Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հանդիսանալով Քաղաքացիական ավիացիայի մասին միջազգային Կոնվենցիայի մասնակիցներ, որը ստորագրման համար բացվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից,

ցանկանալով կնքել Համաձայնագիր, ի լրացումն վերոհիշյալ Կոնվենցիայի, իրենց պետությունների համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե միայն համատեքստից այլ բան չի հետևում`

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բացվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից և ներառում է ցանկացած Հավելված, Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համաձայն, և Հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած ուղղում, Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, եթե այդ Հավելվածներն ու ուղղումները ընդունվել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,

բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, և Ղազախստանի Հանրապետության կառավարության նկատմամբ` Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի, հաղորդակցությունների և զբոսաշրջության նախարարությունը, կամ ցանկացած այլ անձ կամ կազմակերպություն, որոնք լիազորված են կատարելու նշված իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները,

գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան,

դ) «սակագին» տերմինը նշանակում է այն գները, որոնք գանձվում են ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրման համար, և այն պայմանները, որոնց դեպքում կիրառվում են այդ գները, ներառյալ միջնորդավճարը և այլ լրացուցիչ վճարումները գործակալական ծառայությունների կամ տրանսպորտային փաստաթղթերի վաճառքի համար, բացառությամբ փոստի փոխադրման համար վճարների և պայմանների,

ե) «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը, դրա Հավելվածը և Համաձայնագրի կամ Հավելվածի ցանկացած ուղղում,

զ) «տարածք» տերմինը պետության նկատմամբ նշանակում է երկրի մակերևույթը, տարածքային ու ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածքը, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո,

է) «միջազգային օդային հաղորդակցություն» տերմինը նշանակում է օդային հաղորդակցություն, որն իրականացվում է մեկից ավելի պետությունների տարածքների վրայի օդային տարածքով,

ը) «ոչ առևտրային նպատակով վայրէջք» տերմինը նշանակում է վայրէջք ցանկացած այլ նպատակով, բացառությամբ ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի բեռնաթափման կամ բեռնման,

թ) «փոխադրումների տարողություն» տերմինը նշանակում է`

I) օդանավի նկատմամբ` երթուղում կամ դրա մի մասում թռիչքներ կատարող այդ օդանավի բեռնաբարձությունը.

II) սահմանված օդային հաղորդակցության նկատմամբ` այդ օդային հաղորդակցությունում օգտագործվող օդանավի փոխադրումների ծավալը` բազմապատկած երթուղում կամ դրա մի մասում տվյալ ժամանակահատվածում այդ օդանավի կատարած թռիչքների հաճախականությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին նրա կանոնավոր միջազգային չվագծերի նկատմամբ տրամադրում է հետևյալ իրավունքները`

ա) իրենց պետությունների տարածքով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք,

բ) իրենց պետությունների տարածքում սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված վայրերում ոչ առևտրային նպատակով վայրէջք կատարելու իրավունք,

գ) վերոհիշյալ տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված կետերում ուղևորներ նստեցնելու և իջեցնելու, ուղեբեռ, բեռներ և փոստ բեռնելու և բեռնաթափելու իրավունք, որոնք տեղափոխվում են մյուս Կողմի պետության տարածք(ից):

Հավելվածում նշված երթուղիները այսուհետ կանվանվեն սահմանված երթուղիներ, իսկ այդ երթուղիներով միջազգային չվագծերը կանվանվեն պայմանավորված չվագծեր:

2. Սույն հոդվածում ոչինչ չի դիտվի որպես մի Կողմի ավիաընկերությանը մյուս Կողմի պետության տարածքում վարձակալության կամ վարձատրության պայմանով ուղևորներ, բեռ և փոստ վերցնելու իրավունքի տրամադրում այդ Կողմի պետության տարածքում այլ վայր փոխադրելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի նշանակել ավիաընկերություններ սահմանված երթուղիներով պայմանավորված չվագծի շահագործման համար` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

