Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև հավասարության և փոխշահավետության հիման վրա առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը,

ղեկավարվելով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին» Համաձայնագրով,

առևտրի միջազգային նորմերին և կանոններին համապատասխան արտահայտելով առևտրատնտեսական կապերի ոլորտում երկկողմ հարաբերություններ զարգացնելու վճռականություն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, ինչպես նաև հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման կամ արտահանման վրա, որոնք ծագել են Կողմերից մեկի մաքսային տարածքում և նախատեսված են մյուս Կողմի մաքսային տարածքի համար: Այսպիսի առևտրային ռեժիմից հանումները` ապրանքների համաձայնեցված անվանացանկով, կարող են ձևակերպվել առանձին արձանագրությամբ, եթե Կողմերը դա համարեն անհրաժեշտ:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում ապրանքների ծագման երկիրը սահմանվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին համապատասխան: Կողմերի մաքսային տարածքներից ծագող ապրանքների տակ հասկացվում են այն ապրանքները, որոնք`

ա) ամբողջությամբ արտադրվել են Կողմերի տարածքներում, կամ

բ) ենթարկվել են վերամշակման Կողմերի պետությունների տարածքում` երրորդ երկրների ծագում ունեցող հումքի, նյութերի և համալրող արտադրատեսակների օգտագործմամբ, և այդ կապակցությամբ, ըստ ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի դասակարգման, թեկուզև առաջին չորս նշաններից մեկով փոխել են պատկանելությունը,

գ) արտադրվել են «բ» ենթակետում նշված հումքի, նյութերի և համալրող արտադրատեսակների օգտագործմամբ:

Ապրանքների ծագման մանրամասն կանոնները Կողմերը կհամաձայնեցնեն առանձին փաստաթղթով, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը`

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք գերազանցում են այն համապատասխան հարկերն ու գանձումները, որոնցով հարկվում են ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագող համանման ապրանքները,

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ չեն կիրառի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որոնք համանման իրավիճակում չեն կիրառվում ներքին արտադրության համանման ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող համանման ապրանքների նկատմամբ,

Կողմերի պետություններից ծագած ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցումների նկատմամբ չեն կիրառվի այլ կանոններ, քան համանման դեպքերում սեփական ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող ապրանքների նկատմամբ կիրառվողներն են:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Կողմերը ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների ներմուծման և/կամ արտահանման դեպքում միմյանց նկատմամբ խտրական միջոցներ կիրառելուց, քանակական սահմանափակումներ կամ համարժեք միջոցառումներ գործադրելուց:

2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված սահմանափակումները կարող են սահմանվել միակողմանիորեն խելամիտ սահմաններում և խիստ որոշակի ժամկետով` միայն հետևյալ դեպքերում.

ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ պակասուրդի /դեֆիցիտի/ դեպքում` մինչև շուկայում դրության կայունացումը,

վճարային բալանսի խիստ պակասուրդի դեպքում` մինչև վճարային բալանսի դրության կայունացումը,

եթե որևէ ապրանք ներմուծվում է մի Կողմի պետության տարածք այնպիսի աճող քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, որոնք վնաս են հասցնում կամ սպառնում են վնասել նման կամ անմիջականորեն մրցակցող ապրանքների հայրենական արտադրողներին:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված սահմանափակումները անհրաժեշտության դեպքում կարող են ձևակերպվել սույն Համաձայնագրի առանձին արձանագրությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանափակումներ կիրառող Կողմը նախքան նշված սահմանափակումները գործադրելը տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն հիշատակված սահմանափակումների գործադրման պատճառների, ձևերի և կիրառման հնարավոր ժամկետների մասին, ինչպես նաև, մյուս Կողմի հարցմամբ, լրացուցիչ տեղեկություն:

5. Պաշտպանական միջոցներ կիրառելու մտադրություն ունեցող Կողմը վաղօրոք, բայց ոչ ուշ, քան միջոցների պլանավորվող գործադրումից 30 օր առաջ, այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմին:

