեն:

2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելը կթույլատրվի համապատասխան Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:

Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելիս համակցված փոխադրումները պետք է հաստատված լինեն համակցված փոխադրման համար անհրաժեշտ կոմերցիոն փաստաթղթով, այսինքն CIM-UIRR տրանսպորտային բեռնագրով կամ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված այլ տրանսպորտային փաստաթղթերով. փոխադրման յուրաքանչյուր տեսակի համար մեկ ձև:

3. Քվոտաները տրվում և վերահսկվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ

 

1. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի իրենց երկաթուղային ադմինիստրացիաները, համակցված փոխադրումներ և ծովային առաքումներ կատարող ընկերությունները համաձայնության գան բեռների համակցված փոխադրումներին աջակցող հրատապ միջոցների հարցում` նկատի ունենալով համակցված փոխադրման ընծայած առավելությունները:

2. Պայմանավորվող կողմերը կաջակցեն իրենց երկաթուղային ընկերություններին և հանրային նավահանգիստներին, որոնք բացված են համակցված փոխադրումների համար, իրենց համակցված տրանսպորտի ենթակառուցվածքի (ինտերմոդալ բեռնահամալիրների, նավահանգիստների, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքների) զարգացմանը օժանդակելու նպատակով:

3. Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի իրենց երկրի տարածքում բեռների երկկողմանի համակցված փոխադրումները դեպի ինտերմոդալ բեռնահամալիրներ և ինտերմոդալ բեռնահամալիրներից չարգելվեն շաբաթ, կիրակի և տոնական օրերին:

4. Համակցված փոխադրումների հոսքը ապահովելու համար Պայմանավորվող կողմերը, հնարավորության դեպքում, այդպիսի փոխադրումներին վերաբերող մաքսային ստուգումները սահմանային կետերից կտեղափոխեն միջազգային բեռնահամալիրներ (երկաթուղային կայարաններ և նավահանգիստներ):

5. Պայմանավորվող կողմերը միջոցներ կձեռնարկեն բեռների միջազգային համակցված փոխադրումների ընդհանուր երթուղիների զարգացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագիրը իրականացնող իրավասու մարմիններն են.

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը,

Ռումինիայի համար` Ռումինիայի տրանսպորտի նախարարությունը:

Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն համապատասխան իրավասու մարմինների վերանվանման կամ դրանց իրավասություններն այլ մարմինների անցնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՀԱՐԿԵՐ, ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցները, ինչպես նաև տրանսպորտային միավորները, որոնք կիրառվում են համակցված փոխադրումների համար, ժամանակավորապես ընդունվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` ազատվելով ներմուծման մաքսային պարտավորություններից` պայմանով, որ դրանք վերաարտահանվելու են:

Նույն պայմանները կիրառվում են պահեստամասերի, ինչպես նաև ավտոմոբիլային փոխադրամիջոցների լրացուցիչ պարագաների և նորմալ սարքավորումների համար, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային գործառնությունների համար, և որոնք ներմուծվել ու վերաարտահանվել են նշված փոխադրամիջոցներով:

2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցները, որոնք կատարում են փոխադրումներ` համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, փոխադարձաբար ազատվում են փոխադրամիջոցի երթևեկության հարկի և գույքահարկի բոլոր գանձումներից, ինչպես նաև բոլոր այն հարկերից և սակագներից, որոնք գանձվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում տրանսպորտային գործառնությունների համար` գործող օրենքների և կանոնների համաձայն:

3. Սույն Համաձայնագրի կիրառումից բխող բոլոր վճարումները կատարվում են փոխարկելի տարադրամով: Պայմանավորվող կողմերի միջև Վճարման համաձայնագրի կնքման դեպքում կկիրառվեն վերջինիս դրույթները:

4. Տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումներից, ինչպես նաև դրանց հետ կապված շարժական գույքի շահագործումից ստացված եկամուտները հարկվում են այն պետությունում, որտեղ տեղակայված է տրանսպորտային ընկերության արդյունավետ ղեկավարման կենտրոնը: Պայմանավորվող կողմերի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայի կնքման դեպքում կգործեն դրա դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկաթուղային ադմինիստրացիաներին, որպեսզի դրանք համակցված փոխադրումների մեջ ներգրավված ավտոմոբիլային փոխադրումների ձեռնարկությունների և ծովային ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ մշակեն մրցութային առաջարկներ համակցված փոխադրումների համար` հատկապես շեշտը դնելով փոխադրման որակի վրա` գործառնությունների կատարման և առաքումների ժամկետների մեջ տեղավորվելու և դրանք նվազեցնելու նպատակով, որը կհանգեցնի տնտեսապես հարմար սակագների և բեռների համակցված ուղեկցվող փոխադրումների զարգացմանը:

2. Պայմանավորվող կողմերը կաշխատեն գտնել և կիրառել արդյունավետ միջոցներ, որպեսզի բեռների միջազգային փոխադրումների մեծ մասը կատարվի համակցված ձևով:

3. Պայմանավորվող կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն բեռների միջազգային համակցված փոխադրման ծառայությունների որակի և ստանդարտների բարելավմանն ուղղված միջոցառումների և կանոնների մասին:

4. Պայմանավորվող կողմերը կառաջարկեն իրենց երկաթուղային ադմինիստրացիաներին և ծովային ընկերություններին` երկկողմանի համաձայնագրեր կնքել իրենց սեփական բեռնարկղերի համատեղ օգտագործման մասին:

5. Պայմանավորվող կողմերը կառաջարկեն իրենց երկաթուղային ադմինիստրացիաներին և ծովային ընկերություններին համագործակցել ուղեկցվող համակցված փոխադրումների նոր երթուղիների ստեղծման գործում (RO-LA և RO-RO):

 

ՀՈԴՎԱԾ 10. ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ, ՍԱՆԿՑԻԱՆԵՐ

 

1. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցի փոխադրողը կամ փոխադրամիջոցի անձնակազմի անդամները խախտում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությունը, սույն Համաձայնագրի դրույթները կամ փոխադրման թույլտվությունում նշված պայմանները, ապա այն երկրի իրավասու մարմինները, որտեղ գրանցված է ավտոմոբիլային փոխադրամիջոցը, կարող են մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների պահանջով ձեռնարկել հետևյալ միջոցները.

ա) նախազգուշացնել խախտում կատարած փոխադրողին,

բ) դադարեցնել թույլտվությունների տրամադրումը կամ հետ վերցնել արդեն իսկ տրված թույլտվությունները փոխադրողից այն ժամանակահատվածի համար, երբ մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայտնաբերել են այդ խախտումները իր տարածքում:

2. Նման միջոցներ ձեռնարկած իրավասու մարմինները պետք է տեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին իրենց ընդունած որոշումների և ձեռնարկած միջոցների մասին:

3. Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է բացառեն համապատասխան երկրի ազգային օրենսդրությամբ նախատեսված օրինական սանկցիաները, որոնք կարող են կիրառվել այդ երկրի դատարանների կամ վարչական մարմինների կողմից, որտեղ կատարվել է խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են պաշտպանել տեղեկությունները և տվյալները երրորդ երկրներից, բացառությամբ պաշտոնական տվյալների, վիճակագրության և տեղեկության:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տվյալները և տեղեկությունները տրամադրվում են միայն Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին, դատարաններին, դատախազներին, եթե դա նախատեսված է քրեական դատավարությամբ:

Այլ տվյալները կարող են փոխանցվել միայն տվյալներ տրամադրողի թույլտվությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

Անկանխատեսելի հանգամանքներով (ֆորս մաժորով) կամ տեխնիկական անսարքություններով պայմանավորված` համակցված փոխադրումների երթևեկության ավելի քան 12 ժամվա դադարեցման դեպքում Պայմանավորվող կողմերը իրավասու են հրատապ միջոցներ ձեռնարկել:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերի ուսումնասիրման և լուծման նպատակով կստեղծվի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ հանձնաժողով:

2. Համատեղ հանձնաժողովը կհավաքվի հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքում` իրավասու մարմիններից մեկի խնդրանքով:

3. Համատեղ հանձնաժողովում Պայմանավորվող կողմերը կհանդիպեն տեղեկության փոխանակման և սույն Համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ միջոցների իրականացման նպատակով:

4. Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել միջազգային համակցված փոխադրումների հետագա զարգացման հետ կապված սույն Համաձայնագրում փոփոխություններ կատարելու շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` միջազգային համաձայնագրերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ազգային օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարումն հավաստող երկրորդ ծանուցագրի ստացման օրվանից 30 օր անց:

Սույն Համաձայնագրի փոփոխությունները ուժի մեջ են մտնում նույն ընթացակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Համաձայնագրի գործողության ժամկետը կավարտվի 6 ամիս անց այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը կծանուցի սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի հուլիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանությունների հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

pin
Ռումինիա
03.07.1999
Համաձայնագիր