2. Նման ծանուցում ստանալուց հետո մյուս Կողմի ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության անհապաղ տրամադրում են համապատասխան թռիչքների թույլտվություն:

3. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի մերժել նման ավիաընկերության նշանակումը և նշանակել ուրիշին` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է մյուս Կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել այն բանի ապացույցներ, որ նա ի վիճակի է կատարելու այդ Կողմի կողմից միջազգային չվագծերը շահագործելիս սովորաբար և հիմնավորված կիրառվող օրենքներով և կանոններով սահմանված պայմանները` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված թռիչքների թույլտվություն տալը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործվելիս` ամեն դեպքում, երբ հիշյալ Կողմը չունի այն բանի ապացույցներ, որ այդ ավիաընկերության առավելապես տիրապետման կամ դրա նկատմամբ իրական հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Կողմին կամ նրա պետության քաղաքացիներին:

6. Նշանակված և այդպիսով թույլտվություն ստացած ավիաընկերությունը ցանկացած ժամանակ կարող է սկսել պայմանավորված չվագծերի շահագործումը` պայմանով, որ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները գործողության մեջ են դրված:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել շահագործման թույլտվությունը կամ ժամանակավորապես դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքներից օգտվելը, որոնք տրամադրված են մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս` հետևյալ դեպքերում.

ա) եթե նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության առավելապես տիրապետումը կամ իրական հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Կողմին կամ նրա քաղաքացիներին,

բ) եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում այն Կողմի պետության օրենքներն ու կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները,

գ) եթե ավիաընկերությունը որևէ այլ կերպ չի պահպանում սույն Համաձայնագրով նախատեսված պայմանները:

2. Եթե անհապաղ չեղյալ հայտարարելը, ժամանակավոր դադարեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա այդ իրավունքը կօգտագործվի միայն մյուս Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Այդպիսի խորհրդակցությունները պետք է սկսվեն խորհրդակցություններ անցկացնելու հարցում ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Կողմերի միջև ձեռք չբերվի այլ համաձայնություն:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Մի Կողմի պետության օրենքները, կանոնները և ընթացակարգերը, որոնք կարգավորում են նրա տարածք(ից) միջազգային օդային հաղորդակցությունները շահագործող օդանավի ժամանումը և մեկնումը, կկիրառվեն մյուս Կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ:

2. Մի կողմի` նրա տարածք(ից) ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռների կամ փոստի ժամանումը, ժամանակավոր գտնվելը և դուրս ելնելը կարգավորող օրենքները, կանոնները և ընթացակարգը, օրինակ` երկրի մուտք գործելուն, այնտեղից հեռանալուն, ներգաղթին և արտագաղթին վերաբերող ձևականությունները, ինչպես նաև մաքսային կանոնները և սանիտարական միջոցները կկիրառվեն մյուս Կողմի նշանակած ավիաընկերության օդանավի կողմից փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռների կամ փոստի նկատմամբ` նշված տարածքում դրանց գտնվելու ընթացքում:

3. Կողմերից ոչ մեկը չի կարող տրամադրել իր նշանակած ավիաընկերությանը առավելության իրավունք մյուս Կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ` սույն հոդվածով նախատեսված օրենքները և կանոնները կիրառելիս:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Պայմանավորված չվագծերում կատարվող փոխադրումների ծավալը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`

1. Կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով պայմանավորված չվագծերը շահագործելու բարենպաստ և հավասար պայմաններ,

2. յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները, իր իրավասության սահմաններում, խտրականության ցանկացած ձև կամ անարդար մրցակցություն բացառելու համար, որոնք անբարենպաստ ազդեցություն են գործում մյուս Կողմի ավիաընկերության վրա,

3. փոխադրումների ծավալները և թռիչքների հաճախականությունը կարգավորվում են Կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