6. Սույն հոդվածում նշված պաշտպանական միջոցառումներն ընտրելիս Կողմերը առաջնայնությունը կտան նրանց, որոնք ամենաքիչ բացասական ազդեցությունը կունենան սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության գծով բոլոր հաշվարկները և վճարումները իրականացվում են Կողմերի լիազորված բանկերի միջև հաշվարկների կազմակերպման մասին համապատասխան միջբանկային համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն հոդվածի նպատակների համար վերաարտահանման տակ հասկացվում է մի Կողմի մաքսային տարածքից ծագող ապրանքի արտահանումը մյուս Կողմի կողմից` վերջինիս մաքսային տարածքի սահմաններից դուրս երրորդ երկիր արտահանելու նպատակով:

Յուրաքանչյուր Կողմ չի թույլատրի այն ապրանքների վերաարտահանումը, որոնց նկատմամբ մյուս Կողմը, որի պետության տարածքից ծագում են այդ ապրանքները, կիրառում է սակագնային և/կամ ոչ սակագնային կարգավորման միջոցներ: Կողմերը կսահմանեն այն ապրանքների անվանացանկը, որոնց վերաարտահանումը արգելվում է, ինչպես նաև կփոխանակեն այն ապրանքների ցանկերը, որոնց նկատմամբ կիրառվում են սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

Այդպիսի ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ կարող է իրականացվել միայն այդ ապրանքների ծագման երկիր հանդիսացող պետության լիազորված մարմնի սահմանած պայմաններով և գրավոր համաձայնությամբ: Սույն դրույթը չկատարելու դեպքում այն Կողմը, որի շահերը խախտվել են, իրավունք ունի միակողմանիորեն գործադրելու այն Կողմի պետության տարածք ապրանքների արտահանման կարգավորման միջոցներ, որը թույլ է տվել չսանկցիավորված վերաարտահանում այդպիսի միջոցներ գործադրելու մտադրության մասին նախապես ծանուցելուց և, անհրաժեշտության դեպքում, փոխադարձ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կանոնավոր հիմունքներով կփոխանակեն տեղեկություն մաքսային հարցերով, այդ թվում` սույն Համաձայնագրի առարկային վերաբերող առկա մաքսային վիճակագրության մասին` լրիվ ծավալով: Կողմերի համապատասխան լիազորված մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկության փոխանակման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Կողմերը կփոխանակեն տեղեկություն ազատ առևտրի բնագավառում երրորդ երկրների հետ կնքած իրենց միջազգային պայմանագրերի մասին:

2. Կողմերը կտեղեկացնեն միմյանց իրենց պետություններում գործող մաքսային սակագների բոլոր փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ գործնական պրակտիկան, որը, մասնավորապես, արտահայտվում է հետևյալում.

ձեռնարկությունների, դրանց միավորումների միջև այնպիսի պայմանագրերի կնքումը, որոնց նպատակն է Կողմերի պետությունների տարածքներում խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար պայմանները,

այնպիսի գործողությունների կատարումը, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց տիրապետող դիրքը` սահմանափակելով Կողմերի պետությունների ամբողջ տարածքում կամ դրա մի մասում մրցակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Երկկողմ տնտեսական հարաբերությունների սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային ընթացակարգեր անցկացնելու համար Կողմերը համաձայնեցին օգտագործել ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքային անվանացանկը (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ), որը հիմնված է եվրոպական տնտեսական համագործակցության ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և համակցված սակագնավիճակագրական անվանացանկի վրա: Ընդ որում իրենց պետությունների կարիքների համար Կողմերը անհրաժեշտության դեպքում իրականացնում են ապրանքային անվանացանկի զարգացում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր պետության տարածքով մյուս Կողմի պետության մաքսային տարածքից կամ երրորդ երկրներից ծագող և մյուս Կողմի պետության մաքսային տարածքի կամ երրորդ երկրների համար նախատեսված ապրանքների ազատ տարանցումը և այդպիսի տարանցում իրականացնող արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին կտրամադրի տարանցումն ապահովելու համար առկա և անհրաժեշտ միջոցները և ծառայությունները այն պայմաններով, այդ թվում` ֆինանսական, որոնք ավելի վատ չեն, քան նրանք, որոնցով նույնպիսի միջոցները և ծառայությունները տրամադրվում են ցանկացած երրորդ պետության արտահանողներին, ներմուծողներին, ազգային փոխադրողներին:

Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է մյուս Կողմի մաքսային տարածքից ծագող տարանցիկ ապրանքների ազատում մաքսային տուրքերով հարկումից և տարանցիկ գանձումներից, և դա ձևակերպվում է առանձին համաձայնագրով:

Տրանսպորտի ցանկացած տեսակով տարանցման սակագները, ներառյալ` բեռնման-բեռնաթափման աշխատանքների սակագները, տնտեսապես կհիմնավորվեն և չեն գերազանցի նորմալ շահագործման ծախսերը, ներառյալ շահույթի խելամիտ նորման:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` ընդունելու արտաքին տնտեսական կապերի բնագավառում միջազգային պրակտիկայում համընդհանուր ընդունված պետական կարգավորման միջոցներ, որոնք նա անհրաժեշտ է համարում այն միջազգային պայմանագրերը կատարելու համար, որոնց մասնակից է նա կամ պատրաստվում է դառնալ մասնակից, եթե այդ միջոցները վերաբերում են.

հասարակական կարգի և հասարակական բարոյականության պաշտպանությանը,

մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը,

կենդանիների և բույսերի պահպանությանը,

շրջակա միջավայրի պահպանությանը,

ազգային հարստություն ներկայացնող գեղարվեստական, հնագիտական և պատմական արժեքների պահպանությանը,

արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,

ոսկու, արծաթի կամ այլ թանկարժեք մետաղների և քարերի առևտրին,

չվերականգնվող բնական ռեսուրսների պահպանությանը,

արտադրանքի արտահանման սահմանափակմանը, երբ այդ արտադրանքի ներքին գինը ցածր է համաշխարհային գնից պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում,

վճարային բալանսի խախտմանը:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` ձեռնարկելու պետական կարգավորման ցանկացած միջոց, որը նա անհրաժեշտ է համարում, եթե այդ միջոցները վերաբերում են.

ազգային անվտանգության ապահովմանը, ներառյալ պետական գաղտնիքի վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկության արտահոսքի կանխումը,

զենքի, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի վաճառքին, ռազմական բնույթի ծառայությունների մատուցմանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և այլ նպատակների համար տեխնոլոգիաների փոխանցմանը և ծառայությունների մատուցմանը,

տրոհվող նյութերի և ռադիոակտիվ նյութերի աղբյուրների մատակարարմանը, ռադիոակտիվ թափոնների օգտագործմանը,

պատերազմական ժամանակաշրջանում կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակներում կիրառվող միջոցներին,

ՄԱԿ-ի Կանոնադրությամբ միջազգային խաղաղության և անվտանգության համար ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Կողմերի միջև նախկինում կնքված Համաձայնագրերի դրույթներին այնքանով, որքանով վերջիններս կամ անհամատեղելի են առաջինների հետ, կամ նույնն են:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միմյանց և երրորդ երկրների հետ կնքած միջազգային համաձայնագրերին (ներառյալ ԱՊՀ շրջանակներում կնքված Համաձայնագրերը, որոնց մասնակիցներն են Կողմերը) համապատասխան ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմերից յուրաքանչյուրին` հաստատելու հարաբերություններ երրորդ երկրների հետ, ինչպես նաև դրանց միությունների և միջազգային կազմակերպությունների հետ` պայմանով, որ այդ հարաբերությունները չեն հակասի սույն Համաձայնագրի նպատակներին ու պայմաններին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով և երկու պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակման համար Կողմերը համաձայնեցին հիմնել հայ-ղազախական հանձնաժողով:

Հանձնաժողովի նիստերը անցկացվում են Կողմերից մեկի առաջարկությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Ցանկացած ուղղում պետք է ուժի մեջ մտնի Կողմերի` այդպիսի ուղղումը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացրել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման կամ կատարման կապակցությամբ Կողմերի միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կղեկավարվեն Համաձայնագրի ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 3-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Համաձայնագիր