Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները, այդ թվում` մաքսային գործի բնագավառում համագործակցության միջոցով,

ձգտելով մաքսային ծառայությունների համագործակցության միջոցով նպաստել Կողմերի միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը,

հաշվի առնելով, որ մաքսային իրավախախտումները վնասում են Կողմերի պետությունների տնտեսական շահերին,

համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և մաքսային իրավախախտումների դեմ պայքարը կարող են առավել հաջողությամբ իրականացվել Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության դեպքում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունները նշանակում են.

«մաքսային օրենսդրություն»` Կողմերի նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն, որը կարգավորում է ապրանքների, ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռների, արժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսատուրքերի, վճարների և այլ վճարումների գանձման, մաքսային վճարումների գծով արտոնությունների տրամադրման, արգելքների և սահմանափակումների հաստատման, ինչպես նաև Կողմերի պետությունների մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների վերահսկողության կարգը,

«մաքսային ծառայություններ»` Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները,

«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության խախտում կամ խախտման փորձ,

«անձ»` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

«թմրամիջոցներ»` նյութեր, որոնք ներառված են 1961 թվականի թմրամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի ցանկում` հետագա փոփոխություններով և լրացումներով,

«հոգեներգործող նյութեր»` նյութեր, որոնք ներառված են 1971 թվականի հոգեներգործող նյութերի վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի ցանկում` հետագա փոփոխություններով և լրացումներով,

«բաղադրամասեր»` նյութեր և դրանց աղեր, որոնք միջազգային կոնվենցիաներում դասակարգվում են որպես քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի արտադրության համար,

«վերահսկելի մատակարարում»` մեթոդ, որով թույլատրվում է թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի խմբաքանակների ներմուծում, արտահանում կամ տարանցում Կողմի պետության տարածք Կողմերի պետությունների իրավասու մարմինների գիտությամբ և հսկողության ներքո` թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառությանը առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու նպատակով,

«վկայական»` պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքի փաստացի ձևակերպումը այն երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան, որում կատարվել է ապրանքի ձևակերպումը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա և մաքսային ծառայությունների միջոցով, իրենց իրավասության և Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների պահպանման շրջանակներում կհամագործակցեն հետևյալ նպատակներով.

ա) Կողմերի պետությունների միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության, ինչպես նաև փոստային առաքումների մաքսային հսկողության կատարելագործում,

բ) մաքսատուրքերի, վճարների և այլ վճարումների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման ճշգրտության ապահովում,

գ) մաքսային իրավախախտումների կանխում, խափանում և քննություն,

դ) երկու պետությունների միջև մաքսային ձևակերպումների ընթացակարգի պարզեցում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՈՒՄ

 

1. Մաքսային ծառայությունները`

ա) փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ մաքսային ձևակերպումների պարզեցման ուղղությամբ,

բ) ճանաչում են միմյանց մաքսային ապահովումները /կապարակնիքները, դրոշմների և կնիքների դրոշմվածքները/ և մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում փոխադրվող ապրանքների վրա դնում են սեփական մաքսային ապահովումները:

2. Տարանցիկ փոխադրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, բեռները, ուղևորների ուղեբեռները, փոստային առաքումները ազատվում են մաքսային զննումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանց ներմուծումը, արտահանումը և տարանցումը արգելված են Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, առկա է մաքսային իրավախախտում կամ Կողմերից մեկի ազգային օրենսդրությանը համապատասխան տարանցումը կատարվում է մաքսային վճարումների և հարկերի վճարման ապահովման պայմանով:

3. Այն ապրանքները, որոնց նկատմամբ ազգային նորմատիվ իրավական ակտերին համապատասխան սահմանված է տարանցման հատուկ կարգ, չեն ազատվում մաքսային զննումից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են վկայականներ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի պետության տարածքից ներմուծված կամ արտահանված ապրանքները մյուս Կողմի պետության տարածք են ներմուծվում կամ արտահանվում օրինական հիմքերով: Վկայականներում նշվում են մաքսային ընթացակարգերի տեսակն ու արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվել են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են մյուս Կողմի պետության տարածքից:

2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից տրամադրված վկայականները կամ այլ փաստաթղթերը հանդիսանում են իրական և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

1. Մաքսային ծառայությունները թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության կանխման, քննության ու կասեցման գործողությունների ակտիվացման նպատակով առանց նախնական հարցման և հնարավորինս կարճ ժամկետում հայտնում են միմյանց տեղեկություններ`

ա) այն անձանց մասին, որոնց վերաբերյալ հայտնի է, որ նրանք մասնակցում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառությանը կամ կասկածվում են դրանում,