1. Թռիչքի պիտանելիության վկայագրերը, որակավորման վկայագրերը և վկայականները, որոնք տրվել կամ վավերական են ճանաչվել Կողմերից մեկի կողմից, և որոնց գործողության ժամկետը չի լրացել, վավերական են ճանաչվում մյուս Կողմի կողմից պայմանավորված չվագծերը շահագործելիս:

2. Սակայն յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժել իր պետության տարածքի վրայով կատարվող թռիչքների նկատմամբ որակավորման այն վկայագրերի և վկայականների ճանաչումը, որոնք տրված են իր քաղաքացիներին կամ վավերական են ճանաչվել մյուս պետության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմի նշանակած ավիաընկերությունների միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավը, ինչպես նաև դրա հաշվեցուցակային սարքավորումները, վառելիքի պաշարները, քսանյութերը և օդանավի պաշարները (ինչպիսիք են պատրաստի իրերը, ներառյալ հուշանվերները, սննդամթերքը, խմիչքը և ծխախոտը), որոնք գտնվում են այդ օդանավում, մյուս Կողմի պետության տարածք ժամանելուց հետո կազատվեն բոլոր մաքսային տուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից ու հարկերից, եթե նման սարքավորումները և պաշարները մնում են օդանավում մինչև դրանց հետ տանելը:

2. Մաքսային վճարներով ու հարկերով, բացառությամբ տրամադրված ծառայությունների համար հարկումի, կազատվեն նաև`

ա) մի Կողմի պետության տարածքում այդ Կողմի ավիացիոն իշխանությունների կողմից սահմանված ծավալով սահմանված երթուղով թռիչքներ կատարող մյուս Կողմի օդանավում օգտագործելու համար օդանավ վերցված պաշարները,

բ) այն օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար Կողմերից մեկի պետության տարածք ներմուծված պահեստամասերը, որոնք սահմանված երթուղում շահագործվում է մյուս Կողմի նշանակած ավիաընկերության կողմից,

գ) վառելիքը և քսանյութերը, որոնք մի Կողմի պետության տարածք են բերվել մյուս Կողմի նշանակած ավիաընկերության միջազգային թռիչքներ կատարող օդանավի համար, եթե նույնիսկ այդ պաշարները կօգտագործվեն այն Կողմի պետության տարածքի սահմաններով անցնող երթուղու հատվածում, որտեղ դրանք վերցվել են օդանավ,

դ) Կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կողմից օգտագործվող անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ փոխադրման փաստաթղթերը, ավիակարգադրագրերը և գովազդային նյութերը, ինչպես նաև ավտոմեքենաները, նյութերն ու սարքավորումները, որոնք կարող են նշանակված ավիաընկերությունների կողմից օգտագործվել օդանավակայանի տարածքում առևտրային և շահագործման նպատակներով` պայմանով, որ այդ նյութերն ու սարքավորումները ապահովում են ուղևորների և բեռի փոխադրումը:

Սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված նյութերը կարող են ըստ պահանջի դրվել մաքսային իշխանությունների հսկողության կամ ստուգման ներքո:

3. Օդանավի հաշվեցուցակային գույքը, ինչպես նաև այն նյութերն ու պաշարները, որոնք գտնվում են մի Կողմի օդանավում, կարող են մյուս Կողմի պետության տարածքում բեռնաթափվել միայն այդ Կողմի մաքսային իշխանությունների թույլտվությամբ: Այդ դեպքում դրանք կարող են դրվել այդ իշխանությունների հսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ հետ չեն տարվել կամ այլ նշանակում չեն ստացել` մաքսային կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՈՒՂԻՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. ՈՒղևորները, ուղեբեռը, բեռները և փոստը, որոնք փոխադրվում են ուղիղ տարանցմամբ մի Կողմի պետության տարածքով, և որոնք չեն լքում օդանավակայանի այդ նպատակի համար նախատեսված տարածքը, կենթարկվեն միայն պարզեցված հսկողության, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջվում է ձեռնարկել անվտանգության միջոցներ բռնության գործողությունների, օդահենության և թմրամիջոցների անցկացման դեմ:

2. ՈՒղիղ տարանցմամբ փոխադրվող ուղեբեռն ու բեռները կազատվեն մաքսային տուրքերից և հարկերից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Կողմերը հաստատում են միմյանց նկատմամբ ստանձնած իրենց պարտավորությունը անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու մասին: Չսահմանափակելով իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր կիրառելիությունն ըստ միջազգային իրավունքի` Կողմերը կգործեն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` Օդանավերում կատարվող հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի և 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված դրա Լրացուցիչ արձանագրության դրույթներին համապատասխան:

2. Կողմերը խնդրանքի դեպքում միմյանց ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն քաղաքացիական օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք կանխելու համար:

3. Կողմերն իրենց հարաբերություններում գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով այդ անվտանգության դրույթները կիրառելի են Կողմերի նկատմամբ: Նրանք կպահանջեն, որ օդանավերը սպասարկող անձնակազմը, որի գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը գտնվում է նրանց պետությունների տարածքում, և իրենց պետությունների տարածքում գտնվող օդանավակայանները սպասարկող անձնակազմը գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Կողմ համաձայնում է, որ մյուս Կողմը կարող է օդանավերն սպասարկող անձնակազմից պահանջել կատարել սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթներն ու պահանջները, որոնք այդ մյուս Կողմի կողմից նախատեսվում են իր պետության տարածք մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Կողմ կապահովի պատշաճ միջոցների արդյունավետ կիրառում իր պետության տարածքում օդանավերը պաշտպանելու և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրանց ընթացքում ուղևորներին, անձնակազմին, ձեռնածանրոցները, բեռները, ուղեբեռը և օդանավի պաշարները ստուգելու համար: Յուրաքանչյուր Կողմ բարյացակամաբար է քննում կոնկրետ սպառնալիքի առնչությամբ մյուս Կողմի` անվտանգության խելամիտ հատուկ միջոցներ ձեռնարկելու ցանկացած խնդրանք:

5. Երբ առկա է միջադեպ կամ միջադեպի սպառնալիք` կապված քաղաքացիական օդանավի ապօրինի զավթման կամ օդանավերի, դրանց ուղևորների ու անձնակազմերի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների հետ, Կողմերը միմյանց օգնություն կցուցաբերեն` կապը դյուրացնելու և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով այլ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով:

6. Եթե Կողմերից մեկը չի կատարում սույն հոդվածով նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթները, ապա մյուս Կողմի ավիացիոն իշխանությունները այդ Կողմի ավիացիոն իշխանություններից կարող են պահանջել անհապաղ խորհրդակցությունների անցկացում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածք կամ տարածքից կատարվող փոխադրումների համար սակագները կսահմանվեն ընդունելի խելամիտ չափերով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը, երթուղու բնութագիրը և սպառողի շահերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է համաձայնեցվեն երկու Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից` ըստ յուրաքանչյուր սահմանված երթուղու:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնեցումը հնարավորինս պետք է ձեռք բերվի կայուն դրույքաչափերի մեխանիզմների օգտագործման միջոցով, որը կիրառվում է Միջազգային օդային տրանսպորտի ընկերակցության կողմից:

4. Այս ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը դրանք գործադրելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ. առանձին դեպքերում այդ ժամկետը վերոհիշյալ իշխանությունների համաձայնությամբ կարող է կրճատվել:

5. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարող համաձայնեցման գալ որևէ սակագնի հաստատման հարցում, կամ եթե որևէ այլ պատճառով սակագները չեն կարող հաստատվել, կամ եթե, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, երեսնօրյա (30) ժամկետի առաջին տասնհինգ (15) օրվա ընթացքում մի Կողմի ավիացիոն իշխանությունները ծանուցում են մյուս Կողմի ավիացիոն իշխանություններին սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան համաձայնեցված սակագներից որևէ մեկի հետ իրենց անհամաձայնության մասին, ապա երկու Կողմերի ավիացիոն իշխանությունները կփորձեն համաձայնության գալ այդ սակագների շուրջ:

6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության հասնել սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան իրենց քննարկմանը ներկայացված որևէ սակագնի հաստատման հարցում կամ 5-րդ կետին համապատասխան որևէ սակագնի սահմանման շուրջ, ապա վեճը կլուծվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Սակագները ուժի մեջ չեն լինի, քանի դեռ Կողմերից յուրաքանչյուրի ավիացիոն իշխանություններ դրանք չեն հաստատել:

8. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ սույն հոդվածի դրույթներին համապատասխան նոր սակագներ չեն սահմանվի, բայց ոչ ավել, քան Կողմերից մեկի ավիացիոն իշխանությունների կողմից դրանց հետ չհամաձայնելու օրվանից տասներկու ամիսը:

9. Յուրաքանչյուր Կողմի ավիացիոն իշխանությունները կգործադրեն բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ապահովեն նշանակված ավիաընկերությունների կողմից Կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատած սակագների կիրառումը, և որպեսզի ոչ մի ավիաընկերություն անօրինական կերպով չկիրառի նվազեցված սակագներ` որևէ աստիճանի և որևէ ձևով` ուղղակի կամ անուղղակի:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրում է նրանց պետությունների տարածքում մյուս Կողմի նշանակած ավիաընկերության կողմից ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի փոխադրումից ստացած եկամուտների և ծախսերի միջև տարբերությունը ազատորեն փոխանցելու իրավունք` ազատ փոխարկելի արժույթով` փոխանցման օրը գործող պաշտոնական փոխարժեքի հիման վրա` սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան հարկերը վճարելուց հետո: Փոխանցումը կկատարվի անհապաղ, հայտ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 60 (վաթսուն) օրվա ընթացքում:

2. Եթե երկու Կողմերի միջև գործում է հատուկ վճարումների համաձայնագիր, ապա վճարումները կկատարվեն այդ համաձայնագրերի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Կողմի նշանակած ավիաընկերությունները կունենան հավասար հնարավորություններ, մյուս Կողմի պետության գործող օրենքներին և կանոններին համապատասխան, բացելու այդ մյուս Կողմի պետության տարածքում իրենց ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, տեխնիկական, առևտրական և գործառնական աշխատակազմով, որը կհավաքագրվի Կողմերից յուրաքանչյուրի պետության քաղաքացիներից:

2. Յուրաքանչյուր Կողմի նշանակած ավիաընկերությունները հետագայում ևս կունենան հավասար հնարավորություններ մյուս Կողմի պետության տարածքում պատրաստել փոխադրման հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթեր, ինչպես նաև գովազդային նյութեր, և աջակցել ավիատոմսերի վաճառքին:

3. Ներկայացուցիչները և աշխատակազմը կենթարկվեն մյուս Կողմի գործող օրենքներին և կանոններին և, այդ օրենքներին և կանոններին համաձայն, այդ Կողմը փոխադարձության հիման վրա և նվազագույն ուշացումով սույն հոդվածի 1-ին կետում նշված ներկայացուցիչներին և աշխատակազմին կտրամադրի աշխատանքի, ծառայողական այցերի անհրաժեշտ թույլտվություն կամ նման այլ փաստաթղթեր:

4. Փոխադարձության սկզբունքի հիման վրա յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը կտրամադրի իր պետության տարածքում անմիջականորեն կամ, իր հայեցողությամբ, իր գործակալների միջոցով ավիափոխադրումների վաճառքով զբաղվելու իրավունք: Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կունենա այդպիսի փոխադրումների վաճառքի իրավունք, և ցանկացած անձ կարող է ազատորեն ձեռք բերել այդպիսի փոխադրման իրավունք տեղական կամ ազատ փոխարկելի տարադրամով:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Յուրաքանչյուր Կողմ կգործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի մյուս Կողմի նշանակած ավիաընկերություններից ծառայությունների համար առաջին Կողմի իրավասու մարմինների կողմից գանձվող կամ գանձման թույլատրվող վճարները լինեն արդարացի և հիմնավորված: Դրանք պետք է հիմնվեն ողջամիտ տնտեսական սկզբունքների վրա:

Այդ վճարները չպետք է գերազանցեն նույնանման փոխադրումներ իրականացնող մյուս ավիաընկերություններից գանձվող վճարները:

Կողմերից ոչ մեկը նախապատվություն չի տա ոչ իր, ոչ ցանկացած այլ ավիաընկերության` մյուս Կողմի` նմանատիպ միջազգային ավիափոխադրումներ կատարող ավիաընկերության նկատմամբ` մաքսային, ներգաղթային, կարանտինային և նման կանոնների կիրառման կամ իր հսկողության տակ գտնվող օդանավակայանների, չվագծերի, ավիացիոն և այլ ծառայությունների օգտագործման առումով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Պայմանավորված չվագծերով թռիչքների չվացուցակը կներկայացվի երկու Կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ոչ ուշ, քան դրանք գործադրելու ենթադրվող օրվանից երեսուն (30) օր առաջ:

Հատուկ դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել վերոհիշյալ իշխանությունների համաձայնությամբ:

2. Լրացուցիչ թռիչքներ կատարելու թույլտվություն ստանալու հարցումները նշանակված ավիաընկերությունը կարող է անմիջականորեն փոխանցել մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:

3. Նշանակված ավիաընկերությունները կներկայացնեն նաև ցանկացած այլ տեղեկություն, որը կպահանջվի մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների կողմից` ի հաստատումն այն բանի, որ սույն Համաձայնագրի պահանջները պահպանվում են պատշաճ կերպով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՐԿՈՒՄ

 

1. Եկամուտը, որը ստացվել է պայմանավորված չվագծերում օդանավի շահագործումից, կհարկվի Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան:

2. Այն կապիտալը, որը ներկայացված է պայմանավորված չվագծերը շահագործող օդանավի և այդ օդանավի շահագործման հետ կապված շարժական գույքի ձևով, կհարկվի Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Եթե Կողմերի միջև գործում է եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումից խուսափելու մասին հատուկ համաձայնագիր, ապա այդ համաձայնագրի դրույթները կգերակայեն:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի կատարմանը վերաբերող բոլոր հարցերով սերտ համագործակցության ոգով Կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կանցկացվեն խորհրդակցություններ: Այդ խորհրդակցությունները պետք է սկսվեն հարցում ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Կողմերը չհամաձայնեն երկարաձգել այդ ժամկետը:

2. Եթե Կողմերից մեկը նպատակահարմար գտնի փոփոխել սույն Համաձայնագրի որևէ դրույթ, նա կարող է խորհրդակցություն խնդրել մյուս Կողմից: Այդ կերպ համաձայնեցված փոփոխությունները կհաստատվեն Կողմերի կողմից` նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

3. Հավելվածի փոփոխությունները կհամաձայնեցվեն Կողմերի համապատասխան ավիացիոն իշխանությունների միջև և անհապաղ ուժի մեջ կմտնեն:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագող ցանկացած վեճ կլուծվի առաջին հերթին ուղղակի բանակցությունների միջոցով:

2. Եթե Կողմերը բանակցություններում համաձայնության չգան, ապա նրանք կարող են վեճը փոխանցել որևէ իրավասու անձի կամ կազմակերպության քննարկմանը. եթե նրանք համաձայն չեն դրան, ապա, Կողմերից մեկի խնդրանքով, վեճը կփոխանցվի արբիտրաժային դատարանի քննարկմանը, որի համար Կողմերից յուրաքանչյուրը իր կողմից կնշանակի արբիտր: Նշանակված արբիտրները որոշում են երրորդ արբիտրին, որի վրա դրվում է արբիտրաժի նախագահի պարտականությունը: Կողմերը նշանակում են իրենց արբիտրին արբիտրաժի միջոցով վիճելի հարցերը լուծելու առաջարկության մասին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Արբիտրաժի նախագահը նշանակվում է հաջորդ 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Եթե Կողմերից մեկը չի նշանակում իր արբիտրին կամ արբիտրաժի երրորդ արբիտրը չի նշանակվում սահմանված ժամկետում, Կողմերը կարող են խնդրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահին` նշանակել արբիտրներին կամ արբիտրաժի նախագահին: Ցանկացած դեպքում երրորդ արբիտրը պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի, որը կլինի արբիտրաժի նախագահ:

3. Կողմերը պարտավորվում են կատարել սույն Համաձայնագրի 2-րդ կետի համաձայն ընդունված որոշումները:

4. Եթե Կողմերից մեկը չի կատարում արբիտրաժի որոշումները, ապա մյուս Կողմը իրավունք ունի չկատարելու համար սահմանափակել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել ցանկացած իրավունք և առավելություն, որոնք տրամադրվել են մյուս Կողմին սույն Համաձայնագրով:

5. Կողմերից յուրաքանչյուրը իր վրա է վերցնում իր նշանակած արբիտրի աշխատանքի հետ կապված ծախսերը և վճարումները: Արբիտրաժի նախագահի հոնորարն ու ծախսերը, ինչպես նաև արբիտրաժի հետ կապված ծախսերը Կողմերը վճարում են հավասար չափով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին. նման ծանուցումը անհապաղ կփոխանցվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհուրդ:

2. Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից 12 ամիս հետո, եթե միայն գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցումը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը Կողմերի համաձայնությամբ հետ չվերցվի: Մյուս Կողմի կողմից ծանուցումը ստանալու մասին հաստատման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ծանուցումը ստացվելուց տասնչորս (14) օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՐԱՆՑՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր փոփոխություն պետք է գրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ՔԱՄԿ):

 

ՀՈԴՎԱԾ 21. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով, ժամանակավորապես գործում է ստորագրման օրվանից և ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի իրականացման մասին Կողմերի` միմյանց ծանուցելուց հետո:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման շուրջ տարաձայնությունների առաջացման դեպքում գերակայությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը իրավունք ունի շահագործել օդային հաղորդակցությունը հետևյալ երթուղով`

վայրեր Հայաստանում - միջանկյալ վայրեր - վայրեր Ղազախստանում - վայրեր սահմաններից դուրս և հակառակը:

2. Ղազախստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը իրավունք ունի շահագործել օդային հաղորդակցությունը հետևյալ երթուղով`

վայրեր Ղազախստանում - միջանկյալ վայրեր - վայրեր Հայաստանում - վայրեր սահմաններից դուրս և հակառակը:

3. Սահմանված երթուղիներում ցանկացած կամ բոլոր վայրերը յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության հայեցողությամբ կարող են չօգտագործվել թռիչքի ամբողջ երթուղում կամ ցանկացած հատվածում:

4. Ցանկացած միջանկյալ վայրեր և/կամ սահմաններից դուրս վայրեր կսպասարկվեն մի Կողմի նշանակած ավիաընկերության կողմից` առանց տրամադրելու այդ վայրերի և մյուս Կողմի պետության տարածքի միջև թռիչքներ կատարելու` ազատության հինգերորդ աստիճանի իրավունքները:

Թռիչքներ կատարելու` ազատության հինգերորդ աստիճանի այդպիսի իրավունքները, սակայն, կարող են տրամադրվել մի Կողմի նշանակած ավիաընկերություններին մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների նախնական համաձայնությունը ստանալուց հետո:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 3-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Համաձայնագիր