բ) տրանսպորտային միջոցների (ներառյալ բեռնարկղերը) և փոստային առաքումների մասին, որոնց վերաբերյալ հայտնի է, որ դրանք օգտագործվում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության համար, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:

2. Մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց տեղեկացնում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության կիրառվող եղանակների, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` Կողմերից յուրաքանչյուրի ստացած տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը կարող են փոխանցվել թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարով զբաղվող իրավապահ և այլ պետական մարմիններին:

4. Կողմերի պետությունների օրենսդրությունների հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ` մաքսային ծառայությունները անհրաժեշտության դեպքում օգտագործում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի վերահսկելի մատակարարման մեթոդը` նպատակ ունենալով բացահայտել դրանց ապօրինի շրջանառությանը առնչվող անձանց:

Վերահսկելի մատակարարման մեթոդի կիրառման մասին որոշումները Կողմերը ընդունում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին և կարող են անհրաժեշտության դեպքում հաշվի առնել Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

1. Մաքսային ծառայությունները հարցումով միմյանց փոխանցում են իրենց տրամադրության տակ գտնվող հետևյալ տեղեկությունները, այդ թվում` հաղորդագրությունների, արձանագրությունների և այլ նյութերի կամ դրանց հավաստված պատճենների առաքման միջոցով.

ա) մաքսային տուրքերի, վճարների և այլ վճարումների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,

բ) կատարված կամ պատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցում կատարող Կողմի պետության մաքսային օրենսդրությանը:

2. Մաքսային ծառայությունները հնարավորինս կարճ ժամկետում հաղորդում են միմյանց, այդ թվում նաև` առանց նախնական հարցման, տեղեկություններ հնարավոր մաքսային իրավախախտումների մասին, որոնց դեմ պայքարում գոյություն ունի Կողմերի հատուկ շահագրգռվածություն: Դա, առաջին հերթին, վերաբերում է մաքսային իրավախախտումներին հետևյալ առարկաները փոխադրելիս.

ա) ապրանքներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի կամ բնակչության առողջության համար,

բ) զենք, ռազմամթերք, պայթուցիկ ու թունավորող նյութեր, պայթուցիկ սարքավորումներ,

գ) առարկաներ, որոնք ներկայացնում են պատմական, գեղարվեստական, մշակութային և հնագիտական նշանակալի արժեք,

դ) ապրանքներ, որոնք, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, ենթակա են բարձր մաքսային տուրքերով, ակցիզներով և այլ հարկերով հարկման:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

1. Մաքսային ծառայությունները փոխանակում են միմյանց միջև մաքսային հարցերով գործող նորմատիվ իրավական ակտերի պատճենները և անհապաղ տեղեկացնում են միմյանց մաքսային օրենսդրության բոլոր փոփոխությունների և լրացումների մասին:

2. Կողմերից մեկի պետության մաքսային ծառայությունը մյուս Կողմի պետության մաքսային ծառայության հարցումով փոխանցում է մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող հարցերով վարչական մարմինների որոշումների պատճենները:

3. Սույն հոդվածին համապատասխան` փաստաթղթերի փոխանցման վերաբերյալ հարցումներում, ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված պահանջի, գործի էությունը կարող է չնկարագրվել:

4. Փաստաթղթերի ստացումը հաստատվում է հարցում կատարող մաքսային ծառայության կողմից, և նշվում է ստացման օրը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

 

1. Մաքսային ծառայությունները փոխանակում են տեղեկություններ.

ա) իրենց գործունեության և հսկողության օժանդակ տեխնիկական միջոցների օգտագործման փորձի վերաբերյալ,

բ) մաքսային իրավախախտումների կատարման նոր եղանակների և միջոցների վերաբերյալ,

գ) երկու Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մաքսային այլ հարցերի վերաբերյալ:

2. Մաքսային ծառայությունները մաքսային գործի բնագավառում միմյանց ցույց են տալիս օժանդակություն, ներառյալ`

ա) աշխատակիցների փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում, ինչպես նաև մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների հետ ծանոթանալու նպատակով,

բ) աշխատակիցների հատուկ հմտությունների կատարելագործում և ուսուցում,

գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում,

դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Մի Կողմի պետության մաքսային ծառայության հարցումով մյուս Կողմի պետության մաքսային ծառայությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված հարցերով կատարում է ստուգում կամ քննություն: Ստուգման կամ քննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգին համապատասխան:

2. Ստուգումը կամ քննությունը կատարվում է հարցվող Կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան: Հարցվող մաքսային ծառայությունը վարում է ստուգումը կամ քննությունը` գործելով իր անունից:

3. Հարցվող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցում կատարող մաքսային ծառայության պաշտոնատար անձանց ներկա գտնվել այդպիսի ստուգումների կամ քննությունների ժամանակ:

4. Սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերում մի Կողմի պետության պաշտոնատար անձինք մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունների փաստաթղթային հաստատում, չկրեն համազգեստ և չունենան զենք:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՎԿԱՆԵՐ

 

Այն դեպքերում, երբ մի Կողմի պետության դատական կամ վարչական մարմինները քննվող մաքսային իրավախախտումների կապակցությամբ դիմում են համապատասխան հարցումով, ապա մյուս Կողմի պետության մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին` հանդես գալ այդպիսի վարչական կամ դատական քննություններում որպես փորձագետներ կամ վկաներ: Այդ աշխատակիցները տալիս են ցուցմունքներ կամ եզրակացություններ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրենց կողմից պարզված փաստերի վերաբերյալ: Դատական կամ վարչական քննությանը մասնակցելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի, թե ինչ գործով և ինչպիսի կարգավիճակով պետք է հանդես գա հարցվող մաքսային ծառայության աշխատակիցը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր և կազմվում է ռուսերեն: Հարցումը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակներով, պաշտոնապես հաստատված պատճեններով կամ լուսապատճեններով:

2. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

ա) մաքսային մարմնի անվանումը, որի շահերը ընկած են հարցման հիմքում,

բ) հարցման առարկան և պատճառը,

գ) մաքսային ընթացակարգի տեսակը,

դ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և այլ տվյալներ,

ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակումը:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Մաքսային ծառայությունները հարցման կատարման գործում միմյանց ցույց են տալիս աջակցություն Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Հարցման կատարումը մերժվում է, եթե դրա կատարումը կարող է վնաս հասցնել հարցվող Կողմի պետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը կամ հակասում է ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

3. Հարցման իրականացման մերժման մասին, ինչպես նաև մերժման պատճառների վերաբերյալ հարցում կատարող մաքսային ծառայությունը անմիջապես տեղեկացվում է գրավոր:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Հարցմամբ բնօրինակ փաստաթղթերի փոխանցումը իրականացվում է այն դեպքում, երբ պաշտոնապես հաստատված պատճենները կամ լուսապատճենները բավարար չեն:

2. Բնօրինակ փաստաթղթերը պետք է վերադարձվեն հարցում կատարող մաքսային ծառայությանը հնարավորինս կարճ ժամկետում:

3. Սույն հոդվածի դրույթների կիրառման ժամանակ չպետք է ոտնահարվեն հարցվող Կողմի պետության կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքները և օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

1. Մաքսային ծառայությունները իրենց արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումների կամ քննությունների իրականացման ընթացքում, քննվող մաքսային իրավախախտումների հետ կապված վարչական կամ դատական վարույթներում կարող են որպես ապացույցներ օգտագործել սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները կամ փաստաթղթերը: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատումը, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունը վարչական կամ դատական վարույթներում կատարվում է հարցում կատարող Կողմի պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

2. Հարցումով տրամադրված տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը օգտագործվում են բացառապես սույն Համաձայնագրի իրականացման նպատակների համար և չեն կարող փոխանցվել որևէ մեկին կամ օգտագործվել այլ նպատակների համար առանց դրանք տրամադրած մաքսային ծառայության գրավոր համաձայնության:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն վերաբերում այն իրավախախտումների վերաբերյալ նյութերին, որոնք կապված են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության հետ: Այդպիսի տեղեկությունը կարող է սահմանված ժամկետներում փոխանցվել թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով զբաղվող պետական մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան ստացված ցանկացած տեղեկատվությանը, փաստաթղթերին կամ տեղեկություններին ստացող երկրում տրամադրվում է հրապարակումից պաշտպանության նույնպիսի աստիճան, ինչպիսին տրամադրվում է այդ երկրի նմանատիպ տեղեկատվությանը, փաստաթղթերին կամ տեղեկություններին` ստացված սեփական տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Հարցում կատարող մաքսային ծառայությունը հատուցում է հարցվող մաքսային ծառայության ծախսերը, որոնք առաջացել են սույն Համաձայնագիրը կատարելիս` կապված հարցվող մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետների և թարգմանիչների աշխատանքի վարձատրության հետ:

2. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի հատուցումը կարող է լինել մաքսային ծառայությունների միջև առանձին պայմանավորվածությունների առարկա:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված` Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև:

2. Մաքսային ծառայությունները իրենց իրավասությունների սահմաններում հրապարակում են սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտեր:

3. Սույն Համաձայնագրի կատարման համար մաքսային ծառայությունները իրենց իրավասությունների շրջանակում կարող են առանձին համաձայնագրեր կնքել երկկողմ մաքսային հարաբերությունների ամբողջ համալիրով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի պետությունների` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովող անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի միմյանց ծանուցելու օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 24-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Համաձայնագիր